ՀԱՅՈՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ ԱՍՏԾՈ ՊԱՏԳԱՄԸ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ
ԵՐԱԶ, ԹԵ՞ ԵՐԱԶԱՆՔ
Մարդու կյանքը պարուրված է երազանքով, ինչը հաճախ արտահայտվում է երազներում: Երազը ավելի սերտ է կապված ենթագիտակցությանը, քան արթուն վիճակի ընկալումները: Չգիտեմ, թե ի՞նչ երազանք ունեն և ի՞նչ երազներ են տեսնում սեփական երկրի տեր կամ ուրիշների տարածքները գրաված ժողովուրդները, սակայն կարող եմ ենթադրել, որ իրենց տարածքները կորցրած ժողովուրդների երազանքն ու երազները հիմնականում վերաբերում են կորցրածը վերադարձնելուն: Առավել վատթար ու տառապալին այն է, երբ որևէ ժողովուրդ տարածքների հետ մեկտեղ կորցրել է նաև իր ստեղծած մշակութային արժեքները՝ իր հավատքով հանդերձ: Մենք վերջինի կարգավիճակում ենք: Ահա թե ինչու, հարյուրամյակներ շարունակ հայերիս ուսերին թառած հայրենիքի և բուն հավատքի՝ բնապաշտության կորստի անտանելի ծանր ու մաշող բեռը ինչ-որ չափով սահմանափակում է մեր երազանքների շրջանակները և մեզ «պարգևում»՝ կորցրած Հայրենիքը պատկերող երազներ: Այս մասին խորհելիս էր, որ որոշեցի թղթին հանձնել չտեսածս երազը, երբ երազներում գուցե հազարավոր անգամ շրջագայել եմ Արևմտյան Հայաստանում և մանրամասնորեն հիշում են դրանցից շատերը, սակայն երբեք մտքովս չի անցել գրի առնել իրականությանը շատ ու շատ մոտ, հոգեկեղեք այդ երազները…
Վայոց Ձորի սարերում եմ: Ուշ երեկոյան հասա Գնիշիկ կիրճ: Այդտեղի անձավ-սրճարանում ինձ առաջարկեցին գիշերել «երկրորդ հարկի» հարմարավետ խցում, բայց ես գերադասեցի դրսում քնել:
Տեղավորվեցի քնապարկում։ Կարծում էի, թե անմիջապես կքնեմ. հոգնածությունից մարմինս ջարդվում էր, ոտքերս տնքում էին, սակայն քնել չեմ կարողանում, հավանաբար՝ գերհոգնածության պատճառով: Նայում-զննում եմ երկինքը, փորձում եմ գտնել ինձ հայտնի երկնային մարմինները։ Երկիրը ճիշտ՝ կիրճի երիզներով է ավարտվում, և այդ թափանցիկ «սավանի» վրա դաջված են աստղերը։ Թվում է, թե ինձանից ընդամենը մի քանի տասնյակ մետր են հեռու …
Կորցրել եմ լուսանկարչական սարքը, ոտնամաններս, սակայն համառորեն գնում եմ դեպի լյառն Մասիս՝ միաժամանակ գիտակցելով, որ լեռան կատարին շատ ցուրտ է լինելու, իսկ ես ոտաբոբիկ՝ ու առանց տաք հագուստի: Ինձ ուրախացնում է, որ լեռան ստորոտում բնակավայր չի երևում, ուրեմն թուրքերեն չիմանալս չի մատնի ով լինելս, և բարեհաջող կբարձրանամ լեռան կատարը:
Արդեն լեռան լանջին եմ: Մտնում եմ անդնդախոր կիրճը, որի ողջ բարձրությամբ՝ բազալտյա սյուներին հաջորդում են հարթ մակերեսով ժայռեր և այդպես՝ կիրճի ամբողջ երկայնքով: Հարթ ու կոկիկ ժայռերի վրա՝ հայերեն արձանագրություններ, բույսերի, կենդանիների, մարդկանց պատկերներ, հաղթանակ պատկերող քանդակներ…
Սրանցից ոչ հեռու, վեհաշուք տաճարի մուտքի մոտ, կանգնած են Հրեղեն Ձին և Հայկական Գամփռը, որոնք ինձ չխանգարեցին ներս մտնել: Ընդառաջ եկավ մի ծերունի, ով էլ ուղեկցեց ինձ: Այս ծավալուն ու զմայլիչ տաճարի տարբեր սրահներում տեսա հազարավոր մարդկանց, մեր ազգային Մեծերին: Ի զարմանս՝ ծերունին բոլորին ճանաչում էր և հարցնելու դեպքում, տալիս էր նրանց անունները:
Տաճարի կենտրոնական սրահում, հայկական գունագեղ ագաթյա հրաշակերտ գահին նստած է աննկարագրելի գեղեցիկ ու վեհ մի անձնավորություն: Դեմքից ճառագում է լույս, բարություն, վճռականություն ու հզոր կամք: Ինձ հուշեցին, որ Հայոց Գերագույն Աստվածն է, երբ առանց հուշելու էլ, ես դրանում արդեն համոզված էի: Ծերունին ինձ ասաց, որ Նրան տարբեր ժամանակներում կոչել են՝ Հայկ, Արա, Արա Գեղեցիկ, Արամազդ․․․
Հայոց Գերագույն Աստվածը ծերունուն կարգադրեց, որ գրի առնի իր ասելիքը: Ես կարողացա մտապահել հայ ժողովրդին ուղղված Նրա 301 պատգամներից միայն ստորև ներկայացվածը։
— «Իմ պայծառ ու միամիտ, տաղանդավոր ու աշխատասեր հայ ժողովուրդ
1․ Պաշտի՛ր աշխարհի բոլոր աստվածների աստված Իմ Հայր Արևին, այդ պաշտամունքը վերաբերում է նաև ինձ՝ Արիս։ Պաշտի՛ր Հայոց աստվածային համաստեղության բոլոր աստվածներին ու սրբերին։
2․ Մարդը ծնվում է Բնապաշտ-Արևապաշտ: Հայ մարդու հոգում Արևապաշտությունը վառ է արտահայտված անգամ դրա ժամանակավոր կորստի շրջանում: Օտար աստված մի՛ փնտրիր, իսկ եթե պարտադրաբար կամ այլևայլ հանգամանքների բերումով օտարի ստեղծած աստծուն ես պաշտում, ապա հետևողականորեն ձգտի՛ր ձերբազատվել այդ արատից: Պետք է հասկանալ, որ առանց Նախնյաց (Հայկ…) սրբազան Տաճար ունենալու, հնարավոր չէ հայ ժողովրդին համախմբել ազգային գաղափարախոսության շուրջ, որը ազգի միաբանման բյուրեղացման կենտրոնն է, ուրեմն, անհապաղ կառուցիր այդ Տաճարը և վերականգնիր քո նախնյաց հավատքը, հավատքն առ Բնություն-Աստծո:
3․ Սրբորեն վերաբերվիր քո նախնյաց ստեղծած աստվածներին, քանզի նրանք ազգային հերոսներ են եղել, որոնք, հազարամյակների ընթացքում գունազարդվելով՝ աստվածացվել են:
4․ Օջախում հուրը անշե՛ջ պահիր:
5․ Պաշտի՛ր Հայոց բնաշխարհը՝ կյանքիդ հենարանը:
6․ Պաշտի՛ր քո ազգն ու հայոց պետականությունը, սիրի՛ր հայ մարդուն և աջակցի՛ր նրան, որպեսզի հայ ժողովրդի անցնելիք ճանապարհը հարատև լինի։ Նաև պետք է իմանաս, որ պետություն-պետականությունը ազգի ստեղծած մշակույթի ամենամեծ արժեքն է՝ նրա թագը։
7․ Յուրաքանչյուր հայ, անկախ իր ապրած ժամանակից ու կարողություններից, իրեն պետք է համարի հայոց պետականության՝ Հայկականության տաճար-ամրոցի կարևորագույն քարերից մեկը և այդ գաղափարը տարածիր մատաղ սերնդի շրջանում։ Այսինքն, յուրաքանչյուր հայ՝ լինի թագավոր, օրենսդիր, շինարար․․․, իրեն պետք է համարի հայրենաշինության և հայրենապաշտության սուրբ գործում կարևոր անձ, ինչպես յուրաքանչյուր զինվոր՝ հսկիչ հերթափոխում։
8․ Վերականգնի՛ր Հայոց թագավորությունը։ Թագավոր-Արքա ունենալու գաղափարը պետք է դրվի ու դաջվի հայ մարդու հոգում ու սրտում, թե՛ Հայրենիքում, թե՛ Սփյուռքում, քանզի առանց թագավորի, հայ ժողովուրդը հուսալի ապագա չի ունենա։
9․ Վերականգնի՛ր Մեծ Հայքն ու հայոց մյուս աշխարհամասերն՝ իրենց տարածքային ամբողջականությամբ և ընդլայնի՛ր դրանք։
10․ Սրբորե՛ն վերաբերվիր քո Հայրենի բնօրրան-բնաշխարհին, քանզի նա կանխորոշիչ դեր է ունեցել Հայաստանը Սրբազան ու Աստվածների բնակավայր լինելու գործում և այդ բնօրրանն է, որ կերտել է հայ մարդու աշխարհընկալումը և այժմ էլ ուղղորդում է նրան:
11․ Մի՛ կարծիր, թե ազգն անմահ է։ Շատ և շատ ազգեր են փոշիացել-վերացել և դա կատարվել է ոչ թե ֆիզիկական բնաջնջման, այլ ազգային արժեհամակարգի և մարդու վարքագծի փոփոխման պատճառով։ Այս առումով ուշագրավ են՝ կյանքը փառաբանող հեթանոս հայի և մահը փառաբանող քրիստոնյա հայի աշխարհընկալումները։ Այս հավատքներում բացարձակորեն հակադիր իմաստ ունեն, օրինակ, բարի-չար, լավ-վատ, օգուտ-վնաս, բնական-արհեստական, ճիշտ-սխալ, սեր-ատելություն, հարազատ-օտար, բարեկամ-թշնամի, գիտություն-տգիտություն, հերոս-փոքրոգի․․․ հասկացությունները։
12․ Հարգի՛ր քո երկրի օրենքները և աշխատիր կատարելագործել դրանք: Աղբանոց նետի՛ր այն օրենքները, որոնցում հայ ժողովրդի շահը գերակա չէ: Օրենսդրությունը դարձրո՛ւ այնքան կատարյալ և արդար, որպեսզի սրբորեն ընդունվի հայ ժողովրդի կողմից:
13․ Անաղարտ պահի՛ր օդը, հողը, ջուրը և ազգային բարոյական նկարագիրը։
14․ Հոգատար եղիր բույսերի, կենդանիների և երկրիդ բնական մյուս հարստությունների նկատմամբ: Այդ հարստությունները հայ ժողովրդի սեփականությունն են և օտարը այդտեղ անելիք չունի։ Բնությունը մի՛ աղտոտիր և մի՛ չարաշահիր բնական պաշարները, այլապես ապագա չես ունենա:
15․ Սրբորեն պահպանի՛ր հայոց լեզուն: Գիտակցի՛ր՝ լեզուն ազգի արյունն է, իսկ ազգաճանաչման հարցում, լեզուն ֆիզիկական արյունից կարևոր է: Հայոց լեզուն հայ ժողովրդի բյուրեղացման կենտրոնն է։ Հայոց լեզուն նաև հայոց ազգի իմունային համակարգի գլխավոր բաղադրիչն է, հայրենիքի և հայրենասիրության ընկալման գործիքը: Անգնահատելի գանձ գրաբարը՝ հայոց հնագույն պատմամշակութային արժեքների բացահայտման ու ճանաչման բանալին, պետք է մտնի դպրոց ու համալսարան: Առավել զգոն եղիր այն խնդրում, թե ովքե՞ր են ուսուցանում քեզ և քո զավակներին և ի՞նչ են ուսուցանում: Նկատի ունեցի՛ր, որ իրական կյանքից շեղող և այլ վտանգավոր գաղափարները կարող են մարդուն դարձնել ապազգային, նույնիսկ ձեռնասուն, առավել ևս՝ եթե դրանք մատուցվում են մանկահասակ տարիքից: Բնության ու մարդկության դեմ կատարված ամենազազրելի հանցագործություններից է՝ մանուկների մեջ կրոնական, հակագիտական ու սին գաղափարներ սերմանելը:
16․ Օտար դպրոցում ուսանած զավակդ չի կարող լիարժեքորեն հոգեհարազատ լինել քեզ, և մեծ է հավանականությունը, որ նա, մոլորվելով՝ կարող է ծառայել օտարին:
17․ Ամեն կարգի ջանք թափելով հասի՛ր նրան, որ քո երկրի ղեկավարները հարգեն օրենքը և իրենց արտոնյալ չզգան: Կտրականապես մերժի՛ր ազգային արժանապատվության գիտակցում չունեցող պաշտոնյաներին: Այլազգին կամ օտար գաղափարներով տարված հայը տեղ չպիտի ունենան քո երկրի կառավարման համակարգում։
18․ Քո երկրում վերահաստատի՛ր մահապատժի կարգը: Պատժի՛ր օրինախախտներին, որպեսզի արդարություն հաստատվի և երկրում քաոս չտիրի: Օրինախախտ պաշտոնյաները պետք է սովորական քաղաքացիների համար սահմանված պատժի առնվազն եռապատիկը կրեն:
19․ Տե՛ր կանգնիր անցյալի և այսօրվա մշակութային արժեքներին, մանավանդ՝ պատմական վավերագրերին: Քո ազգային հնագիտական նյութը ինքդ պետք է վերծանես, իսկ դրանք պեղելու-հայտնաբերելու գործընթացին օտարները չպիտի մասնակցեն և այս կարևորագույն խնդրում օտարներին մի՛ վստահիր:
20․ Ցանկացած գործ կատարելիս կարևորիր ազգաիդ ապագան:
21․ Մերժի՛ր օտարամոլությունը։ Այն քո հոգու մեջ է մտել այսօրվա պաշտածդ օտարածին և հատուկ նպատակով ստեղծված կրոնի, ինչպես նաև Հայաստանը հայերից դատարկելու ծրագրով շահագրգիռ ուժերի կողմից իրականացվող քաղաքականության, գլխավորապես՝ հոգեբանական պատերազմի միջոցով:
22․ Սրբորեն վերաբերվիր երկրիդ ռազմի ուժին՝ բանակին: Բանակում տեղ չպետք է ունենան այլընտրանքային ծառայությունն ու եկեղեցականները, և ընդհանրապես նրանք, ովքեր քարոզում են աղքատություն, հեզություն և սեր թշնամու նկատմամբ: Ոչինչ մի խնայիր բանակի ամրապնդման ու հզորացման համար: Զինվորների սնունդը, հագուստը, հիմնական զինատեսակները պետք է Հայաստանում արտադրվեն: Զինված ուժերի նախարար կարող է լինել միայն ռազմական բնագավառի փորձառու և նշանավոր անձը, նա նույնիսկ հանգստավայրում պետք է լինի զինվորական համազգեստով: Զինվորներին փայփայիր, ամրացրո՛ւ երկրիդ սահմանները, թշնամուն դիմակայելու համար միջոցներ կուտակիր: Հե՛տ վերցրու կորցրած տարածքները:
23․ Սնոտիապաշտ մի՛ եղիր: Սնոտին տգիտության զավակն է: Սնոտիապաշտությունը մթագնում է մարդու բանականությունը, մարդու մտապատկերից վռնդում է աշխարհի իրական պատկերը և այնտեղ տեղադրում աշխարհի կեղծ պատկերը:
24․ Վա՛ռ պահիր քո նախնյաց հիշատակը: Նախնյաց հիշատակ ու կատարած գործեր ասելով չպետք է հասկանալ միայն մեկ-երկու հազարամյակ: Մշտապես հիշիր ու գնահատիր ծնողական պարտքը, հարգիր մեծերին և հոգա երեխաների այսօրվա ու վաղվա մասին:
25․ Մերժի՛ր օտար ժողովուրդների կողմից, գլխավորապես՝ նենգամիտ նպատակներով ստեղծված աստված կոչվածներին, նկատի ունենալով վերջին 1700 տարիներին հայ ժողովրդի շարունակական կորուստները:
26․ Սիրի՛ր կյանքն ու կյանքի հաճույքները: Կեղծ գաղափարներ որդեգրելով մի ոչնչացրու բնության մեծագույն պարգևը` քո բանականությունը:
27․ Հո՛գ տար հավանական աղետների կանխարգելման, կյանքի հուսալիության և հարատևմանը նպաստող պայմաններ ստեղծելու համար:
28․ Արթնացի՛ր վաղ առավոտյան, ինչպես արել են քո նախնիքը: Ձգտիր հասկանալ և ղեկավարվել կենսաբանական ռիթմով: Աշխատիր սիրով ու պատասխանատվությամբ: Կյանքը երաշխավորող ցանկացած աշխատանքից մի խորշիր:
29․ Հոգա այսօրվա և վաղվա ապրուստիդ համար: Հարստացի՛ր։ Առանց ունեցվածքի հնարավոր չէ արժանավայել կյանք ունենալ։ Աղքատ անհատը, ընտանիքը, պետությունը չեն կարող իրենց նպատակներին համապատասխան կյանք ու ապագա կերտել:
30․ Ունեցվածքդ մի շռայլի՛ր: Ծաղիկներ գնիր միայն բացառիկ դեպքերում՝ հարսանիքի և ծննդի պարագայում:
31․ Ամենայն պատասխանատվությամբ օգտագործիր այն ժամանակահատվածը, որ դու պիտի վայելես:
32․ Օտարի հետ ընտանիք մի՛ կազմիր:
33․ Ընտանիք կազմելը մի՛ ձգձգիր: Շատ զավակներ ունեցիր։ Միշտ հիշիր, որ շատ հայեր զավակ չեն ունեցել, իսկ հայ ժողովրդի թվաքանակը նվազում է։
34․ Խնայողաբար, նպատակային ու ժամանակին օգտագործիր բնության կողմից ընծայված կարողություններդ և ազգային խնդիրներում քեզ պատկերացրու խիստ կարևոր հանգույց:
35․ Սերմը ցանիր հայրենի դաշտում և խնայողաբար վերաբերվիր նրա նկատմամբ:
36․ Ձեռնպա՛հ մնա հակաբնական երևույթներից ու գործողություններից:
37․ Տանդ հիմքը ամո՛ւր դիր․ չէ՞ որ դա նաև քո պետության հիմքի մի մասն է: Տունդ կառուցիր սողանքներից, սելավներից և այլ վտանգներից զերծ տեղում։
38․ Օտար հողի վրա տուն մի՛ կառուցիր: Եթե արդեն այդպես ես վարվել, ապա դու հրաժարվել ես քո իրական Հայրենիքի այն բաժնից, որը, ի ծնե, քեզ էր պատկանում: Եթե հեռացել ես քո Հայրենիքից՝ այլ երկրում մշտապես բնակվելու, ապա պետք է հաշտվես այն ողբերգական մտքի հետ, որ տասնամյակներ-հարյուրամյակներ հետո քո սերունդները կարող է պարտադրված լինեն պատերազմելու քո նախկին՝ իրական Հայրենիքի դեմ: Եվ եթե ժողովուրդների կյանքը համեմատենք գետերի հետ, որոնց գոյությունը , բնականաբար, պայմանավորված է վտակներով սնվելով, ապա Հայրենիքից քո լքումը ցամաքեցնում է քո հայրենի գետի վտակներից մեկը և նոր վտակ առաջացնում՝ օտար գետի համար:
39․ Օտար հողում բնակվող սիրելի հայ, փորձիր մոտավոր հաշվարկ կատարելով հասկանալ, թե հարյուր, հազար, միլիոն տարի հետո ինչքան կկազմի քո սերունդը։ Գիտցիր, քո բուն հայրենիքին՝ Հայաստանին տված ամենամեծ օգուտը կլինի այն, որ դու վերադառնաս։
40․ Իմացիր, Հայրենիքում դատարկ թողած տունդ քո կարոտն ունի և դառնորեն հանդիմանում է քեզ, գուցե և՝ ավելի կոշտ բառեր օգտագործում:
41․ Խելամտության չհասած երեխաներին հայրենազուրկ դարձնելը, օտար երկիր տեղափոխելը, մեծագույն հանցագործություն է:
42․ Երջանիկ եղիր, քո տեսադաշտում թող մշտապես լինեն քո հարազատներն ու ազգակից-արյունակիցները՝ հայ ժողովուրդը: Վայելի՜ր Հայոց բնաշխարհի անկրկնելի գեղեցկություններն ու անզուգական կենարար միջավայրը:
43․ Եղիր ազնիվ ու կարգապահ․ ստախոս, ականջ դնող, մատնող, բամբասող, նախանձող և գողությամբ ու բանսարկությամբ զբաղվող մարդըը, ի վերջո, կորցնելու է հոգեկան հավասարակշռությունը, ինչը նրան կդարձնի առավել ողորմելի և շրջապատի համար խորշելի մի արարած:
44․ Գնահատիր կյանքը և նրա հմայքը: Գիտակցի՛ր ժամանակի արժեքն ու նրա անդառնալիությունը: Հաճախակի նայիր ժամացույցի սլաքի շարժմանը և հասկացիր, որ յուրաքանչյուր վայրկյանը թանկ է և այն պետք է օգտագործվի ի շահ քեզ ու քո ազգի: Ճիշտ ընկալիր «Նորից կգա գարուն, կբացվի վարդը» խոսքի իմաստը: Իմացի՛ր, նոր բացված վարդին կտիրանա քեզնից հետո ծնվածը:
45․ Կյանքդ կուրորեն մի՛ հանձնիր ուրիշի տնօրինմանը․ չէ՞ որ չի բացառվում, որ հանդիպես նաև արածդ չգնահատող անգութ ու չարամիտ մի մարդու:
46․ Զե՛րծ մնա գոռոզությունից ու մեծամտությունից։ Գիտցիր՝ երբ դու միայն գիտական գիտելիքներ կուտակելով էիր զբաղված, շատ մարդիկ՝ քո և քեզպեսների կյանքը ապահովելու համար չարքաշ աշխատանք են կատարել։ Մարդկանց դեմ հիմնազուրկ մեղադրանքներ մի հորինիր և քո սեփական թերությունները մի քողարկիր ուրիշներին վարկաբեկելով:
47․ Ընչաքաղց մի՛ եղիր: Անձնական բարեկեցությունդ մի՛ կերտիր մերձավորներիդ ու ազգակիցներիդ, նույնն է թե՝ ազգիդ դժբախտության հաշվին:
48․ Սնվիր այնպես, որ կարողանաս լիարժեք աշխատել և կենսունակ սերունդ տալ:
49․ Հաճախակի լողացիր ու լոգանք ընդունիր, քո հագուստը միշտ մաքուր պահիր:
50․ Եթե օղու բաժակը քո սիրելի ու անբաժան հարազատն ու բարեկամն է, ապա քո իրական հարազատ-բարեկամները քեզ համար արժեք չունեն: Հեռո՛ւ մնա ծխախոտից։
51․ Հետևիր առողջ ապրելակերպին․ հնարավորինս քիչ օգտագործիր դեղեր, ոգելից խմիչք: Օգտագործիր քո երկրում արտադրվածը, լինի դա սնունդ, դեղ, հագուստ, թե այլ բան։
52․ Մի՛ ուրացիր ուրիշի արած լավ գործը:
53․ Յուրաքանչյուր անհատ պետք է ձգտի գիտական գիտելիքների և մարմնի կոփվածության:
54․ Հանցագործություն է ոչ գիտական գիտելիքներ տարածելը:
56․ Ուրախ-զվարթ կյանք վայելիր, ինչը առողջաբեր է քեզ համար և հաճելի` շրջապատի մարդկանց:
57․ Գիտակցիր, որ ազգային դիցաբանությունը, առասպելները, հեքիաթները քո հայրենի մշակույթի գլխավոր բաղադրիչներն են և ազգային հոգեկերտվածքի արտացոլանքը:
58․ Զգոնություն ցուցանի՛ր օտարածին ուսմունքների նկատմամբ և մերժիր ֆիզիկական աշխարհն ու իրական կյանքը չկարևորող ցանկացած գաղափարախոսություն, մանավանդ՝ իրական կյանքից հրաժարվելու և անդրշիրիմյան կյանքին ապավինելու հիվանդաբեր գաղափարները:
59․ Հոժարակամ կյանքից զրկվելու կամ մահ փափագելու քարոզչությունը նենգամիտ նպատակ է հետապնդում: Մարդը ոչ թե մահվան հակաբնական ճանապարհը պետք է ընտրի, այլ ապրելու, կյանք վայելելու, վերարտադրվելու ուղին:
60․ Ճանաչիր ու գնահատիր իրական կյանքը, որը անհատին մեկ անգամ է տրվում, ինչպես ցանկացած բույսին ու կենդանուն: Եթե որևէ մեկը կյանքց զրկվեց, ուրեմն վերջ․․․ դրանից հետո նրա գոյության մասին մշտապես խոսելն անօգուտ է: Սակայն վառ պահիր նրա հիշատակը։ Մահվանից հետո մարդը, քայքայվում` վերածվում է քիմիական տարրերի, ինչպես և բույսերն ու մյուս կենդանիները, և տարրալուծվում բնական համակարգերում: Եթե դժբախտություն է պատահել, ուրեմն այն ընդունիր որպես իրողություն և այն, ինչ հնարավոր չէ վերադարձնել, այլևս մի՛ դարձրու ամենօրյա տխուր զրույցների առարկա: Մեռյալին հետ բերելու կամ նրա հետ երևակայական հանդիպման հոգեմաշ և իմաստազուրկ երազանքները միայն կջլատեն ու կքայքայեն քո առողջությունը և կփոշիացնեն ունեցվածքդ, ինչը կխոչընդոտի առօրյա կենսական հարցերի լուծմանը և ապագան կերտելու քո նվիրական գործին:
61․ Քեզ բաժին հասած դժբախտությունը մի՛ ցուցանիր: Վե՛րջ տուր թաղման ճոխ արարողություններին, թանկարժեք շիրմաքարերին, մարմարի և գրանիտի խճով շիրիմը ծածկելու՝ բնական պաշարները ապարդյուն սպառելու գործելակերպին։ Հուշաքարերը պետք է լինեն պարզ և ոչ խոշոր, իսկ շիրիմները` կանաչով ատված:
62․ Թաղումը, նույնն է թե՝ մահը մի՛ տոնականացրու: Ես քեզ հորդորում եմ` պարտադիր տոն դարձրու ծնունդը, և այդ տոնը նշելու խորհրդանիշ թող լինեն նվիրատվությունները, անգամ եթե երեխայի ծնողները մեծահարուստ են, ինչպես նաև՝ մանկան հետ կապված որևէ ծառ տնկելն ու խնամելը: Մանկան անունը պետք է համահունչ լինի հայոց անուններին ու ավանդույթներին։
63․ Անդրշիրիմյան հորինված կյանքի մասին քարոզչությունը, գայթակղիչ լինելով հանդերձ, թշնամանք է մարդկության հանդեպ: Երևակայական էակների սարսափով և անդրաշխարհի մոլորեցնող հորինվածքով մի՛ խաթարիր կյանքիդ ընթացքը․ շահախնդիր ուժը դրանք օգտագործում է որպես յուրահատուկ զենք, որպեսզի քեզ մոլորեցնելով ու մղձավանջի մեջ պահելով՝ տիրանա քո կյանքին և ունեցվածքին, հատկապես՝ բարձրորակ խմելու ջրին և բնական մյուս հարստություններին:
64․ Փառամոլական եկեղեցիներ կառուցելու փոխարեն` ամուր կառուցիր տունդ, զավակներիդ` գիտության և ազգային հենքի վրա հիմնված գաղափարներով կրթիր ու դաստիարակիր:
65․ Բարի եղիր քննել ու հասկանալ, թե քո այսօրվա պաշտած կրոնը ի՞նչ նպատակ է հետապնդում և ո՞ւմ է ծառայում:
66․ Եթե դու դրան դեռևս չես հասել, ապա քո զավակներին դաստիարակիր այնպես, որ ընտանիքում և երկրի մեջ տիրի համերաշխություն, ինչը փոխշահավետ է բոլորի համար, թե’ առողջ ու երկար կյանք ունենալու, թե՛ հարստություն կուտակելու, թե՛ թշնամուն լուրջ հակահարված տալու և երկիրը բարգավաճ դարձնելու գործերում:
67․ Հիվանդությունների դեպքում դիմիր միմիայն գիտելիքներով հարուստ ու փորձառու բժիշկներին, սակայն ո՛չ Թալմուդի կանոններով «բուժող» բժշկի: Մի՛ մերժիր ժողովրդական հինավուրց ու կյանքի փորձով հաստատված բժշկությունը:
68․ Կախարդանքին, աղոթքներին ու գուշակություններին մի՛ հավատա, հակառակ պարագայում կշեղվես իրական կյանքից, կկորցնես առողջությունդ, երբեմն էլ` կյանքդ:
69․ Ամոթաբեր է ստրկամիտ լինելը: Բարձր պահիր քո անձնական և ազգային արժանապատվությունն ու հպարտությունը:
70․ Մ՛ի հավատա այն նենգ ստին, որ իբր, տեր կամ ծառա լինելը կանխորոշված է: Մարդը ծնվում է ազատ ու բանականությամբ օժտված, իսկ տեր կամ ծառա դառնալը պայմանավորված է անհատի խառնվածքով, կյանքի հանդեպ ցուցաբերած վերաբերմունքով, պատահականություններով և այլ հանգամանքներով:
71․ Հակաբնական ու հակամարդկային է, երբ մեկը անիրավորեն ծեծվում ու վիշտ է կրում և հանդուրժում ու ներում է իրեն ծեծողին և վիշտ պատճառողին: Ծեծողին պետք է ծեծել, վիշտ պատճառողին` վիշտ պատճառել, սպանողին` սպանել: Ահա թե ինչն է կյանքի գրավականը:
72․ Գիտակցի՛ր, որ հարազատներդ ու ընկերներդ քո կյանքի հենարաններն են, իսկ գլխավոր հենարանը պետությունն է: Զավակներիդ առողջությունն ու կյանքը ապահովելու համար, եթե պահանջվի, պետք է վտանգես առողջությունդ և անգամ՝ կյանքդ: Այդպես են վարվում նաև վայրի կենդանիները, որոնք դեռևս ընտելացված չեն և չեն կորցրել իրենց բնատուր շնորհները:
73․ Մի՛ հրաժարվիր բնատուր ցանկություններից ու կրքերից: Դրանցից հրաժարվելը նշանակում է մերժել կյանքն ընդհանրապես, սակայն դրանք կարգավորիր այնպես, որպեսզի քո անձնական և ազգային կյանքը հուսալի լինի:
74․ Ատի՛ր քո թշնամուն, անողոք եղիր նրա նկատմամբ: Պատերազմի դաշտում եղիր առնական, հետապնդիր ու ոչնչացրու թշնամուդ:
75․ Մերժիր «մի դատիր, որպեսզի չդատվես» հիվանդաբեր ու հակաբնական անմտությունը և ղեկավարվիր՝ անպայման դատիր, բայց արդար դատիր սկզբունքով:
76․ Սիրիր աշխարհը, չէ՞ որ դա է քո կյանքի հիմքը: Այս իրական-ֆիզիկական աշխարհն ու նրա հարստությունները չսիրողը ինքն իր և բնության թշնամին է…
Նաև հետևյալը՝ Հա՛յ մարդ, բնական չվերականգնվող-սպառվող պաշարներն օգտագործելիս մշտապես հիշի՛ր, որ քեզնից հետո գալու են քո սերունդները․․․ Քո երկրում կտրականապես արգելիր միջուկային էներգետիկան, գենետիկորեն ձևափոխված բույսերի ու կենդանիների մուտքը։ Մ՛ի օգտագործիր օտար երկրներում, հատկապես, հայ ժողովրդի հանդեպ անբարյացակամ վերաբերմունք ունեցող երկրներում արտադրված սնունդը, դեղն ու պատվաստանյութը, զենքը․․․ Ազգային հենքի վրա դիր հայոց դպրոցն իր ավանդական ուղղագրությամբ։ Դպրոցի բարձր դասարանի աշակերտը պետք է ազատ խոսի գրաբարով։ Պաշտի՛ր քո մայրենին, միաժամանակ կարևորիր օտար լեզուները, մանավանդ հարևան ժողովուրդների․․․ Քո հոգու խորքում բույն դրած օտարամոլությունը ոչնչացրո՛ւ և նրա տեղը դիր՝ հայրենապաշտությունը․․․»։
Այս երազն ընդհատեց վաղորդյան արշալույսին հնչած՝ թռչունների՝ հավանաբար Արևի գալստյանը նվիրված հիմնը, որը լցվեց կիրճով մեկ և տևեց մոտ մեկ րոպե, այդ բազմաձայն կատարումը երբեմն ուղեկցվում էր հզոր ճիչերով ու բազմերանգ ու նուրբ ելևէջներով, ապա կիրճում տիրեց նույն խոր լռությունը: Մոտ մեկ ժամ անց կրկնվեց, սակայն այս անգամ՝ շատ կարճ ու ոչ հուժկու:
Շուտով ծագելու է Արևը:
Հակոբ Արբակի Սանասարյան
2019-12-18
Leave a Reply