ԱՄՈՒԼՍԱՐՅԱՆ ՄՂՁԱՎԱՆՋ

 


ԱՄՈՒԼՍԱՐՅԱՆ ՄՂՁԱՎԱՆՋ
Հրեշավոր երազ 

                Ամուլսարի հանքերևակման շահագործումը թույլ տալուց և պաշտոնանկ լինելուց հետո, Հայաստանի վարչապետը դարձավ ժողովրդի համար ատելի ու մերժված: Մերժվեց նաև իր հարազատների մեծամասնության կողմից և ստիպված եղավ առանձնանալ-թաքնվել իր բնակարանում՝ համեմատաբար տանելի հարաբերություններ ունենալով իր զավակների հետ, այն էլ՝ առատ ֆինանսական հատկացումների արդյունքում: Հենց նրանց ականջալուր լինելով էլ սկսեց կարդալ ժամանակին հրապարակված, Ամուլսարի կործանարար ծրագրին վերաբերող փաստաթղթերը, և ապա՝ ուսումնասիրել հանքարդյունաբերության, գլխավորապես, մետաղական հանքավայրերի շահագործելուց հետո առաջացած անլուծելի խնդիրները: Երկու տասնամյակ հետո նա այդ բնագավառն արդեն շատ լավ պատկերացնում էր: Միայն այդ ժամանակ նախկին վարչապետը կարողացավ հասկանալ, թե խնդրից անտեղյակ, մանկական կամակորությամբ և ինքնավստահ պաշտոնյայի կամայական որոշումը ինչ կործանարար հետևանքներով է հղի և սկսեց գիտակցել իր կատարածի եղերականությունը:

Խնդրի բուն էության գիտակցումը և կատարվածի անդառնալիությունը նրան դարձրել էին տխուր, մռայլ, ծայր աստիճան նյարդային ու ինքնամփոփ: Ամենօրյա մտորումները նրան բերել էին այն հաստատուն համոզման, որ բնության թունավորումն ու ոչնչացումը՝ անուղղակի մարդասպանություն է, իսկ կատարած հանցագործության ինքնագիտակցումը շատ ավելի ծանր է, քան մահապատիժը:

Նախկին վարչապետի նկատմամբ մերժողական վերաբերմունքը համազգային էր դարձել: Նույնիսկ ժամանակին նրան հավատացողներն ու սիրողները և նրա իշխանության օրոք արժանապատիվ կյանքով ապրելու հույսեր փայփայողները նրան արդեն ոչ միայն ատում էին, այլև մի տեսակ անհանգստություն ու խորշանք էին զգում նրա անունը լսելիս: Նա արդեն մոռացել էր թե ինչ բան է հանգիստ առօրյա կյանքը, ընկեր-բարեկամների հետ զրույցն ու իր հասցեին բարի խոսք լսելը: Նրան ուղեկցում էին նաև ահ ու սարսափի տեսարաններ՝ շարունակաբար կրկնվող մղձավանջային երազներում: Ահա, բորբոքված ամբոխը՝ քարերով, մետաղական իրերով, տարբեր տեսակի զենքերով սպառազինված, բնության ու հայի թշնամի վանկարկելով, կրնկակոխ հետապնդում է իրեն: Լինում էին նաև շատ եզակի դեպքեր, երբ նա երազում տեսնում էր, թե հայ մարդը ինչ սիրով, հավատով է լսում իրեն, առավելապես այն պահերին, երբ խոսքը վերաբերում էր երկրի բոլոր խնդիրները լուծել-կարգավորելու իր ամպագոռգոռ ճառերին ու Իլֆ-Պետրովյան ոճի ֆանտաստիկ խոստումներին, այսինքն՝ վարչապետ դառնալու համար նախօրոք նախապատրաստած և հուսալի ու հավատարիմ միջազգային կազմակերպությունների կողմից փորձաքննություն անցած ելույթներին: Սակայն անգամ իր համար հաճելի այդ երազներում, իրեն ուշիմ լսող ու ջերմություն արտահայտող մարդկանց դեմքերը, հանկարծ կերպարանափոխվում են և անասելի սարսափ առաջացնող ու անկոտրում ատելությամբ լցված հսկաների բազմությունը հետապնդում է իրեն:

Այս անտանելի վիճակից դուրս գալու և հանգիստ ապրելու նպատակով նա իր իմքայլական գործընկերոջ միջոցով տարածեց, որ իբր նախկին վարչապետը մահացել ու թաղվել է իր հայրենի Ենոքավան գյուղի տարածքներից մեկում, սակայն շատ շուտով պարզվեց, որ դա հերթական ստերից է: Ի վերջո, նա գտավ վարկաբեկված պետական գործիչներին վիրահատական միջամտությամբ անճանաչելի դարձնող և կատարածը հույժ գաղտնի պահող մի բժիշկ, որը նրան համարյա անճանաչելի դարձրեց: Այս միջամտությունը նրան համարձակություն տվեց,  իրեն պարուրված դառնությունն ու կսկիծը մեղմելու համար, ոտքով շրջագայել Հայաստանի բնաշխարհով մեկ, ծպտված, գլխին նաև կեղծամ կրելով:

Ամուլսարի հանքերևակման շահագործմանը բռնությամբ ընթացք տալուց տասնամյակներ անց, ծերունի նախկին վարչապետը, որը դեռևս չեր կորցրել քայլելու իր կարողությունը,  այցելել էր Ջերմուկի տարածաշրջան, ուր նրա հայացքի առաջ հառնել էր՝ մղձավանջային մի իրողություն: Ծվատված սարեր, հսկայական բլուր հիշեցնող թափոնակույտեր և դրանցից սկիզբ առնող դեղնադարչնավուն ջրերով աղբյուրներ,  կենդանազուրկ-մեռյալ գետեր, ամայացած տարածքներ, կիսաամայացած և դեպի լիովին ամայացում գնացող բնակավայրեր ու հովիտներ, նախկին այգիների մնացորդներ,  ամենուրեք՝ տհաճ ու խեղդող հոտ… Ամենաողբերկականներից էր տասնամյակներ առաջ հայ մարդու հպարտության, Հայաստանի անկրկնելի Գոհար Ջերմուկ քաղաքի վիճակը, որտեղ առողջարանների, հյուրանոցների և հոյակերտ այլ կառույցներում աստիճանաբար տեր են դառնում բուերն ու չղջիկները: Անմարդաբնակ դարձած Գնդեվազի մոտակայքում՝ ցիանիդով մշակված հանքաքարի բլուր-պոչամբարից  փչող խեղդիչ գարշահոտությունն ուղղակի անտանելի է: Ավելի քան հարյուր մետր բարձրություն ունեցող այդ պոչամբարը քայքայվելով լցվել է նաև Ջերմուկի մայրուղու վրա, այն դարձնելով համարյա աներթևեկելի…

Այս պատկերի առաջ նախկին վարչապետը համոզվեց՝ մահվան ճարտարապետի իր դերակատարման մեջ:

Այդ օրվա ուղևորության ընթացքում, մոտենալով Ջերմուկ տանող մայրուղու եզրին տեղադրված ցիանիդով վերամշակված հանքաքարի մոտ 120 մետր բարձրությամբ գարշահոտ բլու-պոչամբարին, որը պարուրված էր ջրհոսքերից առաջացած բազում ակոսներով. դրա ստորոտում տեսավ իր արձանը:

«Լիդիանը» այն կառուցել էր սեփական միջոցներով, հենց Ամուլսարի հանքերևակման շահագործման թույլտվությունը ստանալուն պես, ի նշան խորը երախտապարտության, քանզի այդ տարիներին ՀՀ վարչապետ լինելով հանդերձ, նա նաև «Լիդիանի» ջերմեռանդ ու անփոխարինելի քարոզիչն էր:

Արձանը մետաղից էր, ոսկեզօծ՝ մոտ մեկ միկրոն հաստությամբ ոսկու շերտով: «Լիդիանը» միայն այդքան ոսկին էր թողել Հայաստանում:

Արձանը տարիների ընթացքում՝ ավազախառն ու ուժգին քամիների, ուտիչ ու ագրեսիվ նյութերով հագեցած միջավայրում աստիճանաբար կորցրել էր ոսկու հիմնական մասը, մետաղի օքսիդացում-քայքայումը ծայրագույնս աղավաղել էր արձանի դեմքը և այն արդեն պատկերում էր ուժասպառ ու մռայլ մի ծերունու, երբ «Լիդիանի» պատվերով նշանավոր քանդակագործը  կերտել էր մոտ քառասունամյա հպարտ ու դուխով մի երիտասարդի:

Նախկին վարչապետը, այս անգամ չցանկացավ մոտիկից անգամ մեկ հայացք ձգել արձանին: Մոտեցավ բլուր-պոչամբարը խորությամբ ակոսած մի փլվածքի, հայտնի ուսապարկից հանեց տանից բերված ջրով լի շիշը՝ ցանկանալով մեղմել կոկորդի խեղդոցն ու ծարավը, ինչպես նաև սաստկացող շնչահեղձությունը: Սակայն չկարողացավ, քանզի բերանը լցված՝ շրջապատի աղտեղության հոտն ու համը, դառնաղի թույնի համ տվեցին՝ կենարար այդ ջրին: Այդ պահին արձանին էին մոտեցել էքստրեմալ տուրիզմով զբաղվող երկու երիտասարդ, որոնք շրջակա գարշահոտությունից  պաշտպանվել էին շնչադիմակներով: Նրանցից մեկը, մատնացույց անելով խամրած ու այլանդակված քանդակը, դառնորեն ասաց, թե տասնամյակներ առաջ այս մարդը չհասկանալով խնդրի էությունը և ականջալուր չեղավ ժողովրդի պահանջներին ու թախանձանքներին, կոպտորեն ոտնահարեց նրա իրավունքները և չկանխեց այն աղետը, ինչին ականատես ենք…

Այս ամենը նաև տեսավ ու լսեց կյանքի ու մահվան երկընտրանքի առջև կանգնած ծերունին և նա ավելի խորը գիտակցեց իր կատարած մահասփյուռ ու հայրենասպան արարքի աններելիությունը: Նա ցանկացավ լաց լինել, սակայն արցունքի  ոչ մի կաթիլ: Նա արդեն դժվարանում էր շնչել: Նախկին վարչապետը կարողացավ միայն շիշը մի կողմ շպրտել …

Երիտասարդները լսեցին կոտրվող ապակու ձայն ու մոտենալով տեսան փշրված շիշ և ծերունու դիակ, ինչը ամփոփեցին հենց այդ արհեստական բլուր-պոչամբարի մեջ:

Հակոբ Սանասարյան
2019-09-17

Հ.Գ. –Վերը նկարագրած երևակայական մղձավանջը գրվել է միայն ՀՀ պաշտոնյաներին սթափեցնելու նպատակով: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու  «Լիդիանը» պետք է հասկանան, որ հայ ժողովուրդը երբեք ու երբեք  թույլ չի տա, որ շահագործվի այդ հանքերևակումը:

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*