Արքայից արքա Տիգրան Մեծ. նորահայտ մի ստի մասին

%d5%bf%d5%ab%d5%a3%d6%80%d5%a1%d5%b6Արքայից արքա Տիգրանի նվաճումներն ամենայն մանրամասնությամբ ներկայացվել են հայ և օտար մատենագիրների կողմից: Լուսաբանվել և քննության են դրվել նրա կողմից իրականացված բոլոր գործերը: Ժամանակի ընթացքում, մեր պատմագիտության շատ երախտավորներ կարողացան մեկ առ մեկ հերքել այն սև բծերը, որ օտարազգի այս կամ այն մատենագրի կողմից փորձ էր արվել՝ կպցնելու Մեծ Տիրակալի կերպարին: Մեր ժամանակներում, հսկայական աշխատանք է տարվել՝ ոչ միայն Տիգրան Մեծի, այլև՝ Հայոց մյուս աշխարհակալ արքաների անունն ու անբասիր վարքը ներկայացնելու, նրանց օրինակով՝ սերունդներ կրթելու ուղղությամբ: Հայոց պատմության աշխարհակալությունների փաստը գիտականորեն հիմնավորելու, մեր նախնիների զորույթը մեզ մատուցելու առումով, այսօր անգնահատելի գործ է արված(*1): Թվում է, թե այլևս բոլորի համար պարզ է՝ հույն և հրեա պատմիչների նախանձախառն փնովումների բուն պատճառն ու դրանց արժեքը, սակայն, պարզվում է, երբեմն մենք անում ենք ավելին՝ մեր մեծերի չեղած թերություններին՝ ահավոր մեղքեր ու թերիներ վերագրելով: Ընդ որում՝ առանց դրա հիմքերն ունենալու: Այստեղ ցանկանում եմ գրել՝ Տիգրան արքային, չգիտես թե ինչու, մեր իսկ կողմից վերագրվող՝ ԱՆՀԻՄՆ և ահավոր մի մեղադրանքի մասին: Նպատակս է, և հորդորս՝ ընթերցողներին, որոնք անպայման լսած կլինեն այդ անհեթեթ մեղադրանքը, ինքնուրույն ստուգել գրածս տողերի ճշտությունն ու համոզվել, թե որքան հեշտ է՝ անգամ առանց որևէ մի փաստի, զանգվածների գիտակցություն մեջ արմատավորել համոզմունք՝ պատմական այս կամ այն անձի անունը պախարակող ամենաստոր արարքների մասին: Խոսքս վերաբերվում է՝ Արքայից արքա Տիգրանի և Վահունյաց իմաստնագույն քրմական տոհմի միջև տեղի ունեցած մի միջադեպին: Վահունի քրմական տոհմն, ըստ Խորենացու, սերում է Հայկազյան Տիգրանի որդի Վահագնից: Եվ Տիգրանի, և Վահագնի կերպարներում՝ ակնհայտ է դիցաբանական հզոր շերտ: Ամեն դեպքում, Վահունիներն, իբրև տոհմ, սերել են Հայկյաններից և դարեր շարունակ տվել են քրմական բարձրագույն պաշտոնավարներ, քրմապետներ: Վահունյաց քրմերի հայրենի տարածքն է համարվել Տարոնի Աշտիշատը՝ համազգային նշանակության իր բագիններով ու տաճարներով: Իմ համոզմամբ, Աշտիշատը չի եղել Վահունյաց տոհմի սեփականությունը: Նախքան Տարոնին անցնելը, այն պատկանել է Հաշտյանք գավառին և եղել է ոստանիկ (կամ սեպհական, վասպուհրական) տիրույթ (*2): Այս հարցը շատ ծավալուն է, և այստեղ նպատակ չունեմ՝ այդ մասին երկար գրելու: Միայն նշեմ, որ այս հանգամանքը մեկ ավելորդ անգամ հիմք է տալիս ինձ պնդելու, որ թե «Արտաշեսյան», թե «Արշակունի» հորջորջված արքայատոհմերն, իրականում նույն՝ Հայկազյան մեծ տոհմի շառավիղներն էին : Վահունիներին էր, ուրեմն, տրված նաև՝ հայոց դիցերի պաշտամունքավարության գլխավորությունը Աշտիշատում: Ըստ Խորենացու, Վահունյաց տոհմը քրմության է հասնում Վաղարշակ արքայի օրոք: Հայոց պատմության այս և առավել հին շրջանների՝ քրմության, քրմապետության հետ կապված հարցերը բազմաշերտ են: Կարելի է անվարան ասել, որ Վահունիներն իրենց ձեռքում էին պահում՝ առնվազն Վահագնի բագինների սպասավորությունը: Հզոր և ազդեցիկ էր Վահունյաց տոհմը՝ մեկը Հայոց ավագ նախարարություններից, և ինձ համար անվիճելի է այսօր, որ այն մի մասն է կազմել՝ Հայկազյան Վասպուհր ազնվականների:

Եվ այսպես, Հայոց Արտաշես Տիեզերակալ արքայից արքան, գրավելով Փոքր Ասիան և Հունաստանը, այնտեղից Հայաստան է ուղարկում Արտեմիդի, Ապոլլոնի և Հերակլեսի արձանները: Կարգադրում է, որ այս արձանները տեղադրվեն Արմավիրում: Բնականաբար, խոսքն այստեղ գնում է՝ օտար մշակույթի ուղղակի ներմուծմանը հայկական իրականություն՝ արձանների տեսքով: Օտար պաշտամունքային տարրերի՝ Հայոց դիցական համակարգ ներթափանցման, ազգային դիցերի հետ՝ նրանց նույնացման գործընթացի մասին է խոսվում: Վահունյաց քրմերն այդպես էլ անում են, սակայն, լսելով Տիեզերակալ արքայի մահվան լուրը, հանում են Արմավիրից Հերակլեսի արձանը և տեղափոխում Աշտիշատ: Արքայից արքա Տիգրանը, որ շարունակելով հոր գործը, հունական դիցերի արձաններն էր տեղադրել տալիս Անիում, Թիլում, Բագահառիճում և այլուր,չի հանդուրժում Վահունյաց քրմերի այս արարքը: Խնդիրն այստեղ շատ խրթին է ներկայացված: Մեկ կողմից, ենթադրվում է Վահունիների ակնհայտ ընդդիմություն՝ օտար դիցերի ներմուծման՝ Տիեզերակալ արքայի կամքին, մյուս կողմից, կարելի է ենթադրել՝ հենց Վահունիների կողմից, Հերակլեսի պաշտամունքը Աշտիշատում՝ Վահագնին նույնացնելու փորձ: Ամեն դեպքում, արդեն այն հանգամանքը, որ Վահունիներն ընդունակ էին չանսալու ամենազոր աշխարհակալի կամքին, խոսում է այն բանի մասին, որ այս տոհմն իրոք անառարկելի համարում ուներ Հայոց պետականության կառույցում: Ափրոդիտեի արձանը կանգնեցնելով արդեն Վահունիների կողմից կանգնեցված Հերակլեսի արձանի կողքին, Տիգրանն, այնուամենայնիվ, վճռում է պատժել Վահունիներին՝ Արտաշես արքայի կամքն անտեսելու հանդգնության համար. սա Խորենացու մեկնաբանությունն է: Այստեղ, կարծում եմ, խնդիրը շատ ավելի խորն է, և դեպքերի շարժառիթները շատ ավելի քաղաքական նշանակություն ունեն: Խորենացին իր գործն արել է՝ մոռացությունից փրկելով և մեզ հասցնելով Վահունիների, հայոց արքաների հերոսական պատմությունները, մեր դիցաբանության հրաշքով փրկված պատառիկները՝ շատ հաճախ դրանք իրական պատմական անձերի տեղ ներկայացնելով: Բայց արքայի և քրմերի միջև հակառակության բուն պատճառը չէ, որ ցանկանում եմ ներկայացնել այստեղ, այլ՝ դրա հետևանքները: Եվ այսպես.

   Եւ ցասուցեալ ընդ Վահունիսն, եթէ ընդէր յիւրեանց սեպհականին իշխեցին կանգնել զպատկերն Հերակլի, զառաքեալն ի նորին հօրէ ընկենու զնոսա ի քրմութենէն, եւ զգիւղն յարքունիս առնու, յորում պատկերքն կանգնեցան:
  (Եվ զայրանալով Վահունիների վրա, որոնք իրենց տիրույթում հանդգնեցին կանգնեցնել Հերակլեսի իր հոր ուղարկած արձանը, զրկում է նրանց քրմությունից և հարքունիս է գրավում այն գյուղը, որտեղ արձանները դրվել էին:)

Ինչպես տեսնում ենք, խոսքն այստեղ գնում է՝ ոչ թե Վահունիներին բնաջնջելու, այլ՝ քրմապետության պաշտոնից նրանց զրկելու և Աշտիշատը հարքունիս գրավելու, այսինքն՝ պետականացնելու մասին: Արքայից արքայի և քրմական Հայկազուն տոհմի միջև եղած միջադեպի մասին՝ սա միակ տեղեկությունն է, և այստեղ, ամենաբուռն ցանկության դեպքում անգամ, անհնար է գտնել՝ Վահունիներին բնաջնջելու կամ կոտորելու ակնարկ: Սա այն դեպքում, երբ Վահունյաց հինավուրց տոհմին հանդիպում ենք անգամ դարեր անց՝ 5-րդ դարի ողջ ընթացքում: Նշեմ մի քանի կարևոր հիշատակություն: Գահնամակի՝ մեզ հասած ցուցակում, Վահունյաց տոհմը ընդգրկված է առաջին տասնյակում: Զորանամակի ցուցակում՝ այս տոհմը պատերազմների ժամանակ հանում էր 1000 զինվոր: 450 թվականին, Հազկերտին պատասխան նամակ գրելու համար հավաքված Հայոց իշխանների ցուցակում Փարպեցին հիշատակում է՝ Վահևունյաց Գյուտին: Ավելի ուշ, Վահան Մամիկոնյանի կողմնակիցների թվումն է նաև՝ Բաշղ Վահունին: Այսքանը, կարծում եմ, բավական է՝ թեման փակելու համար:

Արքայից արքա Տիգրանը եղել է Հայոց զորեղագույն տիրակալներից մեկը: Հենց իր ժամանակներում էլ, հույն և հրեա մատենագիրների կողմից ջանք ու եռանդ չի խնայվել՝ հզոր տիրակալի անձը հնարավորինս մրոտելու համար: Այսօր, երբ հայագիտական լուրջ, արժեքավոր աշխատություններ են լույս ընծայվել Տիգրան արքայի, մեր մյուս աշխարհակալ տիրակալների ապրածն ու արածը հիրավի արժևորելու, Հայոց աշխարհակալական ներուժը գիտականորեն ապացուցելու, հիմնավորելու ուղղությամբ, առնվազն անհասկանալի է՝ Մեծն Տիգրանին Հայկազարմ մի տոհմի վերացման մեջ հանիրավի մեղադրելու, և դրանով՝ նրան թուլամորթ Խոսրով Կոտակի կամ Վրթանես կաթողիկոսի մակարդակին իջեցնելու միտումը: Հայոց արքան երբեք ձեռք չի բարձրացրել իր եղբայր տոհմի վրա: Պատժել է՝ զրկելով քրմությունից, պետականացնելով Աշտիշատը: Հայոց պետականության ամրացման տեսակետից՝ ճի՞շտ է եղել այդ քայլը, թե՞՝ ոչ. դա բոլորովին այլ հարց է, և մեր ազգային հավատքի ճանաչման գործին իրենց նվիրած հայորդիները կարող են ուսումնասիրել այդ հարցը՝ հասկանալու համար արարքի թե՛ պատճառները, և թե՛ դրա լավ և վատ հետևանքները: Վահունյաց տոհմը կոտորելու մեղադրանքը, որ անգամ Տիգրանի ամենամոլի թշնամիները չեն կպցրել նրան՝ բոլորովին անհիմն է, հակագիտական և անտրամաբանական, երևան է հանվել դատարկությունից և ծառայում է միայն՝ Հայոց մեծագործ արքայի կերպարը մթագնելու գործին: Քննարկենք, ուսումնասիրենք, սովորենք մեր պատմությունը՝ խուսափելով անհարկի ինքնախարազանումից, ինքներս մեզ՝ հանիրավի փնովելուց:

 

(*1) Հարկ եմ համարում շեշտել հատկապես՝ պատմաբան Արտակ Մովսիսյանի աշխատություններն ու հեղինակած գիտահանրամատչելի ֆիլմաշարերը, որոնք անգնահատելի նշանակություն ունեն՝ ոչ միայն Հայոց ճշմարիտ պատմությունը գիտական հիմքով ներկայացնելու, այլև՝ մեր նախնյաց աշխարհակալական ներուժը սերունդներին մատուցելու, դրանով՝ երիտասարդությանը դաստիարակելու համար:

(*2) Հաշտյանքի մասին կարող եք կարդալ թե Խորենացու «Հայոց պատմության», և թե «Աշխարհացույց»-ի մեջ: Հարցը ժամանակին մանրազննին կերպով քննության է առնվել Ադոնցի կողմից: Մեր օրերում այն լավագույնս լուսաբանել է Ալբերտ Մուշեղյանն՝ իր «Մովսես Խորենացու դարը» աշխատության մեջ:

/նկարը պատճենված է 1885 թ Վենետիկում տպագրված Հայկազունք գքից/

Գևորգ Հովհաննիսյան
bnaban.am

Comments

comments

7 Trackbacks / Pingbacks

  1. Տիգրան Մեծ «Սովորող-սովորեցնող» | Մարկ Միկաիլ
  2. Տիգրան Մեծ <> – Արմեն Մալյանց
  3. Տիգրան Մեծ «Սովորող-սովորեցնող» | Հայկ Մկրտչյան
  4. Տիգրան Մեծ «Կրթական ինքնավարություն» | Հայկ Մկրտչյան
  5. Պատմություն – Elis Khechoyan's Blog
  6. Պատմություն։ Հեռավար-առցանց ուսուցում։ Առաջադրանքների փաթեթ։ 30.03-14.04.2020 — Դավիթ Սարգսյանի լաբորատորիա
  7. Պատմություն։ Հեռավար-առցանց ուսուցում։ Առաջադրանքների փաթեթ։ 30.03-14.04.2020 — Դավիթ Սարգսյան

Leave a Reply

Your email address will not be published.


*