«5-րդ շարասյուն» երևույթը Հայաստանում

Ականատես լինելով վերջին տարիներին արաբական աշխարհում և հետխորհրդային երկրներում «դեմոկրատիայի», «խոսքի և խղճի ազատության», «մարդու իրավունքների» համար տարված պայքարների արդյունքում գրանցված «նվաճումներին», հասկանալի է դառնում, որ միայն ժամանակակից զինտեխնիկան ու հզոր բանակը չեն երաշխավորում պետության լիակատար անվտանգությունը և սերունդների հետագա զարգացումը: Ներկայիս արժեհամակարգային պատերազմի պայմաններում գերտերությունների հիմնական թիրախն է հանդիսանում մարդկանց ենթագիտակցությունը, որին տիրելը և նրա վրա ճնշում գործադրելը դարձել է շատ դյուրին: Երկարատև հետազոտությունների արդյունքում (մասնավորապես` Հարվարդի, Օքսֆորդի, Կոլումբիայի և Յեյլի համալսարաններին կից կենտրոնների և RAND կորպորացիայի ուսումնասիրությունները` կապված «գունավոր հեղափոխության» կազմակերպման հետ) մշակվել են զանազան մանիպուլյացիոն տեխնոլոգիաներ, որոնց կիրառման մեջ «5-րդ շարասյունն» ունի հիմնական դերակատարություն:

«5-րդ շարասյուն» եզրույթն առաջացել է 1936թ.-ին Իսպանիայում` ազգայնականների և հանրապետականների միջև ընթացող քաղաքացիական պատերազմի ժամանակ: 1936թ.-ի հոկտեմբերի 15-ին Մադրիդի վրա հարձակում պատրաստելիս ազգայնականների գեներալ Էմիլիո Մոլան իր ելույթի ժամանակ հայտարարում է, որ բացի իր ունեցած չորս բանակային շարասյունից, կա նաև հինգերորդը՝ կազմված ներքին գործակալներից, որը գտնվում է հենց մայրաքաղաքի սրտում:

Ժամանակակից մեկնաբանմամբ «5-րդ շարասյուն» եզրույթը վերագրում են այն անհատներին և կազմակերպություններին, որոնց գործունեությունը բնութագրվում է հետևյալ կերպ`

  • ազգային արժեհամակարգի վարկաբեկում` դրսից ներմուծված «առաջադեմ և քաղաքակիրթ արժեքների» քարոզչության միջոցով.
  • օտար, անհասկանալի եզրույթների և դարձվածքների ակտիվ կիրառում (հոգևոր, մտավոր և բնազդային ազդեցության նպատակով).
  • գործող իշխանությունների ձախողումների շահարկում և ժողովրդի արդար զայրույթի ուղղորդում.
  • ֆինանսավորող երկրների քաղաքական, տնտեսական, հասարակական և մեդիա ոլորտների կառույցների հետ սերտ համագործակցություն.
  • հոդվածներում, ելույթներում, բողոքի ակցիաների ժամանակ սադրիչ պահվածքի դրսևորում (մասնավորապես` արյունոտ, հուզական պահեր).
  • ներքաղաքական անկայունության հրահրում, հիմնականում՝ արհեստականորեն ստեղծված թիրախների դեմ պայքարի միջոցով:

«5-րդ շարասյան» գործունեության համընդհանուր բնույթը

«5-րդ շարասյունը» ստեղծվում է արհեստականորեն՝ դրսի ուժերի ֆինանսավորմամբ (վերահսկողության հիմնական գործիք) և կազմակերպչական տեխնոլոգիաների կիրառմամբ` հիմնվելով տվյալ երկրում առկա պայթյունավտանգ խնդիրների վրա: Այս գործընթացից անմասն չեն մնում նաև սուբյեկտայնությունից զուրկ իշխանությունները, ովքեր նույնպես սնվում են այդ աղբյուրներից՝ փաստացի օրինականացնելով և հեշտացնելով «5-րդ շարասյան» գործունեությունը: Ճիշտ հակառակն է լինում սուբյեկտայնության բարձր աստիճան ունեցող պետությունների պարագայում, մասնավորապես` ԱՄՆ–ում գործում են մի շարք իրավական ակտեր, օրինակ` 1938թ.-ից գործող օտարերկրյա գործակալների մասին FARA-ի (Foreign Agents Registration Act) օրենքը, որի համաձայն, ԱՄՆ-ի տարածքում օտար ֆինանսավորում ունեցող և օտար ուժերի շահերը սպասարկող որևէ անհատ կամ կազմակերպություն գրանցվում է որպես օտարերկրյա գործակալ: Ըստ այդ օրենքի` զգալի սահմանափակված է նրանց գործունեությունը և խստացված է ֆինանսական հաշվետվությունների ողջ համակարգը:

«Դրսի ուժեր» պայմանական անվան տակ գործում են այնպիսի կազմակերպություններ, ինչպիսիք են՝ NED (National Endowment for Democracy), OSF (Open Society Foundation), NDI (National Democratic Institute), IRI (International Republican Institute): Այդ և նմանատիպ կազմակերպությունների միջոցով օտար դոնոր կառույցներն իրականացնում են «5-րդ շարասյան» վերահսկողությունը և ֆինանսավորումը` նրանց առջև դնելով երկու հիմնական խնդիր (մասնավորապես՝ օգտագործելով 1973թ.-ին Ջին Շարփի ոչ բռնի ընդվզող գործողությունների մասին աշխատությունը` Gene Sharp, «198 methods of nonviolent action»)`

  • դժգոհության ալիքի ուժգնացում ՝ «փողոցային պայքարի» տեսքով.

Ժողովրդի մեջ իրականում տիրող դժգոհ տրամադրությունները խոհանոցային և վիրտուալ հարթությունից դուրս են բերվում փողոց՝ անհնազանդության դրսևորումներով: Հարկ է նշել, որ բացարձակ կարևոր չէ, թե դժգոհությունն ինչ բնույթ է կրում ՝ ազգային, սոցիալական, թե քաղաքական: Կարևոր է այն, թե դրանցից որն է ավելի արդյունավետ՝ «գունավոր հեղափոխության» իրականացման համար.

  • հիմնարար աշխատանք տանել հրապարակային դեմքերի հետ` նրանց «5-րդ  շարասյան» նախագծերում ներգրավելու նպատակով.

Առաջին հերթին, իրականացվում է ազդեցիկ դեմքերի ուղղորդում դեպի «նոր որակի» նպատակներ: Ըստ էության, այս գործընթացը կարելի է որակել որպես վարձագրում (вербовка), որի ազդեցության տակ ընկնում են ինչպես գիտակցված, այնպես էլ չգիտակցված:

«5-րդ շարասյան» գործունեության կարևոր մաս է կազմում մարդկային գործոնը: Ինչպես նշվեց վերևում, գաղափարական համապատասխանությունն այդքան էլ կարևոր չէ: Այդ իսկ պատճառով «5-րդ շարասյան» կազմում կարող ենք տեսնել թե՛ ազգայնականների, թե՛ լիբերալների, թե՛ սոցիալիստների և այլ տեսակի դժգոհ զանգվածի, որոնք ընդամենը ռեսուրս են՝ օգտակար գործողության տարբեր գործակիցներով: «5-րդ շարասյան» մարդկային ռեսուրսը բաժանվում է երկու մասի՝

  • նրանք, ովքեր անմիջական կապի մեջ են ֆինանսավորող և վերահսկող կազմակերպությունների հետ, հանդիսանալով բողոքի ակցիաների առաջնորդներ, սադրիչ հարցազրույցների ու հոդվածների հեղինակներ, ֆլեշմոբերի նախաձեռնողներ (այս գործի համար ընտրվում են վստահելի անհատներ` տեղի հասարակական և մշակույթի գործիչներից).
  • նրանք, ովքեր գիտակցաբար և անգիտակցաբար խաղում են «մասսովկայի» դեր (ինքնահաստատվող և բարդույթավորված երիտասարդներ, չկայացած անձնավորություններ, անկեղծ պայքարողներ և դժգոհներ, ինքնագովազդ անող կազմակերպություններ և կուսակցություններ):

Նշենք նաև, որ «5-րդ շարասյունը», լինելով «գունավոր հեղափոխության» իրականացման ծրագրի բաղադրիչ, ունի ցանցային բնույթ, որն արտացոլվում է ինչպես ներքին համախմբմամբ, այնպես էլ՝ տարբեր երկրներում գործող «5-րդ շարասյան» ներկայացուցիչներին հրապարակայնորեն սատարելու մեջ (օրինակ՝ Հայաստանում Խադիջա Իսմայիլովային և Նադեժդա Սավչենկոյին պաշտպանող գործողություններ):

Միաժամանակ չի կարելի անտեսել ԶԼՄ-ների և համացանցի ահռելի դերը: Վերջին տարիներին ողջ աշխարհում և Հայաստանում կտրուկ աճեց համացանցից օգտվողների քանակը՝ հատկապես երիտասարդության շրջանում: Դրան զուգահեռ, արագ տեմպերով ավելացան օտար աղբյուրներից ֆինանսավորվող լրատվական կայքերը, հեռուստա- ռադիոընկերությունները, որոնք աչքի են ընկնում հատվածական ու կողմնակալ նյութերի պատրաստմամբ և հանդիսանում են «5-րդ շարասյան» գործունեության լուսաբանման միջոց: Նրանց հիմնական գործառույթներն են՝

  • «5-րդ շարասյան» կարկառուն դեմքերի գովազդում.
  • հասարակության մեջ բորբոքված տրամադրությունների ձևավորում և ուղղորդում.
  • գերտերությունների և վերպետական միջազգային կառույցների կողմ ու դեմ արվող քարոզչություն:

«5-րդ շարասյան» գործունեությունը Հայաստանում
Հայաստանում գործող «5-րդ շարասյան» միակ նպատակը «գունավոր հեղափոխության» իրականացումը չէ, այլ նաև հազարամյակներով ձևավորված ազգային հիմքերի խարխլումը:

Այսպիսով, ընտրելով ամենախոցելի, դեռ չձևավորված, սոցիալապես անապահով, մեծ ներուժ և ընդունակություններ ունեցող երիտասարդությանը, կիրառվում են տարաբնույթ գրավիչ թակարդներ, ինչպիսիք են՝ մատչելի կամ անվճար կրթական ծրագրեր, լավ աշխատանք գտնելու հեռանկարներ (թե՛ դրսում, թե՛ հայրենիքում): Սա, իհարկե, առաջին հայացքից անվնաս թվացող երևույթ է, սակայն ունի ավելի հեռահար նպատակներ, որոնք ներկայացված են ստորև:

Զինված Ուժեր

Հաշվի առնելով, որ Հայաստանը շրջապատված է թշնամիներով և ունի Արցախի հիմնահարց, իրականացվում են Հայաստանը, Վրաստանը, Թուրքիան և Ադրբեջանը ներկայացնող կազմակերպությունների և ֆոնդերի մասնակցությամբ կոնֆերանսներ (օրինակ` «տարածաշրջանային համագործակցության և զարգացման», ինչպես նաև` «դեմոկրատիա», «խոսքի ազատություն», «մարդու իրավունքներ» թեմաներով): Այս տեսակ հանդիպումները միտված են այսպես կոչված «տարածաշրջանային ինտեգրացիայի» համար նպաստավոր պայմաններ ստեղծելուն, որոնք համեմվում են խաղաղության հաստատման կոչերով. «պետք է մոռանալ վաղեմի թշնամությունը, այլևս պետք է վստահել իրար», «այսօրվա թուրքերը ուրիշ թուրքեր են», «պատերազմը կյանքեր է խլում, թուլացնում տնտեսությունը, պետք չէ սպառազինության ծախսերը մեծացնել, այդ միջոցներն ուղղենք տնտեսության զարգացմանը»: Եվ վերջապես` «5-րդ շարասյան» կողմից  ամենից շատ շահարկվող գաղափարը. «մարդն ազատ է տնօրինելու իր կյանքը՝ ծառայել, կամ չծառայել զինված ուժերում»: Նպատակն է՝ թուլացնել, ապա՝ իսպառ վերացնել զինված ուժերը:

Եկեղեցի

Հաջորդ թիրախն է հանդիսանում Հայ Առաքելական Եկեղեցին, որի առանձին հոգևորականների բացասական վարքագիծը և որոշ հարցերում սխալ քաղաքականությունը վերագրվում է ողջ կառույցին: Քրիստոնեական արժեքները պիտակավորվում են, որպես մարդու ազատությունները սահմանափակող, ստրկացնող և արդիականությունը կորցրած հասկացություններ: Շահարկվում է աշխարհի տարբեր ծայրերում բնակվող, իրարից տարբեր դավանանք ունեցող, հատկապես՝ իսլամացած հայերի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կողմից «մերժված» լինելու փաստը: Եվ հարկ է նշել, որ քրիստոնեությանը և եկեղեցուն դեմ արտահայտվող կազմակերպությունները և անհատները հիմնականում ձեռնպահ են մնում աղանդների («5-րդ շարասյան» տարատեսակ) վերաբերյալ որևէ դիրքորոշում հայտնելուց: Ի վերջո` «5-րդ շարասյան» կողմից ամենից շատ շահարկվող գաղափարը. «մարդն ազատ է իր դավանանքն ընտրելու հարցում»: Այսպիսով, նպատակ է դրվում՝ ոչնչացնել ազգային հոգևոր կառույցները:

Ընտանիք

Ընտանիքը, որպես ևս մեկ ազգապահպան համակարգ, թուլացվում է հետևյալ արհեստական և քայքայիչ գործընթացների իրականացմամբ՝

  • ԼԳԲՏԻ անձանց իրավունքների պաշտպանություն.
  • միասեռականների միությունների օրինականացում.
  • յուվենալ արդարադատության ներդրում.
  • կանանց և տղամարդկանց հավասարության քարոզչություն.
  • «ընտանեկան բռնության» կանխարգելում:

Այս երևույթները նպաստում են բնակչության վերարտադրողականության նվազմանը և «ընտանիք» երևույթի արժեզրկմանը: Ստեղծելով արհեստական խնդիրներ՝ ներխուժում են մարդու անձնական կյանք և թելադրում նոր «արժեքներ» ու ապրելակերպի նոր կանոններ, որոնք ոչ մի կերպ չեն սահմանափակում մարդու ցանկությունները և ազատությունները՝ լինի չափահաս, թե անչափահաս, հոգեպես առողջ, թե անառողջ: Հատկանշական է, որ ԼԳԲՏԻ շարքերին պատկանող և նրանց իրավունքները պաշտպանող մարդիկ ցայտուն ագրեսիվ պահվածքով քարոզում են հանդուրժողականություն, իսկ իրենց հետ չհամաձայնողներին անվանում  «մարդատյացներ» կամ «ֆաշիստներ»՝ հաշվի չառնելով այն փաստը, որ միասեռական ամուսնություններից, ըստ էության, երեխաներ չեն կարող ծնվել:

Հարկ է նշել, որ, ըստ վիճակագրական տվյալների, վերը նշված խնդիրներով գրանցված դեպքերը (մասնավորապես՝ ընտանեկան բռնություններ) մի քանի տասնյակ անգամ ավելի են եվրոպական որոշ երկրներում և ԱՄՆ-ում, քան՝ Հայաստանում:

Օտար ուժերի հետապնդած նպատակն է՝ «5-րդ շարասյան» փուլային  ֆինանսավորմամբ և ազգային, պետական կառույցների ոչնչացմամբ, ազգին վերածելով սպառողական զանգվածի, ապահովել կառավարելիության բարձր աստիճան: Հարկ է նշել, որ իշխանավորների և պետական կառույցների զգալի մասը, սնվելով նաև օտար աղբյուրներից, մասնակցում են վերոնշյալ մի շարք ծրագրերի (մասնավորապես` օրենսդրական դաշտի ձևավորմամբ)` նպաստելով Հայաստանի քայքայմանը:

Հեղինակ՝ Մետաքսե Քոլոզյան
17.08. 2016

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*