ԳԼԱՁՈՐԻ ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ

ԳԼԱՁՈՐԻ ԲԱԶՄԱՄԵՏԱՂԱՅԻՆ ՀԱՆՔԱՎԱՅՐԸ

                                Թեքսար

«Վայք մետալ» ընկերությունը 2016 թվականին բնապահպանության նախարարություն է ներկայացրել «Գլաձորի բազմամետաղային հանքավայրի աշխատանքային նախագիծը» (Հետայսու՝ Նախագիծ), որի մեջ մասնավորապես ասվում է՝

«Հանքավայրը  գտնվում է Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձորից՝ 12, Մալիշկայից՝ 10, Վերնաշենից, Հերմոնից և Գլաձորից՝ 4 կմ հեռավորության վրա, Թեքսար լեռան (2898 մ) գագաթային մասում, 2300-2800 մ բացարձակ բարձրությունների միջև: Թեքսարի հյուսիսային լանջերը իջնում են Եղեգիս գետի հովիտը, իսկ հարավային լանջերը՝ դեպի Արփա գետի հովիտը: 800 հա զբաղեցնող հանքավայրի շրջանում, հոսում են Արփա գետի Եղեգիս, Մալիշկա, Հերհեր, Գլաձոր և Կորեկիձոր վտակները: Հանքավայրից 3 կմ հեռավորության վրա գտնվում է Եղեգնաձորի արգելավայրը, որը հիմնվել է 1971 թ.: Տարածքը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում (9 բալ և ավելի)։ Լեռնային զանգվածը 1874166 մ3 է, որից մակաբացման ապարներ՝ 1842971 մ3, հանքաքար՝ 31215 մ3 (106443 տ), մակաբացման միջին գործակիցը՝ 17,3 մ3/տ։ Մակաբացման ապարները նախատեսվում է լցնել  թիվ 1 և 2 բացհանքերի ստորոտում գտնվող ձորակում՝ 2565 մ նիշում, թափոնակույտի բարձրությունը՝ 50 մ, տարածքը՝ 11 հա: Բաց եղանակով շահագործվելու են Կենտրոնական տեղամասի 3 հանքային մարմիններ, որոնց առավելագույն երկարությունը կազմելու է 510, առավելագույն լայնությունը՝ 230, առավելագույն խորությունը՝ 150 մետր, իսկ օտարվող տարածքը՝ 11,5 հա: Արտահանվելու է 106443 տ հանքաքար, որը պարունակում է 5634 տ ցինկ,  5143 տ կապար, 521 տ պղնձ, 1546 կգ արծաթ և 83 կգ ոսկի, (7345 տ ծծումբ): Բաց հանքը շահագործվելու է տարեկան 180 օր, երկու հերթափոխով, հերթափոխի տևողությունը՝ 12 ժամ։ Հանքավայրի շահագործումը տևելու է երկու տարի: Պոչանքը կազմելու է հանքաքարի 86,29%-ը: Շինարարության և շահագործման ժամանակ հողերի օգտագործման ձևը նախատեսված է վարձակալության պայմաններով, 28 տարի ժամկետով: Հողային ռեսուրսների վրա տնտեսական գործունեության հետևանքով առաջացած վնասը կազմում է 150,4 մլն դրամ: Ներկայացված գումարը չի առաջացնում որևէ ֆինանսական պարտավորություն: Բաց հանքով շահագործմանը զուգընթաց՝ երկու տարվա ընթացքում կմշակվի հանքավայրի ստորին հորիզոնների ստորգետնյա եղանակով շահագործման ծրագիրը: Ստորգետնյա հանքով նախատեսվում է մշակել շուրջ 14,08 մլն տոննա հանքաքար (էջ 140): Խախտված հողերը կազմում են 22,5 հա։ Հանքի փակման ծախսը՝ 1,78 մլրդ դրամ: Այս հանքավայրի ուսումնասիրությունները սկսվել են 1925-28 թթ.: Դրանք վերսկսվել են 1950 թվականին և շարունակվել մինչև 1965 թվականը: Հանքավայրում հայտնաբերվել են 130-ից ավելի հանքային երակներ, որոնց հզորությունը 20 սմ-ից մինչև 1,2-1,5 մ է: Ըստ խորության հանքային մարմինները հասնում են մինչև 300-400 մետրի»:

Այսքանը քաղված է Նախագիծ կոչվածից։

Այս նախագիծը այնքան հակաբնական ու հակամարդկային է, որ դրա վերլուծումը մարդու մոտ հանցակից լինելու զգացողություն է առաջացնում։ Այդուհանդերձ մի քանի խոսք այդ նախագիծ կոչվածի մասին։

Այդտեղ խոսվում է միայն հանքաքարի արտահանման և խոսք չկա հանքաքարի վերամշակման և պոչամբարի մասին, այն դեպքում, երբ հանքավայրի նախագիծ ասելով հասկացվում է՝ հանքաքարի հանման ու դրա վերամշակման, ինչպես նաև պոչամբարի, դատարկ ապարների և մյուս թափոնների նախագծերը մեկ միասնական փաթեթում  ներառելը: Նախագծում ներկայացված չէ, թե որտեղ է կառուցվելու հանքաքարի վերամշակման գործարանը և պոչամբարը․․․

Ըստ այդ Նախագծի՝ հանքավայրի շահագործումը տևելու է երկու տարի, հողերի վարձակալությունը՝ 28 տարի ժամկետով է, բաց հանքով շահագործմանը զուգընթաց՝ երկու տարվա ընթացքում կմշակվի հանքավայրի ստորին հորիզոնների ստորգետնյա եղանակով շահագործման ծրագիրը, որով նախատեսվում է մշակել շուրջ 14,08 մլն տոննա հանքաքար, նաև ասվում է, որ  հանքի շահագործումը տևելու է 50 և ավելի տարի։

Սա նշանակում է՝ նախ սկսել հանքի շահագործումը և միայն դրանից հետո կազմել նախագիծը, ինչը հակասում է ՀՀ օրենքներին։

Հասկանալի է, ընկերությունը սպասվելիք ավերածությունների ծավալները  կոծկում է, որպեսզի հեշտությամբ կարողանա սկսել Նախագծում ներկայացված, ընդհանուր ծավալների համեմատությամբ, հանքաքարի աննշան քանակության (106443 տ)  վերամշակումը, որից հետո, երբ Թեքսարն «գլխատված» կլինի, ծանր մետաղներով և վտանգավոր այլ նյութերով աղտոտված կլինի՝ օդը, հողը, ջուրը, արդեն անիմաստ կդառնա այդ տարածաշրջանի պաշտպանության ուղղությամբ ջանք թափելը։

Նախագծում  գրված է, որ Եղեգնաձորի արգելավայրը գտնվում է հանքավայրից 3 կմ հեռավորության վրա, այն դեպքում, երբ այդ հեռավորությունը ընդամենը 650 մետր է, իսկ հանքավայրը ամբողջությամբ շահագործելու դեպքում, պարզ է, որ հանքավայր է դառնալու նաև հենց այդ արգելավայրը։ Նույնիսկ հանքավայրի շահագործման առաջին փուլում, պայթեցումների հենց առաջին օրերը ամբողջովին տեղահան կանեն այդ արգելավայրում ապրող, բեզորյան այծերին, հայկական մուֆլոններին և մյուս կենդանիներին, որոնցից շատերը գրանցված են ՀՀ  Կարմիր գրքում։

Նախագծում նաև  գրված է, որ դատարկ ապարների տարեկան միջին քանակը կազմելու է 1176250 մ3, որոնք տեղափոխվելու են լցակույտ: Եթե սա վրիպակ չէ, ապա այդ դեպքում, երկու տարվա ընթացքում, դատարկ ապարների ծավալը կկազմի 6,59 մլն, այլ ոչ 5,16 մլն տոննա, հետևաբար, մեկ տոննա հանքաքար հանելիս կառաջանա 62 տոննա թափոն։

Նախ փորձենք մոտավոր հաշվարկներ կատարելով հասկանալ, թե այս հանքավայր կոչվածի շահագործումը ինչ է տալու «Վայք մետալ» ընկերությանը և Հայաստանի Հանրապետությանը:

«Վայք մետալ» ընկերության օգուտները

1․ Ըստ Նախագծի, երկու տարվա ընթացքում վերամշակելու է 106443 տ հանքաքար: 80 տոկոսով մետաղների կորզման դեպքում (կարելի է ենթադրել, որ կորզումը լինելու է ավելի ցածր) այդ հանքաքարից կարող է ստացվել 4507 տ ցինկ, 4114 տ կապար, 416 տ պղինձ, 66 կգ ոսկի և 1236 կգ արծաթ: Նախագծի կազմման՝ 2016 թվականի գներով, դրանց գումարային արժեքը կազմում է մոտ 27 մլն դոլար:

2․ Ընկերությունը չի վճարելու ՀՀ հողային տարածքների ավերման, ոչնչացման և ծանր մետաղներով և վտանգավոր այլ տարրերով աղտոտելու համար։

3․ Ընկերությունը չի վճարելու ջրային համակարգի կորուստների և դրա կայուն աղտոտիչներով թունավորման համար։ Հանքավայրը շահագործելու դեպքում ծանր մետաղներով աղտոտվելու է Արփա գետը, վերը նշված վտակներով հանդերձ, որի միջին տարեկան հոսքը կազմում է 682 մլն մ3։

4․ Ընկերությունը չի վճարելու բուսական աշխարհին հասցվելիք վնասը։

5․ Ընկերությունը չի վճարելու կենդանական աշխարհին հասցվելիք վնասը։

6․ Ընկերությունը չի վճարելու իր իսկ արտադրած հանքային թափոնները Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրելու համար։ Եթե հողին, ջրին, բուսական ու կենդանական աշխարհին, մարդու առողջությանը և սոցիալական վիճակին  հասցվելիք վնասի հաշվարկը մեծ ջանք է պահանջում (նաև բացակայում են  որոշ նորմատիվային փաստաթղթեր), ապա հանքային թափոնների խնդիրը համեմատաբար հեշտ է, քանզի թափոնների հարկումը կարգավորում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքը։ Չնայած նշված օրենքում այդ թափոնները ապօրինաբար չեն հարկվում, սակայն այն հաշվարկներ կատարելու հնարավորություն է տալիս։ Նախագծում գրված է՝ 106443 տ հանքաքար արդյունահանելիս կառաջանա 1842971մ3, այսինքն՝ 5,16 մլն տ (1842971մ3 x 2,8) դատարկ ապար, հետևաբար՝ մեկ տոննա հանքաքար հանելիս, առաջանում է 48,5 տոննա դատարկ ապար: Դատարկ ապարները պարունակում են բոլոր այն տարրերը, որոնք առկա են հանքաքարում, սակայն ավելի ցածր խտություններով։ Դրանք երրորդ դասի վտանգավորության  թափոն համարելու դեպքում պետական տուրքը, ըստ նշված օրենքի (1տոննայի դիմաց՝4800 դրամ), կկազմի 24,7 մլրդ դրամ (5160320 x 4800) կամ 51,5 մլն դոլար: Նախագծում նաև ասվում է, որ 106443 տ հանքաքարի վերամշակման դեպքում կառաջանա 91850 տ պոչանք: Պոչանքը պետք է համարվի առաջին դասի վտանգավորության թափոն (մեծ խտություններով ծանր մետաղներ պարունակող պոչանքը կառավարելու համար հազարամյակներ շարունակ  մեծ ծախսեր կպահանջվի): Նշված օրենքը 1 տոննա առաջին դասի թափոնի համար սահմանում է 48000 դրամ հարկ, հետևաբար 91850 տ պոչանքը ՀՀ տարածքում տեղադրելու դիմաց վճարվելիք հարկը կազմում է 4,408 մլրդ դրամ կամ 9 մլն դոլար։ Այսինքն, միայն դատարկ ապարների և պոչանքի դիմաց «Վայք մետալ» ընկերությունը պետական գանձարան պետք է մուծի մոտ 60 մլն դոլար, սակայն նա, ինչպես և հանքավայր շահագործող մյուս ընկերությունները, ազատված է այդ հարկը վճարելու պարտականությունից (պետության-ժողովրդի ունեցվածքի անթաքույց կողոպուտ)։

Նախագծում նշված 106443 տ հանքաքարը վերամշակելու  դեպքում, Հայաստանի Հանրապետությանը  հասցվելիք վնասը կկազմի հարյուր-հազարավոր անգամ ավելի մեծ գումար, քան դատարկ ապարների ու պոչանքի համար հաշվարկած 60 մլն դոլարն է։

«Վայք մետալ» ընկերության ծախսերը

Նախագծում գրված է, որ բացհանքում աշխատելու է 70-80 մարդ, ամսական միջին աշխատավարձը կկազմի 250 հազար դրամ:  Հետևաբար՝ 2 տարվա ընթացքում միայն բացհանքերում աշխատողների աշխատավարձը կկազմի 480 մլն դրամ (250000 x 80 x 24 =480) կամ 1 մլն դոլար:  Նաև՝ բացհանքից զատ, անհրաժեշտ է կառուցել հանքահարստացման գործարան, հարակից շինություններ, պոչամբար, տարածքներ դատարկ ապարների և այլ թափոնների համար, ինչպես նաև ապահովել դրանց  շահագործումը: Եթե այդ ամենը կատարելու համար ընդունենք մոտ 2 անգամ ավելի շատ աշխատատեղ, քան բաց հանքի դեպքում է, ապա միայն աշխատավարձը կկազմի մոտ 3 մլն դոլար: Հավանաբար 25-30 մլն դոլար էլ անհրաժեշտ կլինի՝ լեռնային զանգվածը քանդելու, տեղափոխելու, հանքաքարը մանրացնելու, համապատասխան տեխնիկաներ ու սարքավորումներ, ինչպես նաև մեքենաներ, հանքահարստացման տեխնոլոգիա, քիմիական ու պայթուցիկ նյութեր, վառելիք և այլն գնելու, պոչամբար և թափոնատեղեր կառուցելու և շահագործելու համար: Ինչից ելնելով կարելի է ենթադրել, որ չնայած ՀՀ իշխանության կողմից տրված բազում արտոնությունների, նշված երկու տարիներին «Վայք մետալ» ընկերության կողմից կատարվելիք ծախսերը կարող են գերազանցել սպասվելիք հասույթին:

Հայաստանի Հանրապետության սպասվելիք օգուտները

Նշված երկու տարիներին կստեղծվեն ժամանակավոր աշխատատեղեր և պետական գանձարան կփոխանցվի եկամտահարկ՝ աշխատավարձից, հավանաբար 3 մլն դոլար աշխատավարձի 20%-ը, որը կկազմի մոտ 600 հազար դոլար, իսկ եթե ընկերությունը մաքուր շահույթ ստանա և ստացած շահույթն էլ չթաքցնի, ապա ՀՀ-ն կստանա այդ մաքուր շահույթի 2%-ը (2020 թ․ Ազգային ժողովի ստեղծած հանձնաժողովը ցույց տվեց, որ Հայաստանի Հանրապետությունում շահագործելու թույլտվություն ունեցող 29 մետաղական հանքավայրերից և ոչ մեկը պետությանը շահութահարկ չի մուծել, երբ այդ հանքավայրերի մեծ մասը շահագործվել է)։ Ինչպես պարզ երևում է, ընկերությունը նշված երկու տարիներին մաքուր շահույթ չի ունենալու։

Հայաստանի Հանրապետության սպասվելիք վնասները

 

— Տարածքների՝ ծանր մետաղներով և ռադիոակտիվ տարրերով հարատև թունավորում, որի հետևանքով այդ տարածքները դառնալու են օգտագործման համար ոչ պիտանի, այսինքն՝ տարածքների առմիշտ կորուստ,

— Հազարավոր տարիներ թափոնների՝ դատարկ ապարների և պոչանքի կառավարում, որը մեծ գումարներ է պահանջում։ Օրինակ, պոչանքի յուրաքանչյուր մեկ տոննայի կառավարումը, ըստ որոշ հաշվարկների, տարեկան կպահանջի մոտ 1,4 դոլար։

— Ջրի ծավալների նվազում, ջրային համակարգերի թունավորում՝ վերը նշված ծանր մետաղներով։ Ցամաքելու են որոշ աղբյուրներ, իսկ այն աղբյուրները որոնք կարող է գործեն հանքահանման և դրանից հետո, զգալիորեն կորցնելու են իրենց ջրային հոսքի ծավալները և թունավորվելու են ծանր մետաղներով ու կյանքի համար վտանգավոր այլ տարրերով։ Նույն ճակատագրին է արժանանալու Արփա գետը, որի միջին տարեկան հոսքը կազմում է 682 մլն մ3։

— Տեղանքի ռելիեֆի կառուցվածքի ձևափոխում-խաթարում,

— Բուսականության կորուստ,

— Վայրի կենդանիների կորուստ,

— Մշտակայուն աշխատատեղերի, արոտավայրերի, մշակովի հողերի կորուստ,

— Բնակչության ապրելու միջավայրի որակի անկում,

— Մարդկանց և ընդհանրապես ընտանի ու վայրի կենդանիների մոտ տարատեսակ հիվանդությունների մեծացում (տես՝ ստորև Հավելվածը),

— Երկրագործության և անասնապահության արտադրանքի նվազում և աղտոտում՝ ծանր մետաղներով,

— Բնակչության եկամուտների նվազում, սոցիալական իրավիճակի վատացում, արտագաղթ, բնակավայրերի ամայացում․․․

Ակնհայտ է, որ անաչառ հաշվարկների դեպքում, Հայաստանի Հանրապետության   հողին, ջրին, բուսական ու կենդանական աշխարհին, մարդու առողջությանը և կյանքին հասցվելիք վնասը կկազմի հարյուր-հազարավոր անգամ ավելի մեծ գումար, քան 106443 տ հանքաքարը հանելու-վերամշակելու դեպքում առաջանալիք թափոնների համար մոտավոր ճշտությամբ հաշվարկած 60 մլն դոլարն է։

Ահա թե ինչ ավերիչ կործանարար աշխատանք են կատարում  ընկերություններին օրենսդրորեն տրված հակաժողովրդական-հակապետական  արտոնությունները՝ մի քանի ընտանիքի գերհարստացում, տեղի բնակչության կյանքի հենարանի՝ բնական միջավայրի թունավորում և ոչնչացում։

 

«Վայք մետալ» ընկերության համառության դրդապատճառները

Նախնական գնահատմամբ, չնայած ՀՀ-ի կողմից տրված բազում դոտացիաների, Գլաձորի հանքավայրի շահագործման (2 տարի) դեպքում «Վայք մետալ» ընկերության համար սպասվելիք շահույթ չի նկատվում, իսկ Հայաստանի Հանրապետության համար լինելու են խոշորածավալ ու անդառնալի կորուստներ։

Այստեղ բնականաբար հարց է առաջանում, թե ինչն է դրդապատճառը, որ «Վայք մետալ» ընկերությունը հետևողականորեն անտեսում է տեղի բնակչության բողոքները և չի հրաժարվում մի ծրագրից, որի շահագործումից սպասվելիք շահույթը չի նկատվում: Ինչ է, ընկերությունը անկարող է օգուտ-վնասի սովորական հաշվարկ կատարել, թե՞ իր մտքում այլ հաշվարկներ ունի:

Այս հարցի վրա որոշակի լույս են սփռում Նախագծում գրված այն միտքը, որ ընկերությունը նպատակ ունի հետագայում վերամշակել նաև 14 մլն տոննա հանքաքար և  Հրաչիկ Ավագյանի «Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների զարգացման ուղիներն ու հեռանկարները Հայաստանի Հանրապետությունում» գրքում առկա «Գլաձորի բազմամետաղային հանքավայրը» հոդվածը (Երևան, »Գիտություն», 2011, էջ 158-166)։

Հ․ Ավագյանը գրում է, որ այս հանքավայրի ուսումնասիրությունները սկսվել են 1925-28 թթ.,  ընդհատումով շարունակվել են մինչև 1965 թ: Հանքավայրում հայտնաբերվել են 130-ից ավելի հանքային երակներ, որոնց հզորությունը 20 սմ-ից մինչև 1,2-1,5 մ է: Ըստ խորության, հանքային մարմինները հասնում են մինչև 300-400 մետրի, իսկ  առանձին հանքային մարմիններ ձգվում են մինչև 2000-2500 մետր, օրինակ, թիվ 5 հանքային մարմինը, որը Կենտրոնական տեղամասից ձգվում է դեպի Կորեկի Ձորի տեղամասը՝ ունի 2500 մ երկարություն: Հանքավայրը ներկայացված է երեք տեղամասերով՝ Կենտրոնական, Կորեկի Ձոր և Պռոշաբերդ (Արևմտյան): Հանքաքարը պարունակում է կապար, ցինկ, պղինձ, կադմիում, սելեն, թելլուր, բիսմուտ, գալիում, գերմանիում, ինդիում, թալիում, ոսկի, արծաթ, ծծումբ, երկաթ, մկնդեղ, մոլիբդեն…   1965 թվականին, կատարված ուսումնասիրությունների արդյունքները ներկայացվել է ԽՍՀՄ Պաշարների պետական հանձնաժողովի հաստատման, սակայն հանձնաժողովը Գլաձորի հանքերևակման պաշարները դասել է արտահաշվեկշռային դասին, այսինքն՝ հանքի շահագործման հեռանկարը գնահատել է բացասական:

Ինչպես տեսնում ենք, Խորհրդային պետությունը գիտեր, թե Գլաձորի հանքավայրում ինչ և ինչ քանակությամբ մետաղներ կան, սակայն հաշվի առնելով ժողովրդի-պետության շահը՝ կանխատեսվելիք ավերածությունների և անդառնալի կորուստների ծավալները, այն չի շահագործել: Այսօր, հանքարդյունաբերության ոլորտում ժողովրդի-պետության շահերը երկրորդականացված, նույնիսկ անտեսված է: Այսօրվա պետական կոչված քաղաքականության նպատակն է ժողովրդի ունեցվածքը նվիրել մի քանի անհատների։ Գուցե սա է նկատի ունեցել «Վայք մետալ» ընկերությունը, որ Նախագծում գրում է, թե «Գլաձորի հանքավայրը շահագործելու հարմար պահ է ստեղծվել»:

Հ. Ավագյանի գրքում ասվում է, որ Գլաձորի հանքավայրը 2005-2008 թթ. լրահետախուզվել է, որի հիման վրա էլ Հայաստանի պաշարների գործակալության կողմից վերահաստատվել են դրա նոր պաշարները և 2011 թ. վերահաստատված պաշարների քանակը կազմում է 14,5 մլն տ հանքաքար: Համեմատելով ԽՍՀՄ-ի օրոք հաստատված պաշարների հետ, դրանք աճել են մինչև 4,5 անգամ:  Հանքավայրի արտահաշվեկշռային գնահատված պաշարները կազմում են 8,2 մլն տ, իսկ կանխատեսումային ռեսուրսների քանակը հետազոտող երկրաբանների կողմից գնահատվում է 30,5 մլն տ: Ավագյանը գրում է, որ Գլաձորի հանքավայրի ընդերքի հարստությունների արտահաշվեկշռային գնահատված պաշարներն ու կանխատեսումային ռեսուրսները հաշվարկվել են միայն երկու՝ Կենտրոնական և Կորեկի Ձոր տեղամասերի համար, երրորդ՝ Պռոշաբերդ տեղամասի համար գնահատումներ չեն կատարվել, սակայն այս տեղամասի հանքային մարմիններն իրենց ձևով, չափերով ու հանքայնացման բնույթով շատ նման են Կենտրոնական տեղամասին և ռեսուրսների քանակը պակաս չի կարող լինել առաջին երկու տեղամասերից (կարող է լինել նույնիսկ ավելին): Հեղինակը, ով մասնակցել է այդ հանքավայրի հետազոտման աշխատանքներին, իր գրքում գրում է, որ Գլաձորի բազմամետաղային հանքավայրի ընդերքի հարստությունների՝ պաշարների և կանխատեսումային ռեսուրսների արժեքը կազմում է 20,9 մլրդ դոլար։

Կարելի է ենթադրել, որ հենց այս գայթակղիչ ու չհիմնավորված տեղեկությունն է, որ  «Վայք մետալ» ընկերությանը «սոսնձել» Գլաձորի հանքավայրին։ Արդեն հասկանալի է դառնում, թե ընկերությունը ինչու է անտեսում Բնապահպանության նախարարության՝ այդ նախագծին տված բացասական եզրակացությունը, համայնքի ավագանու բացահայտ անհամաձայնությունը, բնակչության ստորագրահավաքն ու կտրուկ բացասական վերաբերմունքը և համառորեն ձգտում է իր ձեռքը վերցնել այդ հանքավայրը և դրա հետ մեկտեղ, փաստորեն, տեղի բնակչության կյանքն ու նրա ապագան։

Հ․ Ավագյանի գրքում նշված այս  գումարը լուրջ ճշտման կարիք ունի։ Նախ, պետք է պարզել, թե նշված գումարի որ մասը կարող է հասու լինել և ապա, այդտեղ ներառված է 2,69 մլն տ ծծմբի և 1,74 մլն տ երկաթի արժեքը, որը ներկայացվել է 2,27 մլրդ դոլար, արդյո՞ք միայն գրգռիչ խայծ չէ և սովորական խաբկանք։ Այս առումով պետք է ասվի, որ ՀՀ պոչամբարների մեջ առկա է տասնյակ միլիոնավոր տոննա ծծումբ և երկաթ, սակայն դեռևս հայտնի չէ թեկուզ մի դեպք, երբ  պոչանքներից մաքուր ծծումբ ու երկաթ են անջատել և մեկ տոննան էլ վաճառել են համապատասխանաբար՝ 650 և 300 դոլարով։  Կամ մեկ տոննա հանքաքարում 0,7 գրամ ոսկու պարունակության դեպքում, ինչքան ոսկի կարելի է կորզել․․․ Հեղինակը գուցե նշեր, որ խիստ ծծմբային (հանքաքարում ծծումբը կազմում է 6,9%) այդ հանքավայրը շահագործելու դեպքում ծծումբը հազարամյակներ շարունակ կապահովի թթվային դրենաժի գոյությունը և նրա ավերիչ-սպանիչ աշխատանքի հարատևությունը։

Ցավոք, Հ․ Ավագյանի շատ հարցերում օգտակար գիրքը, իր ուռճացված թվերով, ժողովրդի ունեցվածքը թալանելու մոլուցքով տարվածների ուշադրությունը բևեռել է ՀՀ ընդերքի վրա։ Պատահական չէ, որ այդ գիրքը պատճենվում-տարածվում է հանքավայրերով հետաքրքրվուղների շրջանում։

 

Ամփոփում

Քննարկվող հանքավայրի շահագործումը աղետալի հետևանքներ  կունենա Հայաստանի Հանրապետության համար։ Կարող է հարց առաջանալ, թե 2016 թվին կազմած նախագծին ինչու եմ անդրադառնում 5 տարի անց։ 2017 թվին այդ հանքավայրի շահագործմանը դեմ են եղել տեղի ավագանին ու բնակչությունը, իսկ Բնապահպանության նախարարությունը Նախագծին տվել է բացասական եզրակացություն։ Հիմք ընդունելով այս ամենը, համարել ենք խնդիրը լուծված, հետևաբար և այդ նախագիծը մեկնաբանելն անիմաստ, սակայն վերջերս ընկերությունը նորից ցանկանում է իրականացնել իր մահաբեր բաղձանքը, ինչը և առիթ տվեց անդրադառնալ այդ խնդրին։ Նաև այն, որ վերջերս տարածվել է այն լուրը, որ տեղի ավագանու անդամներից մեկը իբր իր գործընկերներին համոզում է, որ լավ կլինի, որ  հանքավայրում ուսումնասիրություններ կատարելու թույլտվություն մենք տանք, քանի որ  երկու ամիս հետո նոր ավագանի է ընտրվելու, որը կտա այդ հանքավայրում ուսումնասիրություններ կատարելու թույլտվությունը։ Այսինքն՝ շահագրգռվածություն-շահադիտություն։

Այս Նախագիծը կտրականապես մերժելի է, քանզի դրա իրականացման դեպքում, իրենց բնակավայրում ապրելու իրավունքից կզրկվեն Եղեգիս և Արփա գետերի հովիտների և դրանց հարակից տարածքների բնակիչները։

Բարեբախտաբար այդ խնդիրը լավագույնս հասկանում է տեղի բնակչության ճնշող մեծամասնությունը։ Ընկերության այն հավաստումը, թե երկրորդ փուլում հանքահանումը կատարվելու է ստորգետնյա եղանակով նույնպես մերժվում է, քանի որ հայտնի, որ թունելային եղանակով հանքահանումից հետո ջրի կորուստն անխուսափելի է, ինչպես նաև հանքաքարի վերամշակումից հետո այդ տարածքները նույնպես պիտանի չեն լինի անասնապահության և գյուղատնտեսական նպատակով օգտագործելու համար:

Հավելված

Ստորև բերվում են Գլաձորի հանքավայրի հանքաքարում, հետևաբար և դատարկ ապարներում առկա տարրերի վտանգավոր հատկությունները։ Չնայած Նախագծում և Հ․ Ավագյանի գրքում ուրանի և թորիումի մասին տեղեկություն չկա, սակայն այս մետաղների առկայությունը հաստատվում է «Հայաստանի  ուրանաբեր երկրաբանական  կազմավորումները» գրքում հրապարակված «Ураноносные рудные поля и рудные райони Армении» քարտեզի տվյալներով (Алоян П. Г., Ураноностность геологических формаций Армении, Ереван, ГЕОИД, 2010, с․ 15)։

Բիսմուտը (Bi) և նրա միացությունները ունեն սաղմնաթունավոր հատկություն, խախտում են ֆերմենտների ակտիվությունը, առաջացնում՝ գլխուղեղի բորբոքում, ուռուցքներ, խոցեր, ոսկրային տարբեր հիվանդություններ (Вредные химические вещества, Неорганические соединения элементов V-VIII групп, Ленинград, 1989, с. 224-230):

Գալիումը (Ga) և նրա միացությունները առաջացնում են երիկամների, լյարդի, փայծաղի ախտահարում, պրոտեինուրիա, ազոտեմիա, սրտխառնոց, փսխում, լույծ (փորլուծություն), շարժման կորդինացիայի խախտում, շնչառական ռիթմի դանդաղում… (Вредные химические вещества, Ленинград, Неорганические соединения элементов I-IV групп, 1988, с. 224-230):

Գերմանիումը (Ge) և նրա միացությունները առաջացնում են  ճնշվածություն, ցնցումներ, վերին շնչուղիների և աչքերի գրգռվածություն, բրոնխիտ… (Вредные химические вещества, Ленинград, Неорганические соединения элементов I-IV групп, 1988, с. 398-403):

Երկաթը (Fe) և նրա միացությունները ունեն ընդհանուր թունավոր ազդեցություն, առաջացնում են թոքերի քաղցկեղ, վերին շնչուղիների գրգռում, լյարդի ֆունկցիայի խաթարում, հոտառության խախտում, թքագեղձերի ատրոֆիա, բրոնխիտ, էմֆիզեմիա, լյարդի և լնդերի բորբոքում, ատամների քայքայում, սիլիկոզ (SiO2-ի բացակայությամբ), աղեստամոքսային, սիրտանոթային, մաշկային հիվանդություններ… (Вредные химические вещества, Неорганические соединения элементов V-VIII групп, Ленинград, 1989, с. 426-442):

Թալիումը (Tl) և նրա միացությունները: Ունի կայուն և ռադիոակտիվ իզոտոպներ: … կենտրոնական և պերիֆերիկ համակարգերի թույն է… անքնություն, թուլություն, անհանգստություն, քայլվածքի խախտում, դողոցք, ցնցումներ, մկանային ցավ, սրտանոթային, գլխուղեղի, մաշկային, երիկամների հիվանդություններ, դիմանյարդի անդամալույծ, քաշի նվազում, նյարդային խանգարումներ, ածխաջրածնային փոխանակման խախտում, տեսողության խախտում, եղունգների ծռմռվածություն …   (Вредные химические вещества, Ленинград, Неорганические соединения элементов I-IV групп, 1988, с. 237-248):

Թորիում (Th) և նրա միացությունները: Ռադիոակտիվ բնական իզոտոպներն են՝ 232Th (համարյա 100 %, կիսատրոհումը՝ 1.39.1010): Նրա կենսաբանական էֆեկտը պայմանավորված է իոնացիոն ճառագայթումով և քիմիական թունավորությամբ: Առաջացնում են հյուսվածքների քայքայում, էնդոկրինային համակարգի ախտահարում, թոքերի քաղցկեղ, ոսկրային ուռուցք…(Вредные химические вещества, Неорганические соединения элементов I-IV групп, Ленинград, 1988, с. 263-267):

Ծծումբը (S) և նրա միացությունները բարձր կոնցենտրացիաներում բերում են հողի բերրիության անկման, բույսերի աճի ու վերարտադրության կանխման, մուտագեն են, խախտում են ջրային կենդանիների մի շարք կարևորագույն ֆերմենտային համակարգերի գործունեությունը, պատճառ դառնում թթվային անձրևների… Դրանց առաջացրած հիվանդություններից թվարկենք մի քանիսը. նյարդային, լյարդի, երիկամների, թոքերի, սրտանոթային, ատամների, աղեստամոքսային, շնչառական ուղիների հիվանդություններ, ընդհանուր թուլություն, գլխացավ, գլխապտույտ, արցնքահոսություն, հազ, լուսավախություն, գրգռվածություն, շնչահեղձություն, քթի ցավ ու արյունահոսություն, խռպոտություն, շրթունքների կապտախտ, սրտխառնոց և այլն (Вредные химические вещества, Ленинград, 1989, с. 170-256): Ծծումբը պոչանքներում առաջացնում է ծծմբական թթու, որն իր մեջ լուծելով այդտեղ եղած ծանր մետաղների աղեր և այլ նյութեր՝ կարող է ընդերքի ջրերի աղտոտման պատճառ դառնալ (Вредные химические вещества, Неорганические соединения элементов V-VIII групп, Ленинград, 1989, с. 170-276):

Կադմիումը (Cd) և նրա միացությունները նվազեցնում են մարսողական ֆերմենտների ակտիվությունը, ճնշում է արյան և լյարդի կատալազային ակտիվությունը և լյարդում գլուկոգենի սինթեզը: Կադմիումով խրոնիկ թունավորման հետևանքով առաջանում է կալցիումի փոխանակության խախտում, ատամների վզիկներին դեղին պսակ է առաջանում, արյան մեջ քչանում են ծծմբաջրածնային խմբերը… (Вредные химические вещества, Ленинград, Неорганические соединения элементов I-IV групп, 1988, с. 160-170):

Կապարը (P) և նրա միացությունները հողում նվազեցնում են միկրոօրգանիզմների քանակությունը և բույսերի աճը: Առաջացնում են գլխացավ, գլխապտույտ, քնի խանգարում, խոսքի և տեսողության խախտում, գիտակցության մթագնում, հիշողության վատացում, ծնելիության ֆունկցիայի խախտում, վիժումներ, մեռելածնություն… (Вредные химические вещества, Неорганические соединения элементов I-IV групп, Ленинград, 1988, с. 415-436):

Մոլիբդենը (Mo) արգելակում է սաղմի ոսկորների ձևավորումը: Մոլիբդենով հարուստ արոտավայրերում արածեցված անասունների մոտ հայտնաբերվել են էնդեմիկ հիվանդություններ` աճի ուշացում, ատաքսիա, բրդի կոշտացում, աղեստամոքսային խանգարումներ, սակավարյունություն, իմունոկենսաբանական ցուցանիշների նվազում, կմախքի փոփոխություն: Մոլիբդենի օքսիդի աերոզոլի ազդեցության ենթարկված բանվորները բողոքում են հազից ու շնչուղիների չորությունից (Вредные химические вещества, Неорганические соединения элементов V-VIII групп, Ленинград, 1989, с. 313-323):

Մկնդեղը (As) և նրա միացություններն առաջացնում են հյուսվածքային շնչառության խախտում, նվազեցնում բջիջների էներգետիկ պաշարները, ընդհանուր ացիդոզ, օրգանիզմի ջրազրկում, արյունալուծում (հեմոլիզ), սակավարյունություն, հյուսվածքների դեգեներացման ու մահացման ախտահարում, սաղմնաթունավորություն, հրեշածնություն, մաշկի քաղցկեղ, փսիխոզ, հիշողության և խոսքի խախտում, մատների թմրածություն, քթի արյունահոսություն, խռպոտություն, թուլություն, գլխացավ, սրտխառնոց, գլխապտույտ… (Вредные химические вещества, Неорганические соединения элементов V-VIII групп, Ленинград, 1989, с. 82-102):

Պղնձի (Cu) և նրա միացությունների մեծ քանակությունները թունավոր ազդեցություն են գործում բուսակենդանական աշխարհի վրա: Հողում դրանց մեծ քանակությունների առկայության պայմաններում խաթարվում է հողի հստակ կառուցվածքը, խախտվում է ջրաթափանցելիությունը, վատանում են ջրային և օդային ռեժիմները: Այդ նյութերն առանձնապես թունավոր են հողի միկրոֆլորայի համար: Դրանցով հողը մշակելու դեպքում հողում ընդհանուր միկրոօրգանիզմների թիվը նվազում է 21-72, իսկ սպորային միկրոօրգանիզմների քանակությունը` 23-92 տոկոսով, որը հանգեցնում է բերրիության անկման: Սահմանային թույլատրելիից բարձր խտությունների դեպքում պղինձը մարդկանց մոտ առաջացնում է լորձաթաղանթի գրգռվածություն, գլխացավ, թուլություն, սրտխառնոց, մկանային ցավ, դող, ջերմության բարձրացում, թոքերի այտուց, թոքաբորբ, նյարդային համակարգի, լյարդի և երիկամների ֆունկցիոնալ խանգարում, անցքեր` քթի միջնապատում, և այլ հիվանդություններ (Вредные химические вещества, Неорганические соединения элементов I-IV групп, Ленинград, 1988, с. 61-81):

Սելենը (Se) և իր միացությունները առաջացնում են մազերի թափում, հոգնածություն, գլխապտույտ, գլխացավ, քնատություն, քնի խանգարում, աշխատունակության անկում, մկանային և ոսկրային ցավ, սրտանոթային և աղեստամոքսային, թոքերի, լյարդի, երիկամների, շնչուղիների, մաշկային հիվանդություններ, եղունգների ձևափոխում, լյարդի ցերոզ, հրեշածնություն… (Вредные химические вещества, Неорганические соединения элементов V-VIII групп, Ленинград, 1989, с. 257-283):

Տելլուրը Te) և նրա միացությունները: Բնական իզոտոպներն են՝ (120Te (90,089 %), 122Te (2,46 %), 123Te (0,87 %, կիսատրոհմումը՝ 1,25.1013 տարի), 124Te (4,61 %), 125Te (6,99 %), 126Te (18,7 %), 128Te (31,79 %), 130Te (34,48 %): Օրգանիզմի վրա ազդեցությամբ շատ նման է սելենին և մկնդեղին… թիոլային թույն է… նյարդային համակարգի խախտում և քայքայում, արյան և աղեստամոքսային և երիկամային համակարգերը, կասեցնում է որոշ ֆերմենտների ֆունկցիաները, … մազերի աճի վատացում, նյութափոխանակության խախտում, օրգանիզմի աճի կասեցում, շնչուղիների հիվանդություն, ցիանոզ, գիտակցության կորուստ, խանգարում է թքագեղձերի գործունեությանը… (Вредные химические вещества, Неорганические соединения элементов V-VIII групп, Ленинград, 1989, с. 284-297):

Ցինկը (Zn) և նրա միացությունները հողում նվազեցնում են միկրոօրգանիզմների քանակությունը… Մարդու մոտ առաջացնում են հոգեճնշվածություն, չոր հազ, սրտխառնոց, աղմուկ` ականջներում, գրգռվածություն, անքնություն, հիշողության ու լսողության վատացում, թոքերի ծավալի հիվանդոտ մեծացում, շնչուղիների, թոքերի, աղեստամոքսային և այլ հիվանդություններ (Вредные химические вещества, Неорганические соединения элементов I-IV групп, Ленинград, 1988, с. 146-159):

Ուրանը (U) և նրա միացությունները: Բնական ուրանը կազմված է երեք իզոտոպներից՝ 38U (99,27 %, կիսատրոհումը՝ 4,51.109), 235U (0,7 %, կիսատրոհումը՝ 7,13.108), 234U (0,0057 %, կիսատրոհումը՝ 1,36.107): Ուրանի աղերը ջրում լավ են լուծվում: Ուրանի հանքաքարի հորատման, հանման, մանրացման, տեղափոխման ընթացքում շրջակա միջավայր է տարածվում ուրան, ռադոն, ռադիում, պոլոնիում: Ուրանը ընդհանուր բջջային թույն է, ազդում է բոլոր օրգանների ու հյուսվածքների վրա: Ուրանի և նրա միացությունների վնասաբեր ազդեցությունը բնութագրվում է խիստ արտահայտված քիմիական թունավորությամբ և ուրանի իզոտոպների ռադիոկենսաբանական էֆեկտով: Ուրանի միացությունների ճնշող մեծամասնությունը կուտակվում են երիկամներում և քայքայիչ ազդեցություն ունենում՝ առաջացնելով ֆունկցիոնալ և մորֆոլոգիական խանգարումներ…. (Вредные химические вещества, Неорганические соединения элементов I-IV групп, Ленинград, 1988, с. 268-289):

Հակոբ Սանասարյան
2021-08-07

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*