Նախամաշտոցյան Հայաստանի գրավոր ժառանգությունը

Dprutyan TIR astvac Նախամաշտոցյան Հայաստանի գրավոր ժառանգությունը

Արտակ Մովսիսյան

Ակադեմիկոս ԳԵՎՈՐԳ ՋԱՀՈՒԿՅԱՆԻ լուսավոր հիշատակին

Գրավոր մշակույթի զարգացումը դարեր և հազարամյակներ տևող գործընթաց է, որում այն կրող ժողովրդի մոտ ձևավորվում, արմատավորվում և զարգանում է գրային մտածողություն: Մաշտոցյան գրերով սկզբնավորված ոսկեդարյան գրականությունը, անառարկելիորեն, բարձր զարգացման հասած գրային մտածողության արգասիք է, ինչից կարելի է ենթադրել նախամաշտոցյան Հայաստանում գրավոր մշակույթի զարգացման բազմադարյան ընթացք: Որպեսզի այս միտքը չհնչի որպես զուտ տեսական եզրահանգում, փորձենք դիտարկել, թե ինչ գրեր են կիրառվել, գրավոր մշակույթը ինչպիսի զարգացում է ապրել նախամաշտոցյան Հայաստանում:Hita-Luvitakan gir

Նախամաշտոցյան Հայաստանի դպրության մասին հնագիտական պեղումների և պահպանված մատենագրական բազմաթիվ հաղորդումների շնորհիվ այսօր ունենք հսկայական փաստական նյութ։ Ն․թ․ա․V-III հազարամյակներում Հայկական լեռնաշխարհում ձևավորվում է պատկերագրությունը, որն իր արտահայտությունն է գտնում ինչպես ժայռապատկերների, այնպես էլ զանազան իրերի վրա:Ն․թ․ա․III հազարամյակում պատկերագրերի զարգացմամբ և պարզեցմամբ ստեղծվում է գծային գրերի մի համակարգ (բաղկացած 400-500 նշաններից) որը կիրառվում է մինչև ն․թ․ա  I հազ. սկիզբը: Այս համակարգով կատարված շուրջ 300 արձանագրություններ են գտնվել Հայաստանի տասից ավելի հնավայրերից: Դրանք դեռևս վերծանված չեն. անհասկանալի է մնում գրության ուղղությունը:

Hatvac Artavazd B-i gricՆ.թ․ ա. XV-VIII դդ. Հայկական լեռնաշխարհի արևմուտքում` Եփրատի հովտում, կիրառվում են խեթալուվիական հիերոգլիֆները` գրված լուվիերենով (հայերենին մոտ ազգակից հնդեվրոպական մի լեզվով. ժամանակին ենթադրվում էր, որ դա հայերենն է): Գրային համակարգը բաղկացած է եղել շուրջ 500 հիերոգլիֆներից, ունեցել գրության բուստրոֆեդոն (ամեն հաջորդ տողը նախորդին հակառակ) ուղղություն, կիրառվել է Փոքր Ասիայի, Սիրիայի և Հայկական լեռնաշխարհի արևմտյան տարածքներում: Վանի թագավորությունում (Բիայնիլի, Ուրարտու, Արարատ) գործածվել են երեք գրային համակարգեր, որոնցից մեկը բնիկ տեղական մեհենագրությունն է, մյուս երկուսը սեպագիր են` ներմուծված Միջագետքից: Տեղական (վանյան/ բիայնական/ ուրարտական) մեհենագրությունը բաղկացած է շուրջ 300 մեհենանշաններից (հիերոգլիֆներից), որոնք գրվել են աջից ձախ և վերևից վար ուղղություններով: Այս համակարգը Հայկական լեռնաշխարհի սահմաններից դուրս որևէ տեղ հայտնի չէ: Մինչ օրս հայտնաբերվել են շուրջ 1500 արձանագրություններ և մենանշաններ:Asura-Biajnakan gir

Վանի թագավորությունում լայն կիրառություն են ունեցել սեպագիր համակարգերը: Սարդուրի I արքայի օրոք (ն․թ․ա. մոտ 840-825թթ.) կանգնեցվել են ասորեստանյան սեպագրով (շուրջ 600 նշան` ձախից աջ գրությամբ) և ասուրերենով գրված արձանագրություններ: Այդ արքայից հետո ասուրերենով բնագրերը հանդիպում են Բիայնիլի-Ուրարտուի արքաների երկլեզու կոթողներում, ինչպես նաև Արդինի-Մուսասիրում: Ուշադրության է արժանի այն հանգամանքը, որ բիայնական տիրակալների թողած ասուրերեն արձանագրություններում կիրառված են որոշակի թվով նշաններ, որոնք չեն հանդիպում տեղական (բիայնական) սեպագիր հուշարձաններում:

Իշպուինի արքայի օրոք (ն․թ.ա. մոտ 825-810թթ.) միջագետքյան սեպագրության բարեփոխմամբ ստեղծվեց տեղական (բիայնական կամ ուրարտական) սեպագրային համակարգը (ձախից աջ գրությամբ), որով մեզ են հասել շուրջ 600 մեծ ու փոքր արձանագրություններ: Իշպուինիի օրոք կատարվեց իր ընդգրկմամբ և որակով հայաստանյան մինչմաշտոցյան իրականության մեծագույն գրային բարեփոխումը, որի էությունը հետևյալն է: Ասուրաբաբելոնյան սեպագրությունը բաղկացած էր շուրջ 600 նշանից, որոնցից յուրաքանչյուրն ուներ մի քանի, երբեմն 10-ից ավելի տարբեր ընթերցում: Ընդհանուր առմամբ, արտահայտվում էին շուրջ 3000 վանկ և բառ: Բիայնական սեպագրությունը վերցրեց շուրջ 200 նշան, որոնք հիմնականում ունեին մեկ ընթերցում և հազվադեպ էին հանդիպում երկու կամ երեք նշանակությամբ: Բիայնական կոթողային ոճի սեպանշանները կառուցվածքով գրեթե նույնանում են նոր ասուրական նշաններին, ինչի հիման վրա էլ ընդունված է կարծել, թե այդ ոճը փոխառվել է Միջագետքից նոր ասուրական ժամանակաշրջանում: Տարբերությունը, հիմնականում, նշանների արտաքին տեսքի մեջ է: Ասուրական սեպանշանները մեխեր էին հիշեցնում, մինչդեռ բիայնական կոթողայինում եռանկյունիներ էին, և եթե միջագետքյանում նշաններն ունեին հատումներ, ապա բիայնականում հատվող գծիկը փոխարինվում էր երկու նոր սեպերով: Որոշ դեպքերում թեք սեպիկները վերածվում են հորիզոնականի և ընդհակառակը: Մի քանի նշաններ հանդես են գալիս ասուրաբաբելոնյան սեպագրության մեջ չվկայված նշանակությամբ:

Arameatar QarakotoxԴեռևս անորոշ է մնում ն․թ.ա.VI դարից մինչև քրիստոնեության ընդունումն ընկած ժամանակամիջոցում մեր մեհենագրության ճակատագրի հարցը: Ըստ Հ. Մարտիրոսյանի` «Այն չի բավարարում զարգացող երիտասարդ պետականության և համապատասխան գաղափարաբանության պահանջները: Այդ պատճառով հեթանոսական Հայաստանում լայնորեն օգտագործվում են օտարազգի հնչյունային գրեր… Գաղափարագրությունը շարունակում է հարատևել մասնավորապես մեհյաններում իբրև կրոնակա-հմայական գրչության ձև»:

Նյութական վկայությունների բացակայության հետևանքով այսօր մեզ հայտնի չէ, թե հետբիայնական դարաշրջանում հայկական մեհենագրությունն ինչ զարգացում է ունեցել, հասե՞լ է այբուբենի, թե ոչ: Հավանական է ենթադրելը, որ այնուամենայնիվ չի հանգել այբուբենի, որի պատճառը կարող է լինել քրմության կողմից սրբազան ավանդույթին հավատարիմ մնալը (ինչպես դա եղավ եգիպտական հիերոգլիֆիկայի պարագայում): Քրիստոնեության պետականացումից հետո մեհենագրերը շարունակեցին կիրառվել հայ իրականության մեջ հմայագրերի, վարպետների նշանների, գաղափարագիր-նշանագրերի («նշանագիրք իմաստնոց» ցանկերը միջնադարյան մատյաններում, իմաստակիր նշանները կիրառական արվեստում) և այլ տեսքով:hskayanshanner

Վանի թագավորության անկումից մինչև քրիստոնեության ընդունումը Հայաստանում գործածվում են այբբենական գրային համակարգերը (ի տարբերություն նախկինում գործածված բառային ու վանկային համակարգերի): Դրանցից առավել լայն տարածում գտավ հունարենը` իր գրահամակարգով (ձախից աջ գրություն, 24 տառ), որը կիրառվում է ն․թ. ա․ III  դարիրց սկսած, իսկ քրիստոնեության պետական կրոն հռչակումից հետո ավելի լայնորեն գործածվում է, հատկապես, կրոնական քարոզչության նպատակով:

ՀԻն Առաջավոր Ասիայում առավել տարածված գրահամակարգերից մեկն արամեական այբուբենն է (22 բաղաձայն, աջից ձախ գրությամբ), որը ն.թ․ա․II-ից ն․թ․II  դարերում կիրառվում էր նաև Հայկական լեռնաշխարհում:

Քրիստոնեության պետական կրոն հռչակումից հետո, հունարենին զուգահեռ, քարոզչության նպատակներով Հայաստանում լայն կիրառություն է ստանում ասորերենը: Արքունի գրագրության, հոգևոր քարոզչության և ուսման ասպարեզներում Տրդատ III-ի հրամանով սահմանած հունարենի ու ասորերենի գործածության կարգը խախտվել է Խոսրով արքայի գահընկեցությունից (389թ.) հետո, երբ Արևելյան Հայաստանում արքունի գրագրության մեջ գործածվւմ է պահլավերենը (միջին պարսկերենը): Թե’ ասորական և թե’ պահլավական գրերի հիմքում ընկած է արամեական այբուբենը:

Հիշատակված հայտնի և հստակ թվագրվող գրահամակարգերից բացի նախամախտոցյան Հայաստանն ուներ ևս երկու գրահամակարգեր, որոնք շարունակում են մնալ չվերծանված և իրենց ծագումով ու նշանակությամբ առեղծվածային: Դրանցից մեկը Հայաստանի երկրորդ սեպագիրն է, որը տարբերվում է մինչ օրս աշխարհում հայտնի բոլոր սեպանշանային համակարգերից, իսկ երկրորդն առեղծվածային հսկայանշաններն են:

Վկայակոչված գրային համակարգերի կիրառմամբ նախամաշտոցյան Հայաստանում ձևավոևված գրավոր մշակույթի ու գրային մտածողության արտահատությունները կարելի է տեսնել ոսկեդարյան դպրության բազմաթիվ տարրերում: Դրանցից առավել ակնառու հինգերորդ դարում գրական հայերենի մշակվածության բարձր մակարդակն է: Ինքնին հասկանալի է, որ դարեր ու հազարամյակներ տևած պետականության ընթացքում Հայաստանում գոյություն է ունեցել վերբարբառային, պետական հաղորդակցության լեզու, որը պիտի հասկանալի լիներ ողջ երկրում (դրանով պետք է հաղորդակցվեին արքունիքի հետ, զորահավաքների ընթացքում, դատական ատյաններում, աշխարհիկ ու հոգևոր դասերի ժողովներում և այլուր): Անհավանական է ենթադրելը, թե այդ համընդհանուր հաղորդակցության լեզուն (որը պետք է լիներ երկրի կենտրոնական շրջանի բարբառ-խոսվածքը) գոյություն է ունեցել ու զարգացել միայն խոսակցական մակարդակում` առանց գրավոր լեզու լինելու, և անմիջապես դարձել գրաբարի հիմքը: Ինչպես նշում է Գ. Բ. Ջահուկյանը` «գրական լեզվի բառապաշարը, ինչքան էլ աղքատ լինի, մի քանի, երբեմն մի քանի տասնյակ անգամ գերազանցում է յուրաքանչյուր բարբառի բառապաշար: Բարբառի միջին բառապաշարը, այն էլ ոչ լիովին հայտնի, անցնում է 60 հազարից»: Այսինքն` գրաբարի բառապաշարը ևս վկայում է հօգուտ հայերենի` նախամաշտոցյան շրջանում երկարատև գրավոր մշակման ենթարկված լինելու իրողությունը:

Նախամաշտոցյան Հայաստանի գրավոր ժառանգությունը կարելի է խմբավորել ըստ մի քանի բնութագրական հատկանիշների:

Ըստ ծագման և պատկանելության`

  1. Հայաստանում ստեղծված պատկերագրային համակարգերի հուշարձաններ,
  2. օտար ծագում ունեցող, բայց Հայաստանի բնիկների կողմից կիրառված գրային համակարգերի արձանագրություններ (հատուկ ուշադրության են արժանի դրանց կիրառման տեղական առանձնահատկությունները),
  3. Հայաստանի տարածքում հայտնաբերված, սակայն օտարների կոմից ստեղծված գրակիր հուշարձաններ,
  4. առեղծվածային ծագումով և նշանակությամբ կոթողներ:

Ըստ գրային համակարգի բնույթի`

  1. բառային
  2. բառավանկային
  3. այբբենական

Ըստ գրանշանների արտաքին տեսքի`

  1. պատկերանշանային /այդ թվում` հիերոգլիֆ/
  2. գծանշանային
  3. սեպանշանային
  4. տառային

Ըստ արձանագրությունների բովանդակության`

  1. արքայական արձանագրություններ` նվիրված աստվածների պաշտամունքին
  2. ռազմական արշավանքների նկարագրություններ
  3. թագավորական նախնիներին ձոնված գրակիր կոթողներ
  4. թագավորական իշխանության և արքայի անձի աստվածացմանը վերաբերող արձանագրություններ
  5. արքայական հիշատակարաններ քաղաքների ու շինությունների (հատկապես` սրբավայրերի) հիմնադրման ու բարեկարգման մասին
  6. նոր օրենքներ ու կարգեր սահմանող բնագրեր
  7. արքայական նվիրատվական արձանագրություններ
  8. թագավորական դրամների մակագրություններ
  9. արքայական նամակագրության արձանագրումներ
  10. հոգևոր-պաշտամունքային բազմաբնույթ բնագրեր
  11. ժամանակագրական-օրացույցային արձանագրություններ
  12. ընծայագրեր
  13. բարոյախրատական բովանդակությամբ չափածո ստեղծագործության (ողբերգության) հատվածներ
  14. պատմական բովանդայկությամբ չափածո ստեղծագործության (ողբերգության(ժ) հատվածներ
  15. տապանագրեր (այդ թվում` չափածո եղերերգեր)
  16. մենանշաններ
  17. դեռևս անհայտ բովանդակությամբ հուշարձաններ…

Նախամաշտոցյան Հայաստանի գրավոր մշակույթի հուշարձանները կարելի է խմբավորել նաև ըստ գրանյութի, գրության ուղղության և այլ հատկանիշների:

Ավարտելուց առաջ անհրաժեշտ ենք համարում մեկ անգամ ևս շեշտել, որ հազարամյակների ընթացքում Հայկական լեռնաշխարհում ստեղծված գրավոր մշակույթը չէր կարող անհետևանք կորչել, և մաշտոցյան դպրության կատարելությունը պայմանավորված էր նաև նախամաշտոցյան շրջանում արմատավորված գրային մտածողությամբ:

Ամփոփելով շարադրված ողջ նյութը` տեսնում ենք, որ նախամաշտոցյան Հայաստանում կիրառվել են տասներկու գրային համակարգեր, թողնվել են բազմահազար արձանագրություններ մայրենի և օտար լեզուներով: Դա ավելի քան խոսուն վկայությունն է մեր նախնիների` գրի ու գրականության նկատմամբ տածած հարգանքի և սիրո, որի պերճախոս ապացույցն է դպրության Տիր աստծո պաշտամունքը նախաքրիստոնեական դարաշրջանում: Այդ վերաբերմունքը շարունակվեց նաև հետագայում` Մեսրոպ մաշտոցի ու նրա հանճարեղ ժառանգների սրբացմամբ, ինչի ականատեսն ու վկան ենք այսօր…

օգտագործված գրականություն…

(1)- Հայկական լեռնաշխարհի պատկերագրության զարգացման նախնական փուլերի մասին տես Ա. Մովսիսյան, Հայկական մեհենագրություն, Երևան, 2003, էջ 14-19: Վաղ բրոնզի դարաշրջանում Հայկական լեռնաշխարհում պատկերագրության օրինակները տես Հ. Մարտիրոսյան, Հայաստանի նախնադարյան նշանագրերը և նրանց ուրարտա-հայկական կրկնակները, Երևան, 1973, էջ 68-70, աղ. XXIII:

(2)- Մանրամասն տես Ա. Ե. Մովսիսյան, Հայկական մեհենագրություն, էջ 46-126, գրականության հղումները` էջ 49-63, ավելի քան 40 հնավայրերի քարտեզը` էջ50, արձանագրությունների և մենանշանների դիվանը` էջ 189-269 (Հավելված Բ):

(3)- Հ. Ա. Մարտիրոսյան, Հայաստանի նախնադարյան նշանագրերը և նրանց ուրարտա-հայկական կրկնակները, Երևան, 1973, էջ 69: Դատելով մատենագրական տեղեկություններից, սակայն, կարելի է եզրակացնել, որ հայալեզու նշանագրերը նախաքրիստոնեական Հայաստանում ունեցել են ավելի լայն կիրառություն: Այդ են վկայում Փիլոստրատոսի տեղեկությունը Արշակ արքայի (I դար) նվիրաբերած հայագիր ոսկյա ժանյակի մասին (տես Հայ ժողովրդի պատմության քրեստոմատիա, Հ. 1, էջ 619-620), Հիպպոլիտիսի 234-235 թթ, գրված «ժամանակագրության» մեջ հայերի նշվելը սեփական դպրություն ունեցող ժողովուրդների շարքում (նույն տեղում, էջ 621), Ագաթանգեղոսի հաղորդումները նշանագրության և նախաքրիստոնեական Հայաստանում դպրության աստծո Սիրի պաշտամունքի վերաբերյալ (Ագաթանգեղոս, 12, Ը, 99, ՃԸ, 778), Մովսես Խորենացու հաղորդումը II- III դարերում Ղարանաղյաց Անի ամրոցում մեհենագրական պատմագրության արխիվի մասին, որից ասորի մատենագիր Բարդածանը (Բար Ղասյանը) թարգմանություններ է կատարել ասորերեն ու հունարեն (Խորենացի, Բ, ԿԶ) և այլն:

(4)- Դա ակնհայտ է Մովսես Խորենացու և Ղազար Փարպեցու հաղորդումներից: Ըստ պատմահոր` Մերուժան Արծրունին 360-ական թվականներին անհաջող փորձ է արել արգելելու հունարեն դպրությունը և հաստատելու պարսկերենը (գիրք Գ, գլ. ԼԶ): Նույն պատմիչի համաձայն` պարսկերենը Արևելյան Հայաստանի արքունի գրագրության մեջ գործածվել է Վռամշապուհի օրոք (գիրք Գ, գլ. ԾԲ): Ղազար Փարպեցին տեղեկացնում է, որ Հայաստանի բաժանումից անմիջապես հետո, Խոսրով արքայի օրոք դեռևս արքունիքում կիրառվում էր հունարենը (դրվագ Ա, գլ. Ժ): Դրանից պետք է եզրակացնել, որ միջին պարսկերենի (պահլավերենի) կիրառությունը Արևելյան Հայաստանում արքունի գրագրության մեջ սկսվել է 389 թվականից հետո:

(5)- Նախամաշտոցյան Հայաստանում հայալեզու դպրության գոյությունն ընդունող և չընդունող գիտնականների առավել ամբողջական ցանկը` հայտնած տեսակետներով, տես Կ. Թոխաթեան, Մաշտոցեան տառաձեւերի և դրանց ժայռապատկեր նմանակների աղերսների շուրջ.- «Բազմավեպ», 2003, N 1-4, էջ 51-80: Այդ տեսակետների շարքում ուշագրավ մի վարկած առաջ քաշեց Գ. Խ. Սարգսյանը, որը մինչ այդ էլ ընդունում էր նախաքրիստոնեական Հայաստանում հայալեզու դպրության հնարավորությունը, անգամշուրջ 500-ամյա պատմագրական անընդհատ ավանդույթի գոյությունը (տես Գ. Խ. Սարգսյան, նշվ. աշխ., էջ 122-126): Նա կարծում է, որ չորրորդ դարում ևս հայալեզու դպրությունը չի ընդհատվել, այլ արտահայտվել է հետերիոգրաֆիայի եղանակով. Վերջինիս համաձայն` օտարներից փոխառված գիրը կիրառվում էր բառերի նույն գծագրությամբ, սակայն կիրառողներն այն ընթերցում էին ոչ տվյալ գիրը ստեղծող ժողովրդի լեզվով, այլ իրենց լեզվի նույնիմաստ բառով:

(6)- Հայկական լեռնաշխարհի տարբեր հնավայրերից գտնվել են բազմաթիվ գրակիր առարկաներ, որոնք այստեղ են հայտվել ռազմական, առևտրատնտեսական, մշակութային ու այլաբնույթ հարաբերությունների արդյունքում և չեն կազմում հայաստանյան դպրության մասը:

(7)- Այս դասակարգումը ստացել ենք այսօր վերծանված արձանագրությունների հավաքման արդյունքում: Մյուս արձանագրությունների ապագայում կատարվելիք վերծանությունը կարող է որոշակի փոփոխություններ մտցնել այս ցանկում:

 

Պատմա-բանասիրական հանդես

2011-09-29

 

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*