ՑԵՂԱԿՐՈՆՆԵՐԻՆ

նժդեհ3Դու գիտես դասական պատմությունը, որը խոսելով Լիկուրգոսի մասին, ասում է —
Բարեկարգելով Սպարտան (ուր քաղաքացիները, մոռացած իրենց անձը, ապրում էին միայն հայրենիքի համար, ուր նորահաս սերունդը մարզվում էր հաղթանակելու արվեստի մեջ, ուր ամեն մարդ և բոլորը երգում էին` փառաբանելով հերոսներին ու պարսավելով երկչոտներին)`
Լիկուրգոսը ի մի հրավիրեց ժողովուրդին և ուզեց, որ նա երդվի, թե իր բացակայության ժամանակ չպիտի խախտի իր ստեղծած օրենքները:
Ժողովուրդը կատարեց մեծ օրենսդրի և հայրենասերի ցանկությունը -երդվեց, որից հետո Լիկուրգոսը թողեց իր հայրենիքն ու հեռացավ:
Եվ որպեսզի սպարտացիներին չազատի իրենց երդումից, նա վճռեց կամավոր մեռնել` Սպարտայից հեռու:
* * *
Ուխտակիցնե՛ր,
Ես ցեղի խոսքը, պաշտամունքը, օրենքը քարոզեցի ձեզ: Ու երբ դուք երդվեցիք` մնալ հավատարիմ ցեղակրոն անվանը և դավանանքին` ես հեռացա:
Այժմ աշխարհագրորեն շա՜տ հեռու եմ ձեզնից, բայց սպարտացի օրենսդրի վերջին քայլին դիմելու պատճառ չունեմ, որովհետև խորապես հավատում եմ ձեր ուխտի սրբությանն ու անխախտությանը: Չէ՞ որ դուք ուխտեցիք… հավատարիմ մնալ ձեր ցեղին: Իսկ ցեղակրոնի համար հավատարիմ մնալ` նշանակում է ամեն օր, ժա՛մ, վայրկեա՛ն հպարտանքով լսել այն սրբազան ձայնը, որ զրնգում է իր արյունի մէջ և ասում`
«Ես հա՛յ եմ և յոթնիցս հպարտ եմ, որ հա՛յ եմ: Ես ի՛մ ցեղի զավակն եմ, և ահա՛ օտարության մեջ իսկ, Ցեղակրոնության շնորհիվ, ի՛ր կաթը կծծեմ»:
* * *
Ցեղակրոննե՛ր,
Ասել` «ես մարդ եմ», առանց ասելու՝ «ես հայ եմ», նշանակում է մեղանչել և՛ հայության, և՛ մարդկության դեմ:
Սո՛ւտ է, չկա՛ և պիտի չլինի վերացական, ցեղորեն անկերպարանք մարդը:
Կա՛ և կմնա ցեղադեմ մարդը – ֆրանսացին, անգլիացին, ռուսը, լեհը, արաբը, հայը – կա՛ ցեղորոշ մարդը:
Չկա՛ անկերպարանք մարդկություն – կան մարդկային ցեղեր: Չկա՛ մարդկություն – կա նրա գաղափարը, անո՛ւնը միայն:
Եթե գոյություն ունենար մարդկությունը` լույսի և աշխատանքի մեր արդար ցեղի կեսը սպանող թուրքը՝ չէ՛ր մնա անպատիժ:
Եթե գոյություն ունենար մարդկայնությունը` տմարդ աշխարհը Լոզանում չէ՛ր սեղմի թուրք փաշաների հայ արյունո՛վ ներկված ձեռքերը, և եղբայրություն կեղծող Մոսկվան շնաբար չէ՛ր համբուրվի քեմալական Անկարայի հետ:
Մարդկությո՛ւն, մարդկայնությո՛ւն — դեռ սնամեջ բառեր են, հեգնանքը գայլ-ազգերի:
Եթե այդպէս չլիներ` հայության անհայրենիք մասը Հիսուսի նման չէր շարունակի նախանձել բույն ունեցող երկնքի թռչուններին:
Այդ այդպես լինելով հանդերձ, պե՛տք է ծառայել մարդկությանը, այո՛, պետք է ծառայել, սակայն, մե՛ր ցեղի միջոցով, մե՛ր ցեղին ծառայելով -ապրելով ու ստեղծագործելով որպէս հա՛յ մարդ:
Մարդ դառնալու համար, պետք է ցեղորեն մարդ մնալ, որովհետև`
Ամեն այլասերված դիմազրկվում, այլանդակվում է հոգեպես, դառնում անստեղծագործ, քանդիչ ուժ, թշնամի՛ մարդկությանը:
Ամե՛ն այլասերված դժբախտանում է` կորցնելով կյանքն ու աշխարհը թարմ և անմիջական կերպով զգալու և ընդունելու իր կարողությունը:
Ամե՛ն այլասերված բնազդաբար և արդարորեն արհամարհվում է, անկախ իր ընկերային դիրքից:
Այսպէս է պատժում ցեղի արյունը:
* * *
Ուխտակիցնե՛ր,
Եվ ո՛չ մի զիջում մեր ցեղային անհատականությունից և արժանապատվությունից:
Դա է պահանջում՝ դեռ չգոյ մարդկության և հայության շահը:
Բարձրի՛ց, բարձրի՛ց դիտեք – հեռուն` մեր ցեղի անցյալն ու ապագան տեսնելու համար, հայոց անցյալի խորհուրդը և ապագայի հրայրքը ապրելու համար:
Ապրե՛ք ցեղորեն, ցեղի՛ համար, ցեղակրոնաբա՛ր: Որպեսզի ձեր միջոցով հայ սփյուռքի նորահաս սերունդը խորապես գիտակցի թե -աններելի վատություն է` սեփական արժեքների ուրացուման գնով օտար ազգերի մեջ կեղծ իրավահավասարություն փնտրելը:
Հասկանա՛նք — ճշմարիտ իրավահավասարությունը հնարավոր է միայն և միմիայն սեփական արժեքների միջոցով:
Իսկ արժե՛քներ ստեղծում է նա՛, ով ստեղծագործ է:
Իսկ ստեղծագործ է նա՛, ով չի մեղանչում իր ցեղային նախաէության` իր ցեղի արյունի դեմ:
«Հայրենիք» օրաթերթ, Բոստոն,
1935թ., 14 հունիսի

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*