ԴՈՒՔ ԱՆԴՐԱՆԻԿԻ՞Ն ԵՔ ԴԵՄ․․.

ԱնդրանիկՄի անգամ Վահագն Դավթյանին հարցրի , 1965-67 թվերին
«Հայրենիքի Ձայն» թերթի հիմնադիր խմբագիրն եք եղել, ինչու՞ են երկու տարի հետո ձեզ ազատել գլխավոր խմբագրի պաշտոնից , ասում են, բացառիկ , փնտրված թերթ է եղել ձեր օրոք , ի՞նչն էր պատճառը…
ԵՎ պատմեց Դավթյանը.
— Հա՜, հոգնել էին ինձնից, բաժակը լցվել էր,շատ համարձակ նյութեր էի տպում, ամեն անգամ կանչում էին կենտկոմ մշակելու․․․Վերջակետը այսպես եղավ. ժողովրդի դրամահավաքի միջոցներով, Ուջանում տեղադրեցին նկարիչ-քանդակագործ Միքայել Ավետիսյանի Անդրանիկի հուշարձանը:Վերևներում դեմ էին, գյուղացիները գիշերները հսկում էին, որ չհանեն արձանը, արագ լուսանկարիչ ուղարկեցի, խնդրեցի, որ Թալինի գյուղերում Անդրանիկի զինվորներին, որ դեռ ողջ էին,գտնի , նստեցնի պատվանդանին, խմբանկար անի : Բերեց,մի հրաշալի լուսանկար էր ստացվել, անմիջապես հերթական համարում տպեցի:Հաջորդ օրը աշխատանքի եմ գնում: Դու մի ասա, թերթի համարի ամբողջ տպաքանակը վերևներից թույլ չեն տվել տպարանից դուրս գալ և վառել են: Մի քանի օրինակ հազիվ փրկել էին տպարանի աշխատողները: Ինձ կանչեցին Կենտկոմ: Համազասպյանը,որ շեֆս էր, լավ էլ մարդ էր, խեղճը ամեն անգամ իմ պատճառով թուք ու մուր էր ուտում , հետս եկավ ։Կենկոմի բաժնի վարիչը , գաղափարական գծով, ասում է․
— Լավ չես արել:
Ասում եմ.
-Ինչը՞, դուք Անդրանիկին դե՞մ եք:
— Ո՛չ,- ասում է,- այն գյուղացիներին, որ հավաքել, արձանի տակ նստեցրել ես, շատ վատ են հագնված, իսկ թերթը Սփյուռք է գնում, ի՞նչ կմտածեն, չե՞ն ասի Հայաստանի ժողովուրդը ինչ խղճուկ է ապրում, մտածե՞լ ես այդ մասին:
— Շատ լավ, կգնամ լուսանկարչին նորից կուղարկեմ, կպատվիրեմ, որ գյուղացիները,Անդրանիկի զինվորները կոստյումներ հագնեն, փողկապներ կապեն ու նորից լուսանկարի:
— Ո՛չ , ասաց ,-կարիք չկա, արդեն ուշ է․
Դու մի ասա՝ ինձ արդեն ազատել են աշխատանքից, որոշման նախագիծը կա: Բարեբախտաբար, Քոչինյանը , որ այդ ժամանակ՝ կենտկոմի առաջին քարտուղարն էր, իսկական ժողովրդի ծոցից ելած
մարդ էր, լուրջ ղեկավար: Տանում են,որ ստորագրի ազատման հրամանը, ասում է.
— Դուք խելք ունե՞ք, ժողովուրդը, Սփյուռքը ի՞նչ կասի: Եկեք մի հաստիք հատկացնենք, Վահագն Դավթյանին նշանակենք Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահ՝ Համազասպյանին տեղակալ: Մի բան էլ առաջ քաշենք, որ չասեն, թե աշխատանքից հեռացրել են Անդրանիկի պատճառով․․․
Ի դեպ, ես ու Համազասպյանը տեղյակ չէինք, կարծում էինք, կանչել են հարցս քննեն և մի նկատողությամբ կպրծնեմ: Ես կռվազան , մարտական տրամադրությամբ էի գնացել: Համազասպյանի դեմքին գույն չկար , խեղճ մարդը սփրթնել էր, երբ մեզ ուղեկցեցին Քոչինյանի աշխատասենյակ ։ Ներս մտանք, խորհրդակցություն էր, զարմացած մնացի, շատ էլ ջերմ ընդունեց, առաջարկեց մեզ նստել ու միանգամից ասաց․
-Որոշել ենք Վահագն Դավթյանին նշանակել Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեի նախագահի տեղակալ, համաձա՞յն եք, ընկեր Դավթյան․ Ամեն ինչ հասկանալի էր , ասացի․
— Դե,եթե դուք որոշել եք, ես ո՞վ եմ:
․․․․․․․․․․․
Վերադարձիս կոմիտեի դռան մոտ , աշխատողները հավաքվել, անհանգիստ սպասում էին։ Մեկ էլ Գրիգոր Քեշիշյանը , որ շատ լավ մարդ էր ու ինձ շատ էր սիրում,մոտեցավ թե, Վահագ ջան, շա՞տ նեղեցին: Ասացի.- Չէ , Գրիգոր ջան, մի բան էլ առաջ քաշեցին:
Խեղճը մարդը մնաց շշմած:
Սիլվա Յուզբաշյանի գրառումներից

Comments

comments

Դիտվել է 352 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով