ՔԱՐԱՀՈՒՆՋԻ ԱՐԵՎԱԾԱԳԸ և ԱՐԵՎԻ ԱՇՏԱՐԱԿԸ

Դեռևս 20-րդ դարի սկզբին  հնագույն աստղագիտության գիտակներ ֆրանսիացի Կամիլ Ֆլամարիոնը, անգլիացի աստղագետներ  Մաունդերը և Ուիլյամ Օլքոթը եկան այն եզրակացության, որ առաջին աստղագիտական  դիտարկումները, ինչպես նաև աստղային համաստեղությունների անվանումներն  ու նրանց  պատկերները  տրվել են Հայկական լեռնաշխարհում բնակվող բնիկների կողմից (Ներսիսյան Սերգեյ.  Աստղալից Երկինք. Եր. 2000, էջ 10-12):  Հետագա ուսումնասիրությունները  Մեծամորի մետալուրգիական կենտրոնին կից հնագույն աստղադիտարանում, Սև սարի աստղագիտական կենտրոնը, աստղային և այլ երկնային մարմիններ պատկերող ժայռապատկերները  և աստղագիտական գտածոները (գոտի օրացույցներ, արեգակնային համակարգության բրոնզե մոդել) հայտնաբերված  միային ժամանակակից  Հայաստանի փոքր տարածքում,  ապացուցեցին վերը նշված գիտնականների ճշմարտացիությունը:

Այսպիսով, եղած տվյալները ապացուցում են, որ Հայաստանում պետք է գոյություն ունենային ավելի հնագույն աստղադիտարաններ, որտեղ կատարված դիտարկումներն էլ հիմք են ծառայել նշված աստղագիտական գիտելիքների  զարգացմանը ու տարածմանը ամբողջ Հայկական լեռնաշխարհում:

Եվ  ահա մի քանի տարվա դաշտային ուսումնասիրություններից հետո, անվանի գիտնական՝   հայագետ Պարիս Հերունին աշխարհին ցույց տվեց, որ Քարահունջի հնավայրում գործել է Հայաստանի գլխավոր աստված ԱՐ-ի (Արև) տաճարը, որին կից կառուցվել է  աշխարհի հնագույն  աստղադիտարաններից մեկը: Գիտնականը հաշվումներով ապացուցեց, որ աստղադիտարանը ամենաքիչը 7500 տարեկան է (Պարիս Հերունի, Հայերը և հնագույն Հայաստանը, Երևան-2006թ, էջ 17,  52-54), իսկ որոշ մասնագետներ համարում են, որ այն  ունի առնվազն 13 000 տարվա պատմություն (Գրեհըմ Հենքոք, http://www.hayary.org/wph/?p=6694&fbclid= IwAR0s-tPETg8ujZsyIzlle Gj7ZJJcU6lbx8_95EwLkTwbpDPz8BPqC8Sr6c):

Քարահունջ (Զորաց քարեր) հնագույն աստղադիտարանը գտնվում է Սյունիքի Նախկին Ծղուկ գավառի տարածքում, Սիսիան քաղաքից երեք կիլոմետր հյուսիս, ծովի մակարդակից 1770 մ բարձրության վրա: Ինչպես կտեսնեք հաջորդիվ, Քարահունջի հնավայրի համար կարևոր է դառնում նաև տեղանքի երկրաբանական կառուցվածքը, այդ պատճառով էլ բերենք

մի քանի տեղեկություններ հնավայրի տարածքի երկրաբանական կառուցվածքի մասին: Հզոր հրաբխային ժայթքումների շնորհիվ (մոտ մեկ միլիոն տարի առաջ), առաջանում են Ծղուկի և Իշխանասարի հրաբխային լեռնազանգվածները, որին հաջորդում է Սիսիանի իջվածքի առաջացումը, որն էլ ծառայել  է Սյունիքի խոշոր լճային ավազանի գոյացմանը: Սյունիքի լճային ավազանը սկսում էր Գոռայք գյուղից մինչև Շամբի ջրամբարի պատվարը (մոտ 43 կմ), և լայնությամբ Արևիս գյուղից մինչև Ծղուկի լանջերը (28 կմ): Լճի մակարդակը եղել է մոտ 2200 մ բարձրությունների վրա (Սևանից 300 մետր բարձր): Սյունիքի այս խոշոր լճային ավազանը գոյատևել է գրեթե ստորին չորրորդականի ժամանակաշրջանից (մոտ մեկ միլիոն տարի առաջ) մինչև մոտ 100 հազ. տարի առաջ), լճի հատակին առաջացնելով դիատոմիտների ու անդեզիտո-բազալտային լավանների հերթափոխություն, որը Իշխանասար գյուղի տեղամասում ունի մոտ 500 մ հզորություն, այսինքն, լճի խորությունը եղել է 500 մետրից ավելի (Ազիզբեկյան Հ.Գ, և ուրիշ. Հայաստանի հանրապետության Սիսիանի, Գորիսի և Եղեգնաձորի շրջանների երկրաջերմային անոմալիաների որոնողական աշխատանքներ, Եր. 1994 թ, էջ 33-35,  Ընդերքի պետական վարչության ֆոնդեր): Մոտ 100 հազ.- 80 հազ, տարի առաջ  վերանում են Սյունիքի լճային ավազանի վերջին մնացորդները, որից հետո էլ լճային առաջացումների մեծ մասը ծածկվել է վերին պլեյստոցենի (100 հազ. — 20 հազ. տարի) ժամանակաշրջանի լավաներով, ահա այդ  բազալտային լավաների սարահարթի վրա էլ կառուցվել է հուշարձանը:

Հնավայրի ամբողջ քարային նյութը (կառույցները և մենհիրները) պատրաստված են հուշարձանի հատակը կամ հիմքը կազմող վերին պլեյստոցենի անդեզիտո-բազալտներից (քարհանքը գտնվում է հուշարձանից ներքև 200-300 մետր,  հուշարձանի հիմքի լավային հոսքի ճակատային մասում):

Քարահունջ հնավայրի առաջին ուսումնասիրողներից է պատմական գիտությունների դոկտոր Օնիկ Խնկիկյանը (1980), ով առաջինը կարծիք հայտնեց, որ հնավայրը, հավանաբար ծառայել է որպես աստղադիտարան:

Աստղաֆիզիկոս Էլմա Պարսամյանը Քարահունջի առաջին աստղագիտական ուսումնասիրությունն իրականացրել է 1983 թ., որին այնուհետև հաջորդել են երկրորդ` 1987 թ. ուսումնասիրությունները` Ալեքսանդր Բարսեղյանի հետ համատեղ։ Աշխատելով գիշերային ժամերին, երկու գիտնականները հանգում են այն եզրակացության, որ համալիրն օգտագործվել է գիշերային երկինքը ուսումնասիրելու նպատակով. մենհիրներից 84-ի վրա հայտնաբերելով բազմաթիվ «աչքի անցքեր» (http://www.armenianheritage.org/hy/monument/Karahundj/1038

Պարիս Հերունու մահվանից  հետո, մաթեմատիկոս Վաչագան Վահրադյանը ցույց տվեց, որ Քարահունջի հուշարձանի հատակագիծը նույնական է Կարապ-Անգղ համաստեղության աստղերի դասավորության հետ: Երբ երկու գծագրերը դնում ենք կողք-կողքի, կարծես թե մեկը մյուսի պատճենը լինեն (https://www.facebook.com/vachagan.vahradyan/videos/2103337653025137/) : Այս խիստ կարևոր հայտնագործությունը ապացուցում է, որ Քարահունջի կառուցողները ոչ միայն գիտեին Կարապի համաստեղության մասին, այլ լավ ծանոթ էին համաստեղության մանրամասն կառուցվածքին իր կարևոր աստղերի տեղադրմամբ:

Հնավայրի մենհիրների անցքերի, որպես առանձին աստղերի դիտարկման նպատակով ծառայելը ապացուցեց կալինինգրադի մեր հայրենակից Գոռ Հովսեփյանը, ցուցադրելով բազմաթիվ մենհիրների վրա անցքերին կից  ի սկզբանե արված հարմարությունները՝ քարերի վրա փորված արմունկների, ոտքերի ու ծնկների տեղերը, որոնք արված են քարի անցքից հարմար դիտարկումներ կատարելու համար https://www.facebook.com/vachagan.vahradyan/posts/2076244782401091),

(https://www.facebook.com/vachagan.vahradyan/posts/2070871299605106):

Գոյություն ունեն նաև կարծիքներ, որ Քարահունջ կամ Զորաց քարեր հուշարձանը ուղղակի հնագույն դամբարանադաշտ է, իսկ ցից քարերի անցքերն էլ արված են այդ քարերը քարշ տալով տեղափոխելու համար (Աշոտ Փիլիպոսյան և այլք): Կարծում եմ մեծ սխալ է արհեստականորեն հակամարտություն ստեղծել գոյություն ունեցող  վարկածների մեջ և մեր հնագույն տաճարը հակադրել դամբարանադաշտի կամ աստղադիտարանի հետ: Նույնիսկ քրիստոնեական եկեղեցիների  և ներսում և շրջակայքում  թաղումներ են արել և բնական է, որ Քարահունջը հազարամյակներ շարունակ գոյատևելով որպես սրբազան տաճար, պետք է, որ շրջապատված լիներ նաև հնագույն դամբարաններով և այս փաստը հակադրել տաճարի և աստղադիտարանի գոյությանը, կարծում եմ թյուրիմացություն է:

Նպատակ չունենալով վիճաբանելու այս կամ այն վարկածի ճշմարտացիության մեջ և լինելով հնավայրը նաև  աստղադիտարան լինելու համոզված հետևորդը, կցանկանայի մի քանի դատողություններով ու նոր դիտարկումներով պարզաբանել եղած վարկածները:

Եթե  Քարահունջը նաև աստղադիտարան էր , ենթադրում եմ, որ  այն, անպայման իր ազդեցությունը պետք է թողներ շրջապատի վրա, արտահայտվելով պահպանված տեղանուններով կամ հատկանշական այլ հուշարձաններով:

Փորձենք Քարահունջի հնավայրի շրջապատում գտնել Աստղադիտարանի վարկածը հաստատող այլ ապացույցներ:

Քարահունջի հուշարձանի տարածքում կենտրոնական դիրք է գրավում կենտրոնական մեծ կրոմլեխը, որը հետազոտողները անվանել են կենտրոնական կամ Արևի տաճար, որտեղ քրմերը իրականացրել են ծեսեր:

Երբ կանգնում ենք Արևի տաճարի վրա և շուրջն ենք նայում, առաջին հերթին աչքի են ընկնում հյուսիսում տեղադրված Ծղուկի  լեռնազանգվածը, իսկ արևելքում՝ Իշխանասարի առանձնացված հզոր լեռնազանգվածը, որը Մեծ Իշխանասար գագաթով (3548 մ) ձգվում է հյուսիս-հարավ ուղղությամբ, վարագույրի նման փակելով Քարահունջի արևելքը:

Պարզվում է, որ լեռնազանգվածի Իշխանասար անունը ոչ մի կապ չունի որևէ իշխանի և ընդհանրապես իշխանի հետ, այն հնում կոչվել է Իշըխլի (Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան),  սովետական ժամանակներում էլ այն անվանափոխվել է Իշխանասար, քանի որ այս անունը մի քիչ նման է հնին, կարևորը հայերեն է և ավելի հնչեղ: Դե ոչինչ, որ հնագույն անունները հենց իրենք հուշարձան են և հաճախ կարևոր տեղեկություններ են պարունակում: Հետագա մեր պրպտումները ցույց տվեցին, որ այդ հնագույն Իշըխլի անունը իրոք  շատ կարևոր տեղեկություն  է պարունակում, որից էլ սկսվեց այս ամբողջ պատմությունը: Հասկանալի էր, որ Իշըխլի անունը թուրքերեն է, բայց փորձը ցույց է տալիս, որ ադրբեջանցի թաթարները սովորաբար հայկական տեղանունները չէին փոխում, ուղղակի թարգմանվում էր թուրքերեն: Հենց Սյունիքում հին քարտեզների վրա պահպանվել է Բալիխչայ գետը, որի մոտ Ալիշանը տեղադրում է Ձկնարած գյուղը, Բալիխչայ  նշանակում է Ձկնագետ  (Ալիշան, Սիսական, Վենետիկ, 1893, էջ 207):

Իսկ ի՞նչ է նշանակում Իշըխլի անունը: Իշըխ բառը թաթարների լեզվով նշանակում է լույս, իսկ Իշըխլի՝ լույս բերող, լույս տվող կամ ԼՈՒՍԱՎՈՐԻՉ: Սարի անունը տվյալ տարածաշրջանի համար այնքան տրամաբանական է, որ բավական է ամեն աստծո օր, արևածագին լինել Գոռայք –Սիսիան ճանապարհին և համոզվել սարի Լուսավորիչ լինելու անվան ճշմարտացիության մեջ:

            Ինչպես և սպասվում էր, սարը լուսավորիչ է միայն Սիսիանի տարածաշրջանի համար, իսկ ահա Գորիսի տարածաշրջանի համար Իշըխլի անունը ընդունված չէ: Հետագա մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ «Լուսավորիչ» անունով սարերը հայտնի են Հայաստանի տարբեր գավառներում, մեզ հայտնի է Արցախում, Լոռիում, Ջավախքում: Չնայած այս անվամբ սարերի տարածվածությանը, ի զարմանս մեզ, պարզվեց, որ հայ հնագիտության կամ ազգագրության մեջ չկա սարերի Լուսավորիչ անվան բացատրություն կամ գոնե երևույթի հաստատում (համենայն դեպս մեզ հայտնի չէ), որը մենք բացատրում ենք ազգագրագետների շփոթությունը Գրիգոր Լուսավորչի անվան հետ, այսինքն` Լուսավորիչ անունով սարերը համարվել են Գրիգոր Լուսավորչի հետ կապված  անուն: Օրինակ, Արցախի Վերին Թաղլար գյուղից արևելք տեղադրված, հյուսիս-հարավ ձգվող լեռնապարը կոչվում է Լուսավորիչ: Սկզբնական մեր եզրակացությունը այն էր, որ սարի գագաթին կամ լանջին է տեղադրված Գրիգոր լուսավորչի անվան եկեղեցի կամ մատուռ, սակայն սարի վրա ոչ մի այդպիսի կառույց չգտանք: Հետաքրքիր է, որ գյուղացիները հաճախ մատաղ են անում այս սարի ստորոտին ընկած մի հսկա ժայռաբեկորի մոտ, որտեղ սովորաբար մորթում են մատաղացու կենդանուն: Գյուղի շուրջը մի քանի անգամ պտտվելուց հետո միայն մենք հասկացանք, որ այս սարի Լուսավորիչ անունը շատ ավելի հին է քրիստոնեությունից և ոչ մի կապ չունի  քրիստոնեական սրբի հետ, ուղղակի արևածագին գյուղը լուսավորվում է այս սարից, որն էլ պատճառ է դարձել անվան առաջացմանը: Պարզվեց նաև, որ այս հարցում խիստ կարևոր է, թե  որտեղից է դիտվում  լուսավորման երևույթը: Վերին Թաղլար գյուղի  դեպքում դիտարկման վայրը հենց գյուղն է, իսկ ավելի կոնկրետ լուսաբացը այստեղ դիտարկվել է Նախաքրիստոնեական  հավատքի տաճարից, որի տեղում այժմ քրիստոնեական եկեղեցի է կառուցված: Այսինքն` Վերին Թաղլարի այս տեղանունը (Լուսավորիչ) պահպանել է իր նախաքրիստոնեական հայկական անունը, իսկ Իշխանասարի  դեպքում, այն փոխվել է Իշըխլիի: Շուտով Արցախում մեկը մյուսի հետևից հայտնաբերեցինք մի քանի Լուսավորիչ անունով սարեր ևս, իսկ ահա պարզվեց, որ նմանատիպ անունով սարեր կան Հայաստանի այլ գավառներում, սակայն  այդ սարերը տարբեր գավառներում կոչվել են նույն իմաստը արտահայտող այլ անուններով,  օրինակ` Լոռու գավառում Լուսավորիչ սարերը կոչվել են «Սուրբ լիս» (Հաղպատ), այդպես են կոչվում այս սարերը նաև Ախալքալաքում  և Բյուրակն-Մնձուրյան լեռնաշղթայում (Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան):

Վերադառնանք  Քարահունջի Լուսավորչին, որը տարբերվում էր իր հզորությամբ և մեծությամբ, քանզի համոզված լինելով մեր այս Լուսավորչի ավելի կարևոր աստղագիտական նշանակության մեջ, շարունակեցինք մեր պրպտումները:

Պարզ է, որ սարի Լուսավորիչ  անվանումը չափազանց հին է և կապված է արևապաշտական ժամանակների կամ մեր ակունքների հետ: Անվանումը, իհարկե, տրվել է Իշխանասարից արևմուտք տեղադրված բնակավայրերում, ավելի ճիշտ այնտեղ տեղադրված  նախաքրիստոնեական  հավատքի տաճարներում, որտեղ կենտրոնացված  էին հզոր Հայաստանի գիտական կենտրոնները: Այդպիսի հնագույն տաճար կարող էր լինել  Քարահունջը, որը մեզ հետաքրքրող տարածքում  գրավում է ամենակենտրոնական տեղը, իսկ Քարահունջում էլ դիտարկման կետը ընտրեցինք հնավայրի կենտրոնում տեղադրված կառույցը կամ կրոմլեխը, որին Պարիս Հերունին անվանել է Արևի տաճար: Դիտարկման կետի ընտրությունը կատարվեց եղած հնագիտական տվյալների հիման վրա և հետագա ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ չենք սխալվել:

Առաջին հերթին մեզ հետաքրքրեց, թե սարի ո՞ր մասերից է Արևը սկսում լուսավորել Արևի տաճարը տարվա չորս կարևոր օրերին՝ գարնանային ու աշնանային գիշերահավասարներին և ամառային ու ձմեռային արևադարձների օրերին: Դիտարկումները շարունակվեցին մոտ չորս տարի, որովհետև աշխատանքները կապված էին եղանակային պայմանների հետ և շատ հաճախ ամպամածության պատճառով մեզ չէր հաջողվում ֆիքսել արևադարձի կամ գիշերահավասարի ժամանակ Արևածագի ճիշտ տեղը: Վերջապես մեզ հաջողվեց որոշակի ճշտությամբ ֆիքսել արևածագի կետերը, ըստ որում դիտարկումները կատարվում էր

արևածագին, Քարահունջի կենտրոնական կրոմլեխից կամ Արևի տաճարից, չափման ժամանակ ուղղակի անհրաժեշտ էր ֆիքսել արևածագի ճիշտ տեղը սարի վրա և այն անցկացնել գեոդեզիական ճշգրիտ քարտեզի վրա: Պետք է նշել, որ այս գործընթացում խիստ կարևոր է ընտրված կետը, որից իրագործվում է չափումը, քանի որ  չնչին իսկ շեղումը չափման կետից կարող է հանգեցնել բավականին մեծ սխալի:

Թվում էր, թե Հայոց տոմարի տարվա սկզբին, Նավասարդ ամսի մեկին, որը համընկնում է գարնանային գիշերահավասարի հետ (մարտի 21), Արևը պետք է, որ ծագի հենց կենտրոնական գագաթի՝ Մեծ Իշխանասարի հետևից, սակայն պարզվեց, որ իրականում Արևը գարնանային գիշերահավասարին ծագում է իշխանասարի լեռնազանգվածի ավելի ցածր գագաթից, որը գտնվում է կենտրոնական գագաթից հարավ մոտ 4 կմ հեռավորության վրա, գագաթի բարձրությունը 3162 մ է:

Մարտի 21-ի արևածագի գագաթը գտնվում է Քարահունջի հնավայրից մոտ 15 կմ հեռավորության վրա (ուղիղ գծով), չնայած բավականին դժվարամատչելի է, սակայն այն խիստ դեպի իրեն էր ձգում, համոզված էի, որ ինչ-որ կապ պետք է լինի այս գագաթի ու հնավայրի միջև: Արևածագի գագաթ մենք կարողացանք բարձրանալ 2018 թ-ի ամռանը, մի քանի ժամվա դժվարամատչելի վերելքից հետո, Հակոբ Սանասարյանի հետ մենք հասանք նկարագրվող գագաթի մատույցները և հանկարծ մեր առաջ մոտ 3100 մ բարձրության վրա հրաշքի պես բացվեցին երբեմնի հզոր պարիսպների ավերված մնացորդները, որոնք արգելափակում էին գագաթային հատվածը:

Պարսպի հզորությունը 1,5-2 մետր է, գագաթի շուրջը այն կազմում է էլիպսաձև շրջան արևմուտք – արևելք ձգվածությամբ և  66 ու 51 մետր համապատասխան տրամագծերով:

Այսպիսի հզոր պարիսպը 3100 մ բարձրության վրա, անշուշտ, կառուցված է պահպանության նպատակով, պարիսպները ինչպես գիտենք, կառուցվում են երկրի, քաղաքի կամ բերդերի շուրջը թշնամիներից պաշտպանելու համար, եթե այսպիսի բարձրության վրա նման հզոր պարիսպ են կառուցում, ուրեմն ներսում ինչ-որ շատ կարևոր կառույց պետք է լիներ:

Վերևից արված նկարներից երևում են, որ գագաթի հյուսիս-արևելյան կողմում  կան կառույցների հետքեր (հավանաբար գետնափոր տներ) և ջրային ելքեր: Սարի հյուսիսային լանջին պահպանված ձյան այս մնացորդների շնորհիվ, որոնք գոյատևում են մինչև հուլիսի  վերջը (ձյան մնացորդը լավ երևում է նկ 10-ի  ձախ կողմում), այստեղ ապահովվում է խմելու ջրով: Պարիսպը հիմնականում ավերված է, տեղ-տեղ պահպանվում են մինչև 2-3 մ բարձրությամբ խոշոր քարաբեկորներով անշաղախ շարված պատերը: Հարավային մասում կա մուտք, որի երկու կողմում տեղադրված են բավականին խոշոր քարե սյուներ: Քարը տեղական է, հիմնականում բազալտներ, անդեզիտո-բազալտներ, որոնցից կազմված է գրեթե ողջ Իշխանասարի զանգվածը:

Մուտքի լայնությունը 1,5 մետր է: Պարսպապատ տարածքի մակերեսը կազմում է մոտ 2750 քառակուսի մետր:

Հայտնի է, որ ցանկացած կետի համար գարնանային գիշերահավասարի ժամանակ Արևը ծագում է ուղիղ արևելքից, պարզվեց, որ մեր դեպքում ևս արևածագի գագաթը և Քարահունջի Արևի տաճարը գտնվում են նույն 39,3 աստիճան լայնության վրա, այսինքն` Նավասարդի 1-ին (մարտի 21) Արևը ծագում է Քարահունջի նկատմամբ ուղիղ արևելքից:

Հիմա տեսնենք թե այս ի՞նչ կառույց է, որ կառուցվել է Քարահունջի Արևի տաճարի ճիշտ արևելքում, որտեղից Արևը ծագում է գիշերահավասարի ժամանակ, և որի շուրջը կառուցվել է նկարագրված հզոր պարիսպը:

Կառույցը տեղադրված է ճիշտ գագաթային մասի ամենաբարձր կետում, այն հիմնավորապես ավերված է, ըստ որում այսպես լինում է, եթե հատուկ է ավերվում, հնագույն կառույցից մնացել է միայն հիմքի մեծ ու հզոր սալաքարերը, որոնց մեծության և ծանրության շնորհիվ չեն կարողացել տեղաշարժել:

Պահպանված սալաքարերի վրա կառույցի ավերումից հետո մարդիկ կառուցել են նախկին հզոր  կառույցի նախատիպը՝ մոտ 1,5 մ բարձրությամբ փոքրիկ աշտարակ: Ինչպես երևում է նկ 13-ից, կառույցը ավերողները ոչ միայն ամբողջովին ավերել են հնագույն կառույցը, թողնելով միայն սալահատակ հիմքը, այլ փորձել են նաև մտնել կառույցի տակ, փորելով և բացելով սալահատակի քարաբեկորների տակը: Կառույցի հիմքը, որը բաղկացած է մի քանի հզոր սալաքարերից, կազմում է մոտ 20 քառակուսի մետր սալահատակ, որի  հյուսիսային մասը (մոտ 10 քառ. մ) ամբողջովին ավերված է:

Դատելով  կառույցի հիմքի չափերից, սալաքարերի հզորությունից և ամրությունից, ենթադրում ենք, որ սալահատակի վրա կանգնեցված է եղել մոտ 30 քառ. մետր հիմքով հզոր մի աշտարակ, մոտ 20-30 մետր բարձրությամբ: Այդ են վկայում գագաթի հյուսիսային կողմում անկանոն թափված կառույցի մաս կազմող մեծ քանակությամբ քարաբեկորների թափվածքները, որոնք գլորվելով ծածկում են գագաթի հյուսիսային լանջը մոտ 60 մետր լանջով ներքև (տես նկ 9. և նկ 10.): (Աշտարակի ճշգրիտ չափերի և ձևի մասին կարելի է եզրակացնել միայն տեղանքի և թափված քարաբեկորների լրացուցիչ մանրամասն ուսումնասիրությունից հետո):

Սա, իհարկե, սովորական գանձագողերի գործ չէ, քանի որ այսպիսի հզոր կառույցը կարող էին հիմնահատակ ավերել միայն կազմակերպված պրոֆեսիոնալ  ավերիչների մեծ խումբը, որը պատրաստված (գործիքներով) բարձրացել է գագաթը հատուկ աշտարակը ավերելու համար: Ակամա հիշում ենք Ագաթանգեղոսի վկայությունը մի այդպիսի ավերիչ խմբի մասին, որը 301 թվին ավերեց մեր երկրի գրեթե բոլոր հեթանոսական տաճարներն ու ծիսական կառույցները, ոչնչացնելով Հայոց տասնյակ հազարամյակների մշակույթը. «Դրանից հետո իսկույն ելան Եկեղյաց գավառը … Հայոց թագավորների մեծ և բուն մեհյաններում, պաշտամունքի վայրերում, Երեզ ավանի Անահիտի մեհյանում… սուրբ Գրիգորը  թագավորով հանդերձ, փշրեցին Անահիտ դիցուհու ոսկի արձանը, ամբողջ վայրը քանդեցին, փչացրին,  ոսկին ու արծաթը ավարի տվին:  Այտեղից Գայլ գետի վրայով այն կողմն անցան ու քանդեցին  Արամազդի դստեր՝  Նանեի մեհյանը Թիլ ավանում…» (Ագաթանգեղոս, Հայոց պատմություն, Եր. 1983, գլ. ՃԹ): Քանդեցին, փչացրինոսկին ու արծաթը ավարի տվին…

Արևի այս հզոր աշտարակը կարող էին կործանել միմիայն այսպիսի ավերիչները, որոնց նպատակն էր վերացնել հայկական մտքի ամեն մի երևույթ:

Հիմա փորձենք հասկանալ թե ինչ էր իրենից ներկայացնում նկարագրվող Արևի աշտարակը և ինչու էր պետք ավերել այս կառույցը:

Ինչպես նշեցինք վերևում, գիշերահավասարի (Նավասարդի 1-ի) արևածագի  այս գագաթը կամ Արևի աշտարակը գտնվում է Քարահունջի Արևի տաճարի նույն 39,3 աստիճանի  լայնության վրա, այսինքն Քարահունջի ճիշտ արևելքում: Հին հայկական տոմարով ըստ Շիրակացու, տարվա սկիզբը Նավասարդի մեկն էր, այսինքն` տարեգլուխը, որի ֆիքսելը չափազանց կարևոր էր ցանկացած տոմարի համար: Հայտնի է, որ տոմարը քաղաքակրթության հիմքն է և ամեն մի պետական կառույցի համար ամենակարևորը ճիշտ տոմարական հաշվարկներն էին, շարժական կամ որևէ սխալ պարունակող տոմարի մեջ հաճախ մի քանի տասնյակ տարիների ընթացքում տոները կամ տարեգլուխը հաճախ թափառում էին տարվա տարբեր եղանակներին և անիմաստ էր դառնում որևէ տոմարական հաշվարկ կամ ժամանակագրություն: Ոչնչացնելով հայկական ճշգրիտ տոմարը, քրիստոնեական եկեղեցին ընդունեց  բյուզանդիայում օգտագործվող հունա-հռոմեական տոմարը, որի պատճառով զատիկը և քրիստոնեական այլ տոներ սկսեցին թափառել տարվա տարբեր եղանակներում, եկեղեցին ստիպված եղավ դիմել Անանիա Շիրակացուն (7-րդ դար), իսկ հետո նաև Հովհաննես Սարկավագին (11-րդ դար) ուղղումներ կատարելու տոմարական հաշվարկներում: 301 թվին ընդունված նոր տոմարի պատճառով էլ  Հայոց տարեգլուխը՝ Նավասարդ ամսի Արեգ օրը, որը բոլոր տաճարներում ֆիքսվում էր գարնանամուտին՝ մարտի 21-ին, Հովհաննես Իմաստասերի ժամանակ (11-րդ դար), թափառելով, հասել էր օգոստոսի 11-ը:

Իսկ հայկական հնագույն տոմարում տոների կամ տարեգլխի շարժումը բացառվում էր, որովհետև ամեն մի տաճարում և դրանց կից աստղադիտարաններում ֆիքսվում էր տարեգլուխը (Նավասարդ ամսի Արեգ օրը), որը գարնանային  գիշերահավասարի օրն էր, իսկ այդ օրը Արևը ծագում էր ճիշտ Արևի աշտարակից: Ընդ որում` Արևի աշտարակը այնքան կարևոր էր, որ այն կառուցվում է նույնիսկ 3100 մ բարձրության վրա և շրջապատվում է հզոր պարսպով: Լինելով մեր երկրի հնագույն և հիմնական աստղադիտարաններից մեկը, Քարահունջում ամեն մի նույնիսկ օժանդակ կառույց աչքի է ընկնում իր հզորությամբ, որը արտահայտվում էր նաև Իշխանասարի Արևային հզոր  աշտարակով:  Ինչպես նշեցինք, տարեգլուխը որոշելը այնքան կարևոր էր, որ նմանատիպ կառույցներ կային գրեթե բոլոր տաճարներին կից աստղադիտարաններում, բերենք ևս մի օրինակ, որը մենք ինքներս ենք ֆիքսել: Եղեգնաձորի շրջանի Վայոց սարում, որի ձագարում  տեղադրված է եղել հեթանոսական տաճար (այժմ այնտեղ քրիստոնեական կառույց է) իր աստղադիտարանով, ունեցել է նաև իր Արևի աշտարակ:

Սարի ձագարի ճիշտ արևմուտքում և արևելքում հնագույն շինությունների հետքեր են, իսկ ձագարի մեջ նախաքրիստոնեական տաճարի տեղում քրիստոնեական կառույց է, որտեղ Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ ապրում էին ճգնավորներ (Ստեփանոս Օրբելյան, Սյունիքի պատմությունը, Եր. 1986, էջ 154):

Այստեղ ի տարբերություն Քարահունջի, Արևի աշտարակի հեռավորությունը դիտանոցից ընդամենը 540 մետր է, որը հավանաբար, ավելի ճշգրիտ կարող է դարձնել չափումները:

Կարծում եմ,  նմանատիպ Արևի աշտարակ պետք է լինի նաև Հաղպատի վանքի արևելքում տեղադրված Սուրբլիս սարում, և վերջապես, նմանատիպ հզոր  Արևի աշտարակ պետք է լինի Հայոց սրբության սրբոցում՝ Արարատում, երկու Մասիսների արանքում, որտեղից ելնում է շումերական արևի աստվածը՝ Ութուն, որտեղից նավասարդի մեկին ծագում է Արևը և դիտարկվում  Նպատ սարի մոտ գտնվող Բագավանի հնագույն տաճարի դիտանոցից:

Այսպիսով` Արևի աշտարակները խիստ կարևոր և անհրաժեշտ կառույցներ էին ցանկացած աստղային դիտանոցի համար, քանի որ այդ աշտարակների օգնությամբ ֆիքսվում էր տոմարական հաշվարկների տարեգլուխը, որն էլ անսխալ և անշարժ էր դարձնում Հայոց հնագույն տոմարը: Բնականաբար Արևի աշտարակները արևապաշտական ժամանակների կարևորագույն կառույցներն են եղել, և պարզ էր, որ մեր մշակույթը ոչնչացնող 301 թվականի ավերիչ  ջոկատները պետք է, որ այցելեին և Իշխանասար և Վայոց սար:

3-4 տարվա ընթացքում մենք կարողացանք ֆիքսել արևածագի կետերը Քարահունջի նկատմամբ և ստացվեց հետևյալ պատկերը (տես նկ 15 ), ըստ որում, պարզվեց, որ ձմեռային արևադարձի ժամանակ  Արևը ծագում է Իշխանասարի ամենահարավային լանջերից.

Նկ 15-ում ներկայացված է գեոդեզիական քարտեզի հիմքի վրա գծված Քարահունջի արևածագի կետերի քարտեզը տարվա 4 օրերին՝ գիշերահավասարի և ամառային ու ձմեռային արևադարձերի օրերին: Ինչպես նշեցինք, Քարահունջի Արևային տաճարը և գիշերահավասարի արևածագի կետը գտնվում են ճիշտ միևնույն՝ 39,3 աստիճան լայնության վրա, այսինքն` նկարագրված Արևի աշտարակը տեղադրված է Արևի տաճարից ուղիղ արևելք, իսկ ամառային ու ձմեռային արևադարձի կետերը շեղված են համապատասխանաբար  դեպի հյուսիս և դեպի հարավ 25-26 աստիճանով: Մանրամասն հետազոտությունները այդ երկու կետերում, ինչպես նաև արևամուտի կետերում ոչ մի կառույցի հետքեր չհայտնաբերեցին, այսինքը, հավանաբար կարևորվել է միայն գիշերահավասարի արևածագի կետը, որը և ֆիքսվել է պատշաճ կարգով: Նշենք, որ անհրաժեշտ են նոր և ավելի մանրամասն ուսումնասիրություններ Արևի աշտարակում, ներկայացված նյութը առայժմ վարկած է և հուսով ենք, որ հաջորդ հոդվածում, Արևի աշտարակի ավերակների մանրամասն ուսումնասիրությունից հետո միայն կկարողանանք ճշգրիտ ներկայացնել աշտարակի ձևը, չափերը և նրա կապը  Քարահունջի և Արևի տաճարի մոտ գտնվող մի քանի մենհիրների հետ, որոնց անցքերից, ըստ Պարիս Հերունու, դիտարկվել են արևածագերը և արևամուտը:

Հայաստանում  հնագույն աշտարակների ուսումնասիրություններ համարյա չի կատարվել և դրանց մասին շատ քիչ տեղեկություններ են  պահպանվել: Արարատ լեռան  վրա աստղային աշտարակի առկայության  մասին տեղեկություններ է տալիս անգլիացի պատմաբան Ջեյմս Բրայսը իր  գրքում, որտեղ նկարագրվում է խալդյան առասպել, ըստ որի Արարատի վրա եղել է սյուն, որի վրա աստղ է պատկերված (Bryce J., Transcaucasia and Ararat, London 1876, էջ 223):

Ընդհանրապես լեռնային աշտարակները այլ երկրներում, բավականին տարածված են, հայտնի են Իտալիայում, Իսպանիայում, ամենատարածվածները իհարկե Սվանեթիան է, որի լեռնային գյուղերում հաճախ տները կառուցվում էին որպես աշտարակներ,  (https://kulturologia.ru/blogs/221114/22282/):

Հայաստանում աշտարակների մասին, միայն 2017 թվականին հրատարակվեց մի փոքրիկ հոդված,  որտեղ քննարկվում են Արագածոտնի, Արմավիրի և Կոտայքի մարզերի  աշտարակատիպ կառույցները (Մեծամորյան ընթերցումներ, Գիտական հոդվածների ժողովածու, Լ. Մկրտչյան, Հայաստանի բրոնզ-երկաթեդարյան աշտարակատիպ կառույցները, Եր. 2017): Հուսով ենք, որ մեր այս հոդվածը հետաքրքրություն կառաջացնի և խթան կհանդիսանա նորանոր Արևի աշտարակներ հայտնաբերելու և դրանց ուսումնասիրության համար:

Ինչպես նշեցի վերևում, նպատակ չունենալով վիճաբանելու Քարահունջի մասին այլ կարծիքների հեղինակների հետ, այդուհանդերձ կցանկանայի վերջում երկու խոսք ասել  մի հարցի առնչությամբ:

Հուշարձանի աստղադիտարան  լինելու ընդդիմախոսները հաճախ են մեջբերում Հնագիտական ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի արտահայտած այն  միտքը, որ Սյունիքը երկրաշարժերի ակտիվ գոտի է և հազարավոր տարիների ընթացքում երկրաշարժերից  պետք է, որ խաթարված լինեն մենհիրների դիրքերը և սխալ է Պարիս Հերունին, որ հուշարձանի կառուցման կամ օգտագործման ժամանակային հաշվարկներ է անում այդ մենհիրների անցքերի ուղղվածությունների հետ կապված: Այս հարցի մասին կուզենայի որպես երկրաբան մի քանի դիտողություններ անել, պարզաբանելու համար, թե ինչ ազդեցություն են թողել երկրաշարժերը Քարահունջի հնավայրի կառույցների և մենհիրների վրա: Երկրաշարժերը իրոք կարող են մեծ ավերածություններ կատարել  որևէ տեղանքում, սակայն երկրաշարժի ավերածություններին դիմակայելու համար շատ կարևոր է տեղանքի երկրաբանական կառուցվածքը, որը առանձին դեպքերում  կարող է լուրջ խոչընդոտ լինել ավերածությունների համար: Հայտնի է, որ հրաբխային ապարների (տուֆեր, բազալտներ) տարածման գոտիներում երկրաշարժի ալիքները թուլանում կամ մարում են, դրան նպաստում է այդ ապարների խիստ ծակոտկենությունը, շատ կարևոր է հիմքի ծակոտկեն ապարների հզորությունը, ինչքան այդ շերտերի հաստությունը մեծ է, այնքան տեղանքը անվտանգ է երկրաշարժերի  նկատմամբ: Վերը նշվեց, որ հուշարձանը տեղադրված է բազալտային լավաների սարահարթի վրա, իսկ խորքում իրար են հերթափոխում լավանների  ու լճային նստվածքների 50-100 մ հզորությամբ շերտերը, որոնց ընդհանուր հզորությունը կազմում է մոտ 500 մ: Ըստ որում, ինչպես նշեցինք վերևում,  լճային նստվածքները ներկայացված են դիատոմիտային կավերով՝ կազմված  սիլիցիումային կազմի (SiO2) լճային ջրիմուռներից, որոնց ծակոտկենության աստիճանը պատկերացնելու համար բավական է իմանալ, որ այդ դիատոմիտային կավերից են ստանում լավագույն բնական ֆիլտրերը: Այսպիսով` Քարահունջի հուշարձանը տեղադրված է մոտ 500 մ հզորությամբ խիստ ծակոտկեն ապարների բնական հաստվածքի վրա, որը երկրաշարժերի նկատմամբ գրեթե անվտանգ է դարձնում տեղանքը: Այժմ տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել նկարագրվող տարածքում  պատմական ժամանակաշրջանում: Քարահունջի հնավայրից ուղիղ 3 կմ հարավ տեղադրված է Սիսիանի ս. Գրիգոր եկեղեցին, որը կառուցվել է 6-7-րդ դարերում: Բավական է նշել, որ 1931 թվականի Զանգեզուրի 9 բալանոց երկրաշարժի ժամանակ եկեղեցուց  9 և 24 կմ հեռավորության վրա գտնվող Որոտնավանքը և Տաթևի վանքն ավերվեցին, իսկ Սիսիանի եկեղեցին մնաց անվնաս:  Քարահունջի հնավայրի մոտ գտնվող եկեղեցին իր կառուցման օրից արդեն մոտ 1400 տարի կանգնած է անխաթար, դիմանալով նույնիսկ մոտակայքում տեղի ունեցող 9 բալանոց տեկտոնական ցնցումներին: Այսինքն` այդ ցնցումները,  շնորհիվ եկեղեցու տեղադրման տեղի երկրաբանական կառուցվածքի, թուլացել են, որի շնորհիվ էլ եկեղեցին անխաթար է մնացել:

Վստահորեն նույնը կարելի է ասել Քարահունջի  հնավայրի մասին:

Ինչպես տեսնում ենք, և տեսականորեն և իրական պատմական ժամանակաշրջանում  Քարահունջի աստղադիտարանը անվտանգ ու անխաթար  է մնացել տեկտոնական ցնցումների նկատմամբ և երիցս ճիշտ էր ակադեմիկոս Պարիս Հերունին իր հաշվարկների մեջ:

 Ամփոփում

Քարահունջի  հնավայրը  հայոց հնագույն հավատքի սրբազան տաճարներից մեկն էր, և ինչպես Հայկական լեռնաշխարհի բոլոր հնագույն տաճարները, Քարահունջը ևս  հանդիսացել է որպես խոշոր գիտական  կենտրոն և անշուշտ, ծառայել է նաև որպես աստղադիտարան: Քարահունջի կառուցողները ունեցել են հստակ աստղագիտական գիտելիքներ և զբաղվել են աստղագիտական ուսումնասիրություններով: Նրանք զբաղվել են նաև տոմարական հաշվումներով և հայոց  օրացույցի  ամենակարևոր օրը՝ տարեգլուխը (Նավասարդ ամսի Արեգ օրը) ճշգրիտ ֆիքսելու համար, 15 կմ հեռավորության վրա Իշխանասարի գագաթներից մեկում՝ գիշերահավասարի արևածագի կետում կառուցել են Արևի աշտարակ, որն ավելի ճշգրիտ է դարձրել արևածագի ֆիքսելու պահը: Ըստ որում, Քարահունջի աստղաբանները այնքան են կարևորել Արևի աշտարակը, որ այն կառուցապատել են հզոր պարսպով և նույնիսկ ծառայություն են կատարել այնտեղ: Իշխանասարը հնում կոչվել է Լուսավորիչ  (Արևը ծագել է այդ սարից), նմանատիպ անուններով  սարեր հայտնի են Հայաստանի տարբեր գավառներում, այդ թվում նաև Արևմտյան Հայաստանում:

Հովհաննես Ազիզբեկյան
Երկրաբան

Տես նաև տեսանյութը.

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*