ԱՄՈՒԼՍԱՐ. ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ՈՒ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՎՏԱՆԳՆԵՐԸ

ԱՄՈՒԼՍԱՐԻ  ՀԱՆՔԱՎԱՅՐԻ  ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ  ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ  ԵՎ  

                                    ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ  ՎՏԱՆԳՆԵՐԸ

                                                                                                                          

Գրախոսությունը պատրաստված  է մեր  ժողովրդի համար,  որպեսզի յուրաքանչյուր քաղաքացու համար հասկանալի լինի թե որտեղ է Ամուլսարը, ինչ է իրենից ներկայացնում որպես մետաղական հանքավայր և, վերջապես ինչ վտանգներ են սպասվում այս հանքավայրի շահագործման ժամանակ: Ճիշտն ասած, հոդվածը գրելուց առաջ ես ահագին ծանր ու թեթև էի անում, թե արժե արդյո՞ք մեր ժողովրդին ձանձրացնել մասնագիտական հարցերով, որոնց հասկանալու համար անհրաժեշտ են որոշակի գիտելիքներ, սակայն հասկացա, որ ոչ միայն արժե, այլ նաև պարտադիր է, քանի որ մեր ժողովուրդը, երբեմն ստիպված է լինում լուծելու շատ ավելի խորն ու մասնագիտական հարցեր և դատելով վերջին 20-25 տարիների մեր երկրի արատավոր կառավարման փորձից, կարծում եմ դեռ շատ հարցերի լուծման համար անհրաժեշտություն կունենա միջամտելու և իր վճռական խոսքը ասելու: Իսկ ժողովրդի խոսքի անհրաժեշտությունը գրեթե միշտ  զգացվում է երկրի կառավարման տարբեր հարցերում, այնտեղ, որտեղ ժողովուրդը ուղղակի զգում է, որ կարիք կա միջամտելու, այդպես էր Քարահունջի աստղադիտարանի հարցում և այդպես է նաև Ամուլսարի հանքավայրի շահագործման հարցում, որի շահագործումը կարող է մեծ ավերածություններ գործել Հայոց առանց այն էլ սուղ, բայց խիստ կենսական հողային տարածքներում և այնտեղ բնակվող մեր աշխատասեր ու հրաշալի ժողովրդի կյանքի ու ֆիզիկական առողջության հարցերում:

Դե, ուրեմն զինվեք համբերությամբ, իսկ ես կփորձեմ ամենապարզ ձևով ներկայացնեմ գրաախոսությունը, որը համոզված եմ, ձեզ այնքան անհրաժեշտ է լինելու հետագա պայքարի համար:

Նախ` նշենք, որ մետաղական հանքավայրերը երկրի հարստությունն են և ինչքան շատ մետաղական հարուստ հանքավայրեր կան քո երկրում, այնքան հարուստ է քո երկիրը և բնականաբար հարուստ ես նաև դու: Սակայն այս հարցի էությունը, կարծես թե, ներկա ժամանակներում փոխվել է, որովհետև փոխվել են պետությունների կառուցվածքը և օրենքները: Հարուստ մետաղական հանքավայրերի առկայությունը խիստ կարևոր և դրական է ազգային պետությունների համար, իսկ ահա ապազգային պետություններում այդ հանքավայրերը դառնում են այդ երկրների համար պատուհաս, նրանց շահագործումը անապատացնում է երկիրը, թունավորում ազգաբնակչությանը և այդ բնակիչներն էլ ստիպված են ոտքի կանգնել, պայքարելու իրենց իրավունքների համար:

Հայաստանում մետաղային հանքերի շահագործումը կատարվում էր անհիշելի ժամանակներից, որի վկան է Մեծամորի հնագույն մետաղաձուլարանը: Հարուստ լինելով մետաղական հանքավայրերով, Հայաստանում մշտապես շահագործվել են այդ հանքավայրերը, սակայն այդ հանքավայրերի շահագործման շնորհիվ երկիրը հզորացել է, ոչ թե ավերվել: Նույնիսկ սովետական տարիներին արդյունահանվող մետաղը պատկանում էր բացառապես պետությանը և օգտագործվում էր երկրի հզորության և ժողովրդի կարիքների համար: Ես հիշում եմ, սովետի տարիներին շատերն էին ասում, որ եթե մենք (հայերս) անկախ պետություն լինեինք, միայն մեր մոլիբդենի շնորհիվ կարող ենք հանգիստ ապրել: Մենք անկախացանք, բայց, կարծես թե, այդ մոլիբդենը դեր չունեցավ մեր կյանքում: Ես որպես երկրաբան, իմանալով և հասկանալով մոլիբդենի նշանակությունը ընդհանուր տեխնոլոգիաների զարգացման համար և այդ հանքավայրի աշխարհի խոշոր հանքավայրերից մեկը լինելով, իրոք ի վիճակի է ապահովելու Հայաստանի բնակիչների խաղաղ ու ապահով կյանքը: Իսկ թե ինչու ենք մենք այսօր այս վիճակում, հասկանալի է դառնում շուրջը նայելով, որտեղ ամենուրեք թալան ու կողոպուտ է: Հիմա եկել հասել ենք Ամուլսարին, որի ոսկին կորզելու համար ինչ-որ անհայտ գործատերեր ցանկանում են թունավորել մեր հողն ու ջուրը, իրական վտանգի ենթարկել մեր երեխաների առողջությունը:

Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրը գտնվում է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի հենց սահմանում, հանդիսանալով նաև ջրբաժան երկու մարզերի համար, որի երկու կողմերում հոսում են Հայոց աշխարհի համար կենսական նշանակություն ունեցող երկու խոշոր գետեր՝ Արփան և Որոտանը:

Ամուլսարի ջրբաժանային մասում  երևում են Լիդիանի նախապատրաստական աշխատանքների հետքերը, որոնք փչացրել են սարի կանաչ տարածքները: Ամուլսարի ջրբաժանային մասը ձգվում է հյուսիս արևմուտք – հարավ արևելք ուղղությամբ մոտ 8 կմ, որտեղ էլ նախատեսվում է բաց հանքի շահագործումը:

Ամուլսարը, որպես մետաղական հանքավայր, շահագործվել է դեռևս հնագույն պատմական հին ու բարի ժամանակներում, այստեղ արդյունահանվել է արծաթ, որը իր շարունակությունն է ունեցել միջնադարում, այս ժամանակներում հանքը կոչվում էր Փողահանք (արդյունահանված արծաթից դրամ էին կտրում), իսկ ուշ միջնադարում այն վերանվանվել է Գյումուշլուղ կամ Գյումուշխանա:

Սովետական տարիներին նույնպես Ամուլսարը հետազոտվել և ուսումնասիրվել է, սակայն այն հետաքրքրել է հիմնականում ռադիոակտիվ  մետաղների առումով, որոնցով զբաղվում էր Գրոմովյան կոչվող երկրաբանական արշավախումբը, որի հաշվետվությունները մշտապես կնքվում էին «խիստ գաղտնի» կնիքներով:

Վերջին տարիներին, կարծես թե հանքի նկատմամբ մեծացավ հետաքրքրությունը, բանը նրանում է, որ որոշակի ուսումնասիրություններ անցած Ամուլսարի կվարցիտների հանքավայր կոչվող տեղամասը, որը աչքի էր ընկնում ոսկու խիստ աղքատ պարունակությամբ, սկսեց հետաքրքրություն ներկայացնել կապված հանքաքարի ցիանիդային էժան, բայց խիստ վտանգավոր  մշակման հետ:  2006-2008 թվերին Լիդիան ընկերության նախորդող ընկերությունների կողմից կատարվեց երկրաբանական ուսումնասիրություններ նախկինում հետազոտված Ամուլսարի կվարցիտների հանքավայրի տարածքում և առանձնացվեց որպես Ամուլսարի ոսկու սուլֆիդային էպիթերմալ հանքավայրը (П. Алоян, Ураноносность геологических формаций Армении, Ереван 2010, ст. 46), որի շահագործման թույլտվությունը ստանալով 2016 թվին, սկսեց շահագործման նախապատրաստական աշխատանքները, իսկ 2018 թվին այն կանգնեցվեց  Ջերմուկի ժողովրդի կողմից:

Հիմա մի փոքր շեղվենք նյութից և հասկանանք, թե էդ ինչո՞ւ են հանքավայրերը, (ինչպես նշեցի վերևում), պատուհաս դառնում առաջին հերթին տվյալ տարածաշրջանի բնակիչների համար: Ընդհանրապես մարդկության երկարատև փորձը ցույց է տվել, որ չի կարելի խառնվել արդեն իսկ հավասարակշռված  բնության գործերին: Իսկ ի՞նչ ենք անում մենք, վերցնում և ավիրում ենք սարեր ու ձորեր, խախտում ենք արդեն հավասարակշռված բնական բալանսը և անմիջապես բնությունը սկսում է պատժել: Ցանկացած մետաղային հանքավայր շատ կամ քիչ հարուստ է տարբեր մետաղների ու ծծմբի միացություններով, որոնք կոչվում են սուլֆիդներ և որոնք էլ դառնում են բնության հավասարակշռությունը խախտող մարդու պատուհասը: Իսկ ի՞նչ են անում այդ սուլֆիդները, որոնցից ամենատարածվածը երկաթի սուլֆիդն է (FeS2) և որը գրեթե ներկա է ամենաչնչին իսկ հանքայնացումների դեպքում: Եվ ահա այս սուլֆիդները մի շատ վատ սովորություն ունեն, սրանք ջրի և օդի ներկայությամբ սկսում են օքսիդանալ և առաջացնել ծծմբական թթու, որը մեր ժողովուրդը անվանում է կիսլատա և օգտագործում է մեքենաների մարտկոցների մեջ: Ի նկատի ունեցեք, այս սուլֆիդները քանի գտնվում են սարի մեջ՝ փակ վիճակում, հանգիստ գոյատևում են, բայց հենց  որ ավերեցինք սարը և բացեցինք հանքը, այս սուլֆիդները ակտիվանում են և սկսում է նկարագրված օքսիդացման և ծծմբաթթվի առաջացման պրոցեսը՝ որը մասնագիտական գրականության մեջ կոչվում է  թթվային  դրենաժ,  որի մասին անընդհատ կարդում ու լսում ենք հանքերի նկարագրության ժամանակ: Դժբախտաբար այս երևույթը այսքանով  չի ավարտվում, առաջացած ծծմբաթթուն սկսում է իր մեջ լուծել ապարներում առկա ծանր մետաղները՝ կապարը, մկնդեղը, սնդիկը, կադմիումը,  պղինձը,  կոբալտը, որոնք ջրերի հետ տարածվում են ամենուր, այդ թվում նաև բույսերի մեջ և սկսում իրենց ավերիչ գործունեությունը կենդանիների ու մարդկանց առողջության վրա:

Քանի որ մենք արդեն գիտենք հանքավայրերի նշված խիստ վնասակար ազդեցությունները, անցնենք Ամուլսարի հանքավայրին, որի շահագործումը կանգնեցվեց տեղի բնակչության կողմից: Հանքավայրը շահագործման պատրաստող «Լիդիան» ընկերությունը հանքի մասին իր «Շրջակա միջավայրի ազդեցության գնահատման» (ՇՄԱԳ) աշխատանքում և այլ գովազդային նյութերում հանքը ներկայացնում է գրեթե ապահով, նկարագրված թթվային դրենաժից, քանի որ ըստ Լիդիանի, նշված սուլֆիդները արդեն վաղուց օքսիդացել են:  Երկար ժամանակ աշխատելով Սյունիքի լեռնաշղթայի հրաբխային գոտում, մի քանի անգամ անցել եմ Ամուլսարի հանքային դաշտի վրայով և առաջին բանը, որ նկատել եմ դա թթվային դրենաժի երևույթն էր սարի սողանքային լանջերին: Այսինքն` այստեղ դեռ ոչինչ էլ չեն քանդել, սողանքի պատճառով բացվել են որոշ հանքայնացված տեղամասեր և սկսվել է թթվային դրենաժը… Հարգելիներս, ցանկացած մարդ կարող է իր սեփական աչքով ականատես լինել այդ երևույթին Սարավանից դեպի Սիսիան տանող լեռնանցքի ճանապարհին անմիջապես մոտ, Սարալանջ գյուղ չհասած (տես նկարը):


Ինչպես երևում է նկարում, Սարալանջ չհասած ոլորանից նկարագրվող հատվածը հեռու է ընդամենը 350 մ, որին կարելի է մոտենալ քայլելով, բացի այն,որ դուք ձեր աչքով կտեսնեք թթվային դրենաժը, այնտեղ դուք կարող եք նաև հավաքել երկաթի սուլֆիդի՝ պիրիտի  (FeS2) հետաքրքիր ոսկեգույն բյուրեղներ, միայն ներող կլինեք տեղում ծծմբաթվի անդուր հոտի համար, որը սովորաբար տհաճ զգացողություն է առաջացնում:

Լիդիանի նշված հայտարարությունը (թթվային դրենաժի բացակայության մասին),  խիստ կասկածանքներ առաջացրեց իմ մեջ, այսպիսով` պարզվեց, որ Լիդիանը ակնհայտորեն ստում է, քանի որ, եթե մակերեսին դեռ գնում է ակտիվ օքսիդացման պրոցեսը, ապա բնականաբար խորքում այն դեռ նոր պետք է սկսվի… Եթե մարդիկ ստում են, ուրեմն ինչ-որ պատճառ պետք է լինի, կամ լավագույն դեպքում հանքավայրի երկրաբանությունը շատ վատ են ուսումնասիրել, մի բան պարզ է, որ երկու  դեպքում էլ շատ վատ է…

Ահա այս կետից էլ սկսվեց Ամուլսարի նկատմամբ իմ հետաքրքրությունը, փորձեցի որոշ  հետազոտություններ կատարել, իհարկե որոշ բաներ հասկացա և ուզում եմ ձեզ հետ կիսվել իմ պարզաբանած որոշ հարցերում, որոնք գուցե որոշակի դեր կարող են խաղալ Ամուլսարի հանքավայրի նկատմամբ մեր ժողովրդի կողմնորոշման գործընթացում:

Ուսումնասիրելով  Լիդիանի  Ամուլսարի ուսումնասիրման վերաբերյալ «ՇՄԱԳ» փաստաթուղթը, ես հասկացա, որ կատարվել է լուրջ երկրաբանական ուսումնասիրություն  և բնականաբար թթվային դրենաժի բացակայության կամ աննշան լինելու մասին հայտարարությունը ոչ թե չիմանալու կամ վատ ուսումնասիրելու արդյունք է, այլ դիտավորյալ երևույթը թաքցնելն է, որը կարող է դժվարություններ հարուցել հանքի շահագործման թույլտվության հարցում: Սրանից ոչ պակաս հետաքրքրություն է ներկայացնում  նաև հանքավայրը ներկայացնել որպես առանձին տեկտոնական փակ բլոկ, որ շատ քիչ  է կապված շրջապատի հետ և համարյա ազդեցություն չունի շրջապատի վրա:

Լիդիանի այս հայտարարությունը խիստ կանխակալ է և ինչպես նախորդը, ունի հեռուն գնացող նպատակներ, որոնց մասին կխոսենք քիչ հետո, իսկ հիմա փորձենք հասկանալ, թե արդյո՞ք հնարավոր է Ամուլսարը, որպես առանձին փակ տեկտոնական բլոկ լինելը:

Նախ` պետք է նշել, որ այսպիսի հայտարարության հեղինակները, ըստ երևույթին, անծանոթ են  Հայ երկրաբանների և տեկտոնիստների աշխատանքներին, ըստ որոնց էլ Ջերմուկի կամ Ամուլսարի կվարցիտների հանքավայրը գտնվում է Միսխանո- Զանգեզուրյան մեգաանտիկլինորիի մեջ (отчет о геологоразведочных работах на Джермукском месторождении вторичних кварцитов  /участок Амул- сар/  Азизбековского района Арм ССР за 1961-1962 гг, ст 47), իսկ ահա  ըստ հայ խոշոր տեկտոնիստ Արշալույս Գաբրիելյանի, հենց Ամուլսարի վրայով է անցնում  Հանքավան-Զանգեզուրյան խոշոր տեկտոնական բեկվածքը, որի շնորհիվ էլ տեղի են ունեցել քննարկվող տարածաշրջանի երկրաբանական զարգացումները (А. А. Габриелян и др. Тектоническая карта и карта интрузивных формаций Армянской ССР, Ереван 1968): Այս բոլորը պատկերացնելու համար, բերենք Գաբրիելյանի Հայաստանի տեկտոնական քարտեզի Ջերմուկի հատվածը:


Հիմա փորձենք հասկանալ  Ամուլսարի  երկրաբանական կառուցվածքը խոշոր տեկտոնական բեկվածքի սահմաններում:  Պետք է նշել, որ տիեզերական  և աէրո-ֆոտո նկարների վերծանությունը և եղած երկրաբանական տվյալների համադրությունը նույնպես հաստատում են խոշոր տեկտոնական բեկվածքի առկայությունը Ամուլսարի տարածքում, որը ներկայացնում ենք մեր կազմած սխեմատիկ երկրաբանական քարտեզի տեսքով.

Նկարում տեսնում եք Ամուլսարի հանքավայրը, որի վրայով անցնում է Հանքավան-Սյունիքի  խորքային բեկվածքը (նշված է դեղին մարկերով): Խորքային բեկվացքները երկրակեղևը բեկող հարթություններն են, որոնցով տեղի է ունենում մի բլոկի շարժումը մյուս բլոկի նկատմամբ, տվյալ դեպքում տարածքի վերևի հատվածը (Որոտան գետի հատվածը) իջել է ներքևի հատվածի նկատմամբ, որը արտահայտվել է ընդհանուր թեք լանջին աստիճանի գոյացմամբ: Ըստ որում` տարբեր են նաև բեկվածքի երկու կողմերի երկրաբանությունը՝ այն է. բեկվացքից ներքև տարածված են Պալեոգենի հնագույն հրաբխանստվածքային առաջացումները (տարիքը մոտ 65-23 միլիոն տարի), իսկ բեկվածքի վերևի մասում տարածված են Չորորդական  ժամանակաշրջանի հրաբխային առաջացումները (տարիքը մոտ 1,8 միլիոնից 100 հազար տարի):  Նմանատիպ հզոր խորքային բեկվածքները երկրի մակերեսին սովորաբար արտահայտվում են մեծ զոնայով, մեր դեպքում այս բեկվածքի զոնայի լայնությունը մենք ֆիքսել ենք 7-10 կմ: Խորքային բեկվածքների զոնաները, ինչպես նաև մեր նկարագրվող զոնան ամեն ինչով համապատասխանում է էտալոնային դեպքերին, այն է, զոնան ամբողջովին փոփոխված է, բեկվածքի հարթությամբ երկրի խորքից վեր են բարձրացել հանքային լուծույթներ, որոնք հանքայնացրել են որոշ տարածքներ, վեր է բարձրացել հրահեղուկ հալված մագմա, որը, երբեմն, դուրս գալով երկրի մակերևույթ, առաջացրել է  հրաբխային ապարատներ, դառնալով լավաների և խարամների արտավիժման կենտրոններ, որոշ դեպքերում այդ մագմաին չի հաջողվել դուրս գալ երկրի մակերես, սառել ու բյուրեղացել  է մերձ մակերեսային խորություններում, որոնք երկրաբանական քարտեզների վրա նշվում են որպես ինտրուզիվ առաջացումներ: Նկարագրվող խորքային բեկվածքի զոնան Ամուլսար – Ջերմուկ տարածքում ներկայացված է խիստ փոփոխված ու ճեղքավորված ապարներով, իսկ Ամուլսարում հենց ոսկու, արծաթի ու ռադիոակտիվ միներալների հանքայնացմամբ, հրաբխային կենտրոնների առաջացմամբ, որոնցից հոսել են մեծ քանակությամբ լավաներ անդեզիտո-բազալտային կազմի (դրանք տեղադրված են Ամուլսարի ու Ջերմուկի արանքում, ինչպես նաև Ամուլսարի հարավ արևելյան հատվածում, Վայք-Սիսիան լեռնանցքի մոտ), առաջացած ճեղքերով մակերես են դուրս գալիս Ջերմուկի տաք հանքային ջրերը, որոնք էլ հաստատում են խորքի տաքության մասին:

Ինչպես տեսնում եք, նկարագրվող խորքային բեկվածքի  Ամուլսարի հատվածը ներկայացնում է խորքային բեկվածքներին բնորոշ մի հատված, որը ներկայացնում է մի առանձին զոնա իր օրենքներով և կապերով, այսինքն` այս զոնայի ոչ մի հատված ուղղակի չի կարող լինել առանձին փակ բլոկ, ինչպես ներկայացնում է Լիդիան ընկերությունը: Ինչպես նշեցինք վերևում, Լիդիանի այդ փակ բլոկի գաղափարը ունի հեռահար նպատակներ, նրանք շատ լավ հասկանում են, որ հարց է առաջանալու Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման մասին, նախօրոք հայտարարելով նշված փակ բլոկի գաղափարը, Լիդիանը նշում է, որ բնականաբար չի կարող խոսք լինել աղբյուրների աղտոտման մասին, քանի որ Ամուլսարը առանձին փակ բլոկ է և ոչ մի կապ չունի Ջերմուկի հետ: Մինչդեռ հանքավայրի երկրաբանական կառուցվածքը ցույց է տալիս, որ նկարագրված ամբողջ բեկվածքի զոնան մի մարմին է, եթե մարմնի մի մասը վարակվում է, կվարակվի նաև մնացած մասերը:

Մի այլ օրինակի վրա կարելի է պարզորեն ցույց տալ, որ բացի ամբողջ զոնայի ներքին կապի (ամբողջ զոնան կազմված է խիստ փոփոխված, ճեղքավորված ապարներից), ծանր մետաղներով և ռադիոակտիվ էլեմենտներով  հարստացած ջրերը կարող են հայտնվել ոչ միայն տաք ջրերի շրջակայքում, այլ հենց Ջերմուկ քաղաքում: Ներկայացնում ենք Ամուլսարի հանքավայրի հյուսիս արևմտյան ծայրամասում առաջացած խոշոր լավային կենտրոնը և նրա լավաների տարածման շրջանը:

Ինչպես տեսնում եք նկարում, Ամուլսարի լավային խառնարանից հոսել է հսկայական լավա (սլաքները ցույց են տալիս լավաների շարժման ուղղությունը), որը լցրել ու հարթեցրել է Ջերմուկ քաղաքի տեղանքի ամբողջ մակերեսը և հոսելով և լցնելով Արփա գետի հունը, հասել է մինչև Դարբ գետի խառնման կետը: Լավաները անդեզիտո-բազալտային կազմի են և ծակոտկեն, այսինքն` հադիսանում են մակերեսային ջրերի ու օդի խոնավության շրջանառվող  ճանապարհ, որի շնորհիվ այդ ամբողջ խոնավությունը բեռնաթափվում է Արփա գետում, սկսած Ջերմուկ քաղաքի տարածքից: Լիդիանը իր «ՇՄԱԳ»-ում (էջ 113-114)  նշում է, որ դատարկ ապարների լցակայանի մի մասը  կառուցվել է  նշված հրաբխի խարամային կոնի վրա: Նշված խարամային կոնը նկարագրվող լավաների սկիզբն է ու կենտրոնը, որտեղից դատարկ ապարների լցակայանի ծանր մետաղներով վարակված ու հարստացած  ջրերը լավաների տակով կհոսեն դեպի Ջերմուկ, կեչուտի ջրամբար և Արփա գետ, ապականելով ու թունավորելով հանքային աղբյուրները, Կեչուտի ջրամբարը, որտեղից էլ Սևանա լիճ:

Ամուլսարի հանքավայրի վտանգավորությունը ծանր մետաղներով շրջակայքը վարակելու մասին, կարծում եմ կարևոր է, սակայն կարծում եմ, որ այս հանքավայրի վտանգների վտանգը հանքայնացման մեջ մաս կազմող ռադիոակտիվ էլեմենտների գոյությունն է, որը համառորեն բացառում է Լիդիանը: Հետաքրքիր է, որ այս դեպքում, իհարկե, կարևոր է դառնում Լիդիանի բացառելը, քանի որ ինչպես համոզվեցինք վերը շարադրվածից, այս ընկերությունը ավելի շուտ թաքցնում է եղած փաստերը, որն էլ հիմք է ծառայում ավելի ուշադիր ուսումնասիրելու հարցը:

Մենք արդեն նշեցինք, որ սովետական տարիներին Ամուլսարը երկրաբաններին  հետաքրքրել է հիմնականում ռադիոակտիվ  մետաղների առումով, որոնցով զբաղվում էր Գրոմովյան կոչվող արշավախումբը  դեռևս 50-ական թվականներին: 1952-1954 թվերին նշված արշավախումբը որոնողական աշխատանքներ է սկսում Ամուլսարի տարածքում և առանձնացնում 7-ից ավելի հետաքրքիր տեղամասեր ռադիոակտիվ էլեմենտների՝  ուրանի, թորիումի և ռադիումի հանքայնացմամբ (ռադիոակտիվ նյութերի միջին պարունակությունը 0,02-0,03%): Հետագայում այդ ուսումնասիրությունները շարունակեց երկրաբանական գիտությունների դոկտոր Պետրոս Ալոյանը, ով  «Горный журнал» ռուսական գիտական պարբերականի 2007թ. 6-րդ համարի իր հոդվածում հիմնավորում է Ամուլսարի տարածքը որպես ամենահեռանկարայիններից մեկը, որտեղ  առանձնացնում է 5 հեռանկարային տեղամասեր և հաշվարկում ուրանի և թորիումի  մոտավոր պաշարները 76-100 տոննա:

2011 թվականերին բնակչության (Ջերմուկի փակ քննարկում) հետ քննարկումների ժամանակ Լիդիանի նախորդող «Գեոթիմ» ընկերությունը ընդհանրապես հերքեց ռադիոակտիվ էլեմենտների գոյությունը Ամուլսարում, նշելով, որ հանքավայրի տարածքում իրենց վերցրած 3500 նմուշների մեջ ֆիքսվել է ընդամենը ուրանի 0,0002% պարունակություն…

«Գեոթիմ» ընկերության տնօրեն Հայկ Ալոյանը (հոդվածի հեղինակ Պետրոս Ալոյանի տղան) հայտարարեց. «Մենք 3500 նմուշ ենք վերցրել, և բոլոր համայնքներին ցույց ենք տվել, որ մեր նմուշներում ուրան չկա: Այդ տվյալները Ամուլսարի ոսկու հանքավայրի հետ որեւէ կապ չունեն, եւ ես հարցը փակված եմ համարում» (https://ecolur.org/hy/news/amulsar/geoteam-director-hayk-aloyan-i-would-like-national-security-service-to-deal-with-this-matter/2517/): Սա մի աննախադեպ հերքում է մի ամբողջ արշավախմբի կատարած աշխատանքի, մի աննախադեպ խեղաթյուրում արդեն հաստատված գիտական մտքի: Սա մի աննախադեպ դավաճանություն է հայրենիքի, սեփական ժողովրդի և սեփական հոր նկատմամբ – հանուն սեփական շահի, և արժանի է հասարակության դատապարտմանը և որակմանը, որպես ծանր քրեական  հանցագործություն:
Այսպիսով` նախնական հետազոտությունները ցույց են տալիս, որ Ամուլսարի հանքավայրը հանքայնացված է նաև ռադիոակտիվ  էլեմենտներով՝ ուրան, թորիում, ռադիում, որոնց ներկայությունը հանքավայրի շահագործման ժամանակ մեծ վտանգ է ներկայացնում շրջակա բնակիչների և ընդհանրապես տարածաշրջանի համար: Հանքավայրի շահագործման ժամանակ նշված ռադիոակտիվ էլեմենտները կտարածվեն դատարկ ապարների լցակայաններում, շրջակա աղբյուրներում, գետերում, ջրամբարներում և կարող են առաջացնել ռադիացիոն աղետ Հայ ժողովրդի համար:

Հետաքրքիր են Լիդիանի պատկերացումները Ամուլսարի սեյսմիկ վտանգի մասին, «ՇՄԱԳ»-ում նրանք ցույց են տալիս, որ միակ խոշոր բեկվածքը անցնում է հանքավայրից 10 կմ հյուսիս հեռավորության վրա (չգիտես ինչ աղբյուրից, նրանք Սյունիք- Հանքավան բեկվածքը ընդհատում են Ամուլսար չհասած), և կանխատեսում են մինիմալ վտանգ երկրաշարժերի տեսակետից: Մինչդեռ 12-րդ դարի պատմիչ Ստեփանոս Օրբելյանը նկարագրում է 735 թվականի ողբերգական խոշոր երկրաշարժը, որը հիմնահատակ կործանեց Վայոց ձորի Մոզ քաղաքը: Միայն այս օրինակը ցույց է տալիս, որ կեղծ ու անիմաստ են դատարկ ապարների լցակայանի տակ Լիդիանի ծրագրավորած 30 սմ հաստությամբ կավերի շերտը, կամ ցիանային մշակումից հետո կուտակած ապարների տակի 1,5 միլիմետր հաստությամբ հատուկ նյութից պատրաստված թաղանթը…

Մի քանի խոսք հանքավայրում նախատեսվող պայթեցումների մասին: Ըստ Լիդիանի ծրագրի, հանքավայրի շահագործման ժամանակ նախատեսվում են մեծածավալ պայթեցումներ, որոնց իրագործման համար կծախսվի մոտ 120 հազ տոննա պայթուցիկ նյութ: Չխոսելով պայթեցումների ժամանակ թունավոր առաջացումների և փոշու մասին, (ի միջի այլոց, Ջերմուկի բնակիչների բնապահպանական շարժումը սկսվեց հանքի շինարարական աշխատանքների ժամանակ պայթեցումներից առաջացած փոշուց, որը հասնում էր Ջերմուկ քաղաք և ապականում օդն ու ամբողջ միջավայրը), ուզում եմ քննարկել շատ ավելի կարևոր և կենսական երկու հարց կապված պայթեցումների հետ.

  1. Դեռևս Սովետական տարիներին Ջերմուկի տարածքում արգելվում էր որևէ տեսակի պայթեցման աշխատանքներ, նույնիսկ շենքերի շինարարության ժամանակ հիմքերը փորվում էր միմիայն տեխնիկական միջոցներով: Փորձը ցույց է տվել, որ հաճախ պայթեցումների ժամանակ անհայտանում կամ ցամաքում են հանքային և սովորական աղբյուրները, այդ պատճառով էլ համամիութենական առողջարանի հանքային աղբյուրների պահպանման համար արգելվում էր որևէ պայթեցում: Այժմ իրադրություն է փոխվել և մեր Ջերմուկի առողջարանը այլևս համամիութենական չէ, սակայն այն մեզ համար խիստ կարևոր առողջարան է, անշուշտ, կարևոր է մեզ՝ հայերիս համար: Այսինքն` հանքավայրի շահագործումը կարող է հանգեցնել Ջերմուկի հանքային աղբյուրների ոչնչացմանը…
  2. Վաղուց արդեն հայտնաբերվել, ուսումնասիրվել և նույնիսկ փորձարկվել է զենքի մի տեսակ, որն օգտագործում է խոշոր պայթեցումներով երկրաշարժ առաջացնելու համար: Այն կոչվում է գեոֆիզիկական զենք, որի օգտագործման հիմքում դրված է խոշոր խորքային բեկվածքների գոյությունը: Խորքային խոշոր բեկվածքների շրջանում մշտական պահպանվում է երկու շարժված բլոկների լարվածությունը, որի պարպումը պայթեցումների միջոցով հաճախ առաջացնում է ուժեղ երկրաշարժեր, խիստ ավերիչ հետևանքներով: Ինչպես տեսաք, հանքավայրը տեղադրված է խոշոր տեկտոնական բեկվածքի զոնայում և իրական վտանգ է ներկայացնում պայթեցումների միջոցով  երկրաշարժ առաջանալու հարցում, որի համար ոչ ոք երաշխիք չի կարող տալ մեր ժողովրդին, ահավոր վտանգ, որը մշտապես կախված կլինի մեր երկրի վրա…

Ամուլսարի շահագործման խոշորագույն վտանգներից է նաև հանքաքարի ցիանիդային մշակումը: Նշենք, որ ցիանիդը խիստ վտանգավոր և ուժեղ թույն է, որի նույնիսկ աննշան քանակությունը վտանգավոր է մարդու կյանքի համար: Իհարկե, մեծ է գայթակղությունը, գրել այս մասին, բայց կարծում եմ, իմ քիմիկոս ընկերները մանրամասն և ավելի մասնագիտորեն կանդրադառնան ցիանիդին, ցույց տալով մեր ժողովրդին ահավոր վտանգը հանքաքարի մշակման այդ մեթոդից: Ասեմ միայն, որ փորձարկումների նպատակով մի քանի գրամ ցիանիդ ստանալու համար, որևէ քիմիական հաստատության մեջ միայն թղթաբանությունը և ստորագրությունները այնքան շատ են, որ մնում է զարմանալ, թե ինչպես է մեր կառավարությունը (զարգացած երկրներում ցիանիդային մեթոդը արգելված է) թույլատրում Լիդիանին 9000 տոննա ցիանիդ օգտագործել  հանքավայրում…

Մի քանի խոսք «Էլարդ» ընկերության փորձաքննության մասին և վերջացնենք: Լիդիան ընկերությունը վերջին ժամանակներս անընդհատ տարածում էր, որ Իրենց ուսումնասիրությունները արված են բարձր մակարդակով, իսկ շահագործման ծրագիրն էլ կազմված է ամենաբարձր մակարդակով: Նույնիսկ կառավարությունը սկսեց տարածել, որ Լիդիանի դեմ բնապահպանական շարժումը կազմակերպում են մյուս հանք շահագործողները, քանի որ նրանք ստիպված են լինելու բարձրացնել իրենց աշխատանքային մակարդակը, հասնելու համար Լիդիանին: Վերը շարադրվածից կարելի է հասկանալ, թե իսկապես ինչ բարձր մակարդակով էր թաքցնում Լիդիանը երկրաբանական հետազոտություններն ու տվյալները, իսկ Էլարդի փորձաքննությունը ուղղակի մերկացրեց Լիդիանի ամբողջ կեղծիքը, որը կիրառել էր շահագործման ծրագրի մեջ, այն է՝ թերի է, անվստահելի է, … ամենացավալին, իհարկե, այն էր, որ Լիդիանի այդ բոլոր կեղծիքները փորձում էր թաքցնել մեր երկրի քննչական կոմիտեն, Շրջակա միջավայրի նախարարությունը, կառավարությունը…

Միայն հիմա պարզ է դառնում, որ եթե Լիդիանի ծրագիրը «բարձր» մակարդակի է, ինչ են իրենցից ներկայացնում մյուս հանքերի ծրագրերը, որոնք դեռ պետք է բարձրացվեն, որպեսզի հասնեն Լիդիանի մակարդակին:

Ամփոփում

Ուսումնասիրելով Ամուլսարի ոսկեբեր կվարցիտների հանքավայրի

ամբողջ երկրաբանական նյութերը, գալիս ենք միանշանակ եզրակացության. Ամուլսարի հանքավայրի շահագործումը հանցագործություն է Հայաստան երկրի ու նրա բնակիչների դեմ, հանքը անհրաժեշտ է սառեցնել, վերականգնել ավերված տեղամասերը և ընդհանրապես փակել հանքի շահագործմանը տանող բոլոր ճանապարհները:

Հովհաննես Ազիզբեկյան

Երկրաբան

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*