ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈԱՅԱՆԸ՝ ՀԱՅՈՑ ՆՅՈՒՐՆԲԵՐԳԻ ՀԱՄԱՐ ՄԵԿ ԹԵԿՆԱԾՈՒՆ է

ԼԵՎՈՆ ՏԵՐ-ՊԵՏՐՈԱՅԱՆՆ  ԻՐ  ՄԵՐՁԱՎՈՐ ՀԱՆՑԱԿԻՑՆԵՐՈՎ ՀԱՅՈՑ ՆՅՈՒՐՆԲԵՐԳԻ ԹԵԿՆԱԾՈՒՆ է

Եթե աշխարհասփյուռ հայ ժողովուրդը համաշխարհային վերջին վայրիվերումներից խուսափելու համար մեկուսանար մի ընդհանուր բունկերում, միևնույն է, բունկերը կքանդեին, դուրս կբերեին և կկանգնեցնեին վայրիվերումների կենտրոնական տեղերից մեկում: Այդ է հաստատում վերջին երեքհարյուրամյակում աշխարհի հզորների որդեգրած քաղաքականությունը մեր ժողովրդի նկատմամբ: Բայց մենք բունկերում մեկուսանալու տրամադրություն չունեինք: Ոգևորված պերեստրոյկա ու գլաստնոստ խաբկանքով՝ ըստ ամենայնի պատրաստվում էինք մեր ազգային ոտնահարված իրավունքների պաշտպանությանը, որն անխուսափելիորեն մեզ պետք է դուրս բերեր հրապարակ: Հենց մեր նախաքայլերին էլ սպասում էին համաշխարհային վայրիվերումները պլանավորող ուժերը, որպեսզի մեր ազգային վերքերին աղ ցանելով` մեզ քարեքար գցեին: Մի ձեռքով Աղամբեկյանին ուղարկում են Փարիզ, որ «Յումանիտե»-ի էջերից հայտարարի, թե վերակառուցումը լուծելու է նաև Ղարաբաղի ու Նախիջևանի հարցը, մյուս ձեռքով՝ ջարդի տակ դնում Չարդախլուի կանանց, որ չեն համաձայնում իրենց գյուղի հողերի մի մասը զիջել թուրքերին: Մի ձեռքով մեզ կերակրում էին «կարմիր հույսերով», մյուս ձեռքով՝ կազմակերպում Սումգայիթ, իսկ մի երրորդ ձեռքով էլ Եվրախորհուրդը ճանաչում է Հայոց ցեղասպանությունը, Ղարաբաղյան շարժման ալիքին վերագրում Բեռլինի պատի փլուզումը, նույնիսկ ոգևորության մի պահի խոստանում մեզ համար կառուցել Եվրոպոլիս, այն էլ՝ ոչ ավել, ոչ պակաս, Նախիջևանի սահմանագլխին: Նման գրգռիչ միջոցներով հրապարակ դուրս գալուն նախապատրաստվող ժողովրդին դուրս բերեցին հրապարակ, շարժումը ձեռք բերեց համազգային ընդգրկումներ: Քանի դեռ Ղարաբաղյան շարժումը պետք է ծառայեցնեին սոցիալիզմի կործանմանը, մեզ համար «քուն ու հանգիստ» կորցրածները Մարգրետ Թետչերի անունից քաղաքական պոռնիկ անվանեցին Գորբաչովին, որ չի լուծում ղարաբաղյան հիմնահարցը: Բայց երբ կործանեցին սոցիալիզմը, անմիջապես հրապարակում ցցեցին տերիտորիալ ամբողջականության խրտվիլակը և մեր ամեն մի հաջողության ժամանակ գլխավերևներս կախեցին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշում–սպառնալիքները:

Որպեսզի հայոց ազգային շարժումը լիարժեք ծառայեցնեին համաշխարհային վայրիվերումների նպատակին, օպերայի հարթակ իջեցրին մի «Ղարաբաղ» կոմիտե, որտեղ բացառվում էր որևէ ղարաբաղցու կամ մինչ այդ ազգային հարց շոշափած որևէ անձի մասնակցություն, մի «Ղարաբաղ» կոմիտե, որի անդամների համար Ղարաբաղը, Վիետնամը կամ Անգոլան միևնույն հարթության վրա գտնվող աշխարհագրական հասկացություններ էին: Փակագծերում նշենք, որ այդ կոմիտեն ու նրա հիմքի վրա ստեղծված ՀՀՇ-ական կորիզը կատարել են միայն արտաքին պատվերներ` մշակված անդրօվկիանոսյան հատուկ կենտրոններում: Բացառություն է կազմում ինքնուրույն մտքի «փայլատակման» երկու դեպք միայն, որի համար պարտական ենք Գինեսի գրքի թեկնածու հռչակավոր Հրանտ Բագրատյանին: Մեկ որ ամերիկյան գործուղման ժամանակ էժանագին հյուրանոցում է մնացել և խնայած փողերով թանկարժեք ծխախոտ է ծխում, մեկ էլ որ կոնյակի գործարանը իրենց ուզած ձևով ծախելուց հետո հուլիսի կեսերին հայտարարեց, թե այդ վաճառքով ոգևորված ժողովուրդը սկսել է խաղողի նոր այգիներ ստեղծել: Մյուս բոլոր դեպքերում ՀՀՇ-ական հանցախումբը արտաքին պատվերներ է կատարել և մեր ժողովրդին ու հայրենիքը կանգնեցրել անդունդի եզրին,  լիուլի վաստակել հայոց Նյուրնբերգի թեկնածուն դառնալու արտոնությունը: Անդրադառնանք ՀՀՇ-ական հանցախմբի կատարած ավերածությունների որոշ բնագավառների:

  1. Սումգայիթով մեր վզին փաթաթեցին պատերազմ: Թող որ առաջին չորս տարում պատերազմին մենք համարժեք պատասխան չէինք տալիս, առանց պաշտպանվելու ջարդվում էինք, բնավեր դառնում, որովհետև պաշտպանվելու հնարավորություն չունեինք: ԼՏՊ-ի գլխավորած հանցախումբը այդ պատերազմին ներսից մասնակից դարձավ երկրի տնտեսական ներուժի ոչնչացման եղանակով: Դրսի տերերի հանձնարարությամբ նրանք առաջինը շարքից հանեցին ողջ Արևելքում մոնոպոլ դիրք ունեցող «Նաիրիտը» և այլ արդյունաբերական հսկաներ, հասարակության տականքների գլուխ անցած՝ սկսեցին երկրի ունեցվածքի թալանը, մինչև հասան ավազակային սեփականաշնորհմանը և այդ ճանապարհով ոչնչացրին երկրի արդյունաբերությունը, վաճառեցին եղած-չեղածը` հետնորդներին թողնելով միայն տրամվայի ռելսերն ու ջրերի ստորգետնյա խողովակները: Մայրուղիների վրա խժռեցին հարուստ ֆերմաները, թալանեցին գյուղտեխնիկան՝ գյուղացիներին թողնելով միջնադարից ժառանգություն մնացած բահի հույսին: Անհրաժեշտ է պարտադրել իրավասու մարմիններին, որ մասնագիտական բարեխղճությամբ պարզեն, թե ինչ տնտեսական ներուժ է փոխանցվել ՀՀՇ-ական հանցախմբին, ինչպես է թալանվել այն, ում ինչ բաժին է հասել թալանից, որպեսզի հնարավորին չափով վերադարձվի թալանը, իսկ թալանողներն էլ հայոց Նյուրնբերգից ստանան իրենց արժանի հատուցումը:
  2. Օպերայի հարթակ իրենց իջեցնողների ծրագրով ԼՏՊ-ի գլխավորած հանցախումբը նախ զրպարտչական արշավ ծավալեց բոլոր նրանց նկատմամբ, ովքեր արժանի հարգանք ու վստահություն էին ներշնչում ժողովրդին՝ չխորշելով նույնիսկ ակադեմիայի պրեզիդենտին ու կաթողիկոսին ազգի դավաճաններ հայտարարելուց: Իրենց տերերի ցուցումով պրովոկացիաներ էին կազմակերպում երկիրը ապակայունացնելու առաջադրանքով: Կայարանում ատրճանակի մի կրակոց հնչեցրին, որպեսզի ժողովրդին պատժելու համար քաղաք մտնող տանկերը կես ճանապարհին «կանգնեցնեին» և «դառնային» ազգային հերոսներ: Նրանց պրովոկացիոն խժդժությունների շնորհիվ զորքերը մտան մայրաքաղաք: Իսկ երբ հերթը հասավ իշխանությանը տեր դառնալուն, ընտրեցին անսքող ու լկտի հաշվեհարդարի մարտավարությունը բոլոր այն անձանց նկատմամբ, որոնք այս կամ այն չափով խանգարում Էին իրենց: Սկսած այն կետից, երբ երկու պատգամավոր սպանեցին, որ հանցանքը ջարդեն ՀԱԲ-ի գլխին, ԼՏՊ-ի հանցախումբը վերածվեց նաև տեռորիստների ոհմակի:  Անհրաժեշտ Է, որ օրինապահ մարմինները պարզեն ԼՏՊ-ի գլխավորած տեռորիստների ձեռքով մեր քաղաքացիների սպանության հանգամանքները և ներկայացնեն կազմակերպվելիք հայոց Նյուրնբերգ:
  3. Արդարության և իրավունքի ակնկալիքով 1988 թ. ժողովուրդը դուրս եկավ հրապարակ զուտ ազգային պահանջատիրությամբ` գիտակցաբար հրաժարվելով ամեն կարգի սոցիալական ու տնտեսական պահանջից: Այդ օրերին նույնիսկ Պ. Հայրիկյանին չէին թողնում մոտենալ հարթակի միկրոֆոնին` գտնելով, որ վաղաժամ անկախության հարց բարձրացնելը շարժումը վարկաբեկելուն միտված պրովոկացիա է: Բայց ահա երկնքից օպերայի հրապարակ իջեցրին մի «Ղարաբաղ՚ կոմիտե»՝ «Պայքա՜ր, պայքար մինչև վերջ» կարգախոսը դրոշ դարձրած: Իրականում Ղարաբաղն ու ղարաբաղյան պահանջատիրությունը ՀՀՇ-ի համար միշտ էլ եղել են ծխածածկույթ՝ իր հեռուն գնացող նպատակները քողարկելու համար: Քանի դեռ ԽՍՀՄ-ի լուծարումը պետք է իրականացնեին, ՀՀՇ-ականները իրենց անդրօվկիանոսյան տերերի թելադրանքով պետք է շիկացած մթնոլորտը գերշիկացնեին: Եվ ժողովրդի հուժկու ընդվզումը շահարկելով, ԳԽ-ի նախագահ Ոսկանյանին ծեծելով` հարկադրեցին, որ ՀՍԽՀ ԳԽ-ն «Ղարաբաղը միացնի Հայաստանին»: Բայց ահա իշխանության հասնելուց ուղիղ տասը օր հետո՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀՇ առաջնորդը հայտարարում է և համառորեն պնդում, թե Ղարաբաղը պետք է մնա Ադրբեջանի կազմում: ՀՀՇ-ական հանցախմբից լքված Ղարաբաղը ստիպված ինքնուրույնաբար տեսավ իր գլխի ճարը, ժամանակին դեռ գործող օրենքներով ու հանրաքվեով ազդարարեց իր անկախությունը, ստեղծեց անհրաժեշտ պետական կառույցներ: Շուտով ՀՀՇ-ական տեռորիստների ձեռքը հասավ Ստեփանակերտ, սեփական բնակարանում սպանեց հանրապետության առաջին ղեկավարին: Կարևոր չէ, թե ում ձեռքին է եղել ատրճանակը. դա ուղիղ գծով ԼՏՊ-ի ձեռքի գործն է: Երբ ղեկավար ընտրվելուց հետո Արթուր Մկրտչյանը եկավ Երևան` ԼՏՊ-ին հանդիպելու, վերջինս նախ չընդունեց նրան, ապա նրանից պահանջեց հրաժարական ու չհասնելով իր ուզածին` վերացրեց:

ՀՀՇ-ական վերնախավի ու անձամբ ԼՏՊ-ի կամքին հակառակ, նրա Թեհրան մեկնած գիշերը, մեր ազատամարտիկները ազատագրեցին Շուշին, մի թափով մաքրեցին նաև Շուշի-Լաչին մայրուղին՝ բացելով մայր հայրենիքի հետ կապող գիծը: Այդ հերոսական մեծագործությունից ոգևորված ֆիդայական ջոկատները պատրաստվում էին Գետաշենի ենթաշրջանը ևս ազատագրելու, բայց գազազած ՀՀՇ-ական ղեկավարությունը, Բ. Արարքցյանի գլխավորած մի ոհմակով, իրեն նետում է Ստեփանակերտ, քանդուքարափ անում այն վերխմբակային, վերկուսակցական միասնությունը, որ իրար էր շաղկապում ֆիդայական ջոկատներին կռվող Ղարաբաղում, Ղարաբաղից մեկուսացնում Շուշիի հերոսին` այն տաղանդավոր զորականին, որն իր ռազմական տաղանդով գերազանցեց Աղա Մահմեդ շահին ու Աբաս Միրզային, և սկսեց Ղարաբաղը թուրքերին հանձնելու սև գործը:   Շահումյանի պաշտպան ֆիդայիները տեսնում են, որ հակառակորդի կողմից տանկեր են շարժվում դեպի Կարաչինար, սպասում են, որ ուր որ է օդ են բարձրանալու ականների վրա, բայց ականների վրայով անցնում են` փոշի բարձրացնելով: Ովքե՞ր կատարեցին ականազերծման սև գործը՝ մինչև հիմա պատասխան չկա: Միգուցե  այդ հարցին Մեղրյա՞նը կարողանար պատասխանել, եթե նրան չոչնչացնեին օդում: Նույնանման մեթոդներով Մարտակերտի շրջանն էլ հանձնեցին թշնամուն: Եվ եթե հաշվի առնենք, որ Ասկերանի ու Հադրութի շրջանների մեծ մասն արդեն գորբաչովյան ռեժիմի ժամանակ էր հայաթափվել, ապա ղարաբաղյան հարցը ՀՀՇ-ական ծրագրով լուծելու համար մնում էին միայն մի ռմբահարված Ստեփանակերտ և մի համարյա անզեն Մարտունի:

Այդ օրհասական պահին երկնքից Մարտունի էր իջել մի ճշմարիտ հայրենասեր, մի խիզախ մարտիկ՝ Մոնթե Մելքոնյանը, որը կարողացավ կազմակերպել շրջանի ինքնապաշտպանությունը, թշնամուց տասնյակներով խլած տանկերով զորացնել շրջանը, կանխել խուճապային տրամադրությունները և սկիզբ դնել ազատագրական պայքարի նոր վերելքին՝ առաջադրելով Ղարաբաղի ազատագրման խնդիրն իր պատմական սահմաններով:

Մեր ազատամարտիկները երկու անգամ ազատագրեցին Հորադիզը` ղարաբաղցիների ձեռքով կառուցված մայրուղու այն վերջին հանգույցը, որով երկրամասը կապվում էր արտաքին աշխարհի հետ: Երկու անգամ էլ այն նվիրեցին թուրքերին: Երկրորդ անգամ հանձնելուց առաջ ավտոբուսներից ու տրամվայներից հավաքագրած, զենքին ու պատերազմին անհաղորդ պատանիներին նետեցին Հորադիզ, ջարդի տակ դրեցին՝ ժողովրդի մեջ հակաղարաբաղյան տրամադրություններ բորբոքելու նպատակով: Այդ սադիստական ակտով նրանք Ղարաբաղին զրկեցին արտաքին աշխարհի հետ ունենալիք կապից, Ղարաբաղի դեմ կանգնեցրին մի յուրահատուկ Նախիջևան՝ կրկնելով Լենին-Աթաթուրք գործարքը:

Մեր ազատամարտիկները տանկերով մտան իրենց հայրերի ու պապերի ստեղծած, բայց թուրքերի կողմից բռնազավթված ժդանովի` թշնամու կողմից արդեն լքված շրջան: Շրջանի թուրք բնակչությունը, հաշվի առնելով, որ շրջանը իրենցը չէ, այլ իրենց համար հայերից խլված տարածք, որի տերերը վերադառնում են, առանց սպասելու, որ մարտերը հասնեն այնտեղ, ինքնակամ լքել էին շրջանը: Բայց այնտեղ հասած մեր տանկիստներին ռացիայով հետ են կանչում և հետո սահմանը գծում Մարտունու մերձակայքով՝ Ղարաբաղի վարելահողերը, դաշտային Մարտակերտի հետ, թողնելով թշնամուն:

1994 թ. գարնանը հակառակորդը խուճապահար նահանջում էր, և մենք առանց ջանքերի կարող էինք ազատագրել Մարտակերտի ողջ շրջանը: Սակայն ԼՏՊ-ն անձամբ արգելեց դա: Այդ հայրենադավ արգելքի դեմ ըմբոստացավ Մարտակերտում կռվող միավորումներից մեկի հրամանատար Նորիկ Դանիելյանը և որոշեց, նրանց կամքին հակառակ, շարունակել հարազատ շրջանի ազատագրման գործը: Մարտակերտ մեկնելու ճանապարհին նրան սպանեցին, շրջանի 9 գյուղ ու 275 ք/կմ ջրարբի տարածքով հարթավայրը նվիրեցին իրենց հարազատ թուրքերին:

Մենք մեղք գործած կլինեինք, եթե չարձանագրեինք, որ Ղարաբաղում ՀՀՇ-ական տեռորիստների զոհ դարձան մեր ազատագրական պայքարին անմնացորդ նվիրված բազմաթիվ քաղաքական ու զինվորական գործիչներ՝ Արթուր Մկրտչյանից մինչև Նորիկ Դանիելյան: Ողբերգական այս փաստերը իրենց հստակ արտացոլումը պիտի ունենան, որպեսզի ոճրագործները արժանի հատուցում ստանան:

Նշված ու չնշված իրողությունները հաստատում են, որ Ղարաբաղյան ազատամարտի ողջ ընթացքում ՀՀՇ-ական հանցախումբը կանգնած է եղել պայքարի թուրքական դիրքերում, թուրքերի կողմից է կռվել մեր դեմ, որ հայ ժողովուրդն իր հավաքական ջանքերով հաղթեց ոչ միայն ազերթուրքերին, այլև ԼՏՊ-ի գլխավորած հանցախմբին: Բայց, դժբախտաբար, այդ հանցախմբին հաղթեցինք միայն կռվի դաշտում: Երկրի տնտեսական ավերման ու հասարակության բարոյականության խաթարման բնագավառներում հաղթող դուրս եկավ ԼՏՊ-ի հանցախումբը, որն իր հասցրած անդառնալի չարիքների համար պետք է պատասխան տա հայոց Նյուրնբերգում:

Եվ այսօր էլ, փոխանակ գետինը մտնեին, հրապարակ են դուրս եկել` երկիրը նորից ավերակելու ծրագրով: Նրանք չգիտեն, որ ինչքան էլ թուրքական ու այլ տեղերից թափվող փողերով իրենց լողացնեն, չեն կարող ժողովրդին կրկին մոլորեցնել: Ժողովուրդն այլևս չի ընկնի նրանց խարդախությունների ծուղակը: Այսօր ԼՏՊ-ն իր հանցախմբով շփոթել է գնալիք ճանապարհը. նրա ճանապարհը ուղիղ գծով տանում է հայոց Նյուրնբերգ:

Արտաշես Հակոբջանյան
բ.գ.թ., դոցենտ

2003թ.

Comments

comments

Դիտվել է 456 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով