Սև Սարի աստղագիտական հնավայրը

Սև Սարի  աստղագիտական  հնավայրը

                                             որպես հայության ներկայության ապացույց

                                                     քաղաքակրթության զարգացման  արշալույսին

 

Ցանկացած ազգի պատմությունը և հնագույն մշակույթն այդ ազգի անձնագիրն է, ինքնության ապացույցը և աշխարհին ներկայանալու լավագույն միջոցը: Մենք պարտավոր ենք մեր պատմության ու մշակույթի ամենափոքրիկ  բեկորն անգամ հավաքել, փայփայել ու հասցնել մեր սերունդներին, վաղը արդեն ուշ կլինի: Պատկերացրեք թե ինչ կլիներ, եթե Կոմիտասը մաս առ մաս չհավաքեր հայ ժողովրդական երաժշտական բեկորները, որոնք այսօր արդեն անդառնալիորեն կորած կլինեին:

Սև Սարի աստղագիտական հնավայրը  Հայ ինքնության ու վաղնջական մշակույթի մի  առանձնահատուկ բեկորն է, որի ուսումնասիրությունն ու պահպանությունը մեր ամենա

կարևոր  պարտքն է սերունդների առաջ: Հնավայրում, ցավոք, հնագիտական լուրջ ուսումնասիրություններ չեն կատարվել, այն նկատել և որպես աստղագիտական հնագույն կենտրոն, դիտարկել են ու կարևորել  հնագետ  Հարություն Մարտիրոսյանը

(Հ. Մարտիրոսյան, գիտությունը սկսվում է նախնադարում, Երևան 1978, էջ 51),

ճարտարապետ Սուրեն Պետրոսյանը (Սուրեն Պետրոսյան, Հայկական ժայռապատկերներ, Երևան 2005) և աստղագետ ու տոմարագետ Բենիկ Թումանյանը (Թումանյան Բ.Ե., Աստղագիտական բնույթի ժայռապատկերներ. Գիտություն և տեխնիկա, 1969, №3, էջ 7:):

Հնավայրը մանրամասն «ուսումնասիրվել և պեղվել է» գանձագողերի կողմից, ովքեր մասամբ ավերել են հնավայրի կենտրոնական ժայռապատկերի շրջակայքը, փորել  և շրջել են կենտրոնի ամենամեծ ժայռապատկերով քարակոթողի շուրջը գտնվող մի քանի ժայռապատկերավոր քարակոթողներ (Նկ. 2.):

            Հնավայրի ավերման վտանգը ցավոք սրտի, հատկապես վերջին տարիներին, հրատապ հարց է, քանի որ այս քարակոթողները դարձել են գերեզմանաքարերի արտադրամասի  ուշադրության առարկան, ովքեր նույնիսկ հնավայրի քարակոթողներից նմուշներ են վերցրել: Այսպիսով  հնավայրի ուսումնասիրությունը և ուշադրությունը տեղանքի նկատմամբ նաև կարող է դառնալ հնագույն աստղագիտական կենտրոնի պահպանման գրավականը:

Սև սարի աստղագիտական հնավայրը տեղադրված է Վարդենիսի լեռնաշղթայի արևմտյան վերջնամասի Սև Սար Կամ Սև Քար հրաբխի հյուսիսային լանջին, Մարտունի – Սելիմի լեռնանցքի ճանապարհի ձախ կողմում (ճանապարհից 3 կմ), 2600 մետր բարձրության վրա, Գեղհովիտ գյուղի վարչական տարածքում:

Հնավայրը զբաղեցնում է մոտ 70 հեկտար տարածք, որտեղ  գտնվում են աղբյուր, բազմաթիվ առանձին քարակոթողներ ժայռապատկերներով, խոշոր քարաբեկորներ, հնագույն բնակավայր՝ ստորգետնյա բնակարաններով  և գերեզմանատուն ժայռապատկերային տապանաքարերով:  Հնավայրի տարածքը այժմ օգտագործվում է որպես խոտհարք:

Երկրաբանական տեսակետից հնավայրը տեղադրված է Սև Սար կոչվող Չորրորդական ժամանակաշրջանում առաջացած հրաբխի հյուսիսային լանջին, հրաբխից արտավիժած բազալտային լավաների սարահարթի վրա: Սև Սար կոչվող հրաբուխը ժայթքել է վերին Չորրորդական ժամանակաշրջանում (մոտ 60 000 — 70 000 տարի առաջ), այն տեղադրված է երկրակեղևի խոշոր բեկվածքի վրա (տես Նկ. 3.), որի վրա են տեղադրված նաև Աժդահակ, Սպիտակասար, Արմաղան և Արատես հրաբուխները:

Սև Սար հրաբուխը իր անունը ստացել է հրաբխի արտավիժած սև գույնի խարամներից, որոնք ժայթքել են հրաբխի առաջացման սկզբնական փուլում, կազմելով սարի հիմքը և հրաբխային երեք խառնարանները (եռագլուխ հրաբխային ապարատ), որոնցից էլ ժայթքման  երկրորդ փուլում հոսել են բազալտային լավաները (տես Նկ 4): Նշված բեկվածքի վրա առաջացած հրաբխային կենտրոնները գործել են խիստ տարբեր ժամանակներում, այսինքն՝ բեկվածքը ակտիվացել է սկսած Պլիոցենյան ժամանակներից (Սպիտակասարը գործել է մոտ 2,5-3 միլիոն տարի առաջ), ակտիվորեն գործել են Աժդահակ — Արմաղան և Սև Սար հրաբուխները վերին Չորրորդական ժամանակներում (60 000-70 000 տարի)  և վերջին ակտիվությունը եղել է 10-15 հազար տարի առաջ (Արատեսի  հետ-սառցադաշտային հրաբուխը):

Հնավայրի ժայռապատկերներ կրող բոլոր քարակոթողները Սև Սար հրաբխից արտահոսած բազալտային լավաների հոսքի առանձին քարաբեկորներն են, որոնք լավայի սառեցումից

հետո պահպանվել են լավային  սարահարթի մակերեսին, որը հիմնականում ծածկվել է հողա-բուսական 10-150 սմ հաստության շերտով:

Սև սարի հնավայրի կենտրոնական քարակոթողը տեղի բնակչությունը անվանում է Նխշուն քար կամ պորտաքար, վերջին անունը հուշում է, որ այն, ժողովրդի մոտ եղել է որպես կանանց անպտղությունը բուժող սրբավայր:

Հնավայրի գրեթե բոլոր ուսումնասիրողները հիմնականում ուշադրություն են դարձրել հնավայրի կենտրոնական քարակոթողի վրա, որը ներկայացնում է մոտ 6 քառ. մետր մակերեսով ունիկալ ժայռապատկեր (բաղկացած բազում պատկերներից), որը և  բոլոր ուսումնասիրողների կողմից որակվում է որպես աստղային երկնքի կամ տիեզերքի քարտեզ:
Սև Սարի աստղագիտական հնավայրը  տեղադրված է մոտ 70 հեկտար տարածքի վրա, ըստ որում հնագիտական հետաքրքրություն է ներկայացնում ամբողջ նշված 70 հեկտարը և ավելին, որովհետև այս ամբողջ տարածքի հենց մակերեսից գտնվել են բազմաթիվ օբսիդիանային  ու կայծքարային նետասլաքներ: Հնավայրի զարդն է կազմում վերը նշված կենտրոնական ժայռապատկերային կոթողը, որի մոտ 6 քառ. մետր մակերեսի վրա տեղադրված են բազմաթիվ պատկերներ (տես նկ 5): Սա մի առանձնահատուկ ժայռապատկեր է, որը իր տեսակով միակն է ամբողջ Հայկական լեռնաշխարհի մեզ հայտնի ժայռապատկերների մեջ թե իր մեծությամբ և թե առանձին պատկերների տեսակներով: Ժայռապատկերը իր կատարման տեխնիկայով գրեթե չի տարբերվում Գեղամա լեռների ու Սյունիքի լեռնաշխարհի ժայռապատկերներից, միայն այն տարբերությամբ, որ մեր այս ժայռապատկերի վրա գրեթե բացակայում են կենդանական պատկերները և հիմնականում ներկայացված են աստղագիտական սիմվոլներով:
Հնավայրի կենտրոնական քարակոթողի ուսումնասիրողներից դոկտոր-պրոֆեսոր Հարություն Մարտիրոսյանը կազմել է ժայռապատկերի սխեմատիկ գծագիրը (Նկ. 6.):
Պետք է ասել, որ հայ հնագիտության մեջ արդեն 1965-1970 ական թվերից շրջանառվում է այս նկարը (Նկ. 6) որպես Սև Սարի կենտրոնական քարակոթողի ժայռապատկերի պատճենը,

սակայն ցավոք պետք է նշել, որ պատճենը արված է շատ լուրջ սխալներով (մասշտաբ, պատկերների տեղադրությունն իրար նկատմամբ), հաճախ աղավաղված են հենց առանձին պատկերները, որոնց պատճառով էլ հետագա ուսումնասիրողները հաճախ հայտնվում են թյուրիմացության մեջ:

Հասկանալի լինելու համար բերենք ժայռապատկերի Արևը պատկերող գծանկարի համեմատությունը մեր կողմից արված պատճենի հետ (Նկ 7-ի բ պատկերը).

Ընդհանուր ժայռապատկերի և առանձին դետալների մասին կան բազմաթիվ կարծիքներ: Կարծիքների հիմնական մասը հանգում է աստղային երկնքի քարտեզին, իսկ ժայռապատկերի կենտրոնական մասի խոշոր շրջանաձև պատկերը, կարծես թե բոլորն ընդունում են որպես Արևի պատկեր, որի շուրջը դասավորված են տարբեր աստղային մարմիններ: Միայն աստղագետ Բենիկ Թումանյանը պատկերներից մեկը նույնացնում է Երկվորյակ համաստեղության հետ, նկատելով ու առանձնացնելով երկու մարդկային պատկերներ, սակայն մանրամասն ուսումնասիրությունը ցույց տվեց, որ իրականում այդտեղ մարդկանց թիվը երեք կամ նույնիսկ ավելին է: Նշենք նաև, որ ինչպես նշեցինք վերևում, հնավայրում որևէ լուրջ տևական ուսումնասիրություն չի կատարվել և բնականաբար եղած կարծիքները հնավայրի միանգամյա այցելության արդյունք են:

Ժայռապատկերի կենտրոնում Արևի պատկերի տեղադրությունը խոսում է Արևի և արևապաշտության մեծ դերի մասին տվյալ ժամանակի հասարակության և հավատքի մեջ, երբ Հայն Արևն էր ճանաչում ու պաշտում որպես կյանքի աղբյուր ու հիմք:

Հնավայրի ուսումնասիրության գործում թերևս նորություն կարելի է համարել կենտրոնական քարաբեկորի մագնիսական լինելու երևույթը, որը պարզվել է մեր ուսումնասիրության շնորհիվ, և որը մենք համարում ենք շատ կարևոր և առանձնահատուկ փաստ: Պարզվում է, որ նմանատիպ մագնիսական քարեր հայտնաբերվել են աշխարհի տարբեր անկյուններում, այդ թվում  մեր ժայռապատկերի Արևի պատկերի նմանությամբ և որ ամենակարևորն է, նույնպես օժտված է մագնիսական հատկությամբ (Նկ. 8.):
(Загадки планеты. Таинственный магнитный камень,  https://vcentre.net/nauka/kpz/magnitnyj-kamen)

Սև Սարի հնավայրի կենտրոնական քարի մագնիսականությունը բնական է, ուղղակի լավայի այս բեկորը պարունակում է մագնիսական մագնետիտ միներալ (երկաթի օքսիդ), որի շնորհիվ էլ քարի կենտրոնական մասը օժտված է մագնիսական հատկությամբ: Նշենք, որ նմանատիպ մագնիսական  քարեր կան նաև Հայաստանի այլ շրջաններում, որոնք էլ օգտագործվել են կանացի անպտղության բուժման համար:

Հնավայրի համար կարևորագույն հարց է նրա թվագրությունը, ո՞ր ժամանակներում են գործել ժայռապատկերների  հեղինակները և վերջապես ովքեր են նրանք եղել: Այս հարցում իր կարծիքն է հայտնել Հարություն Մարտիրոսյանը, ով համարում է հնավայրի (իմա կենտրոնական ժայռապատկերի) տարիքը մթա 2-րդ հազարամյակի վերջ և մթա 1-ին հազարամյակի սկիզբ: (Հ. Մարտիրոսյան, գիտությունը սկսվում է նախնադարում, Երևան 1978, էջ 51)

Այսինքն՝ եթե ժայռապատկերը արարվել է մոտ մթա 1-ին հազարամյակի սկզբին, կարելի է ասել Արարատյան թագավորության (մթա 9-6-րդ դարեր) ժամանակ, ապա պատկերացրեք, որ սեպագրերով արձանագրություններ գրող և զարգացած ու մետաղյա զենքերով ու մարտակառքերով զինված հայերը ժայռերի վրա քարե գործիքով ժայռապատկերներ նկարելիս…

Եթե մեր հարգելի դոկտոր պրոֆեսորը նախնադար է համարում մթա 2-րդ և 1-ին հազարամյակները, ապա ինչպես պետք է անվանի մթա 10-րդ հազարամյակը, երբ Հայկական լեռնաշխարհում գործում էին Պորտասարի և Քարահունջի  հնագույն տաճարները…

Ինչպես նշեցինք վերևում, Սև Սարի ժայռապատկերը իր կատարման տեխնիկայով և առանձին պատկերների նմանությամբ  գրեթե չի տարբերվում Հայկական լեռնաշխարհում տարածված (Գեղամա լեռներ, Սյունիքի լեռնաշխարհ) մյուս ժայռապատկերներից, որոնք թվագրվում են մթա 18-11 հազարամյակ (Համլետ Մարտիրոսյան,  Հայկական ժայռապատկերների և հին աշխարհի գրային համակարգերի ծագումնաբանական առնչությունները, էջ 20):

Հաշվի առնելով երկրաբանական, հնագիտական մի քանի տվյալներ, Սև Սարի աստղագիտական հնավայրի տարիքը կարելի է ենթադրել XV-XII հազարամյակ մթա:

Սև Սարի աստղագիտական  Հնավայրը Քարահունջի հնագույն աստղադիտարանի հետ գալիս են ապացուցելու, որ աստղագիտությունը Հայաստանում զարգացած էր ամենահնագույն ժամանակներում և որպես հայության ինքնության ներկայության ապացույց  մարդկության քաղաքակրթության զարգացման արշալույսին:

Այսպիսով՝ ունենք հնավայր մոտ 70 հեկտար տարածքով, բազմաթիվ առանձնահատուկ ժայռապատկերներով  քարակոթողներ, կենտրոնական աստղային քարտեզի պատկերով մեծ քարակոթող, բնակավայր, գերեզմանոց, աղբյուր, մի ամբողջ հնագույն համալիր, գրեթե չուսումնասիրված և կարոտ մանրամասն քարտեզագրման, հնագիտական, երկրաբանական մանրամասն և տևական ուսումնասիրման:

Հովհաննես Ազիզբեկյան

Երևան, 01.08.2020 թ

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*