Երբ կրակում են թնդանոթները․․․

Ինչպես վարվել տեղեկատվության հետ պատերազմական իրավիճակում։

թնդանոթԵրբ վրա է հասնում պատերազմական իրավիճակը, մարդն անպատրաստ է լինում դրան։ Ամենակարևորը․ մի կողմից` նա տվյալ պահին որևէ բան անելու մղում է ունենում, մյուս կողմից` դառնում է ավելի զգացմունքային։ Այս ամենը դառնում է շատ վտանգավոր, երբ մարդը հայտնվում է սոցիալական ցանցերի հորձանուտում։ Նա միանգամից ընկնում է «ծանր» վիճակի մեջ․ մի կողմից` անհրաժեշտ է իմանալ, թե ինչ է կատարվում, մյուս կողմից՝ կիսվել իմացածով մնացածի հետ։ Տվյալ պարագայում պետք է կարողանալ տարբերել աղբյուրները, որոնք ընդհանուր հաշվով, կարելի է բաժանել մի քանի խմբի` ամեն մեկն իր խնդիրներով․

Ա․ Սեփական երկրի պաշտոնական տվյալները։ Այստեղ կան մի շարք խնդիրներ․ պաշտոնական տեղեկատվությունը հաճախ ուշանում է։ Ինչ֊որ տեղեկատվություն թաքցվում է` ելնելով գաղտնիության սկզբունքներից։ Ինչ֊որ տեղեկատվություն կարող է թաքցվել նաև կամայական սկզբունքով կամ խուճապից խուսափելու համար։ Բացի դրանից` ինչ֊որ տեղեկատվություն կարող է միտումնավոր խեղաթյուրված լինել` հակառակորդին թյուրիմացության մեջ գցելու, քարոզչական, հոգեբանական ազդեցություն ունենալու կամ այլ դրդապատճառներից ելնելով։

Բ․ Հակառակորդի տեղեկատվություն։ Այս կարգի տեղեկատվությունը ինքնին հաճախ կառուցված է լինում այնպես, որ հոգեբանական ազդեցություն ունենա հենց հակառակորդի հասարակության, այսինքն` ձեզ վրա։ Բացի այդ` սրան ավելանում են բոլոր խնդիրները՝ կապված Ա կետի հետ:

Գ․ Լրատվամիջոցների կողմից տարածվող տեղեկատվություն։ Այստեղ սկսվում է ամենաբարդը, քանի որ լրատվամիջոցները շատ տարբեր են և հաղորդում են սխալ տեղեկություններ, քանի որ.

  • Իրականում լրատվամիջոց չեն, այլ «տնազ»:
  • Ոչ պրոֆեսիոնալ են կամ կիսապրոֆեսիոնալ, ինչը լրագրության դեպքում նույն բանն է:
  • Դիտավորյալ ապատեղեկատվություն են տարածում:
  • Համարում են, որ մասնակցում են տեղեկատվական պատերազմին և ապատեղեկատվություն են տարածում` բարի մտադրություններից ելնելով:
  • Լրատվամիջոցները սխալ տեղեկատվություն են ստանում իրենց աղբյուրներից:

Դ․ Սոցիալական ցանցերը։ Այստեղ սկսվում է իսկական մղձավանջ, քանի որ․

  • Սոցցանցերը շատ են և տարբեր կարգի տեղեկատվություն են տարածում։ Բոլորի հետևից դժվար է հասնել, բայց կա՝ ցանկություն։ Եվ, որպես հետևանք, մարդու գիտակցությունը շատ արագ գերծանրաբեռնվում է մեծաքանակ տեղեկատվությամբ, ինչը սկսում է բթացնել, հոգնեցնել, ճնշել։
  • Սոցցանցերում բոլորը տրված են հուզականին, ինչը նույն հուզականի մեջ ընկած մարդու համար լուրջ փորձություն է դառնում։ Մի բան է, երբ դու ես էմոցիանալ, բայց ուրիշ բան, երբ դիմացինդ․ դա դժվար տանելի է հաճախ։
  • Սոցցանցերում բոլորը փորձագետ են, այդ թվում` դուք։ Հասարակությունը, որտեղ բոլորը փորձագետ են, ապագա չունի։
  • Պատերազմական իրավիճակում բոլորը գրում են մի քանի անգամ ավելի շատ, քան խաղաղ օրերին։ Բացի դրանից` այս օրերին սկսում են գրել նաև նրանք, ովքեր սովորաբար միայն կարդում էին։ Որպես հետևանք` գրառումների թիվը դառնում է այնքան մեծ, որ մարդ չի հասցնում եղածը ընկալել։
  • Սոցցանցերը վխտում են թշնամու գործակալներով։ Որքան էլ զավեշտալի կարող է հնչել այս արտահայտությունը, այն բացարձակ իրականություն է։

Նմանատիպ աղբյուրների բազմազանությունը, տեղեկատվության քանակը և որակը լուրջ խնդիր են առաջացնում ոչ միայն հասարակ մարդկանց, այլ նաև լրագրողների համար։ Բնականաբար, տեղեկատվությունը ստուգելու համար գոյություն ունեն պրոֆեսիոնալ գործիքներ և միջոցներ։ Սակայն կան տեղեկատվական հիգիենայի մի քանի միջոցներ․

  • Փորձել հնարավորինս շատ մտածել, քիչ տրվել զգացմունքներին։ Կարող է շատ վերացական թվալ, բայց սա միակ միջոցն է թացը չորից տարբերելու։ Զգացմունքների մեջ իրեն կորցրած մարդն սկսում է որպես ճշմարիտ ընկալել միայն իրեն դուրեկան տեղեկատվությունը։
  • Գիտակցել, որ ճշմարիտ տեղեկատվությունը կարող է լինել նաև ոչ դուրեկան, պատերազմական վիճակում միայն մի կողմին գոհացնող դեպքեր չեն լինում:
  • Ցանկացած տեղեկատվություն ի սկզբանե ընկալել որպես հնարավոր, ոչ թե իրական փաստ, փորձել ստուգել մի քանի աղբյուրից:
  • Չօգտվել անծանոթ, առաջին անգամ տեսած աղբյուրներից։
  • Չօգտվել աղբյուրներից, որոնք սենսացիոն վերնագրեր են հրապարակում:
  • Հակառակորդի պաշտոնական հայտարարություններին, լրատվամիջոցների տվյալներին ծանոթանալ, բայց ստի կանխավարկածով, մինչև այլ` ավելի վստահելի աղբյուրներից տեղեկատվություն չստացվի:
  • Ընտրել մի քանի վստահելի աղբյուր` այն լրատվամիջոցները և փորձագետներին, որոնք ժամանակի ընթացքում հասցրել են ապացուցել, որ տարածում են միայն ստուգված տեղեկատվություն, իսկ սխալվելու դեպքում հետագայում իրազեկում են դրա մասին ընթերցողներին:

Եվ վերջինն ու կարևորը. եթե միանշանակ համոզված չեք տեղեկատվության ճշմարիտ լինելու մեջ, մի շտապեք դրանով կիսվել սոցցանցերում։ Հիշեք, որ սոցցանցերում այսպիսի պահերին յուրաքանչյուրը դառնում է լրատվամիջոց մնացածների համար։ Իսկ դա նշանակում է նաև պատասխանատվություն։

Սամվել Մարտիրոսյան
/տեղեկատվական անվտանգություն մասնագետ/

Comments

comments

Դիտվել է 1,061 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով