Դեղաբույս, թե՞ եղանակացույց

12   Դեղաբույս, թե եղանակացույց

Ճռճռոկի օգտակար հատկությունները       Ճռճռոկ, Ջրջրուկ, Աստղիկ, Աստղան ծաղիկ. Мокрица,  Звезчатка, Мокричник                Stellaria media.

Ճռճռոկը հավանաբար ամենահայտնի և   ճանաչված բույսն  է Զանգեզուրում  և Արցախում, այս բույսը  հայտնի է գրեթե բոլոր տնային տնտեսուհիներին,  որպես ժանգյալով հացի ամենակարևոր  բաղադրիչներից մեկը:

Չնայած այսքան  ճանաչված լինելուն՝շատերը չգիտեն, թե  ինչ  կարևոր  և  օգտակար  դեղաբույս է  ճռճռոկը:

Ինչպես բոլոր օգտակար  բույսերի, այնպես էլ Ճռճռոկի հայրենիքը բուսաբանները համարում են Արևելյան Եվրոպան, Անատոլիան, Փոքր Ասիան, Թուրքիայի արևելյան մասը: Ճիշտ է, այս բոլոր նշված տեղերը կարծես անուղղակի կերպով ցույց են տալիս Հայաստանը, բայց կարծում եմ, որ պետք է ուղղակի կերպով նշել, որ Ճռճռոկի հայրենիքը հենց Հայկական լեռնաշխարհն է, որտեղից էլ այդ լեռնաշխահի բնակիչների նման այն տարածվել է ամբողջ աշխարհում:

Ճռճռոկը  խիստ  խոնավասեր բույս է, այն խոնավություն է կլանում ոչ միայն հողից  իր արմատների միջոցով, այլ նաև օդից՝ բույսը ծածկող մազիկների հիմքային մասերում գտնվող հատուկ  ջուր կլանող բջիջների միջոցով: Իր այս հատկության շնորհիվ էլ բույսը գրեթե մշտական խոնավ է՝ թե անձրևին և թե չոր եղանակին: Իր այս խոնավային էությունից  էլ  բույսը հայերենում  ստացել  է Ջրջրուկ (ջուր բառից), Զանգեզուրում  և Արցախում  Ճռճռոկ՝ (բույսը քաղելիս ու մշակելիս ճռճռում է)  և  ռուսերենում՝ Мокрица անունը:

Պարզվում է, որ ճռճռոկը Հայկական լեռնաշխարհում  ճանաչվել և օգտագործվել է ամենահնագույն ժամանակներից, այդ է վկայում բույսի Աստղիկ կամ Աստղան ծաղիկ անունները, որոնք  բույսին կապում են հայկական ամենահայտնի դիցուհիներից մեկի՝Աստղիկի հետ:

Բացի անունների նույնությունից, բույսը և Աստվածուհին իրար են կապված իրենց խոնավային էությամբ, Աստղիկ դիցուհին համարվում էր սիրո, գեղեցկության, լույսի և ջրի աստվածուհին (Мифы народов мира, Москва,1997,  Արթուր Շահնազարյան, Է Արար, 2011):

Աստղիկի և Վահագնի սրբազան ամուսնության շնորհիվ անձրև էր տեղում, դիցուհին ամեն օր լողանում էր Եփրատ գետում՝ գետի այդ մասը ծածկելով մշուշով: Աստղիկ դիցուհու և Վահագնի հետ էր կապված նաև Վարդավառի հայտնի տոնը, որի ժամանակ ժողովուրդը  ջուր էր  ցանում իրար վրա: Աստղիկ  դիցուհին, ինչպես նաև Աստղիկ  բույսը կապված  են նաև Արուսյակ (Վեներա) մոլորակի (Լուսաստղ) պաշտամունքի հետ (Ա. Շահնազարյան, Է Արար, 2011, էջ 294):

Ճռճռոկի  լատիներեն  անվանումը  նույնպես ծագել է աստղ բառից, Stella — լատիներեն  աստղ:

Ճռճռոկը տարածված  է բոլոր աշխարհամասերում, այն աճում է գետերի ափերին, անտառներում  և այգիներում, ամենափոքր իսկ խոնավությունը կյանք է տալիս նրան: Բույսը չի վախենում ցրտից և աճում է արագ, նույնիսկ մարտ ամսին այն առաջացնում է կանաչ մարգեր:

Ճռճռոկը միամյա խոտաբույս է՝ կարճ, թույլ արմատներով և խիստ ճյուղավորված  ցողուններով, մանր, ձվաձև, հակադիր դասավորված սրածայր տերևներով:  Ցողունները  թույլ են և հիմնականում  պառկում  են հողի վրա: Արմատին մոտ գտնվող  տերևները  կոթունավոր են, իսկ վերին  մասերում  նստադիր:  Ցողունի երկարությունը 10-40 սմ է, այն հիմնականում տարածվում է հողի վրա և արագ  արմատակալում: Ծաղիկները մանր են, սպիտակ և աստղանման, ծաղկա-

թերթիկները  խորը  բաժանված  են  երկու  մասի: Պտուղները մուգ գույնի հունդեր են, փռված ճյուղերը նորմալ խոնավության դեպքում  հեշտ արմատակալում են և արագ աճում՝ առաջացնելով ամբողջական գորգեր և ծածկելով  մեծ  տարածքներ:

Բույսը միամյա է (երբեմն ձմեռում է), հիմնականում բազմանում է սերմերի միջոցով, ըստ  որում  սերմերը աճում  են  միանգամից, առանց  որևէ  հանգստի շրջանի, պահպանելով   ծլունակությունը  մինչև 5 տարի (ըստ  որոշ  ուսումնասիրողների մինչև 25-30 տարի):  Բույսի  կյանքի  տևողությունը  մոտ  40 օր  է,  որի  ընթացքում  այն  հասցնում  է  ծաղկել  և  տալ  15 000-25 000 սերմ:

21Ճռճռոկի  սերմերը  ծլում  են 3-4° С ջերմաստիճանային պայմաններում, իսկ հողի  վրա  գտնվող  ցողունները հանգույցներում  արագ  արմատակալում  են, նույնիսկ կտրված  ցողունները շատ  արագ  արմատակալում  են  և  առաջանում  է  նոր  բույս:

Ճռճռոկը աճում է  հիմնականում  բերի և  հումուսով  հարուստ  սևահողերում, բավարար  խոնավության  պայմաններում  և ծաղկում է վաղ գարնանից մինչև ուշ աշուն՝ հայտնվելով ամենափոքր խոնավության հետ:  Այս բույսը լավ ճանաչում են գրեթե բոլոր այգեգործները, որոնք գրեթե առանց բացառության համարում են բույսը մոլախոտ  և անգթորեն ոչնչացնում են այն, մինչդեռ ճռճռոկին իր բազում օգտակար հատկությունների համար պետք է խնամել, սիրել և … ուտել, և բույսը մեզ կազատի բազմաթիվ  հիվանդություններից  ու հոգսերից:

Այս բույսը սիրում են մարդիկ և կենդանիները, մեղունները սիրով նեկտար են հավաքում բույսի սպիտակ  ու նուրբ աստղածաղիկներից, այն  սիրում  են հատկապես  ընտանի  թռչունները, ճնճղուկները, եթե այն խառնում  են  թռչունների  կերին, արագ  ավելանում  է  նրանց  քաշը,  իսկ  ճտերը դառնում  են  ավելի  դիմացկուն,  այն նաև  խիստ  ավելացնում  է  կովերի և ոչխարների  կաթնատվությունը, և թռչունների ձվատվությունը:

Ճռճռոկի նուրբ  տերևները պարունակում են բազմաթիվ վիտամիններ, ինչպես նաև օրգանիզմի համար արժեքավոր միկրոէլեմենտներ՝ երկաթ, պղինձ, մագնեզիում, կալցիում, կոբալտ և ֆիտոցիտներ, որի շնորհիվ  էլ բույսը  արագ  առողջացնում  է  թարախային  վերքերը:

Հետաքրքիր է, որ վիտամին C- ի պարունակությունը  բույսի մեջ (100 գրամի բույսի  մեջ 100-115մգ) մոտ երկու անգամ ավելի շատ է  քան լիմոնում և այն էլ՝ որպես բնության պարգև, իհարկե, բնասերների համար:  Այս  բույսը  պարունակում  է  մեծ  քանակությամբ կալիում, քլոր,  վիտամին  Е(44 մգ), К, կարոտին (23 մգ) և Սապոնին:

Ճռճռոկը ամենատարածված և հայտնի ուտելի բույսերից  մեկն է ամբողջ աշխարհում, այն օգտագործվում է ինչպես հում վիճակում `աղցաների ձևով, այնպես էլ տարբեր սուպերի մեջ:

Բույսի տերևներից և մեղրից պատրաստում են խիստ օգտակար և զովացուցիչ հյութ:

Հայաստանում ճռճռոկը աճում է ամենուր, սակայն հիմնականում օգտագործվում է Զանգեզուրում և Արցախում, այն համարվում է ժանգյալով հացի կարևոր բաղադրիչներից մեկը: Այս բույսի լայնորեն տարածված և հայտնի լինելը ամբողջ աշխարհում և նրա կապը հնագույն դիցաբանության հետ թույլ է տալիս ենթադրելու, որ այն ամենահնագույն ժամանակներից  օգտագործվել է նաև որպես դեղաբույս, այդ են վկայում ժողովրդական բժշկության մեջ բույսի օգտագործումը ամենատարբեր հիվանդությունների դեմ:

Ճռճռոկը համարվում է լավագույն հակաբորբոքային, հակաճնշումային դեղամիջոց: Բույսը համարվում է օրգանիզմի տոնուսը բարձրացնող, ամրապնդող և ցավազրկող դեղաբույս: Այն  թեթևացնում  է  ցավի  զգացողությունը, փափկացնում  և  ներծծում  է  ուռուցքները,  կանգնեցնում  է  արյունահոսությունը  և  ապաքինում  է  թարախային  վերքերը:

Բույսը  համարվում է նաև կաթնամուղ միջոց, բույսի  թուրմը  ավելացնում է կերակրող  մոր  կաթը: Բույսի թունդ թուրմով լոգանքները խիստ առողջարար են նյարդային համակարգի հանգստացման, մաշկային հիվանդությունների և ոտքերի այտուցվածության համար:  Այն խիստ օգտակար է (կռոթուկի տերևների հետ)  նաև ոտքերի երակների  լայնացման  դեմ, այս  նպատակով  որոշակի  հանգույցի  վրա  դնում  են  ճոճռոկի տրորված  տերևները  կռոթուկի (лопух)  լայն թարմ  տերևի  մեջ  և  ամրացնում   բինտով:  Փոխել 2-3 ժամը  մեկ, 7-8 օր:     (http://www.imedik.info/v/varikoz/mokrica-da-lopuh-ot-varikoza-spasut.html):

Եթե բույսի տերևները  ավելացնենք  փոքր  երեխաների  վաննաների  մեջ,  ապա դիատեզը  կանհայտանա:  Ժողովրդական բժշկությունը անեմիայով (малокровие) և ցինգայով տառապող հիվանդներին խորհուրդ է տալիս օգտագործել ճռճռոկը հում վիճակում, սալաթների ձևով։
Արյունահոսող,  թարախային վերքերին և այրվածքներին  խորհուրդ է տրվում դնել թարմ ճռճռոկի թույլ ծեծված տերևներ: Ռադիկուլիտի և ռևմատիզմի դեպքում շատ օգտակար են բույսի տաք թրջոցները: Միջին Ասիայում ճռճռոկով  բուժում են թութքը, բույսի թուրմը կաթեցնում են աչքի եղջերաթաղանթը  պղտորվելու դեպքում (www.imedik.info):

Ճռճռոկը  խիստ օգտակար է Նյարդային  համակարգի, արյան բարձր ճնշում, կոկորդի  և  թոքերի, լյարդի (գեպատիտ), լեղապարկի (խոլեցիստիտ), աղիքների(էնտերիտ), հաստ աղիքի (կոլիտ), միզածորանների հիվանդությունների,  միզապարկի  (ցիստիտ), երիկամների, կանացի սեռական օրգանների բորբոքումների, խրոնիկական գաստրիտի,  միզաքարային հիվանդությունների, լյարդի ցիռոզ, հոդացավերի (պոդագրա), կլիմաքսի, արտաքին ալերգիայի (քոս, մաշկի բորբոքում), էկզեմայի համար:

Հնագույն  ժամանակներից  Ճռճռոկը օգտագործվում է  վահանաձև գեղձի բորբոքումների (զոբ) բուժման  համար, կանայք  այն  օգտագործում են  կրծքային ուռուցքների (մաստիտ) և այլ  ուռուցքների  համար  բույսի  տերևներով  թրջոցներ  դնելով (զուգահեռ  խմել  կաղնու  կեղևի  թուրմ): Ուռուցքների, կիստայի և էրոզիայի  դեպքում  օգտագործեք  բույսի տերևներով  թրջոցներ  կամ  թուրմով  տամպոններ դնելով  5-ից  10 օր  կամ  մինչև  ապաքինում: Ճռճռոկը բարելավում  է  արյունը, բարձրացնում  է  հեմոգլոբինը, Ճռճռոկի թուրմը  օգտագործում  են  ոսկորների (ломота), հոդերի և  մկանային  ցավերի  ժամանակ:

Շնորհիվ Е վիտամինի  պարունակության, Ճռճռոկը պահպանում է  օրգանիզմի   երիտասարդությունը, բարելավում  է  նյութափոխականությունը, այն  բուժում է նույնիսկ կանացի  անպտղությունը:

Ուսումնասիրությունները  ցույց  են  տալիս,  որ  Ճռճռոկի  թուրմը լայնացնում  և կարգավորում  է  սրտի  անոթները և  իջեցնում  է  արյան  ճնշումը:

Եթե կանայք ճոճռոկի թուրմը օգտագորում են  դաշտանից  մի քանի օր առաջ (օրական 3-4 անգամ խմել 50-100 գ), ապա  դաշտանը լինում է առանց ուշանալու և առանց  ցավային ախտանիշների:

Ճռճռոկը օգնում է ինքնամիզմանը, որով  հատկապես  տառապում  են  մեծահասակները , այս հիվանդության  դեպքում  պետք  է  խմել   Ճռճռոկի  թուրմը  և  գիշերը  դնել  կոմպրես ոտքերի տակ  Ճռճռոկի  ծեծաց  տերևներով:  (http: // health.wilel-mistress.ru/):

Այս  բույսի  թուրմի  կամ  հյութի  օգտագործման  շնորհիվ  լուծվում և մաքրվում  են  արյան  անոթների  պատերի կարծրացած  առաջացումները,  որոնք  այսօր  մեծ  տարածում  ունեն  նույնիսկ  երիտասարդների  շրջանում:   Շատ  օգտակար  է  նաև բույսի թարմ թուրմով  լվացվելը, որի  շնորհիվ  մաքրվում  և  թարմանում  է  մաշկը, վերանում  են  կնճիռները,  լավանում  է  տեսողությունը:   Ճռճռոկի  թուրմը  ստանում  են 20-25 գ թարմ  բույսը խառնելով  մեկ  բաժակ   տաք  ջրի մեջ, պահելով  1-3 ժամ,  իսկ  լոգանքի  համար՝  200-250 գ  թարմ  բույսը խառնելով  մեկ   լիտր եռացրած  տաք  ջրի մեջ թրմել  և  լցնել լոգարանը։

OLYMPUS DIGITAL CAMERAՃռճռոկը որոշ տեղերում նաև չորացնում են (ստվերում)  և օգտագործում են որպես թեյ, սակայն ցանկալի է այն  օգտագործել  թարմ  վիճակում,  չորացնելուց  այն  կորցնում  է  իր  ակտիվությունը:

Բույսը օգտագործվում է նաև տեքստիլ արդյունաբերության մեջ՝ որպես բրդե գործվածքների համար կապույտ  և կանաչ  ներկերի  ստացման հումք:

Եթե  Ձեր  այգում ճռճռուկ  է  աճում, ապա  դուք  կարող  եք  նույնիսկ  եղանակը  գուշակել: Զարմանալի  է, բայց  անձրևային  օրվա  առավոտյան  բույսի  ծաղիկները  չեն  բացվում, կարծես  կանխազգալով  անձրևային  եղանակը,  իսկ  անձրևից  հետո, շնորհիվ  ցողունների  միջոցով  խոնավության  կլանման, բույսի  ցողունները  և  տերևները  կարծես  վերափոխվում  են  կիսաթափանցիկ  բյուրեղապակու,  ամբողջովին  հագեցած  լինելով  խոնավությամբ:

Պետք է ասել, որ ճռճռոկը շնորհիվ իր օգտակար հատկությունների շատ արագ է տարածվում ամբողջ աշխարհում, արդեն 17 – րդ դարում այն այնքան էր տարածված Եվրոպայում, որ այդ ժամանակների անգլիացի բուսաբան, բժիշկ և աստրոլոգ Նիկոլա Քուլփեփերը  բույսի նկարագրությունը բաց է թողնում, արդարանալով, որ բույսը այնքան հայտնի է հասարակությանը, որ կարիք չկա այն նկարագրել: Քուլփեփերը նշում է, որ Ճռճռոկը գտնվում է Լուսնի հովանավարության տակ և թվարկում  բույսի բազմաթիվ օգտակար հատկությունները: Complete Herbal-Nicholas_Culpeper, 1652. էջ 48:

Ցավոք պետք է նշել, որ այս կարևոր բույսի մասին չի պահպանվել տեղեկություններ  որևէ հայկական աղբյուրում, լինելով ամենակարևոր բույսերի հայրենիքը և ունենալով խիստ զարգացած բուսաբանություն (այդ են վկայում մեծ քանակությամբ բույսերի հնագույն անունները և նրանց մասին գիտելիքներ, որոնք բարեբախտաբար պահպանվել են մեր գյուղական բնակչության մեջ):  Ցավոք 301 թվին մեր մշակույթի  ոչնչացումը  քրիստոնեության կողմից մեզ զրկեց  մեր նախնիների հազարամյակների փորձից ու գիտելիքներից այդ բնագավառում: Վերջին երկու հազար տարիների ընթացքում գրված հիմնական բուսաբանական բառարանը կարելի է համարել Ամիրդովլաթի բառարանը, որի բազմաթիվ բուսանուններ անհայտ են մնում:

Կարդալով  Ճռճռոկի վերը նշված բուժիչ հատկությունների մասին, ընթերցողին անշուշտ կթվա չափազանցություն, որի մասին ինձ ուղղակի ասաց իմ ընկերներից մեկը, պնդելով, որ ինքը փորձել է և իր վրա դեղաբույսի ազդեցությունը չի զգացել: Երբ ես հարցրեցի թե ինչպե՞ս է փորձել և քանի՞ անգամ, նա պատասխանեց, որ մի անգամ կերել է և ոչինչ չի զգացել: Սիրելի ընթերցող, մի անգամից ազդեցություն կարող է գործել միայն ուժեղ քիմիական դեղամիջոցը, որի քայքայիչ ազդեցության մասին անշուշտ ծանոթ են բոլորը, իսկ ցանկացած դեղաբույս կարող է օգնել միայն հետևողական և պարբերաբար օգտագործումից  հետո միայն: Նույնիսկ ամենաազդեցիկ  քիմիական  դեղանյութերը  բժիշկը նշանակում է որոշակի կուրսով – օրինակ՝ 10 -ից  15 օր – օրը  3-4 անգամ:

Ճռճռոկը ակտիվանում է վաղ գարնանից մինչև ամառ և ուշ աշնանը, հիմնականում խոնավ պայմաններում: Այն պետք է օգտագործել մինչև ծաղկելը, հիմնականում թարմ վիճակում, սալաթների մեջ և առանձին, ըստ որում օգտագործել մշտական:

Երբ բույսը աճում է ձեր հողամասում, ոչ մի դեպքում այն չի կարելի ոչնչացնել, կարծում եմ երբեք դուք չեք կարող այս բույսից  ավելի օգտակար բանջարեղեն աճեցնել:

Հովհաննես Ազիզբեկյան
bnaban.am

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*