Դերասանուհի Մարի Գրիգորյանն՝ արվեստի ու գրականության իր ընկալումներով

մարի«Ինչը կարող է քարացնել ինձ փողոցում անգամ, պատահական ամպերին նայելիս… արվեստ է»:
-Թույլ տվեք ողջունել հեղինակային տողով`
Քո աչքերում այնքան երազ…
Այնքան կարոտ կարդացի…
-Շնորհակալություն, երկուսն էլ միշտ կան, ներկա են..
-Մարի Գրիգորյանը արդյոք կդադարի երազե՞լ:
_ Ո՛չ: Երբե՛ք: Կարևորը, որ Մարի Գրիգորյանի երազները փոփոխվեն…
Կարևորն այն է, որ երազները նպատակներ դառնան և իրագործվեն, դառնան հնարավոր … իսկ դա հնարավոր է…
-Ի՞նչ է գույնը: Որո՞նք են գույների նշանակությունը Ձեր մեկնաբանությամբ:
— Գույնը տաքություն է, ծավալ, շերտ… գույնը բերկրանք է ու աստվածային մեծ պարգև և վերջապես կիրք ու տարերք:
-Մարի Գրիգորյանի ներաշխարհն, ո՞ր ժամանակաշրջանն է ներառում:
_Կարծես թե միջնադար…. Ես ինձ այնտեղ շատ լավ եմ զգում, շատ հարազատ միջավայրում, ասես ինչ որ բան եմ թողել էնտեղ, ուր անընդհատ ուզում եմ վերադառնալ Քուչակի, Դպիրի աշխարհը…..
-Եթե հնարավորություն տրվեր հանդիպել գրողներից որևէ մեկին, ո՞ւմ կընտրեիք և ի՞նչ հարց կուղղեիք նրան:
_Այդպիսի գրողներ ինձ համար Լև Տոլստոյն ու Ֆրանսուա Մորիակն են: Նրանց երկուսին էլ կուղղեի միևնույն հարցը. «Դուք այդ ինչպե՞ս, որտեղի՞ց այդքան լավ գիտեք կնոջը: Եվ արդյոք այդ հանգամանքը օգնե՞ց Ձեզ երջանկացնել Ձեր սեփական կնոջը»: Իսկ Թումանյանից կխնդրեի բացատրություն տալ …
-Բացատրությո՜ւն.. ո՞ր գործի վերաբերյալ:
-Ընդհանրապես…. Նա ամենաառեղծվածային հանճարն է մեր գրական պատմության:
-Այն եզակի մարդկանցից եք, որն անսպառ կարող է զրուցել արվեստի տարբեր ճյուղերի մասին, մասնավորապես, նկարչությունից, ի՞նչ է արվեստը Ձեզ համար:
_Սարոյանն է լավ տալիս արվեստի բնութագրումը.«ինչին որ առանձնահատուկ հայացքով ես նայում, ինչն այլ կերպ ես մատուցում, ինչն առանձնահատուկ լույսի տակ ես տեսնում, այլ կերպ ես զատում… ցանկացած ամեն բան»:
Ինձ շատ է դուր գալիս հենց այն առանձնահատուկը, ինչը կարող է քարացնել ինձ անգամ փողոցում պատահական ամպերին նայելիս… արվեստ է , այն էլ անկրկնելի արվեստ… արարչական անկրկնելիություն:մար
-Մարի Գրիգորյանն ապրե՞լ է պոռթկում, ինչը վերածվել է կտավի:
_Այն վերածվեց ոչ թե կտավի, այլ որմնանկարի…. վաղուց էի մեր ժայռապատկերներով ոգեշնչված… միշտ երազում էի, որ այդ պատկերներից մեկը մայրաքաղաքի հսկա պատերից մեկը կզարդարի մի որևէ գեղանկարիչ, և տարիներ անց, շատ պատահական հայտնաբերեցի, որ այդ որմն իմ տանն է գտնվում և նկարիչն էլ ես եմ լինելու (լուսանկարի հետնապատկերն է): Կյանքումս նման հաճույք չէի ստացել վաղուց: Այդ աշխատանքը կարծես թե մասամբ փոխարինեց բեմական պարապուրդիս:
-Ո՞րն է այն կերպարը, որը դեռ չեք խաղացել, բայց ապրում է ՁԵր մեջ:
-Դա քարկոծվող կնոջ կերպարն է…. դա հակասություններով ու ներքին կռիվներով անհատն է… ուժեղ ու տառապող: Աննա Կարենինա, Թերեզ Դեսքեյրու, Գերթրուդ, Փառանձեմ Թագուհի .. -Հնարավո՞ր է, որ այն մեկ օր կերտեք ինչ-որ մեկի մեջ, որպես` ռեժիսոր:
-Դա ներքին զգացողություն է, պիտի հասկանաս էդ կերպարին նրա մղումները, ինձ դուր է գալիս ինքնարտահայտվել, իմ անձի միջոցով անել դա , դառնա՛լ ու արդարացնել Նրան՝ այդ կերպարին..
-Թատերարվեստն այսօր ո՞ր փուլում է, ի՞նչ է պակասում:
_Անորոշ, ինչպիսին իրականությունն է, մենք բոլոր փուլերն անցել ենք… եղել կատարյալ ու հզոր…այսօր պակասում է հենց մեր՝ արվեստի գործիչների սերը, իսկական սերը, արարման սերը, քանզի փառասիրությունը պարուրեց շատերին:
-Ձեր կյանքում ի՞նչ դեր ունի հումորը կամ հումորի զգացումը՞
-Օ՜, ես սիրում եմ ուրախ մարդկանց, մարդիկ, ովքեր կարողանում եմ անտեսել չարիքը, պրոբլեմները: Սիրում եմ ուրախ ու անկաշկանդ մթնոլորտ ապահովել, և ազատորեն չկեղծել… -Դուք յուրօրինակ եք ու ՄԵԾ Ձեր հասարակությամբ, հետաքրքիր է ովքե՞ր կարող են լինել Ձեր ընկերները:
-Մտածող բոլոր մարդիկ… մի քիչ խենթ ու խելառ ու որ ամենակարևորն է հայրենասեր -կոսմոպոլիտներ…
-Հրաշալի Հայուհի, որն ունի երկու խենթ զավակ, ի՞նչ եք նրանց համար` խիստ մայր, մեծ ընկեր թե՞ հասակակից:
-Այդ բոլորը ու դեռ մի քանի բան էլ վրադիր: Ամենակարևորը ես փորձում եմ նրանց սովորեցնել այն ինչ կարևոր է այս կյանքում, ճանաչել գեղեցիկը, մարդկանց, մտածել, ստեղծագործել և ինչու՞ չէ, նաև զվարճանալ: Բարի գործերով գոհանալ և ուժեղանալ:
-Ի՞նչ խորհուրդ կտաք հայ մայրերին:
— Գիտե՞ք, որքան էլ ժամանակները փոխվում են, մարդկային ու մանավանդ ազգային էությունը մնում է նույնը: Պետք է նախ իրենք իրենց ինքնությունը ճանաչեն և հետո կարողանան հասկանալ իրենց երեխաներին: Ինքներս մեզնից շատ ենք հեռացել: Խրատն ու խոսքը դիպուկ ու հզոր պիտի լինի: Երեխաները պիտի սովորեն ինքնուրույն լինել, բայց ոչ ինքնագլուխ: Շատ մայրեր անում են ճիշտ հակառակը, դաստիարակում են ինքնագլուխ, բայց կախյալ զավակներ: Խոսքը համեմեք ասացվածքներով: Դրանք ավելի հզոր ու ազդեցիկ են իրենց պարզության մեջ, քան ասենք, եթե կես ժամ դաստիարակչական քարոզ կարդաս: Փորձենք ամեն պահ հասկանալ մեր զավակներին, մենք նրանց տարիքում եղել ենք, նրանք մեր տարիքում ՝ ոչ:
-Ի՞նչ գույն ունի Մարի Գրիգորյանի կյանքը:
-Երկնքի, նկատի ունեմ օրվա բոլոր ժամերի, տարվա եղանակների, որտեղ ժամանակ առ ժամանակ ինքնաթիռի անկապ պեռլամուտռն է հայտնվում… սարքովի, ու շինծու:
— Ի՞նչ-որ միտք, որը երբևէ կիսատ եք թողել…
_Եվ կգա մի օր… գուցե գա մի օր….
———հիմա էլ է կիսատ մնում:
-Շնորհակալ եմ անկեղծ ու յուրօրինակ հարցազրույցի համար:
-Խնդրեմ, ինձ համար էլ շատ հետաքրքիր էր բանաստեղծուհու հարցերին պատասխանել….

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*