Լիդիան — դժբախտ ստի վախճանը։

Հայաստանում հանքարդյունաբերության Սուտն է թագավորում:  Մետաղական յուրաքանչյուր հանքավայրի քարշիչ ուժը Սուտն է: Այդ Ստի համար պայմաններ ստեղծողները ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաններն են, իսկ գործարարները ուրախությամբ օգտվում են դրանից:

Կխոսենք հայտնի Ստերից երկուսի մասին, որոնցից մեկը, բանտում լինելու փոխարեն, իրեն արդեն երջանիկ է զգում, իսկ մյուսը մտամոլոր է ու դժբախտ:

Ճակատագրի արդար բերումով, «Լիդիանի» Սուտը տապակվում է դժբախտության մեջ, իրեն պատեպատ տալով օտարների դռներն է թակում, թե օգնե՛ք արդար ու գթասիրտ գործարարիս, որ կարողանամ Հայաստանը ծաղկուն երկիր դարձնել:

«Լիդիանի» Ստի ախորժակը առավել է գրգռվում, երբ հիշում է, որ նույն օրերին միասին սկսած գործը    հաջողություն բերեց  իր նմանակ «Վալեքսի» Ստին, որը անպատիժ վայելում է իր թռցրած գումարները և  Հայաստանում ու Արցախում  նորանոր հանքեր է հոտոտում:

Այս երկու Սուտն էլ իրենց վարքագծով ու նպատակներով նույնն են, կարծես նույն մորից ծնված՝ ատում են բնությունը և մարդուն, չունեն հայրենիք-ազգ գիտակցում: Երկուսի մղումներն էլ  նույնական են՝ բնության թունավորման ու ոչնչացման գնով դրամ վաստակել, սակայն ներկայացնել՝ որպես Հայաստանի անվտանգության ամրապնդման, սոցիալական և էկոլոգիական վիճակի բարելավման, երջանիկ ապագայի կերտման, և ընդհանրապես, հանուն Հայաստանի Հանրապետության բացառիկ հանրային գերակա շահի:

Եվ ահա, գաղափարական և ախորժակային այս երկվորյակներն այժմ տարբեր կարգավիճակներում են և «Վալեքսի» Սուտը հաճախ հեգնում է «Լիդիանի» Ստին, ինչը վերջինիս զարմացնում է, չէ որ երկուսի ստացվածքն էլ համարյա նույն գանձարան պետք է հոսեր:

«Լիդիանի» Սուտը երկար պրպտումներից հետո եկավ այն եզրահանգման, որ իր դժբախտության գլխավոր մեղավորը աշխարհագրությունն է, այսինքն՝ երեք հայտնի գետերի գրկում ծվարած կենսատու սարը, սակայն զուգահեռներ անցկացնելով «Վալեքսի» Ստի և իր անցած ճանապարհների միջև, նկատեց, որ իր գործընկեր «Վալեքսի» Ստի ոչնչացրածը նույնպես բնության հրաշալիքներից էր: Նա համացանցով դիտեց Թեղուտի հանքավայրի դեմ կազմակերպված քննարկումները, երթերը և համոզվեց, որ հասարակության վերաբերմունքը Թեղուտի և Ամուլսարի հարցում նույնն է, այդուհանդերձ, Թեղուտը շահագործվեց:

Վերջապես, նա գտավ Թեղուտի կործանման պատճառը՝ դա տեղի բնակչության կողմից խնդրի թյուրըմբռնումն էր, սևը սպիտակից զատելու անկարողությունը: Բնակչության մեծամասնությունը, հավատալով «ոսկե սարերի» սին խոստումներին, աջակցեց «Վալեքսի» Ստին, որպեսզի ոչնչացնի իրենց կյանքի հենարանը: Իհարկե, այդ հարցում կարևոր դեր կատարեցին երկրի երկրորդ և երրորդ նախագահների բարձր հովանավորությունը և ինչպես ասվում էր,  այդտեղ նրանց փայաբաժին ունենալու հանգամանքը:

Ընդհանուր պատկերը ցույց է տալիս, որ երկու Սուտն էլ ունեցել են նշված նախագահների բարձր հովանավորությունը, որ երկուսն էլ, իրենց մարդակուլ նպատակին հասնելու համար, առատ «նվերներ» են բաշխել, մասնագետներ են գործուղել արտերկրներ՝ ազգն ու հայրենիքը ուրանալու, հռետորական արվեստ ձեռք բերելու և քարսիրտ դառնալու նպատակով:

«Լիդիանի»  Սուտը գործնականում համոզված է, որ առանց նշված գործոնների հնարավոր չէ հանքավայրի շահագործման թույլտվություն ստանալ, առավել ևս, որ Հայաստանի Հանրապետությունում հանքավայրեր այլևս չկան, մնում է միայն հանքերևակումները շահագործել որպես հանքավայր, իսկ դա նշանակում է, երկիրը տանել դեպի կործանում:

Բազմակողմանի ուսումնասիրությունը «Լիդիանի» Ստին բերեց այն հստակ համոզման, որ աշխարհագրությունը վճռորոշ չէ, քանզի Ամուլսարի նման անգնահատելի շատ տարածքներ են ոչնչացվել, և իր գլխավոր թշնամին մարդկային առողջ բանականությունն է, ինչն արտահայտվում է Ջերմուկցիների և տեղի մյուս բնակչության գործողություններում: «Լիդիանը» հիշեց մեր կրոնական հայրերից մեկի այն միտքը, թե «եկեղեցու նպատակն է կոտրել, այդ չարիքի՝ մարդկային բանականության վիզը»: Այստեղ «Լիդիանի» Սուտը դառնորեն ողբաց և անիծեց եկեղեցուն, որ հարյուրամյակներ են անցել, սակայն նա դեռևս չի կարողացել իր առաքելությունը լիարժեք ի կատար ածել՝ ոչնչացնել մարդկային բանականությունը:

«Լիդիանի» Սուտը երբեմն, հույսով է լցվում, երբ լսում է այն շշուկները, որ իբր վերջին իշխանափոխության պահին, առաջին աթոռը փոխանցելիս, աթոռին կցվել է մի փոքրիկ չհրկիզվող արկղ, որի մեջ եղած հույժ գաղտնի ծրագրում նշված է նաև Ամուլսարի ավերման խնդրում՝ երկրի առաջին դեմքի հովանավորության պարտադրանքը:

(Այդ հույժ գաղտնի ծրագիր-պարտադրանքը, հենց առաջին օրվանից, կցված է նորանկախ Հայաստանի նախագահների աթոռին, որի մեջ գրված է՝ Սահմանադրությունը և օրենսդրությունը ենթակա դարձրու միջազգային պայմանագրերին, մի խորշիր ընտրակեղծիքից, սուտ խոստումներից ու նենգափոխումներից, անձնական հարստություն դիզիր, վերջ տուր երկրի պրոֆեսիոնալ կառավարմանը և արա այնպես, որ անգամ բանակում ղեկավար դառնան բնագավառից անտեղյակները, մոռացիր արդյունաբերության և պետական սեփականության մասին, ապապետականացրու՝ չնչին գներով վաճառիր կամ ուղղակի նվիրաբերիր այն, ինչ համարվում է պետության ունեցվածք, մասնավորեցրու անգամ ճանապարհները, գետերն ու լճերը, սրբավայրերը, «պետական կառավարում» եզրը փոխարինիր «հանրային կառավարում»-ով և ընդհանրապես պետք է մոռացության տրվի պետություն ասած հասկացողությունը, բնակչության մտածողության մեջ պետք է դաջվի, որ ազգը, ազգային պետությունը, ազգային սովորույթները, ազգային արժանապատվությունը, ազգային հավատքը վտանգավոր հիվանդություններ են և յուրաքանչյուր ոք պետք է շուտափույթ ձերբազատվի դրանցից ու հաշտվի անբարո բարքերի ու կոսմոպոլիտ գաղափարի հետ, ինչը հնարավորություն կտա միասեռականության ընկալման ու բարգավաճմանը և այս ճանապարհով նույնպես հնարավոր կլինի նվազեցնել բնակչության աճը, անվերապահորեն իրականացրու ամլություն ապահովող և կյանքի տևողությունը կրճատող ցանկացած ծրագրեր, իմացիր, որ դաժանորեն սպանվեց ընտանիքի պլանավորման-զրոյական աճի ծրագրից հրաժարված Իտալիայի վարչապետը, երկիրն ամբողջությամբ կապիր վարկերին և դրամաշնորհներին, իսկ երկրի ներսում վարկատուներին արտոնիր այն կարգը, ինչը հաճելի ու ցանկալի է նրանց համար, համարձակորեն վարկեր վերցրու և երկրի արտաքին պարտքը հասցրու այն չափի, որպեսզի վարկատուները՝ աշխարհի տերերը հնարավորություն ունենան Հայաստանում սահմանափակել ծնունդը և բնական պաշարներից օգտվելու իրավունքը, դու շատ լավ գիտես, որ արտաքին վարկեր վերցնելու համար գրավ է դրվում երկրի տարածքը կամ դրա մի մասը, ինչպես նաև համաձայնություն է ձեռք բերվում ծնելիության նվազման հարցում, սակայն հանրությունը ոչ մի դեպքում առայժմ այդ մասին չպիտի տեղեկանա,  աստիճանաբար ու հետևողականորեն թուլացրու գիտությունը, կրթությունը, առողջապահությունը՝ խստագույնս կրոնականացրու դրանք, ինչպես նաև կրոնականացրու բանակը, դպրոցը աշակերտին հիմնարար գիտելիք չպիտի տա՝ բավարար է, որ աշակերտը տառաճանաչ լինի և պարզագույն հաշվարկներ կատարի, անհանդուրժող վերաբերմունք դրսևորիր Հայոց ազգային հավատքի նկատմամբ, պետք է հարկվի երեխայի ծնունդը, յուրաքանչյուր անհատի շնչած օդի և ապրելու իրավունքը, ամեն ինչ արա, որպեսզի աղքատանա պետական բյուջեն, նրա մուտքերը ուղղիր դեպի անհատների գրպանները, ի վերջո, հասցնելով նրան, որ բնակչությունը գոյատևի մարդասիրական (հումանիտար) օգնությամբ, միաժամանակ կտրականապես բարձրացրու ջրի, գազի, էլեկտրաէներգիայի սակագները և սպառողական ապրանքների գները, խոշոր գործարարներին ազատի հարկերից կամ նրանցից չնչին հարկեր վերցրու, հարկային ամբողջ բեռը դիր փոքր ձեռնարկատերերի վրա, հանքարդյունաբերությունը հարկային դաշտ բեր միայն այն ժամանակ, երբ կսպառվեն հանքատեսակները և բնականաբար կվերանա հանքարդյունաբերությունը… չշեղվես ՄԱԿ-ի կողմից որդեգրված «Կայուն զարգացում» հայեցակարգի դրույթներից …):

Հավանաբար, սա է՝ որ կապանքների մեջ է պահում նորընտիր իշխանությանը:  Բացի այդ, գիտական աստիճան  ունեցող, սակայն ծախու մասնագետների օգնությամբ, «Լիդիանի» Ստին հաջողվել է մոլորեցնել ՀՀ վարչապետին, իր թիմով հանդերձ: Սրանց համոզել են, որ իբր հանքի շահագործումը Հայաստանը կդարձնի բարգավաճ երկիր, կյանքին վտանգ չի սպառնում, իսկ եթե լինի էլ՝ կառավարելի է: Ահա թե ինչու, Ամուլսարին վերաբերող վարչապետի ելույթներն, ի տարբերություն մյուս խնդիրների, անհասկանալի են, անտրամաբան և հիմնազուրկ: Այս հարցում անճարակությունը նրան ստիպում է դիմել նույնիսկ  նենգափոխումների, տրորելով օրենքները, տրամաբանությունը և այլ արժեքներ…

Նա հայտարարում է, թե կառավարությունն է վճռելու Ամուլսարի բացման կամ փակման խնդիրը, թե ժողովուրդ դու քո ձայնը տվել ես ինձ, ուրեմն մի խանգարիր իմ կառավարությանը և հասկացիր՝ ամբոխային քո ձայնը, ինչպես բազմիցս փաստվել է, գիտական ու տրամաբանական հիմք չունի, հետևաբար ապավինիր քո ընտրյալին, նաև քո այն վանկարկումը, թե «մենք ենք տերը, մեր երկրի»  ժամկետանց է, քանզի ձեր ձայնը ինձ տալով, արդեն ես եմ տերը այս երկրի: Ժողովո՛ւրդ, դու ինձ զարմացնում ես քո վախկոտությամբ ու կասկածամտությամբ՝ սարսափում ես երկրաշարժից, ուրանից և մյուս ծանր մետաղներից ու նրանցով աղտոտված ջրից ու հողից, միասեռականությունից, Եհովայի և այլ վկաներից: Ժողովո՛ւրդ, դու սնապարծորեն հպարտանում ես «Քարահունջ» պարսատիկի քարերով ու հավաբուն Գառնիի տաճարով և քո Մասիսապաշտությամբ կառչել ես քո ավանդական վարք ու բարքին և չես ցանկանում բարեփոխություններ կատարեմ, այսինքն՝ հնի փոխարեն նորը. Եվրոպականի անվան տակ՝ սիոնական ծրագրին համապատասխան բարքեր հաստատեմ: Անհասկանալիորեն չես վստահում իմ նշանակած կադրերին, իմացիր, որ տարբեր երկրներում վարժանք անցած և կոսմոպոլիտ փրկարար գաղափարներով տոգորված այդ կադրերն են քեզ հանել՝ նախկին իշխանության ստեղծած ճահճից: Սիրելի ժողովուրդ, ես արդեն զգում եմ, որ օրեցօր դու օտարվում ես ինձանից և փորձում ես ինձ շեղել իմ գլխավոր նպատակներից… Ես քեզ թախանձագին խնդրում եմ, տեղդ ու չափդ իմացիր, հետաքրքիր է, ե՞րբ դու պիտի հասկանաս, որ թավշյա մահակը հեշտությամբ կարող է վերածվել երկաթյա մահակի:

                        ***

Յուրաքանչյուր գործ ունի իր ավարտը և իրենց վախճանին հասան նաև քննարկվող Ստերը: Բարեբախտաբար, վարչապետը վերլուծելով հասկացավ, որ թիմային մոտեցումը  և ժողովրդի ձայնի անտեսումը լուրջ խնդիրներ են առաջացնելու: Ահա թե ինչու, ոչնչացրեց վարչապետական աթոռին կցված չհրկիզվող արկղն իր գաղտնի ծրագրով հանդերձ և մասնակիորեն,  եկավ այն իրատեսական համոզման, որ եթե հանքերի շահագործման կարգը չփոխվի, ապա մոտ ապագայում թունավորվելու են մեր հողն ու ջուրը, հետևաբար կփոշիանա մեր երկիրը:

«Վալեքսի» Սուտը բերման ենթարկվեց, դատարանում ապացուցվեցին Թեղուտի հանքավայրի ծրագրում նրա կատարած կեղծիքները, խաբեությունները, մեքենայությունները և Հայաստանի Հանրապետությանը հասցրած տրիլիոնավոր դրամի տնտեսական վնասը: Նրանից բռնագանձվեց համապատասխան գումարը, առոչինչ ճանաչվեցին Հայաստանում և Արցախում նրա բազմաթիվ հանքավայրերի արտոնագրերը, ղեկավարներից մի քանիսը բանտարկվեցին, իսկ ընկերությունը արտաքսվեց Հայաստանից և Արցախից:

«Լիդիանի» Սուտը նույնպես ստացավ իր արժանի գնահատականը: Վարչապետը Ամուլսարի հարցը անձամբ ուսումնասիրելուց հետո հայտարարեց, որ խնդրի լուծումը պետք է լինի անկողմնակալ: Գիտական և իրավական կառույցները, բարեբախտաբար, արդեն  հաստատել էին՝ ՀՀ անկախ փորձագետների, Հարութ Բրոնոզյանի գիտական խմբի և լիբանանյան ԷԼԱՐԴ ընկերության եզրակացությունների հիմնավորվածությունը, որ նախագիծը կազմվել է կեղծիքներով ու կոծկումներով, իսկ բնապահպանության նախարարությունը ոչ պատշաճ փորձաքննություն կատարելով տվել է պետական փորձաքննական դրական եզրակացություն, ինչպես նաև դիտավորյալ թաքցրել է Հայաստանի Հանրապետությանը սպառնացող վտանգները: Արդյունքում, «Լիդիանի» Ստին զրկեցին Ամուլսարի հանքերևակումը շահագործելու արտոնությունից և պարտադրեցին, որ նա իր միջոցներով վերականգնի ավերված տարածքները և որպես տուգանք՝ համապատասխան գումար մուծի ՀՀ պետական գանձարան և միայն դրանից հետո, հեռանա Հայաստանից՝ այդտեղ այլևս չգտնվելու պայմանով:

Գործը միայն սրանով չավարտվեց: Ուսումնասիրվեց հանքարդյունաբերությանը վերաբերող օրենսդրությունը, բացահայտվեց, որ գլխավորապես վերջին 20 տարիներին, ընդունվել են պետության շահը հակասող օրենքներ, որոնց մեջ փոփոխություններ կատարելով՝ դրանք համապատասխանեցրին պետության շահին: Հանքային թափոնները բերվեցին հարկային դաշտ, և կասեցվեցին այդ ոլորտում գոյություն ունեցող՝ հանքշահագործողներին տրված արտոնությունները: Մաքուր շահույթի 98 %-ը ուղղվեց պետական գանձարան և միայն  2%-ը՝ հանքատերերին, երբ մինչ այդ, դրա ճիշտ հակառակն էր: Մեկ տարի անց, հանքավայրերի շահագործումը դարձավ պետական մենաշնորհ, արգելվեց ոսկու, ինչպես նաև մյուս թանկարժեք և ռազմավարական նշանակություն ունեցող մետաղների արտահանումը:

— Ստեղծվեց պրոֆեսիոնալ պետական կառավարման համակարգ: Պետական բարձրաստիճան  պաշտոնյաները պարտադրաբար, մինչ պաշտոն ստանալը, ենթարկվեցին բժշկակենսաբանական գլխավորապես՝ ժառանգական և հոգեկառուցվածքային (փսիխիկա) զննումների, բոլոր պաշտոնյաներին արգելվեց չհիմնավորված խոստումներ տալը, այսինքն՝ կասեցվեց բնակչությանը ստով «կերակրելը»: Վարչապետը հրաժարվեց ճոխություններից ու շքեղություններից, վերացրեց պետական բարձրաստիճան պաշտոնյաների և քաղաքացիների աշխատավարձերի և պարգևավճարների խայտառակ տարբերությունը:

— Սահմանադրությունում և օրենքներում փոփոխություններ կատարելով՝ դրանք համապատասխանեցվին ժողովրդի-պետության շահերին: Վերականգնվեց մահապատիժը: Արգելվեցին միջազգային կազմակերպությունների դրամաշնորհների միջամտությամբ օրենքների նախագծերի ստեղծումը և օրենքներում փոփոխություններ կատարելը…

— Էներգահամակարգը ազգայնացվեց, արգելվեց նոր ատոմակայանի կառուցումը և գործող ռեակտորի կյանքի տևողության երկարաձգումը, խրախուսվեց այլընտրանքային էներգիայի զարգացումը, զսպվեց փոքր ՀԷԿ-երի տարածվածությունը, բացահայտվեց բնական գազի իրացման մեջ առկա չարաշահումները և կրկնակի նվազեց դրա սակագինը…

-Ավարտին հասցվեց Արցախը Հայաստանին միանալու գործընթացը: Արցախը համարվեց ավանդական գյուղատնտեսության և էկոլոգիապես նախընտրելի սննդի արտադրության և առողջապահական նպատակներով օգտագործելի տարածաշրջան: Այդտեղ նույնպես արգելվեցին բազմամետաղային հանքավայրերի և խիստ վտանգավոր արտադրությունների շահագործումը:

— Վերացվեց այլընտրանքային զինծառայությունը և արգելվեց եկեղեցու մուտքը բանակ: Բանակը հագեցվեց բարձրորակ սպայակազմով և ժամանակակից զինատեսակներով: Այդտեղ հաստատվեց օրինակելի կարգ ու կանոն: Երիտասարդության համար բանակում ծառայելը և այդտեղ աշխատելը, դարձավ  հաճելի ու նորանոր գիտելիքներ ձեռք բերելու ոլորտ:

— Կազմալուծվեց կենտրոնական բանկը և ստեղծվեց նորը՝ ՀՀ կառավարությանը կից: Լուրջ փոփոխություն կատարվեց վարկային ոլորտում. տարանջատվեցին օգտակար և վնասաբեր վարկերը, արգելվեց առանձին վարկատու կազմակերպությունների մուտքը գլխավորապես գյուղական միջավայր՝ այդտեղ վարկատուն արդեն պետությունն է: Կտրուկ նվազեցվեց վարկատու դրամատների թիվը, վարկային խնդիրներից անտեղյակ  և վարկատուների կողմից խորամանկորեն մոլորեցված հազարավոր քաղաքացիներ արտոնվեցին չմարել այդ վարկերը, իսկ ովքեր արդեն մարել էին՝ ետ ստացան գումարը: Ծավալում ստացավ, օրինակ, գյուղատնտեսությանը զրոյական դրույքով վարկ տալը:

— Վերահաստատվեց գիտության գերակայությունը: Գիտաշխատողների, օրինակ, պրոֆեսորի աշխատավարձը եռակի գերազանցեց պետական ամենաբարձրաստիճան պաշտոնյայի աշխատավարձին: Գիտությանը հատկացվեց բյուջեյի ավելի քան 3 տոկոսը:

— Բոլոր դպրոցները դարձան պետական և ուսուցումը կատարվեց գիտականորեն հիմնավորված և տարբեր փորձաքննությունների անցած դասագրքերով և մեթոդական ձեռնարկներով: Աշակերտների համար արտահագուստը դարձավ պարտադիր: Չորրորդ դասարանից դասավանդվեց գրաբարը, իսկ վեցերորդից՝ օտար լեզուն: Վերականգնվեց  կրթության ինստիտուտը: Արգելվեց եկեղեցու մուտքը դպրոց: Փակվեցին այլընտրանքային դպրոցները… Դպրոցները կառուցվեցին կյանքի համար բարենպաստ տեղերում և ճարտարապետական հմայիչ հորինվածքով:

— Պարտադրվեց հոգատար վերաբերմունք հայոց լեզվի ու մշակույթի նկատմամբ: Բաղրամյան 26 շենքը դարձավ «Հայ մշակույթի տուն»: Երևանի բարձրադիր վայրում և Մեծամոր բլուրի մոտակայքում կառուցվեցին Հայոց գերագույն աստված Արամազդի և Անահիտ աստվածուհու շքեղ տաճարները: «Քարահունջ» հուշարձանի մոտակայքում կառուցած կեղծ շինության տեղում կառուցվեցին համապատասխան շինություններ՝ «Քարահունջ» հուշարձանի այցելուներին սպասարկելու համար…

-Երկրից արտաքսվեցին անբարո բարքեր, ընտանիքի, բանակի, պետության հիմքը քայքայող և այլ վտանգավոր գաղափարներ քարոզող կրոնական և ոչ կրոնական կազմակերպությունները:

Ահա այս ամենի արդյունքն էր, որ մի քանի տարի անց, վերականգնվեց ժողովրդի սերն ու վստահությունը իշխանության նկատմամբ, ՀՀ-ն դարձավ ապրելու համար բաղձալի երկիր, սփյուռքահայության ներգաղթի շնորհիվ վերականգնվեցին ու ծաղկուն դարձան լքված բնակավայրերը, հայ մարդու մեջ ամրապնդվեց ազգայի հպարտությունն ու ազգային արժանապատվությունը:

2019-12-04

Հակոբ Սանասարյան

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*