Ներքին Նեմեսիս հայտարարելու հավանականությունը փոքր չէ

հակոբ սՀարցազրույց բնապահպան Հակոբ Սանասարյանի հետ

-Ի՞նչ պարզեց ներկայիս պատերազմական իրավիճակը, որ կոչեցինք քառօրյա պատերազմ:
– Այս քառօրյա պատերազմը բացահայտեց, որ մեր ղեկավարները չարաշահել են իրենց պաշտոնները: Այդ պատերազմը նաև ցույց տվեց մեր զինվորի հերոսական կերպարը: Բարեբախտաբար, մեր զինվորը գիտակցում է, որ մեր պարտությունը նշանակում է հայերիս կոտորած և արտագաղթ՝ Հայաստան առանց հայերի, իսկ բուն Հայաստանի կորստի դեպքում, աշխարհասփյուռ հայությունը շատ արագ կձուլվի օտար ժողովուրդներին: Մնում է հուսալ, որ մեր զինվորի գիտակցությանը կգան նաև մեր երկրի պետական առաջին դեմքերը:
-Արդյո՞ք մեր ղեկավարությունն ազգապահպան գիտակցում չունի:
– Եթե նրանք ազգապահպան գիտակցում ունենային, ապա մենք այս ծանր ու օրհասական վիճակում չէինք լինի: Ընդհանրապես ինձ զարմացնում է մեր պետական պաշտոնյաների ու նրանց օգնությամբ պետության ունեցվածքը թալանողների վերաբերմունքը Հայաստանի ու հայ ժողովրդի լինել-չլինելու նկատմամբ: Նրանք այժմ ունեն իրենց թիկնազորերը և, հավանաբար, կարծում են, որ Հայաստանի ոչնչացման դեպքում էլ իրենք կապրեն օտար երկրներում և կվայելեն իրենց գողացածը: Սակայն նրանք այս հարցում մոլորված են: Նրանք պետք է հիշեն, որ հայ ժողովրդի նկատմամբ անցյալ դարում ցեղասպանությունը կազմակերպողներին ոչնչացնելու համար Հայոց կյանքում հայտնվեց Նեմեսիսը` վրիժառությունը: Հայաստանի ղեկավարությունը նաև պետք է գիտակցի, որ այժմ, հայ մարդը այլևս տարբերություն չի դնում, թե հայոց ցեղասպանությունը օտար երկրում է կազմակերպվել ու իրականացվել, թե իրականացվում է հենց Հայաստանում վարվող քաղաքականությամբ: Ի՞նչ տարբերություն. եթե հայ ժողովուրդը կորցնում է իր հայրենիքը և սպանվում կամ օտարության մեջ ուծացվում է, դա թուրքական յաթաղանի՞ց է, թե՞ հայ առաջնորդի վարած քաղաքականությունից: Այսօր ամեն ինչ պարզ է և ներքին Նեմեսիս հայտարարելու հավանականությունը փոքր չէ: Սակայն այս ճակատագրական պահին ներքին Նեմեսիսը կարող է այլևայլ պատճառներով վտանգավոր լինել: Այսօրվա դրությամբ ամենաընդունելին ու փրկարարը այն է, որ նախագահ Ս. Սարգսյանը կարողանա պետական գանձարան վերադարձնել մեր պետության վերցրած վարկերից, բյուջետային հատկացումներից և այլ ոլորտներից գողացված գումարները և այդ միջոցներով բարելավի բնակչության սոցիալական վիճակը, ժամանակակից տեխնիկայով զինի հայոց բանակը: Այդ պարագայում նա կունենա բնակչության հարգանքն ու վստահությունը, իսկ մեր բանակը կդառնա անպարտելի, քանի որ, եթե ադրբեջանցիները կռվում են ուրիշի հողը գրավելու և ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու համար, ապա մենք՝ կռվում ենք հանուն այն բանի, որպեսզի չկորցնենք մեր վերջին հենարանը:
-Ի՞նչ հիմնավորմամբ եք ասում, ու մեր ղեկավարները թերացել են երկրի անվտանգության ապահովման խնդիրներում:
– Փաստերը շատ են: Մեր սահմանադրությունը և օրենքները հակաժողովրդական, հակապետական դրույթներ են պարունակում, կոռուպցիան ծավալվել ու ընդգրկել է կյանքի բոլոր ոլորտները, գիտությունը երկրորդականացվել է, դրամական հոսքերը պետական գանձարան մտնելու փոխարեն բաժին են դառնում մի քանի ընտանիքների, արտաքին պարտքի ծանր բեռի հետ մեկտեղ բանկերը անխղճորեն ունեզրկում են բնակչությանը, արհամարհվում է քաղաքացիների իրավունքը, հետևողականորեն կրոնականացվում է երկիրը… չթվարկեմ բոլորը: Արդյո՞ք լրջագույն թերություն չէ այն, որ բանակի անհրաժեշտ պահանջները բավարարելու, 90-ականների պատերազմի մասնակիցներին և զոհվածների հարազատներին արժանապատիվ աշխատավարձ ու թոշակ տալու փոխարեն, բանակում ընդգրկել են գիտնականներից 3-4 անգամ բարձր աշխատավարձ ստացող տերտերներ: Ժամանակին, համարյա համատարած անգրագիտության պայմաններում, տերտերները աղոթքով «կապում» էին գայլերի բերանը, որպեսզի ընտանի կենդանիներին չհոշոտեին, իսկ այսօր նույն սնոտիապաշտությամբ ենք ղեկավարվում՝ տերտերները աղոթքով իբր «պաշտպանում» են մեր զինվորներին: Սա ծայր աստիճան վտանգավոր գործելակերպ է: Զինվորը պետք է ղեկավարվի իրական գիտելիքով և դրսևորի սեփական նախաձեռնությունը, այլ ոչ թե վճռական պահին ապավինի երևակայական էակին: Անթույլատրելի է, որ եկեղեցին մտել է բանակ և ստիպում է, որ զինվորը ձեռքերը երկինք պարզած աղոթի:
-Գուցե զինվորներն ունե՞ն դրա կարիքը, որովհետև ամեն հենակետում մի փոքր աղոթատեղի են ստեղծել իրենց համար:
-Սա իր հերթին ցույց է տալիս, որ մեր իշխանավորները թերանում են երկրի անվտանգության ապահովման հարցում: Բանական մարդը երբեք չի աղոթի: Աղոթքը մարդուն մեկուսացնում է իրական կյանքից: Կարծում եմ, եկեղեցու մուտքը դպրոց առողջապահական համակարգ, բանակ՝ պարտադրվել է միջազգային կազմակերպությունների կողմից և բխում է վարկային նախապայմաններից, իհարկե դրամաշնորհների ուղեկցությամբ:
-Բայց դա արմատացած է մեր ազգային գիտակցության մեջ և զինվորն ինքն է տեղ գտել իր պաշտամունքի համար:
-Հայտնի է, որ մարդու գիտակցությունում կարելի է արմատավորել և լավն ու օգտակարը, ինչպես նաև վատն ու կործանարարը: Կան փաստեր, որ մահվան գաղափարախոսությամբ կրոնով ժողովուրդներ են ոչնչացրել: Չպիտի զարմանանք, որ հայ մարդը աստիճանաբար տրվում է կրոնին, քանի որ համատարած եկեղեցաշինություն է, եկեղեցի է կառուցում անգամ երկրի վարչապետը, հանրապետության նախագահը մասնակցում է եկեղեցիների բացմանը և մոմ վառում, բոլոր բարձր սարերի ու ժայռերի կատարներին երկաթյա խաչեր են դրված, կառավարության կարևոր միջոցառումները սկսվում են աղոթքով, աղոթքով է սկսվում անգամ Գիտությունների ակադեմիայի որոշ նիստերը, լրատվամիջոցները անընդհատ կրոնական քարոզներ են տարածում…
-Դա մեզ վնասու՞մ է:
-Այն էլ, ծայր աստիճան: Ըստ կրոնի, աշխարհը ստեղծվել է աներևույթ մի էակի կողմից: Սա հակագիտական, ոչնչով չհիմնավորված հեքիաթ է: Մեր կրոնը մերժում է իրական աշխարհը, կամքը, բանականությունը, սակայն կարևորում է անդրշիրիմը և հորդորում է, որ ցանկացած պարագայում պետք չէ անհանգստանալ, քանի որ աստվածը մարդու բոլոր հոգսերը կլուծի: Սրանք մարդուն իրական կյանքից շեղող դոգմաներ են և եթե որևէ մեկը ամբողջովին ընդունում է դրանք, ապա նրան անթույլատրելի է վստահել, օրինակ, ատոմակայանի կամ միջուկային զենքի կառավարումը, քանի որ ճակատագրական նշանակություն ունեցող խնդիրներում պետք է ապավինել տեխնոլոգիաների իմացությանը և բանականությանը: Նույնը վերաբերում է ռազմական գործին:
-Մենք ինչքան էլ ժխտենք կրոնական գործոնն այս պատերազմում, բայց փաստերով տեսանք, որ իսլամական պետության զինվորները կռվում էին Ադրբեջանի կողմից:
– Արցախի խնդիրը հետևյալն է. իսլամի հետևորդ ադրբեջանցիները ցանկանում են տիրանալ հայոց հողերին, իսկ քրիստոնյա հայերս պաշտպանում ենք մեր հողերը: Այստեղ կրոնական խնդիր չկա, խնդիրը հատուկ կրոնականացնում են: Արցախյան պատերազմի կրոնականացումը ձեռնտու է միայն Ադրբեջանի համար, քանի որ իսլամի հետևորդները միմյանց աջակցում են, իսկ քրիստոնյաները՝ ոչ: Ընդհանուր առմամբ, կրոնական պատերազմները հրահրվում են հատուկ նպատակ հետապնդող ուժի կողմից, իսկ նպատակը՝ աշխարհի բնակչության նվազեցումն է։
-Ինչ կասեք Ռ. Քոչարյանի տան ուղղությամբ նետած ուսումնական նռնակի մասին:
– Կարծում եմ՝ այդ նռնակը խորհրդանշական նռնակ է, և ամեն մի հայ, իր մտքում գոնե մի ավազի հատիկ պետք է շպրտի Ռոբերտ Քոչարյանի տան ուղղությամբ: Մամուլում հաճախ ենք կարդում, որ արդեն 2010-11թթ. նրա որդին 4 մլրդ դոլարի կարողություն ուներ, Աֆրիկայում հանքերի տեր է և այլն: Սա որտեղի՞ց եկավ, արդյո՞ք այդ գումարը երկնքից ընկավ: Ռ. Քոչարյանն էր, որ հիմք դրեց, օրինակ, տնտեսապես չհիմնավորված հանքերևակումների շահագործմանը, որը հիմնովին աղտոտում և ոչնչացնում է Հայաստանի հողն ու ջուրը և Հայաստանը դարձնում անապատ… Այսօրվա նախագահ Ս. Սարգսյանը այդ գործը շարունակում է առավել մեծ եռանդով:
-Պարոն Սանասարյան, մեծ մտավախություն կա հանրության մոտ, որ եթե ներկայիս պատերազմական իրավիճակում մենք նաև ներսում խլրտումներ ունենանք՝ իշխանության ներկայացուցիչների դեմ ինչ-որ պահանջներ դնենք, բողոքներ և այլն, դա կարող է մեծապես վնասել մեզ արտաքին քաղաքականության մեջ, հատկապես՝ պատերազմական շրջանում:
– Այո, կիսում եմ Ձեր մտահոգությունը: Կարծում եմ, առաջինը միջազգային կազմակերպությունները կփորձեն խոչընդոտել, օրինակ, պետական ունեցվածքը թալանվածը պետական գանձարան վերադարձնելու գործին, քանի որ ժողովրդի ունեցվածքի կողոպուտին, գիտության ու մշակույթի փոշիացմանը նպաստող օրենքների ընդունումը, արագընթաց սեփականաշնորհումը, երկրի կրոնականացումն ու ազատականացումը, վարկային ծանր լուծը երկկողմանի աշխատանքի արդյունք է՝ միջազգային կազմակերպությունները առաջարկել-թելադրել են, իսկ մեր իշխանավորները հնազանդորեն, հաճախ չգիտակցելով կամ անձնական շահ հետապնդելով, ընդունել ու իրականացրել են պետականակործան այդ ծրագրերը: Նաև պետք է նկատի ունենանք, որ հարևան երկրներին միմյանց դեմ հանելու գործում միջազգային կազմակերպությունները վարպետ են, չէ՞ որ աշխարհի բնակչության թվի կրճատման գործում լոկալ պատերազմները կարևոր տեղ են գրավում:
-Արցախի հետ կապված ի՞նչ տեսլականներ ունեք. արդյո՞ք սպասում եք, որ Հայաստանը կճանաչի Արցախի անկախությունը ու կվերամիավորի իրեն:
-Արցախի խնդրի մի արդար լուծում կա, որը հետագայում չպիտի բարդություններ առաջացնի, դա Արցախի վերամիավորումն է իր մայր հողին՝ Հայաստանին: Նույն ժողովուրդն է, նույն հողը: Հայաստանում փաստորեն տիրում է միանձնյա իշխանություն, խորհրդարանի մեծամասնությունն էլ նախագահի կուսակցությունն է: Մնում է հուսալ, որ գոնե այս օրհասի պահին նախագահը այնպիսի քայլեր կկատարի, որոնք իշխանության նկատմամբ վստահություն կբերեն, իսկ եթե չունի այդ կարողությունը, ապա հրաժարական կտա, իր հետ տանելով Նժդեհի անունը վարկաբեկող, ժողովրդից մեկուսացած հարուստների կուսակցությունը: Չմոռանանք, որ նույնիսկ միմյանց հոշոտող վայրի կենդանիները, ծավալուն հրդեհների դեպքում համերաշխություն են դրսևորում:
-Վերջերս հայտարարություն հնչեց, որ մենք միջուկային զենք ունենք: Հետո այս հայտարարությունը ոչ հաստատվեց, ոչ էլ ժխտվեց: Ո՞րն է Ձեր մոտեցումն այս հարցին:
– Ինձ համար անսպասելի էր այդ հայտարարությունը: Նախ` միջուկային զենք ունեցողը չի ասի, որ ունեմ: Իսրայելն ունի և ժխտում է այդ փաստը: Մենք ադրբեջանցիների հետ հարևան ենք: Մեր ջրերը անհատույց հոսում են Ադրբեջան և հարստացնում ադրբեջանցիներին, նրանց կյանքը մեծապես կախված է Հայաստանից: Ադրբեջանի բնակչությունը դա շատ լավ հասկանում է: Նաև վստահ եմ, որ ադրբեջանցիների մեծամասնությունը հասկանում է, որ իրենց իշխանության կողմից հորինված գաղափարներով հարևանին իր բնօրրանից զրկելու մոլուցքը կարող է այդ նույն հարևանների մոտ, հանուն փրկության, առաջացնի ծայրահեղ գործողություններ կատարելու պարտադրանք: Վստահ եմ, եթե Արցախի խնդիրը իր արդար լուծումն ստանա՝ միանա Հայաստանին, ապա որոշ ժամանակ անց ադրբեջանցիների հետ բարիդրացիական հարաբերություններ կհաստատվեն:
-Մենք այդ հայտարարությամբ մեզ ինչո՞վ ենք վնասում:
-Նախ՝ մենք մեր վրա ենք բևեռում հսկիչ միջազգային կազմակերպությունների ուշադրությունը, որոնք այս անվան տակ կարող են Հայաստանում տարբեր միջոցառումներ իրականացնել:
-Ներկա իրավիճակում ո՞ր խնդիրներն ունեն հրատապ լուծման կարիք:
-Առաջին հերթին պետք է ձևափոխվի այսօրվա սահմանադրությունը՝ բոլոր այն հոդվածները, որոնք ճանապարհ են հարթում հողի և ջրի պաշարների աղտոտման ու ոչնչացման, պետության վերացման, բանակի թուլացման, պետական ունեցվածքի փոշիացման, երկրի կրոնականացման համար՝ պետք է իրենց տեղը զիջեն ժողովրդի ու պետության շահերից բխող հոդվածներին, հետևաբար և փոփոխություններ պետք է կատարվեն օրենքներում և նորմատիվային ակտերում: Պետք է պետականացվեն կապի ու հաղորդակցության ոլորտները, հանքարդյունաբերությունը, ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտներն ու գործարանները, օդանավակայանները, վերականգնվի մահապատիժը: Պետք է դատարանի առջև կանգնեն երկիրը այս ծանր վիճակին հասցնողները:
Զրուցեց՝ Ժաննա Սարգսյանը

aravot.am կայքից

Comments

comments

Դիտվել է 726 անգամ

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով