ԱՄՈՒԼՍԱՐԸ՝ ԶՈՀԱՍԵՂԱՆԻՆ

Ամուլսարը (բացարձակ բարձրությունը՝ 2989,6 մ ծ.մ.) գտնվում է Զանգեզուրի լեռնաշղթայում, Վայոց Ձոր և Սյունիք մարզերի վարչական տարածքների սահմանում: Այն զբաղեցնում է Արփա և Որոտան գետերի միջև ընկած տարածքը` հանդիսանալով այդ գետերի ավազանների ջրբաժանի մի մասը:

Ամուլսարը  և նրան հարակից ընդարձակ տարածքները համարվում են Հայաստանի Հանրապետության ամենամաքուր ու առողջարար վայրը, և որպես էտալոն, այդ վայրի հետ են համեմատվում մարդու առողջության և արտադրվող սննդի որակի անկում ունեցող բնակավայրերը: Այս տարածքում արտադրվող գյուղատնտեսական մթերքը՝ կաթնամթերքը, մսեղենը, բանջարեղենը, մրգերը, մեղրը, ուտելի վայրի բույսերը, որպես էկոլոգիապես մաքուր սննդամթերք, մեծ պահանջարկ ունեն, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ արտերկրում:

Ամուլսարի հանքավայրը, իրականում՝ հանքերևակումը, գտնվում է նույն սարի կատարային մասում: Այս հանքավայրի  շահագործումից մեր երկրին հասցվելիք սպառնալիքները անհամեմատելի մեծ են լինելու, քան մինչ այժմ իրականացված նման ծրագրերը: Այն ներառելու է Դարբ, Արփա, Որոտան գետերն իրենց ջրամբարներով ու հովիտներով, Սևանա լիճը, ինչպես նաև դրանց հարակից տարածքներն ու բնակավայրերը: Այդ հանքավայրի շահագործումը անդառնալի կորուստներ է պատճառելու հողատարածքներին, ջրային համակարգին, մարդու կյանքի որակին ու ապագային, կենդանական և բուսական աշխարհին:

Այս ամենի դիմաց «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը խոստանում է 11 տարվա ընթացքում մեր տնտեսության մեջ ներդրումներ կատարելով՝ ֆինանսական շրջանառությունը հասցնել  ավելի քան 5 մլրդ դոլարի և ստեղծել ժամանակավոր աշխատատեղեր,  պետական բյուջե մուծել հարյուրավոր միլիոն դոլարի հարկեր, խախտված և ավերված տարածքները վերականգնել ու բերել նախնական տեսքի, աղտոտված ջրերը մաքրել, հանքի և հարակից տարածքներում եղած բույսերն ու կենդանիները կունենան երկարաժամկետ գոյատևման նույն պայմանները, ինչը ունեցել են ծրագրի իրականացման ելակետային պայմաններում: Ընկերությունը նաև երաշխավորում է, որ հանքի շահագործումը չի սպառնա բնակչության առողջությանը, ինչպես նաև գյուղատնտեսության ու անասնապահության զարգացմանը և, ընդհանրապես, կնպաստի Հայաստանի տնտեսության վերելքին և սոցիալական իրավիճակի բարելավմանը: (Այս քարոզչությունը կատարվում է զուտ ընտրողաբար, երբ  Նախագծում ներկայացված են բազում սպառնալիքներ, սակայն Ընկերության ներկայացուցիչները այդ մասին բացարձակապես լռում են):

Նույն քարոզն է անում նաև Հայաստանի կառավարությունը, միաժամանակ կեղծ փաստաթղթեր ստեղծելով, փորձում է ցույց տալ, որ Ամուլսարի հանքավայրի շահագործումը իբր օրինական հիմքեր ունի և բխում է  Հայաստանի Հանրապետության շահերից: Եվ սա եզակի դեպք չէ. երկար տարիներ են, ինչ ՀՀ կառավարությունը կանգնած է հանքատերերի թիկունքում և օրինականացնում  է նրանց  կողմից կատարվող ապօրինությունները, կեղծարարություններն ու բնակչության իրավունքների ու շահերի ոտնահարումը՝   երկրաբանական կառուցվածքի ու բնական համակարգերի ավերումը, ոչնչացումը և ծանր մետաղներով թունավորումը, բնական պաշարների արագ սպառումը և դրանց ոչ արդյունավետ օգտագործումը, ժողովրդի ունեցվածքի կողոպուտը:

«Լիդիան ինտերնեյշնլ» ընկերության և ՀՀ իշխանական վերնախավի տեսակետների, գուցե և անձնական շահերի համահունչ լինելը տվել է իր ողբերգական արդյունքը: Այդ ընկերությունն արդեն ստացել է իր կազմած՝ «Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի հանքարդյունահանման համալիր փոփոխված նախագծի՝  «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատում» (ՇՄԱԳ, 2016 թ., 839 էջ, հետայսու՝ Նախագիծ) փաստաթղթի՝  պետական  փորձաքննական դրական եզրակացությունը և հանքը շահագործելու համար սկսել է շինարարական աշիատանքներ կատարել: Սակայն վստահորեն կարելի է ասել, որ այդ եզրակացությունը օրինական չէ, քանի որ ՀՀ բնապահպանության նախարարությունը այդ եզրակացությունը տվել է Նախագիծը առանց պատշաճ փորձաքննություն իրականացնելու՝  ուղղակի Նախագծի սեղմագրմամբ, իսկ սեղմագրությունն էլ կատարել է խիստ ընտրողաբար՝ ամբողջովին կոծկելով Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք վնասներն ու սպառնալիքները: Այսինքն, նախարարությունը օրենքը կոպտորեն խախտելով է Նախագծին դրական եզրակացություն  տվել: Հետևաբար, այդ եզրակացությունը առոչինչ է և «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերության կողմից այժմ կատարվող շինարարական աշխատանքները ապօրինի են:

«Լիդիան ինտերնեյշնլ»-ի կազմած Նախագծի սկիզբը  խափուսիկ ոգևորություն է առաջացնում: Այդտեղ կարդում ենք.
«Կենսոլորտի կայունության ապահովման, բնության ու մարդու կենսագործունեության ներդաշնակության պահպանման համար կարևորագույն նշանակություն ունի յուրաքանչյուր նախատեսվող ծրագրի կամ գործունեության՝  շրջակա միջավայրի վրա ազդեցության ճշգրիտ և բազմակողմանի գնահատումը: Ծրագրի բնապահպանական գնահատումը պետք է ներառի ուղղակի և անուղղակի ազդեցության կանխատեսումը և նկարագրությունը և հիմք հանդիսանա դրանց կանխարգելման կամ հնարավոր նվազեցման» (էջ 3):

Սակայն Նախագծի բովանդակությունը բացարձակորեն այլ բան է ասում: Ընկերությունը իրեն բնապաշտի ու մարդասերի կերպարով է ներկայացնում,  հավանաբար, միայն այն բանի համար, որ մարդկանց մոտ վստահություն ձեռք բերի և իր կողմից կատարվելիք ավերումները, ինչպես նաև՝ օդի, հողի, ջրի թունավորումը, մարդու առողջությանն ու սոցիալական վիճակին, բուսական ու կենդանական աշխարհին  հասցվելիք անասելի վնասները՝ շղարշով ծածկի: Իրականում, այդ նույն  փաստաթղթից պարզ երևում է, որ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության համար կենսոլորտի կայունության ապահովումը և  բնության ու մարդու կենսագործունեության ներդաշնակության պահպանումը որևէ արժեք չունեն. նույնիսկ կարելի է ասել, որ ատելությամբ է լցված բնության ու մարդու նկատմամբ: Ընկերության նպատակը շահույթ հետապնդելն է և դրան հասնելու համար դիմում է ցանկացած քայլի:

Չանդրադառնալով հապճեպորեն ու չհիմնավորված հանքեր շահագործելու խնդրում  ՀՀ  իշխանավորների սևեռվածությանը, նախ, քննարկվող փաստաթղթից մեջբերումներ կատարելով փորձենք հասկանալ, թե ինչքանո՞վ  են իրատեսական  ու հիմնավորված  «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերության խոստումները՝ ֆինանսական հատկացումների և բնական համակարգերին վնաս չհասցնելու առումներով:

Ներդրողը հարկային արտոնություններ է խնդրում

Նախագծում գրված է. ««Գեոթիմը» պարտավորվել է  առաջին երկու տարիների ընթացքում կատարել ավելի քան 426 մլն դոլարի ներդրում՝ շինարարության և սարքավորումներիտեսքով: Ակնկալվում է, որ Ծրագրի իրականացման ողջ ընթացքում ընկերությունը 485 մլնդոլարի չափով ներդրում կանի պետական բյուջե՝ հարկերի և ընդերքօգտագործմանվճարների տեսքով: Ծրագրի իրականացման ընթացքում ակնկալվում է վճարել 230 մլն դոլարաշխատավարձ: Ակնկալվում է, որ Ծրագիրը կավելացնի Հայաստանի  եկամուտները արտահանումից տարեկան միջինը 285 մլն դոլարի չափով, շահագործման տարիներիընթացքում» (էջ 677): Իսկ Ծրագրի ընդհանուր կուտակային և անուղղակի ներդրումներին վերաբերող աղյուսակում (թիվ 5.8.2) գրված է, որ ներդրումներն ու դրանցից սպասվող եկամուտները  կազմելու են 5,2623 մլրդն դոլար, որից 4,6791 միլիարդը՝ ուղղակի, իսկ 583,2 մլն դոլարը՝ անուղղակի:

Ինչպես տեսնում ենք, ընկերությունը խոստանում է 11 տարիների ընթացքում 5, 262 մլրդ դոլարի ուղղակի և անուղակի ներդրումներով և դրանց ուղեկցող շրջանառու միջոցներով զարգացնել Հայաստանի Հանրապետության տնտեսությունը: Այսպիսի խոստումներով  Ամուլսարի հանքերևակմանը տիրացած ընկերությունը աշխատանքները դեռ չսկսած դիմել է ՀՀ կառավարությանը լրացուցիչ հարկային արտոնություններ ստանալու համար, ինչից կարելի է անել այն ենթադրությունը, որ ընկերությունը համապատասխան ֆինանսական կարողություն չունի:

Փորձեմ հաշվարկել, թե Ամուլսարի հանքավայրի շահագործումից ի՞նչ հասույթ կունենա ընկերությունը:

Ըստ նախագծի, վերամշակվելիք հանքաքարը 89,4 մլն տոննա է, որի մեջ ոսկին 73,7 տոննա է, արծաթը՝ 294,37 տոննա: Նախագծում ասվում է, որ հանքաքարի հանման ընթացքում՝ ոսկու կորուստը կկազմի  1,1 տոննա, իսկ արծաթինը՝ 4 տոննա, ուրեմն՝ ապրանքային հանքաքարում  ոսկին կկազմի 72,6 տոննա, իսկ արծաթը՝ 290 տոննա: Ոսկին կորզվելու է 87, իսկ արծաթը՝ 43 տոկոսով, հետևաբար արտադրվելիք ոսկին կկազմի 63,2 տոննա, արծաթը՝ 124,7 տոննա: Այսօրվա գներով 63,2 տոննա ոսկու արժեքը 2,55 մլրդ դոլար է, իսկ 124,7 տոննա արծաթինը՝ 63 մլն դոլար:  Այսինքն, Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում «Լիդիան ինտերնեյշնլի» ոսկուց և արծաթից սպասվելիք հասույթը կարող է կազմել շուրջ 2,62 մլրդ դոլար: Սակայն, այստեղ պետք է նկատի ունենալ այն, որ Նախագծի տեխնոլոգիական հարաչափերը և ցուցանիշները բաժնի, հիմնական արտադրական ցուցանիշների աղյուսակում (թիվ 4.11., էջ 395) գրված է, որ արծաթը միջինը կորզվելու է ընդամենը 6,2 %-ով: Արծաթի չափազանց ցածր կորզման  այս նույն տվյալները հաստատվում են նաև  «Հանքաքարի կույտային տարրալվացման և ոսկու կորզման տեխնոլոգիական ռեգլամենտում» (հատոր 3, աղյուսակ 4, էջ 25) և քննարկվող Նախագծի այլ էջերում: Այս դեպքում, կորզվելիք արծաթը կկազմի ընդամենը մոտ 18 տոննա, որը կարժենա 9 մլն դոլար: Հետևաբար սպասվելիք հասույթը կկազմի մոտ 2,56 մլրդ դոլար:

Ըստ Նախագծի, ընկերությունը 656 մլն դոլար է ծախսելու շինարարության, սարքավորումների և աշխատավարձի համար, հետևաբար միայն ոսկուց սպասվելիք շահույթը կկազմի 1,9 մլրդ դոլար: Այս գումարի 80, թե 98 տոկոսն է հասնելու ընկերությանը, ինչը շատ լավ գիտեն ՀՀ կառավարության որոշ պաշտոնյաներ:

Հավանաբար, ընկերությունը ֆինանսական լրացուցիչ շահույթ կարող է ստանալ կամ Նախագծում չներկայացված, սակայն հանքաքարում իրականում գոյություն ունեցող  օգտակար տարրերով, ասենք՝ ռադիոակտիվ էլեմենտներով կամ էլ ցիանային եղանակով ոսկին կորզելուց հետո, ֆլոտացիայի եղանակով  կկորզի նույն հանքաքարի մեջ եղած մյուս օգտակար տարրերը: Չի բացառվում նաև ավելի մեծ քանակի հանքաքարի վերամշակումը, քան նշված է Նախագծում (Վերամշակվող հանքանյութի իրական ծավալների կոծկումը, վստահորեն կարող եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունում լայն տարածում ունի, մնում է միայն ստուգումներ իրականացնել և ելնելով առաջացած թափոննեի ծավալներից՝ բացահայտել այդ գողությունը, իհարկե, եթե համապատասխան ծառայությունները ստուգումներ իրականացնելու թույլտվություն ստանան. երկար տարիներ ներքին կարգով արգելված էր հանքարդյունաբերության ոլորտում ստուգումներ կատարելը և անգամ, ուսումնասիրություններ կատարելու նպատակով, պոչամբարներից ջրի նմուշ վերցնելը):

Մոտավոր հաշվարկով, 89, 4 մլն տոննա վերամշակվելիք հանքաքարում կա  5, 5 մլն տոննա երկաթ, 1036 տ գալիում, 121 տ բերիլիում, 175 տ բիսմուտ, 133 տ կադմիում, 2739 տ կապար, 1639 տ կոբալտ, 1547 տ ծարիր, 2017 տ մկնդեղ, 1168 տ նիկել, 9228 տ պղինձ, 1256 տ սկանդիում, 245 տ սնդիկ, 41349 տ ստրոնցիում, 14569 տ վանադիում, 325833 տ տիտան, 49 763 տ ցինկ, 683 տ ուրան, 1011 տ քրոմ: Այս հաշվարկի համար հիմք է ընդուվել 25 մլն տոննա հանքաքարի նախկինում կատարված ուսումնասիրությունը՝ 40 նմուշի տվյալներով (Հ. Ավագյան, Լեռնահանքային և մետալուրգիական արդյունաբերությունների  զարգացման ուղիներն ու հեռանկարները, Երևան, 2011 թ., էջ 257): Հանքաքարում մեծ է ծծմբի քանակը: Եթե հիմք ընդունվի այն, որ այդտեղ երկաթը հանդես է գալիս հիմնականում պիրիտի տեսքով, ապա ծծումբը, միայն այդ միացության մեջ, կկազմի 6,3 մլն տոննա:

Չնայած Նախագծում բացակայում է հանքաքարում էլեմենտների քանակային պարունակության տվյալները, սակայն դա արված է 222,9 մլն տոննա դատարկ ապարների համար: Ըստ այդմ, այդտեղ առկա են. 922230 տոննա ալյումին, 103 տ արծաթ, 3464 բիսմուտ տ, 1219 տ գալիում, 22,3 տ գերմանիում, 8 ,6 մլն տ երկաթ, 68 տ թալիում, 653 տ թորիում, 17 420 տ ծարիր,  1, 22 մլն տ ծծումբ, 127 տ կադմիում, 286 տ կապար, 72406 տ մկնդեղ, 1564 տ մոլիբդեն, 938 տ նիկել, 952 տ սելեն, 408 տ սկանդիում, 44 817 տ պղինձ, 10 744 տ ստրոնցիում, 571 տ ռուբիդիում, 503 տ տելլուր, 1947 տ ցերիում, … տ ուրան, 39973 տ քրոմ: Բացի այստեղ նշված 1,22 մլն տոննա ծծմբից, եթե նկատի ունենանք երկաթի պիրիտային միացությամբ լինելը, ապա ծծումբը միայն պիրիտում կկազմի 8,2 մլն տոննա:

Սա արդեն ցույց է տալիս, որ ընկերությունը ոչ մասնագիտական մոտեցում ունի և գործում է ոչ արտադրական նորմատիվներով: Օրինակ, հանքաքարում տասնյակ ու հարյուր հազարավոր տոննա մետաղները չեն կորզվելու կամ արծաթի 43, առավել ևս՝ 6,2 տոկոսով կորզումը, եթե դա կարելի է կորզում համարել: Սա ուղղակի ժողովրդի ունեցվածքի փչացում-փոշիացում է, ակնհայտ ու անթաքույց վնասարարություն: «Լիդիան ինտերնեյշնլը» նաև արհամարհում է Միջազգային ֆինանսական ընկերության այն պահանջը, որ բնական ռեսուրսները պետք է արդյունավետ  օգտագործվեն (Նախագիծ, էջ 333): Հասկանալի է, ընկերությունը օգտագործելով ոսկու կորզման ամենաէժան ու ամենավտանգավոր եղանակը, փորձում է օր առաջ տիրանալ հայ ժողովրդի սեփականությանը՝ ռազմավարական նշանակություն ունեցող ոսկուն: Շատերը ասում են, թե այդ ընկերությունը ոսկու տենդով է տարված, իսկ ո՞ւր է ՀՀ պետական համապատասխան վերահսկողությունը և ինչո՞ւ չի գործում հանքանյութի արդյունավետ վերամշակման, բոլոր օգտակար տարրերի լիարժեք կորզման կարգը: Այս արատավոր գործելակերպի համար նաև ճանապարհ հարթեց օրենսդրական այն փոփոխությունը, որով հանքարդյունահանողներից  բնօգտագործման  վճարը գանձվում է ոչ թե յուրաքանչյուր տոննա հանքանյութի, այլ միայն այդտեղից կորզած օգտակար տարրերի համար: Կոռուպցիայի դասական հանգույց:

Միլիարդավոր դոլար ներդրումների խոստումներ սփռող ընկերության և կառավարության համատեղ մութ գործերից է այն, որ ամենուր հայտարարվում է կատարվելիք խոշորածավալ ներդրումների մասին, սակայն դա խաբեության տպավորություն է թողնում, այն առումով, որ ընկերությունը, դեռ իր սև գործը չսկսած, անպատկառորեն հարկային արտոնությունների խնդրանքով դիմում է Կառավարությանը, այսինքն՝ գումար չունեմ, օգնիր ինձ, իսկ Կառավարությունն էլ նույն անպատկառությամբ՝ տալիս է այդ արտոնությունները:

Ընդհանրապես, քննարկվող խնդրում ներդրում ասածը սովորական խաբեություն է: Ընկերությունը և չբացահայտված օլիգարխ բաժնետերերը ցանկանում են հայ ժողովրդին պատկան ոսկին սեփականել և դրա համար պետք է գնեն քանդող, տեղափոխող թանկարժեք տեխնիկա, սարքավորումներ, պայթուցիկ և քիմիական այլևայլ նյութեր, վարձեն աշխատողներ, մուծեն չնչին հարկեր և  սրանց վերաբերող ծախսերը անվանում են ներդրում: Եվ պարզվում է, որ անգամ այս հարցում ցանկանում են մտնել ժողովրդի գրպանը, իհարկե, քաղաքակիրթ ձևով՝ հարկային արտոնությամբ:

Քանի որ մեր երկրին բերվելիք «օգուտների» մասին ասվեց, այժմ էլ մոտավոր ու հնարավոր հաշվարկներ կատարելով, փորձեմ հակիրճ ցույց տալ, թե այդ հանքավայրի շահագործումն ի՞նչ վնասներ է հասցնելու Հայաստանի Հանրապետությանը:

Նախագծում ասվում է, որ Ամուլսարի հանքավայրի շահագործման հետևանքով Հայաստանին հասցվելիք տնտեսական վնասը կկազմի 4 985 695 500 դրամ, այդ թվում՝ օդային ավազանին՝ 165 005 252, ջրային համակարգին՝ 0, բուսական աշխարհին՝ 0, կենդանական աշխարհին՝ 0 (հաշվարկներում, բուսականությանն ու կենդանիներին հասցվելիք վնասը անտեսված է), հողային ռեսուրսներին՝ 4 820 690 248 դրամ (էջ 801):

Փորձենք ճշտել, թե արդյո՞ք ջրային համակարգին, բուսականությանը, կենդանիներին հասցվելիք վնասը իրոք զրոյական է:

Հողային պաշարներ

 

   Նախագծում գրված է . «Ծրագրի գործողությունների հետևանքով խախտվող ընդհանուր տարածքը 920 հա է, որի սահմաններից դուրս առանձնացվել է 368 հա լրացուցիչ տարածք, այսպես կոչված՝ էկոլոգիական առումով խախտված տարածք, որի սահմաններում փոշու կամ աղտոտման մակարդակը ավելի ցածր կլինի, սակայն այստեղ բուսականության փոփոխությունը  դեռևս հավանական է: Ներառվել է նաև լրացուցիչ 180 հա: Հետագայում այս տարածքը կարող է խախտվել: Ծրագիրն առանձնացրել է 477 հա լրացուցիչ սահմանափակ տարածք, որտեղ մտնելու հնարավորությունն ու հողօգտագործումը կվերահսկվեն «Ծրագրի ենթակառուցվածքների տարածքը կազմում է 597 հա, ներառյալ՝ բացհանքեր, ԴԱԼ (դատարկ ապարների լցակույտ), ԿՏՀ (կույտային տարրալվացման հրապարակ)»  (էջ 613):  Այդտեղ նաև նշվում է, որ բնական բուսածածկույթի վրա Ծրագրի զբաղեցրած տարածքը՝ 1805,3 հա է: Ծրագրի զբաղեցրած տարածքի ազդեցությունից բացի, կլինեն   որոշ տարածքներ, որտեղ փոշու, աղտոտիչների նստվածքագոյացման կամ էվտրոֆիկացիայի արդյունքում կփոխվեն բույսերի համակցությունները: Այս տարածքների մակերեսը կկազմի մոտ 279 հա: Հանքի, հանքատար և մերձատար ճանապարհների համար ևս 180 հա: Լրացուցիչ փոփոխություններ են հնարավոր 355 հա կենսամիջավայրի վրա էկոլոգիական առումով խախտված տարածքում: «Ենթադրվում է, որ ընդհանուր առմամբ 1945 հա տարածք կարող է ուղղակի ազդեցության ենթարկվել: Անուղղակի բնապահպանական ազդեցություններ կարող են լինել շատ ավելի ընդարձակ տարածքումորն անհնար է հաշվել՝ սոցիալտնտեսական փոփոխությամբ և դրան առնչվող հողօգտագործման փոփոխությամբ պայմանավորված» (էջ 613-614): Այդտեղ նաև նշվում է, որ օտար նյութերի ներմուծումը կբերի հողի քիմիական կազմի և բաղադրության փոփոխության:

Ինչպես տեսնում ենք, Ամուլսարի հանքավայր կոչվածի շահագործման դեպքում, ավելի քան 4000 հա տարածք ենթարկվելու է տարբեր աստիճանի ազդեցությունների՝ ծանր մետաղներ (Հանքաքարում և դատարկ ապարներում առկա ծանր մետաղների և այլ էլեմենտների կենսաբանական հատկությունների մասին տվյալները բերված են հավելվածում) պարունակող փոշու և նույն նյութերով աղտոտված ջրի՝ արտանետումների ու արտահոսքերի պատճառով: Միայն այդքանը չէ: Բացի այդ, Նախագծում ասվում է, որ անուղղակի ազդեցությունները կարող են լինել շատ ավելի ընդարձակ տարածքումորն անհնար է հաշվել:  Փաստորեն, ընկերությունը հաստատում է, որ այդ հանքի շահագործման դեպքում ծանր մետաղներով կաղտոտվեն հողային ռեսուրսները, նշելով նաև, որ օտար նյութերի ներմուծումը կբերի հողի քիմիական կազմի և բաղադրության փոփոխության: Մինչդեռ մինչ այժմ, այդ տարածքները ՀՀ-ում կարելի է դասել ֆոնային տարածքներին, որովհետև դրանք համեմատաբար չեն ենթարկվում մարդու ուղղակի և անուղղակի ազդեցություններին:

 

Չտիրապետելով համապատասխան նորմատիվային փաստաթղթերի ու մեթոդական ձեռնարկների, անհնար է հաշվարկել հողայի ռեսուրսներին հասցվելիք իրական վնասի ծավալները: Փորձենք դա կատարել կողմնակի ճանապարհով: Ըստ «Բնապահպանական իրավախախտումների հետևանքով կենդանական և բուսական աշխարհին պատճառած վնասի հատուցման սակագնի մասին» ՀՀ օրենքի՝ անտառային ֆոնդի հողերում արդյունաբերական թափոններ տեղադրելու դեպքում յուրաքանչյուր քառակուսի մետրի հաշվով վնասի հատուցումը սահմանված է 10 հազար դրամ (մեկ հեկտարի հաշվով՝ 100 մլն դրամ, համեմատության համար նշեմ, որ անծայրածիր հողատարածքներ ունեցող Ռուսաստանի ՖՀ-ում մեկ հետար տարածքը արդյունաբերական թափոններով աղտոտելու դիմաց վճարը կազմում է  2,6 մլն դոլար, այսինքն՝ ավելի քան 12 անգամ շատ, քան մեր երկրում է): Գուցե հարց առաջանա, թե ավերվելիք, թունավորվելիք և ոչնչացվելիք տարածքները հիմնականում անտառային չեն: Կարծում եմ, Ամուլսարի տարածքների դերը ոչնչով չի զիջում սովորական անտառային հողերին և նույնիսկ ավելի բարձր արժեք ունի,  այն առումով,  որ դրանք իրենցից ներկայացնում են նաև ջրագոյացման ու ջրաբաշխման անփոխարինելի համակարգեր:

Նախագծի բովանդակությունից հասկացվում է, որ  կորսվելիք տարածքը 597 հա է, որից 152,3 հեկտարը՝ երկու բացհանքերի խոռոչների մակերեսն է, 118 ը՝ մնալու է ցիանիդով վերամշակված հանքաքարի, իսկ 141-ը՝ դատարկ ապարների, 55-ը՝ մետաղների ցածր պարունակությամբ հանքաքարի տակ… Փաստորեն այդ տարածքը ոչ միայն հարյուրամյակներ շարունակ դառնալու է անօգտագործելի, այլև՝ ծանր մետաղներ ու թունավոր այլ նյութեր շրջակա միջավայր սփռող աղբյուր: Եթե նշված 4000 հեկտարից միայն 597 հա տարածքի յուրաքանչյուր հեկտարի համար ընդունենք 100 միլիոնի գոնե հազարապատիկը, ապա Հայաստանի Հանրապետությանը հասցվելիք վնասը կկազմի մոտ 60 տրիլիոն դրամ կամ 124 մլրդ դոլար, իսկ 4000 հեկտարի հաշվով՝ 800 մլրդ դոլար (Ըստ Նախագծի աղտոտվելիք տարածքը լինելու է 4000 հեկտարից անհամեմատ մեծ տարածք): Իհարկե այդ գումարը չնչին է նշված տարածքների թունավորման ու կորստի դիմաց և անհնար է հողի կորուստը  դրամով արտահայտել:

 

                 Ջրային պաշարներ

 

Իրականացվելիք նախագծի ազդեցությանը ենթակա են բազում ջրային համակարգեր: Դրանցից են Արփա և Որոտան գետերը:  Արփա գետի տարեկան հոսքը կազմում է 764 մլն մ3, իսկ Որոտանինը՝ 725 մլն մ3: Այս երկու գետերի տարեկան հոսքը 1,489 մլրդ մ3 է: Նախագծում նշվում է, որ Ամուլսարի հանքավայրում և դրան հարող տարածքներում կա 148 աղբյուր՝ 18,2 լ/վրկ հոսքով, որից 11,5-ը դեպի Արփայի, 6,5-ը՝ Որոտանի, 0,2-ը Դարբի  ջրհավաք ավազան (էջ 154): Սա նոյեմբեր ամսվա տվյալներ են: Գարնանային ձնհալից հետո կատարված ուսումնասիրությունները հայտնաբերել են ավելի մեծ քանակի (հարյուրավոր)աղբյուրներ և ավելի մեծ հոսք: 2014 թ ապրիլ-մայիս ամիսներին Արփա և Դարբ ջրհավաք ավազաններ հոսող աղբյուրների ընդհանուր չափը կազմում է 145,6 լ/վրկ (էջ 157), իսկ Որոտանի ավազանի աղբյուրների հոսքը՝ 106 լ/վրկ (էջ 158): Սպանդարյան-Կեչուտ թունելի ծախսը կազմում է 190 լ/վրկ (էջ 162):

Այս հանքի շահագործման դեպքում, ծանր և վտանգավոր այլ մետաղներով ու քիմիական այլևայլ նյութերով աղտոտվելու են Արփա, Դարբ, Որոտան գետերի ջրերը և դառնալու են օգտագործման համար ոչ պիտանի: Նույնը կարելի է ասել նաև նշված  քաղցրահամ և Ջերմուկի հանքային ջրի աղբյուրների (այս հարցում ընկերությունը հայտարարում է, որ հանքի շահագործումը այդ հանքային ջրի աղբյուրների քանակի ու որակի վրա ազդեցություն չի ունենալու, սակայն ասածը փաստերով չի հիմնավորում), ինչպես նաև Որոտան-Կեչուտ ջրատար թունելի առումով, հավելելով, որ որոշ աղբյուրների հոսքը նվազելու է կամ դրանց զգալի մասը ցամաքելու է: Սակայն, ի զարմանս  մեզ,  Նախագծում գրված է, որ ջրային համակարգին հասցվելիք տնտեսական վնասը կազմում է զրո դրամ:

Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում  ջրային համակարգին զրոյական վնաս հասցնելու անհամապատասխանությունը ցույց տալու համար, որոշ մեջբերումներ կատարեմ «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերության կազմած Նախագծից:

Այդտեղ գրված է. «Բացհանքի տարածքում մշտահոս աղբյուրները հիմնականում գտնվում են բացհանքի վերջնական հատվածից ներքև և ստորգետնյա ջրերի հոսքի մոդելի համաձայն, բոլոր աղբյուրները ընկած են մակերևույթային հոսքերի գոտում: Սա ենթադրում է, որ լեռան գագաթների բոլոր մշտահոս աղբյուրները շարունակելու են հոսել: Սակայն, ջրերի համալրման կրճատման պատճառով, ըստ ստորգետնյա ջրերի հոսքի մոդել կանխատեսումների, բացհանքերի տարածքում ակնկալվում է ստորգետնյա ջրերի մակարդակի իջեցում: Այս իջեցումը, իր հերթին, կարող է հանգեցնել աղբյուրների ելքի կանխատեսելի, մոտ 10 %, իջեցմանը» (էջ 512):

«Բացհանքերի պատերի հետ շփված ջրերը կարող են ազդեցության ենթարկվելթթվային ապարների դրենաժի և ամոնյակային նիտրատի հենքով պայթուցիկների մնացորդային ամոնյակի և նիտրատի ազդեցությամբ… Ենթադրվել է, որ բացհանքերում ջուր կարող է կուտակվել գարնանը, որը կարող է պահպանվել 2 կամ 3 ամիս: Տարվա այլ սեզոնների ընթացքում ենթադրվել է, որ յուրաքանչյուր բացհանքում լինելու է 300 մ3ից պակաս ծավալ» (էջ 506):

«Շահագործման ընթացքում բացհանքերի պարզարաններից արտահոսքերը կարող են ազդել մշտահոս աղբյուրների ջրի որակի վրա: Շահագործման ընթացքում բացհանքերում առկա ջրերի մեծամասնությունը հավաքվելու է պարզարաններում և պոմպի միջոցով դուրս է մղվելու՝ ջրի կառավարման փակ համակարգում օգտագործման նպատակով, իսկ արտահոսքերը հասցվելու են նվազագույնի: Հետևապես, որակի փոփոխության աղբյուրները ևս նվազեցվելու են: Առավել խոշոր արտահոսքեր կարող են տեղի ունենալ բացհանքերում երկարաժամկետ ջրամբարման արդյունքում, օրինակ, ձնհալից կամ ուժեղ անձրևներից հետո: Սակայն, տեղումների հետ միախառնման արդյունքում, բացհանքերի տարածքում ժամանակավոր հոսքով աղբյուրների բեռնաթափման որակի հնարավոր փոփոխությունների ուժգնությունը համարվել է ցածր» (էջ 512):

«(Հանքի) փակման ընթացքում զարգացված տարածքներում պաշարների համալրման կրճատված արագությունը կարող է որոշ տարածքներում հանգեցնել ստորգետնյա ջրերի մակարդակների երկարաժամկետ իջեցման, մինչդեռ տեղումների կուտակումը ցանկացած բացհանքում հանգեցնելու է պաշարների համալրման ավելացմանն ու տեղական մասշտաբով ստորգետնյա ջրերի մակարդակների բարձրացմանը» (էջ 518):

 

Այն, որ մշտահոս աղբյուրները գտնվում են բացհանքի վերջնահատվածից ներքև, դա արդեն նշանակում է, որ դրանց ջրերը աղտոտվելու են ծանր մետաղներով, ինչը բավականին մանրամասն գրված է Նախագծում: Ինչ վերաբերում է  Նախագծում արված այն պնդմանը, թե  տեղումների հետ միախառնման արդյունքում, բացհանքերի տարածքում ժամանակավոր հոսքով աղբյուրների բեռնաթափման որակի հնարավոր փոփոխությունների ուժգնությունը համարվել է ցածր, սա ուղղակի ծիծաղելի է, այն առումով, որ նման պնդմամբ, նույնիսկ շատ բարձր խտությամբ (կոնցենտրացիաներով) ամենաթունավոր նյութերով աղտոտված հոսքաջրերը, ցանկացած ջրային ավազան լցնելը դառնում է թույլատրելի: Սա, իհարկե, ըստ ընկերության «տրամաբանության»:

Իրոք, անվիճելի է, որ տեղումների կուտակումը ցանկացած բացհանքում հանգեցնելու է պաշարների ավելացմանն ու ստորգետնյա ջրերի մակարդակների բարձրացմանը, սակայն այստեղ պետք է նկատի ունենալ, որ, օրինակ, Ամուլսարի բացհանքերը՝  աղբյուրների և ստորգետնյա ջրերի համար դառնալու են ծանր մետաղներով աղտոտված ջուր սնուցող  յուրահատուկ «ձագարներ»:

Անհրաժեշտ եմ համարում ասել, որ հնարավոր հակիրճություն ապահովելու համար,  Նախագծից բերված և բերվելիք քաղվածքները մասնակիորեն են մեկնաբանվում:

Շարունակեմ մեջբերումները. «Ծրագրի (հանքավայրի) շահագործման արդյունքում հնարավոր է ազդեցության ենթարկվեն ստորգետնյա ջրերի քանակն ու որակը: Ջրերի կառավարման և հանգույցների երեսպատման աշխատանքների արդյունքում, Ծրագրի տարածքում ջրերի համալրումը կնվազի՝ հանգեցնելով ստորգետնյա ջրերի ցածր մակարդակների, որի արդյունքում կնվազի նաև աղբյուրները, ջրահոսքերն ու գետերը սնող հիմնական հոսքը: Թթվագոյացնող դատարկ ապարների կառավարումը, ինչպես նաև ԿՏՀից հարստացած կամ աղքատ տարրալվացման լուծույթների արտահոսքերը ևս կարող են ազդել ստորգետնյա ջրերի որակի վրա» (էջ 510):

«ԴԱԼ մոտակայքում մշտահոս աղբյուրների համալրման կրճատման արդյունքում, ակնկալվում է ստորգետնյա ջրերի բարձրության մինչև 60 մ իջեցում և հնարավոր է դրանց չորացում: Շահագործման արդյունքում ԴԱԼ տարածքում մշտահոս աղբյուրների բեռնաթափման քանակի հնարավոր փոփոխությունների ուժգնությունը  համարվել է բարձր, իսկ աղբյուրների որակի վրա հնարավոր փոփոխությունները հաշվի չեն առել» (էջ 512-513):

«ԴԱԼից դեպի արևմուտք ընկած հովտում կա մի մշտահոս աղբյուր: Ստորգետնյա ջրերի մոդելի կանխատեսմամբ ԴԱԼում ջրային պաշարների համալրման կրճատման արդյունքում, կանխատեսվում է  36 % հոսքի կրճատում: Հետևաբար, քանակի վրա ազդեցությունը համարվել է միջին ուժգնության:  … Կանխատեսվում է, որ ԿՏՀ շրջակայքում ջրային պաշարների համալրման կրճատման հետևանքով, դիտվելու է ստորգետնյա ջրերի մակարդակների 3-10 մ իջեցում» (էջ 513):

«Շահագործման արդյունքում ԴԱԼ տարածքում պաշարների կրճատման արդյունքում ակնկալվում է ստորգետնյա ջրերի բարձրության մինչև 60 մ իջեցում: ԴԱԼ տեղամասի հարավային հատվածում ստորգետնյա ջրերով մակերևութային ջրերի սնումը հավանաբար կդադարի: Հետևաբար, կանխատեսվում է ԴԱԼ հատակային հատվածում բեռնաթափվող մշտահոս աղբյուրների կորուստ, իսկ ազդեցությունը համարվում է բարձր: Քանի որ այս աղբյուրներից հոսք չի կանխատեսվում, ապա որակական փոփոխությունների գնահատման կարիք ևս չի դիտարկվում: Հետփակման սցենարի համաձայն, ԴԱԼից դեպի արևմուտք ընկած հովտում, ջրային պաշարների համալրման կրճատման արդյունքում, ակնկալվում է 20 % հոսքի կրճատում» (էջ 522):

«Բացհանքերի շրջակայքում գտնվող աղբյուրների ջրերի որակի վրա կանխատեսվող էական ազդեցությունը կապված է բացհանքերից արտահոսքի արդյունքում բերիլլիումի, կոբալտի, նիկելի և նիտրիտի կոնցենտրացիաների հետ: Կանխատեսվում է ստորգետնյա ջրերի որակի մեծ փոփոխությունիսկ ստորգետնյա ջրերի որակի կանխատեսված  փոփոխության վերջնական ընկալիչը մակերևութային ջրերն ու էկոլոգիական պայմաններն են: Այդ պատճառով այս ազդեցության սահմանափակման  կամ դրանից խուսափելու նպատակով լրացուցիչ մեղմման միջոցառումներ չեն ներկայացվել» (էջ 529-530):

Քաղվածքներում պարզորոշ ասվոմ է, որ հանքի շահագործման դեպքում կնվազի աղբյուրները և գետերը սնող հոսքը, տասնյակ մետրերով իջնելու է ստորգետնյա ջրերի մակարդակը, ցամաքելու են բազմաթիվ մշտահոս աղբյուրներ, միաժամանակ՝ աղտոտման հետևանքով կվատանա տեղի ջրերի որակը, ինչպես նաև տարրալվացման լուծույթների արտահոսքերը նույնպես կարող են ազդել ստորգետնյա ջրերի որակի վրա, հասկանալի է, խոսքը ծանր մետաղների, ցիանիդի և այլ աղտոտիչների մասին է: Այստեղ պետք է ասվի, որ ընկերությունը Նախագծում նաև երաշխավորում է, որ տարրալվացման գործընթացում ապահովվելու է զրոյական արտահոսքի սկզբունքը: Ակնհայտ հակասություն:

Ջերմուկի հանքային ջրերի առնչությամբ գրված է. «Հիդրոերկրաբանական բնութագրման արդյունքներից կարելի է եզրակացնել, որ հիդրոթերմալ աղբյուրները ծրագրի տարածքում  ստորգետնյա ջրերի հոսքով չեն սնվում: Հետևապես, ծրագրի տարածքում ստորգետնյա ջրերի հոսքի կամ որակի փոփոխությունները չեն կարող ազդել հիդրոթերմալ աղբյուրների ելքի որակի կամ քանակի վրա»  (էջ 522-523): Ինչպես տեսնում ենք, այս հարցում հստակությունն ու հիմնավորվածությունը բացակայում են:

 

Սևանա լճի հետ կապված, Նախագծում գրված է, որ  «Սպանդարյան-Կեչուտ թունել ներթափանցող ստորգետնյա ջրերի վրա կանխատեսվում է հնարավոր էական ազդեցություն: Սակայն ստորգետնյա ջրերի ներհոսքը թունելում՝  Կեչուտի ջրամբարը ջրով ապահովող միակ աղբյուրը չէ, հետևաբար, որակի այս անկումը տարածքի ջրային ռեսուրսների վրա նյութական ազդեցություն չպետք է համարվի: Հետևաբար, այս ազդեցության սահմանափակման կամ կանխման նպատակով լրացուցիչ մեղմացման միջոցառումներ չեն ներկայացվում» (էջ 529-530):

Փաստորեն, ընկերությունը ընդունում է, որ Սպանդարյան-Կեչուտ ջրատար-թունել ներթափանցող ջրերի վրա կանխատեսվում է հնարավոր էական ազդեցություն, պարզ է, խոսքը ծանր մետաղներով ջրի աղտոտմանն է վերաբերում, այն ջրի, որը Կեչուտի ջրամբարից լցվելու է Սևանա լիճ: Այսինքն, ընկերությունն ընդունում է, որ հանքի շահագործման հետևանքով կաղտոտվի  Սևանա լիճ լցվող ջուրը, սակայն «փիլիսոփայում» է, որ Կեչուտի ջրամբար  լցվող կան նաև այլ աղբյուրներ, հասկացնելով, որ Սևանա լիճ մտնող ջրում  ծանր մետաղների խտությունները (կոնցենտրացիաները) կնվազեն: Սա ուղղակի ոտնահարում է Սևանա լճի մասին օրենքը, որի 3-րդ հոդվածում ասվում է, որ Սևանա լճի ջրհավաք ավազանի մաս են կազմում նաև Կեչուտ և Սպանդարյան ջրամբարները, Արփա և Որոտան գետերի ջրհավաք ավազանները՝ մինչև Կեչուտի ջրամբար: Իսկ 10-րդ հոդվածով արգելվում է Սևանա լճի էկոհամակարգի վրա վնասակար ազդեցություն ունեցող ցանկացած տեսակի գործունեություն, գլխավորապես՝ հանքանյութեր  վերամշակող օբյեկտների տեղաբախշումը:

Ամուլսարի Նախագծում բազում են թյուրիմացության մեջ գցող կոպիտ սխալները, սակայն այդտեղ ամենաճակատագրական խնդիրներից է տարրալվացման հրապարակը Որոտանի ավազանից Արփայի ավազան տեղափոխելն է՝ երբ մինչ տեղափոխելը հիմնականում Որոտան գետն էր աղտոտվելու ծանր մետաղներով և վտանգավոր այլ նյութերով, ապա տեղափոխման հետևանքով, աղտոտելու է նաև Արփա գետը:

Ինչպես արդեն ասվել է, Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում ծանր մետաղներով  կաղտոտվեն Դարբ, Արփա և Որոտան գետերի ջրերը: Այս գետերի հովիտներում ու հարակից տարածքներում գտնվող և դրանց ջրերից օգտվող  բնակավայրերից են՝  Սարավան, Սարալանջ, Ուրցաձոր, Գնդեվազ, Կեչուտ, Վայք, Ազատեկ, Զառիթափ, Փոռ, Զեդեյա, Արտավան, Մալիշկա, Ագարակաձոր, Եղեգնաձոր, Արփի, Արենի, Խաչիկ, Հերհեր, Արին, Գորհայք, Ծղուկ, Սառնակունք, Սպանդարյան, Շատախ, Անգեղակոթ, Բալաք, Շաքի, Սիսիան, Բռնակոթ, Տոլորս, Աղիտու, Նորավան, Դարպաս, Վաղատուն, Որոտնավան, Շամբ, Լցեն, Առջիս, Տաթև, Տանձաթափ, Հալիձոր, Շինուհայր, Որոտան… Որոտանի ջուրը Տաթևի ՀԷԿ-ի կարգավորիչ ջրամբարից մատակարարվում է նաև Հարթաշեն, Քարահունջ, Գորիս, Խնձորեսկ, Քարաշեն, Տեղ, Կորնիձոր, Խնածախ, Արավուս, Ակներ, Շինուհայր բնակավայրերին…, Կեչուտի ջրամբարից աղտոտված ջրերը կթափանցեն Սևանա լիճ…, իսկ Ամուլսարից սնուցվող նշված աղբյուրը զգալի դեր են կատարում Ամուլսարի և հարակից  տարածքներում, օրինակ, անասնապահության գոյության ու զարգացման գործում:

Գուցե ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, տնտեսագիտության ինստիտուտը և մյուս կառույցները իրական հաշվարկներ կատարելով ցույց տան, թե միայն այդ երեք գետերի ջրերի ծանր մետաղներով աղտոտումը, դրամական  արտահայտությամբ, տարեկան ի՞նչ վնաս է հասցնելու մեր երկրին, նկատի ունենալով դրանց օգտագուծումը՝ խմելու, ոռոգման, կենցաղային և այլ նպատակներով, ինչպես նաև բերքատվության անկման, առողջական վիճակի վատացման, աշխատունակության անկման և այլ առումներով: Նույն հաշվարկը կատարելով նաև 10, 50, 100… տարիների կտրվածքով:

 

«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը Նախագծում ցույց է տալիս, որ հանքավայրի շահագործման դեպքում նվազելու են  մակերևութային և ստորգետնյա ջրերի ծավալները, ինչպես նաև, այդ ջրերը աղտոտվելու են ծանր մետաղներով և կյանքի համար վտանգավոր այլ նյութերով, սակայն տնտեսական վնասը գնահատելիս, ջրայի համակարգին հասցվելիք վնասը զրոյին հավասար է համարում: Այս առումով, Նախագծի տնտեսական վնասի գնահատում բաժնում գրված է. «Անմիջապես Ամուլսարի հանքարդյունահանման համալիր տեղամասերում և արտադրական հանգույցներում աղտոտված արտահոսք չի առաջանում, անձրևաջրերի և ձնհալքի հոսքերը մեծամասամբ՝ շնորհիվ շրջանցող առուների և կյուվետների, հեռացվում են տեղանքից առանց աղտոտվելու, իսկ անմիջապես գործունեության տարածքի մակերևութային ջրերը հավաքվում են կուտակման ավազաններում, որից հետո մաքրվում նստեցուցիչ պարզարաններում: Նախատեսվում է մի շարք կուտակման ավազաններ և մաքրման կայաններ, որոնցում կատարվելու է մակերևութային ջրերի և կենցաղային կեղտաջրերի մաքրումը» (էջ 798): Այսքանով սահմանափակվում է ջրային ռեսուրսներին հասցվելիք վնասի գնահատումը, երբ նույն Նախագծում բավականին մանրամասն խոսվում է աղբյուրների ու գետերի հոսքի կրճատման, որոշ աղբյուրների ցամաքեցման, ստորգետնյա ջրերի մակարդակների իջեցմա և այդ ջրերի՝ ծանր մետաղներով և վտանգավոր այլ նյութերով աղտոտվելու մասին: Այսուհանդերձ, ընկերությունը գրում է, որ իբր ջրային ռեսուրսներին հասցվելիք վնասը հավասար է զրոյի: Սա ուղղակի աճպարարություն ու խաբեություն է:

Արդեն ասվել է, որ ընկերությունը Նախագծում ներկայացրել է, թե հանքի շահագործման դեպքում ջրային ռեսուրսներին սպառնացող վնասի ծավալները, թե քանակի նվազման և թե որակի անկման առումներով, սակայն հասցվելիք տնտեսական վնասը չի հաշվարկել: Ինչից կարելի է ենթադրել, որ ընկերությունը համարում է, որ այդ ջրերը տեր չունեն և դրանց հետ կարող է վարվել այնպես, ինչպես կցանկանա: ՀՀ կառավարության կողմից Նախագծին տված դրական եզրակացությունը և այդտեղ նշված խնդրի վերաբերյալ որևէ առարկության բացակայությունը փաստորեն հաստատում են ընկերության տեսակետը: Նաև չի բացառվում, որ ՀՀ համապատասխան գերատեսչությունները, չեն ուսումնասիրել, անգամ՝ չեն կարդացել Նախագիծը և ուղղակի հավատացել են ընկերության վերջնական եզրակացությանը, որը հակասում է Նախագծի բովանդակությանը, կամ դա արել են վերադասի բանավոր կարգադրությամբ:

               Կենսաբազմազանություն

«Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունն  իր կազմած Նախագծում, Ամուլսարի հանքավայրի շահագործման դեպքում, բուսական ու կենդանական աշխարհին հասցնելիք վնասը զրոայկան է ներկայացրել, ավելի ճիշտ, ընդհանրապես անտեսել է: Սակայն այդ նույն Նախագծի բովանդակությունը ամբողջովին այլ բան է ասում: Կենսաբազմազանությանը հասցվելիք վնասի վերաբերող որոշ  քաղվածքներ բերեմ այդ Նախագծից:

«Ծրագրի զբաղեցրած տարածքում կանխատեսվում է բնական կենսամիջավայրի մշտական կորուստ, քանի որ հանքի շինարարության, շահագործման և շահագործման դադարեցման ընթացքում տեղի կունենա հողի/հիմնահողի զգալի փոփոխություն: Բուսականությունը կվերացվի կամ հիմնովին կփոփոխվի, և հետևաբար, ակնկալվում է, որ այն կմնա զգալիորեն փոփոխված պայմաններում» (էջ 614):

«Բնական բուսածածկույթի վրա Ծրագրի զբաղեցրած տարածքը՝ 1805,3 հա է: Ծրագրի զբաղեցրած տարածքի ազդեցությունից բացի, կլինեն   որոշ տարածքներ, որտեղ փոշու, աղտոտիչների նստվածքագոյացման կամ էվտրոֆիկացիայի արդյունքում կփոխվեն բույսերի համակցությունները» (էջ 613):

«Մոտավորապես 1030 հա ենթաալպյան մարգագետիներ կենթարկվեն ազդեցության Փոշին կարող է խեղդել ցամաքային և ջրային բուսականությանը՝ նվազեցնելով արտադրողականությունը (էջ 607): «Հնարավոր են բուսականության տեսակային կազմի փոփոխություններ» (էջ 615):

«Կարճաժամկետ պայմաններում (Մատնունի ծիրանավորի) պոպուլյացիայի վրա կլինի մնացորդային ազդեցություն և Ամուլսարի ենթապոպուլյացիայի առնվազն 21 %, առավելագույնը՝  33 %-ի կորուստ: Պոպուլյացիան պետք է մնա կենսունակ՝ չնայած նրա չափերի կրճատմանը, սակայն ցուցաբերվում է նախազգուշական մոտեցում: Եթե հետազոտությունների, մշտադիտարկումների ու մոդելավորման արդյունքում պարզվի, որ հնարավոր չէ վերականգնել մինչև հանքի շահագործումը եղած պոպուլյացիայի թվաքանակը, ապա կուսումնասիրվեն փոխհատուցման տարբերակներ» (էջ 645):

«Հանքափոսերի և դրանց առնչվող ենթակառուցվածքների տարրերի, այդ թվում ԴԱԼ-ի և ԿՏՀ-ի առկայությունը կազդի գետնի մակերևույթով և դրա տակով ջրերի հոսքի վրա: Ջրաբանական և ջրաերկրաբանական կառուցվածքի փոփոխությունը կազդի բուսականության և կենդանիների վրա, որոնք աղբյուրներից և ջրափոսերից կախում ունեն» (էջ 605):

«Բնական բուսածածկույթի վրա Ծրագրի զբաղեցրած տարածքով և շինարարության  ու շահագործման հետ կապված խախտմամբ պայմանավորված՝ կարող են ազդեցություններ լինել Կարմիր գրքում որպես խոցելի տեսակ գրանցված որոշ մշտաբնակ թռչունների բազմացման արդյունավետության վրա: Դրանցից են կարմիր բադը, մարգահավը, փոքր արծիվը, գաճաճ արծիվը, ցախաքլորարոսը, քարարծիվը և օձակեր արծիվը» (էջ 619-620):

«Ստորին հոսքերի աղտոտումը կեղտաջրերից կբերի ջրային կենսամիջավայրի աղտոտման, որը հնարավոր հետևանք կունենա անողնաշարավորների, երկկենցաղների, ձկների և բույսերի վրա: Երկարաժամկետ թթվային դրենաժի և ծանր մետաղներով աղտոտման ռիսկի առկայություն»  (էջ 610):

«Հանքափոսերի և հանքատար ճանապարհների սահմաններում, ինչպես նաև ջարդիչ կայանի, ԿՏՀի և ԴԱԼի տեղամասերում կլինի էկոհամակարգերի անդառնալի փոփոխություն: Կնվազի որոշ կենդանիների կենսամիջավայրի առկայությունը և որակըԿկրճատվի լայն տարածված մանր կաթնասուների և երկկենցաղների կենսազանգվածը: Տեղի կունենա գորշ արջերի համար բազմացման, կերի հայթայթման, հանգստանալու և ձմեռելու վայրերի կորուստ» (էջ 607):

«Գարնանն ու ամռանը տափաստանային հողմավար բազեներն ունեն որս անելու նախընտրելի վայրեր, այդ թվում Ամուլսարի՝ դեպի հարավ նայող խոտածածկ լանջերը, որը կարող է ազդեցություն կրել հանքից և մինչև հանք երթևեկությունից: Ակտիվությունն ու աղմուկը կարող են վախեցնել նրանց, ինչպես նաև փոշու նստվածքագոյացման հետևանքով կարող է փչանալ նրանց սնվելու կենսամիջավայրը. փոշին կնստի բուսականության և տարածքում առկա բազմաթիվ մորեխների թրթուռների վրա, որոնցով այս թռչունները սնվում են Գիշատիչ թռչունները կարող են բախվել օդով անցնող էլեկտրահաղորդման լարերին՝ լուսավորվող տարածքներում: Ջրի աղտոտումը և սննդի շղթայում ծանր մետաղների թափանցումը նույնպես կարող են ազդել թռչունների բազմացման  արդյունավետության վրա, եթե մեղմացման միջոցառում չլինի» (էջ 649):

«Որոշ թռչուններ և կաթնասուններ կարող են տեղափոխվել այլ վայրեր, քանի որ աղմուկն ու անհանգստությունը տեղի է ունենում 24 ժամ շարունակ: Ամենայն հավանականությամբ, գորշ արջը կարող է ազդեցություն կրել» (էջ 609):

«Ծրագրի ազդակիր տարածքը կարող է դադարի կարևոր վայր հանդիսանալ չվող գիշատիչ թռչունների համար» (էջ 248):

«Ինչպես յուրացման համար նախատեսված այլ տարածքներում, օգտագործման ավարտից հետո … տվյալ տարածքներ կվերադառնան այդտեղ նախկինում ապրող բոլոր տեսակները» (էջ 238):

«Ծրագիրը կազդի հետևյալ ձկնատեսակների վրա՝ կարմրախայտ, արագաշարժ տառեխիկ, ձիածածան սովորական, բեղլու, մուրծա, սպիտակաձուկ, Սևանի կողակ» (էջ 604):

«Չղջիկները այս մոբիլ կենդանիները դժվար թե ընկճվեն կամ, առավել ևս, վերանան ԿՏՀ  շահագործման համար նախատեսված վայրից: Ոչ հեռու են հարմար.  ջրառատ և միջատներով հարուստ վայրերը, ուր առանց որևէ նկատելի կորուստների՝  կտեղափոխվեն չղջիկները» (էջ 242):

 «Տարածքի շահագործման ժամանակ արդյունավետ բնապահպանական միջոցառումներից են սողունների հազվագյուտ տեսակների հավաքն ու վերաբնակեցումը անվտանգ տեղամասեր» (էջ 247): «Սողունների համար կենսամիջավայրի կորուստ: Ճանապարհներին ավտոմեքենաների կողմից սպանված սողունների դեպքերի ավելացում» (էջ 608):

«Հաշվի առնելով ԲՊՄՄի Կարմիր ցուցակում ընդգրկված գիշանգղի և բալոբանի համաշխարհային մակարդակով վտանգված կարգավիճակը, Ծրագրի իրականացման ընթացքում, սահմանված կարգով, կմշտադիտարկվի նշված տեսակների ներկայությունն ու վարքը: Եթե պարզվի, որ այս տեսակներից որևէ մեկը բացասական ազդեցություն է կրում, ապա կնախատեսվեն համապատասխան մեղմացման միջոցառումներ, օրինակ՝ կստեղծվի այսպես կոչված «անգղների ռեստորան»՝ գիշանգղի համար կերի պաշարներ ապահովելու նպատակով» (էջ 645):

 

Ինչպես տեսնում ենք, Նախագծում մանրամասն ասվում է, թե այդ հանքավայրի շահագործման դեպքում կենսաբազմազանությանը սպառնացող ինչ վտանգներ ու իրական կորուստներ կարող են ի հայտ գալ: Հողի որակի փոփոխման հետևանքով, կանխատեսվում է կենսամիջավայրի մշտական կորուստ, բուսականությունը կվերացվի կամ հիմնովին կփոփոխվի, կփոփոխվեն բույսերի համակցությունները և տեսակային կազմը: Երկարաժամկետ թթվային դրենաժի և ծանր մետաղներ պարունակող փոշու ազդեցությամբ, կնվազի ցամաքային և ջրային բուսականության արտադրողականությունը: Ջրաբանական և ջրաերկրաբանական կառուցվածքի փոփոխությունը կազդի բուսականության և կենդանիների վրա: Ջրային կենսամիջավայրի աղտոտումը և կորուստը, հոսքի խաթարումը, գերխոնավ տարածքների սնուցման կրճատումը կարող է հետևանք ունենալ բույսերի, անողնաշարավորների, երկկենցաղների և ձկների վրա, կրճատելով նրանց կենսազանգվածը: Սննդի շղթայում ծանր մետաղների թափանցումը կարող է ազդել կենդանիների բազմացման վրա…

Վերը բերված և բազում այլ անդառնալի կորուստների սպառնալիքներ ներկայացրած Նախագծում, անսպասելիորեն կարդում ենք հետևյալ անպատկառությունը. ««Գեոթիմ» ընկերության կենսաբազմազանության քաղաքականության համաձայն, Ծրագրի նպատակն է, չունենալ կենսաբազմազանության ոչ մի կորուստ և երաշխավորել, որ Ծրագրի աշխատանքների արդյունքում չի լինի կենսաբազմազանության և էկոհամակարգերի գործառույթների համակարգված դեգրադացում կամ կորուստ: Սա նշանակում է, որ Ծրագրի ազդեցության տարածքում հանդիպող տեսակները Ծրագրի իրականացման պարագայում պետք է ունենան երկարաժամկետ գոյատևման նույն հնարավորությունները, որքան և Ծրագրի բացակայության դեպքում, և տեսակների համար կլինի նույնատիպ ծավալներով համապատասխան կենսամիջավայրորն ունեցել են ելակետային պայմաններում» (էջ 590):

Տպավորություն է ստեղծվում, որ այս քաղվածքի հեղինակը բացարձակորեն տեղյակ չէ Նախագծի բովանդակությանը: Այս քաղվածքը կարդալուց հետո պետք է նորից կարդալ Նախագծի այն բաժիները, որոնց մեջ մանրամասն գրված է, թե հանքը շահագործելու դեպքում,  ինչ կորուստներ են ունենալու   կենսաբազմազանությունը, հողային ու ջրային ռեսուրսները:

 

       Օրենքներ՝ բնության ու մարդու դեմ

 

Ամուլսարի հանքի  հանքաքարը 89,376 մլն տոննա է, դատարկ ապարները՝ 374,87 մլն տոննա, այսինքն՝ հանքարդյունաբերական ընդհանուր թափոնները կազմում են ավելի քան 464 մլն տոննա: Հանքերևակումները որպես հանքավայր շահագործելուն ճանապարհ է հարթում այն խարդախությունը, որ հանքարդյունաբերության կողմից առաջացած թափոնները «Թափոնների մասին» ՀՀ օրենքով չեն կարգավորվում, այսինքն՝ թափոն չեն համարվում: Օգտվելով այս հանգամանքից, Նախագծում այս թափոնները թափոն չեն անվանվում, դրանք ներկայացված են որպես լցակույտեր, ինչը ընկերությանը հնարավորություն է տալիս իր արտադրած թափոնների դիմաց պետական հարկեր չվճարել: ՀՀ իշխանավորների կողմից իրականացվող պետական այս հանցագործությունը կասեցնելու-վերացնելու դեպքում «Լիդիան ինթերնեյշնլ» ընկերությունը 89,37 մլն տոննա առաջին դասի և 374,63 մլն տոննա երրորդ դասի թափոնները Հայաստանի Հանրապետության տարածքում տեղադրելու դիմաց, ըստ «Բնապահպանական վճարների դրույքաչափի մասին» ՀՀ օրենքի, պետական գանձարան պետք է մուծեր ավելի քան 6 տրիլիոն դրամ (12,5 մլրդ դոլար), այն դեպքում, երբ իր կորզելիք ոսկու և արծաթի գումարային արժեքը կազմում է ընդամենը 2,62 մլրդ դոլար (1,56 տրիլիոն դրամ): Անհրաժեշտ եմ համարում ասել, որ նշված օրենքում յուրաքանչյուր մեկ տոննա հանքարդյունաբերական թափոնը ՀՀ տարածքում տեղադրելու դիմաց սահմանվում է վճարել զրո դրամ, իսկ վտանգավոր թափոնների մասին՝ ոչ մի խոսք: Ահա թե ինչպես է կատարվում օրենքով սահմանված գողությունը և բնական համակարգերի ավերումն ու ոչնչացումը:

Համեմատելով պետական հարկերն ու ստացվելիք հասույթը, պարզ է դառնում, որ   հանքարդյունաբերության հետևանքով առաջացած լցակույտ կոչվածները թափոն համարելու, հողին, ջրին, օդին, բուսակենդանական աշխարհին հասցվելիք վնա հաշվարկելու և ընդհանրապես, հանքարդյունաբերությունը հարկային դաշտ բերելու դեպքում, ոչ ոք չէր մտածի Ամուլսարի հանք կոչվածի շահագործման մասին: Սակայն պարզվեց, որ այստեղ էլ կարելի է սխալվել: Օրինակ, 2016 թվին լցակույտերը օրենսդրորեն թափոն համարվեցին, սակայն առ այսօր այդ թափոնները նախագծերում լցակույտ են կոչվում, իսկ հարկումը հետաձգվել է. միայն 2021 թվականին կարող է սկսվի հարկման գործընթացը, իհարկե, եթե օլիգարխիան համարի, որ ժողովրդի ունեցվածքից թող օգտվի նաև ժողովուրդը՝ հանքերի իրական տերը, բավ է ինչքան գողացանք ու կողոպտեցինք:

 

      Ժամանակավոր աշխատատեղի խաբկանքը

  

Նախագծում ասվում է, որ շինարարության ընթացքում Ծրագրում կընդգրկվի 1300, իսկ հանքշահագործման ընթացքում՝ 657 աշխատող (էջ 683): Այդտեղ նաև գրված է, որ շինարարությունը տևելու է 2, իսկ հանքշահագործումն ու հանքաքարի վերամշակումը՝ 9 տարի: Ցավոք, սա ընդունվում է որպես նոր աշխատատեղերի ստեղծում, երբ դրանք ընդամենը 10-12 տարվա կյանք ունեն, իսկ արդյունքում մասնակիորեն կամ հիմնովին ոչնչանալու են մշտապես գոյություն ունեցող աշխատատեղերը՝ անասնապահության, գյուղատնտեսության, այգեգործության, ուտելի բույսեր և դեղաբույսեր, սնկեր հավաքելու, ձկնորսության և այլ ոլորտներում: Արդյոք դժվար է տեսնել ու գնահատել, թե Ամուլսարի ծրագիրը, հրեշավոր հիդրայի պես, ինչ ընդգրկում ունի… Մամուլից տեղեկանում ենք (2017 թ.), որ վարչապետ Կ. Կարապետյանը կարևորել է Հայաստանում «Լիդիան Ինթերնեյշնլ»-ի կողմից իրականացվող ներդրումային ծրագիրը և նշել, որ ՀՀ կառավարությունը բոլոր նախաձեռնություններում, որոնք ուղղված են տնտեսության զարգացմանն ու զբաղվածության աճին, կանգնած է ներդրողների կողքին որպես գործընկեր: Եվ սա ասում է մի մարդ, ով տնտեսագուտության դոկտոր է, երբ վերլուծությունը ցույց է տալիս, որ այս ծրագիր կոչվածի՝ Ամուլսարի հանքավայրի շահագործումը բերելու է տնտեսության փոշիացում և զբաղվածության կորուստ, աղքատության խորացում:

 

 

                                Ռադիոակտիվ տարրեր

 

Ամուլսարի հանքի  խնդրում բնակչության շրջանում մեծ հուզմունք է առաջացնում նաև ռադիոակտիվ էլեմենտների և սնդիկի, գլխավորապես ուրանի առկայության հարցը: Չնայած  Նախագծում բացակայում է թե բացի ոսկուց ու արծաթից հանքաքարում ինչ էլեմենտներ կան, սակայն ներկայացված է 222,9 մլն տոննա դատարկ ապարներում առկա էլեմենտները, որոնց թվում՝ 653 տոննա թորիում, ինչպես նաև ուրան, որի քանակի հաշվարկը չեմ կատարել: Արդեն ասվել է, որ 89,4 մլն տոննա հանքաքարում հաշվարկվել է 245 տոննա սնդիկ և 683 տոննա ուրան:

Ամուլսարում ուրանի առկայության վերաբերյալ որոշ տեղեկություն է հայտնում պրոֆեսոր Պ. Ալոյանը՝ 2007 թվականին հրապարակած՝ «Հայաստանի ռադիոակտիվ հումքային պաշարների պոտենցիալը և նրա յուրացման հեռանկարները» հոդվածում: Այդտեղ նա գրում է, որ Վայոցձորյան ուրանային հանքերևակումներում ամենահեռանկարայինը հանդիսանում են Վայքյան և Ամուլսարյան հանքերևակումները: Ամուլսարյան ուրանի երևակումը գտնվում է Կեչուտ գյուղից 4 կմ դեպի հարավ-արևելք և Ամուլսարի կատարից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք: Տեղանքում ստորգետնյա փորվածքների և հորատային ճեղքվածքներով պարագծվել է 15 տեղամաս՝ ուրանային երկրորդական հանքայնացմամբ (օտենիտ, տորբենիտ, մետատօրբենիտ): Հանքայնացումը հայտնաբերվել է մինչև 50-60 մետր խորությունը: Կանխատեսվում է, որ 100 մետր խորությունում այն կմարի: 5 ամենանշանակալի տարածքներում ուրանի պարունակությունը տատանվում է հազարերորդականից մինչև 0,5 տոկոսը, 0,025-0,03 տոկոս միջին պարունակությամբ: Ամուլսարյան 5 տեղամասում հաշվարկված է  մոտավորապես 70 տոննա ուրան, իսկ հաշվի առնելով թորիումային տեղամասի ուրանը, ապա նրա ընդհանուր պաշարները կարելի է գնահատել 100 տոննա: Վայքյան երևակումներում ուրանի պաշարը կանխատեսվում է 20-30 հազար տոննա, իսկ Վայքի ուրանային հանքաքարի արդյունաբերական յուրացումը կապված է նախ այդ հանքաքարում ոսկու պարունակության հետ (Г.П. Алоян, Ресурсный потенциал радиоактивного сырья Армении и перспективы его освоения, Горный журнал, 2007, N 635): Այս հոդվածից նաև հայտնի է դառնում, որ այդ տարածքներում առկա է ցրված ուրան:

 

               Պետական փորձաքննության բացակայությունը

 

Ամուլսարի հանքավայրի Նախագծին ՀՀ բնապահպանության նախարարության կողմից տրված պետական փորձաքննական դրական եզրակացությունը (թիվ ԲՓ 35, 29.04.2016 թ.), ինչպես արդեն ասվել է, իրենից ներկայացնում է Նախագծի սեղմագիրը, սակայն այն բացառությամբ, որ այդտեղ ընդհանրապես չի արտացոլված Նախագծում բավականին մանրամասն նկարագրված և հարյուրավոր էջեր զբաղեցնող՝ հողի, օդի, ջրի ծանր մետաղներով աղտոտման և դրա հետևանքով  բուսական ու կենդանական աշխարհին սպառնացող վտանգների մասին: Փաստորեն, 839 էջանոց Նախագիծը ընտրողաբար սեղմագրվել է 8 էջի վրա՝ ներկայացնելով այն բաժինները, որոնք վերաբերում են բացհանքերին, հանքաքարին և դատարկ ապարներին և դրանց բեռնատեղափոխմանը, հանքաքարի մանրացմանը, տարրալվացման եղանակով ոսկու կորզմանը, արտադրական փուլում ջրերի մաքրմանը, հանքի փակմանը, ռեկուլտիվացմանը և այլն: Իսկ կենսաբազմազանության պահպանության առումով այդ եզրակացության մեջ գրված է. «Նախագծի նպատակն է, չունենալ կենսաբազմազանության ոչ մի կորուստ և երաշխավորել, որ ծրագրի աշխատանքների արդյունքում չի լինի կենսաբազմազանության և էկոհամակարգերի գործառույթների համակարգված դեգրադացում կամ կորուստ: Սա նշանակում է, որ ծրագրի ազդեցության տարածքում հանդիպող տեսակները ծրագրի իրականացման պարագայում պետք է ունենան երկարաժամկետ գոյատևման նույն հնարավորությունները, որքան և ծրագրի բացակայության դեպքում, և տեսակների համար կլինի նույնատիպ ծավալներով համապատասխան կենսամիջավայրորն ունեցել են ելակետային պայմաններում»:

Նախագծին անծանոթները կհասկանան, որ սա բնապահպանության նախարարության տեսակետն է, քանի որ եզրակացության մեջ նշված չէ, որ այս խաբեությունը վերցված է Նախագծից (էջ 590): Փորձաքննություն «իրականացնողները» այս քաղվածքը արտագրելով և հատուկ հղում չկատարելով, փաստորեն բնապահպանության նախարարության վրա են վերցրել հանքի շահագործման դեպքում կենսաբազմազանությանը զրոյական վնաս հասցնելու երաշխավորությունը: Սա առանձնապես վտանգավոր է դառնում գլխավորապես այն դեպքերում, երբ, օրինակ, պետական բարձրաստիճան պաշտոնյաները, բնականաբար, վստահելով իրենց մասնագետներին և հիմք ընդունելով նրանց ներկայացրած փաստաթղթերը՝ վճիռ են կայացնում (Չպետք է անտեսել մասնագետներին արված բանավոր կարգադրությունները, այսինքն՝ պատվեր կատարելը, որը այսօր գերակա է):

Նախագծի բովանդակությունը սեղմագրելը միայն մեկ նպատակով պետք է արվեր, որպեսզի այն քննության ենթարկելով, վերլուծելով ի հայտ բերվեին Հայաստանի Հանրապետությանը սպառնացող բոլոր վտանգները նաև՝ ապագայի առումով: Այսինքն՝ կատարվեր օրենքի այն պահանջը, որ գնահատման նպատակն է շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա նախատեսվող գործունեության իրականացման արդյունքում հնարավոր վնասակար ազդեցությունների կանխատեսումը, կանխարգելումը… Սակայն այդպիսի աշխատանք չի կատարվել: Անհասկանալի է, թե նշված 8 էջ սեղմագրությունում ինչու է տեղ գտել 26 մ3տարողությամբ շերեփ ունեցող էքսկավատորը, սակայն  այդտեղ բացակայում են Նախագծում մանրամասն նկարագրված սպառնալիքները՝ որ հանքավայրի շահագործման դեպքում ավել քան 4000 հա տարածք ենթարկվելու է ուղղակի և անուղղակի ազդեցության, որ ծանր մետաղներով աղտոտվելու են այդ տարածքները, նույն վտանգավոր նյութերով աղտոտվելու են Ամուլսարից բխող աղբյուրները,  ինչպես նաև Դարբ, Արփա, Որոտան գետերը, որոշ աղբյուրների հոսքը նվազելու է, ինչպես նաև որոշ աղբյուրներ ցամաքելու են, իջնելու են ստորգետնյա ջրերի մակարդակները, որոշ դեպքերում՝ մինչև 60 մետր, որ ծանր մետաղները մտնելով սննդի շղթա կարող են ազդել բույսերի և կենդանիների վերարտադրության վրա, նվազելու է բուսականության և կենդանիների կենսազանգվածը…

Նաև՝ եզրակացությունում ինչու խոսք չկա արծաթի 6,2 %-ով կորզման և հանքաքարում առկա բազում օգտակար տարրերը չկորզելու մասին, երբ օրենքը պահանջում է, որ բնական պաշարները պետք է արդյունավետ ու համալիր օգտագործվեն…

Եզրակացության «Փորձաքննական պահանջներ»-ը երեքն են:

Առաջինում գրված է. «Հանքավայրի և տարրալվացման հարթակի կույտի շինարարության, շահագործման և փակման ընթացքում հետևողականորեն ղեկավարվել ՀՀ Գիտությունների Ազգային Ակադեմիայի Սևանա լճի պահպանության  փորձագիտական հանձնաժողովի 24.02.2014 թ., N7/14-փ արձանագրությունում թվարկված օրենսդրական նորմատիվների պահանջներով»:

 

Նախ, «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությունը օրենսդրական այդ նորմատիվների պահանջներին արդեն տեղյակ է և նորից հիշեցնելու կարիք չկա, և ապա,  N7/14-փ արձանագրությունում գրվածները վերաբերում են մեկ այլ փաստաթղթի՝ հանքավայրի հին նախագծին, որը այլևս գոյություն չունի: Նրան փոխարինում է այլ Նախագիծ: Սևանա լճի հանձնաժողովը 2016 թվականին շրջանառության մեջ դրված և այժմ քննարկման առարկա դարձած 839 էջանոց Նախագծի մասին գուցեև տեղյակ էլ չէ:  Իսկ մինչ նոր Նախագծի ի հայտ գալը, 2014 թ. Սևանա լճի ԳԱԱ փորձագիտական հանձնաժողովի կողմից տված դրական եզրզկացությունը նույնպես լուջ հինք չունի: Չնայած այդ փաստաթուղթը այլևս առոչինչ է,  բայց քանի որ բնապահպանության նախարարությունը դրա վրա հղում է կատարել, ուստի անհրաժեշտ եմ համարում ներկայացնել,  թե այդ արձանագրությունում (4 էջ) հիմնականում ինչ է գրված: Այդտեղ ասվում է, որ հանքի շահագործման ընթացքում կօգտագործվի միջազգային փորձը, մատնունի ծիրանավորի պահպանման նպատակով նախատեսված է 680 հազար ԱՄՆ դոլար: Նաև հղումներ կատարելով (հին) նախագծի 7, 10, 13, 21, 22 և 25 հավելվածներին, ասվում է, որ   անհրաժեշտ տեղերում կիրականացվի համապատասխան մոնիտորինգ, հանքում իրականացվելիք պայթեցումները չեն ազդի ջերմուկի աղբյուրների կենսունակության ու ջրի որակի վրա, Կեչուտի և Սպանդարյան ջրամբարների, Որոտան գետի և մոտակա գյուղերիջրի որակի վրա հնարավոր ազդեցությունները կվերահսկվեն ինժեներական վերահսկողության միջոցներով, հանքավայրի հողի հումուսային շերտը կպահեստավորվի՝ ռեկուլտիվացման ընթացքում օգտագործելու համար, մշակված է արդյունաբերական և կենցաղային կեղտաջրերի մաքրման կայաններ ստեղծելու ծրագիր: Սևանա լճի առումով գրված է, որ Սպանդարյա և Կեչուտ ջրամբարները իրենց հարակից տարածքներով մաս են կազմում  Սևանա լճի ջրհավաք ավազանին, հետևաբար այդ տարածքներում արգելված է … գլխավորապես հանքանյութեր վերամշակող օբյեկտների տեղաբաշխումը:  Եվ այսքանից, փաստորեն մերժելուց,  հետո գրված է. «Հանձնաժողովը(հին) նախագծին տալիս է դրական եզրակացություն հանձնաժողովի առաջարկություններում նշված ՀՀ օրենսդրության պահանջները ընկերության կողմից պարտադիր կատարման պայմանով»:

Ինչպես տեսնում ենք, փորձաքննություն իրականացնելու փոխարեն, վերապատմվում է նախագծի հավելվածների բովանդակությունը:

Ահա այսպիսին է ակադեմիական փորձագիտությունը. հակասական, ընկերության շահերը պաշտպանող, փորձաքննությունից հեռու մի խառնաշփոթ:

Բնապահպանության նախարարության կողմից տրված դրական եզրակացության փորձաքննական երկրորդ պահանջն է. «ՀՀ Կարմիր գրքում գրանցված ծիրանավոր մատնունի բուսատեսակի պահպանումն ու վերարտադրությունը իրականացնել համաձայն՝ ՀՀ բնապահպանության նախարարության և Գեոթիմ ՓԲԸի միջև 2015 թ. օգոստոսի 7-ին կնքված «Հայաստանի Հանրապետության բույսերի Կարմիր գրքում գրանցված բուսական տեսակի նոր պոպուլյացիաների առանձնյակների տեղափոխման մասին» պայմանագրի»:

Բնապահպանության նախարարությունը ընկերությանը հիշեցնում է, որ մեկ տարի առաջ միասին պայմանագիր են կնքել: Այսինքն, անիմաստ թղթաբանություն:

Փորձաքննական երրորդ պահանջ՝ «Հանքի փակումից երկու տարի առաջ սահմանված կարգով ՀՀ բնապահպանության նախարարություն՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության ներկայացնել հանքի փակման ծրագիրը»:

Բնությունը «պահպանող» բնապահպանության նախարարություն, պետք չէ անհանգստանալ և ապարդյուն եռանդ ծախսել, քանի որ առանց զգուշացման, դա պարտադիր կարվի՝ օրենքով սահմանված կարգով և բնապահպանության նախարարությունը փորձաքննություն «իրականացնելու» հնարավորություն կունենա:

Իսկ «Պետական փորձաքննական եզրակացություն» փաստաթղթի  վերջում ասվում է, որ Նախագծին տրվում է դրական եզրակացություն՝ վերը նշված փորձաքննական պահանջների պարտադիր կատարման պայմանով»:

Փաստորեն, փորձաքննություն չի կատարվել, միաժամանակ քողարկվել են հանքի շահագործման դեպքում՝ հողայի ու ջրային պաշարներին, կենդանական ու բուսական աշխարհին սպառնացող վտանգները: Այսուհանդերձ, բնապահպանության նախարարությունը հայտարարում է, որ Նախագծի փորձաքննության գործընթացն իրականացվել է օրենքի շրջանակներում։

Նախագծին վերաբերող քննարկումներում՝ ընկերության և կառավարության տեսակետների համահունչ կողմնակալությունից, Նախագծի և դրան տրված դրական եզրակացության բովանդակությունից նաև կարելի է ենթադրել, որ հավանաբար, քննարկվող տխրահռչակ եզրակացությունը կազմվել է ընկերության և կառավարության համատեղ աշխատանքի արդյունքում կամ նույնիսկ՝ ընկերությունը կազմել է, իսկ կառավարությունը դրել է իր ստորագրությունն ու կնիքը:

Օրենքներ՝ կողոպուտի համար

ՀՀ  կառավարության, Ազգային ժողովի և նախագահական համակարգի միասնական ջանքերով ստեղծվել են այնպիսի օրենքներ, որոնք հնարավորություն են տալիս կողոպտել նաև ընդերքի  հարստությունները: Պետական այս հանցագործությունը կանխվելու փոխարեն այն առավել արմատավորվում է, քանզի իրական հանքատերերը հիմնականում օլիգարխներն են: Եթե Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիան ծաղկուն ու երկարակյաց  չլիներ, ապա չէին ստեղծվի ժողովրդի ունեցվածքի կողոպուտին նպաստող պայմաններ և մեր երկրում ոտք չէին դնի «Լիդիան ինտերնեյշնլը» և իր նման ընկերությունները:

Արդեն տրված արտոնագրերից պարզ երևում է, որ մեր երկրում չի լինելու որևէ հայտնի գետ, որի հովտում, իսկ երբեմն նաև հենց  ակունքում մետաղական հանքերևակման շահագործումը բացառված լինի: Փաստորեն կատարվում է մարդու սպանություն, բայց միայն այն տարբերությամբ, որ թունավորվում ու ոչնչացվում է մարդուն կյանք տվող միջավայրը, իսկ այդ գործը կամա, թե ակամա իրականացնողներից պատասխանատվություն պահանջող չկա:

Ո՞ւմ է ձեռնտու Հայաստանի կործանումը կամ ովքե՞ր են շահագրգռված դրանում: Թողնենք անընդհատ արծարծվող պատվիրատուին, որը մեզ համար միայն գուշակելի է և գանք մեր պետական պաշտոնյաներին, ովքեր մեր աչքի առջևն են ու ապրում են ժողովրդի միջոցների հաշվին և պետք է որ ապահովեն մեր երկրի անվտանգությունը՝ բոլոր առումներով: Սակայն երկիրը քայքայվում  ու փոշիանում է ներսից՝ մեր ընդունած օրենքներով և իհակե, իշխանական կամայականությամբ և այնպիսի կամայականությամբ, որ երբեմն թվում է թե այդ ամենը կատարվում է պետությունից դուրս՝ անտեր անապատում:

Պատմությունից հայտնի են շատ դեպքեր, երբ ոսոխը գրավելով որևէ երկիր, աշխատել է նրա զարգացման համար պայմաններ ստեղծել, իհարկե՝ սեփական շահերից ելնելով՝ ավելի շատ հարկեր հավաքելու միտումով: Նմանօրինակ մի բան պատմում են Հիտլերի մասին, որ իբր 44-ի վերջերին Գերմանիան արդեն ատոմային ռումբ ուներ և դրա փորձարկումից հետո, երբ մասնագետները նրան բացատրել են, որ այդ զենքով գրավված տարածքները ապրելու և օգտագործելու համար դառնում են ոչ պիտանի, այն էլ հարյուրամյակներ շարունակ, նա հրաժարվել է այդ զենքի կիրառումից, ասելով, թե ինքը տարածքներ է գրավում, որպեսզի դրանք նպաստեն իր երկրի բարգավաճմանը: Դժվար է ասել սա իրականություն է եղել, թե ոչ, սակայն այդտեղ առկա է առողջ տրամաբանությունը, ինչը ցավոք բացակայում է մեր երկրի կառավարման համակարգում:

 

Ամփոփում

Ամուլսարի հանքի շահագործման դեպքում ավերվելու է նրա երկրաձևաբանական կառուցվածքն՝ իր ջրագոյացման-ջրաբաշխման համակարգով, Արփա, Դարբ, Որոտան գետերի հովիտները ջրի աղտոտման պատճառով կդառնան  բնակության համար վտանգավոր և ժամանակի  ընթացքում կամայացվեն, որը կհանգեցնի  Հայաստանի Հանրապետության բնակչության կենսատարածքի առավել փոքրացմանը: Այդ հանքի  շահագործումը ծանր ու անդառնալի հարված կհասցնի Հայաստանի Հանրապետության տնտեսությանը, գլխավորապես գյուղատնտեսությանը, ինչը առավել կխորացնի սոցիալական լարվածությունը: Ահա թե ինչու պետք է արգելել Ամուլսարի հանքի շահագործումը, որը կարող է հարստացնել «Լիդիան ինտերնեյշնլ» ընկերությանը և ՀՀ պետական որոշ պաշտոնյաների, սակայն տնտեսական և էկոլոգիական առումներով աղետալի հետևանքներ կունենա մեր երկրի համար:

Նախագծում մանրամասն նկարագրվում է հողային ու  ջրային ռեսուրսներին, բույսերին ու կենդանիներին հասցվելիք վնասը, սակայն վնասի գնահատման բաժնում ներկայացվել է, որ, օրինակ, ջրային համակարգին և բուսակենդանական աշխարհին հասցվելիք վնասը հավասար է զրոյի: Այսինքն, Նախագծի բովանդակությունը և դրանից արված եզրակացությունը հակասական են: Նշված սպառնալիքների համեմատաբար մանրամասն նկարագրությունը հավանաբար արված է այն հեռահար նպատակով, որ եթե հանքավայրը շահագործվի և ի հայտ գան նշված սպառնալիքները, ինչից ելնելով ընկերությունը դատարանի առջև կանգնի, կարողանա ցույց տալ իր կազմած Նախագիծը և արդարանալ, որ այդ ամենը գրված է Նախագծում, սակայն բնապահպանության նախարարության կողմից տրված փորձաքննական դրական եզրակացության մեջ դրանք չեն արտացոլվել: Այսինքն, ստացվում է, որ կատարվածի միակ մեղավորը ՀՀ կառավարությունն է:

Ամուլսարի հանքավայր կոչվածի Նախագիծը կարդալիս, շարունակաբար մտապատկերիս մեջ ներկա է Ավետիք Իսահակյանի նկարագրածը, երբ գայլը լիզում է հոշոտվող ոչխարի վերքերը, իսկ ոչխարը կարծում է, թե դա արվում է ոչ թե արյունը ծծելու, այլ՝ վերքերը բուժելու նպատակով:

 

Հակոբ Արբակի Սանասարյան 

2018թ. մարտի 28

 

Հավելված

Ստորև բերված են Ամուլսարի հանքավայրի հանքաքարի և դատարկ ապարների մեջ պարունակող որոշ էլեմենտների  կենսաբանական հատկությունների վերաբերյալ  տվյալներ, այդ էլեմենտներից շատերը, փոքր քանակություններով կարևոր դեր են կատարում բույսերի ու կենդաննիների կյանքում, սակայն նրանց մեծ քանակությունները՝ խիստ վտանգավոր են, բուսական և կենդանական աշխարհի համար: Այդ նյութերը վերցվել են՝ Вредные химические вещества, Ленинград, Неорганические соединения элементов I-IV групп, 1988, և Вредные химические вещества, Неорганические соединения элементов V-VIII групп, Ленинград, 1989, գրքերից:

 

Ալյումինի (Al) փոշին ախտահարում է թոքերը (թոքերի ալյումինոզ), առաջացնում է օրգանիզմի հյուծվածություն, ախորժակի անկում, մարսողության խանգարում, կտրուկ նիհարում, շնչահեղձություն, հազ, շնչուղիների բորբոքում, էպիլեպսիա, թոքերի աստմա և ֆիբրոզ, քթի միջնապատի քայքայում, լսողության վատացում,աչքերի արցնքակալում ու ցավ, լնդերի արյունահոսություն…  

Բերիլլիումը (Be) և նրա միացությունները ունեն ընդհանուր թունավոր, ալերգիկ, գրգռիչ, քաղցկեղածին, սաղմնաթունավոր ազդեցություն, առաջացնում են՝ օրգանիզմի իմունոկենսաբանական վիճակի և մի շանք ֆերմենտների ակտիվության փոփոխում, բրոնխիտ, պնեվմոնիա, լյարդի, սիրտանոթային, շնչառական ուղիների հիվանդություններ

Բիսմուտը (Bi) և նրա միացությունները ունեն սաղմնաթունավոր հատկություն, խախտում են ֆերմենտների ակտիվությունը, առաջացնում՝ գլխուղեղի բորբոքում, ուռուցքներ, ոսկրային տարբեր հիվանդություններ:

Գալիումը (Ga) և նրա միացությունները առաջացնում են երիկամների, լյարդի, փայծաղի ախտահարում, շարժման կորդինացիայի խախտում, շնչառական ռիթմի դանդաղում…

Գերմանիումը (Ge) և նրա միացությունները առաջացնում են  ճնշվածություն, ցնցումներ, վերին շնչուղիների և աչքերի գրգռվածություն, բրոնխիտ…

Երկաթը (Fe) և նրա միացությունները ունեն ընդհանուր թունավոր ազդեցություն, առաջացնում են թոքերի քաղցկեղ, վերին շնչուղիների գրգռում, լյարդի ֆունկցիայի խաթարում, հոտառության խախտում, թքագեղձերի ատրոֆիա, բրոնխիտ, էմֆիզեմիա, լյարդի և լնդերի բորբոքում, ատամների քայքայում, սիլիկոզ (SiO2-ի բացակայությամբ), աղեստամոքսային, սիրտանոթային, մաշկային հիվանդություններ…

Թալիումը (Tl) ունի կայուն և ռադիոակտիվ իզոտոպներ: Այն կենտրոնական և պերիֆերիկ համակարգերի թույն է, առաջացնում է անքնություն, թուլություն, քայլվածքի խախտում, դողոցք, ցնցումներ, մկանային ցավ, սրտանոթային, գլխուղեղի, մաշկային հիվանդություններ, դիմանյարդի անդամալույծ, քաշի նվազում, նյարդային խանգարումներ, տեսողության խախտում…

Թորիում (Th) և նրա միացությունները: Ռադիոակտիվ բնական իզոտոպներն են՝ 232Th                                  (համարյա 100 %, կիսատրոհումը՝ 1.39.1010): Նրա կենսաբանական էֆեկտը պայմանավորված է  իոնացիոն ճառագայթումով և քիմիական թունավորությամբ: Առաջացնում են հյուսվածքների քայքայում, էնդոկրինային համակարգի ախտահարում, թոքերի քաղցկեղ, ոսկրային ուռուցք…

Ծարիրը (Sb) և իր միացությունները առաջացնում են արյան կարմիր գնդիկների և ֆերմենտների ակտիվության նվազում, պաշտպանիչ ռեֆլեքսների մարում, տղամարդկանց սեռական ֆունկցիայի խախտում, մաշկային, գինեկոլոգիական հիվանդություններ…

Ծծումբը (S) և նրա միացությունները բարձր կոնցենտրացիաներում բերում են հողի բերրիության անկման, բույսերի աճի ու վերարտադրության կանխման, մուտագեն են, խախտում են ջրային կենդանիների մի շարք կարեւորագույն ֆերմենտային համակարգերի գործունեությունը, առաջացնում են՝ նյարդային, լյարդի, երիկամների, թոքերի, սրտանոթային, ատամների, աղեստամոքսային, շնչառական ուղիների հիվանդություններ, ընդհանուր թուլություն, գլխացավ, գլխապտույտ, արցունքահոսություն, հազ, լուսավախություն, գրգռվածություն, շնչահեղձություն, քթի ցավ, խռպոտություն, շրթունքների կապտախտ:

Կադմիումը (Cd) և նրա միացությունները նվազեցնում են մարսողական ֆերմենտների ակտիվությունը: Կադմիումով խրոնիկ թունավորման հետեւանքով առաջանում է կալցիումի փոխանակության խախտում, ատամների վզիկներին դեղին պսակ է առաջանում, արյան մեջ քչանում են ծծմբաջրածնային խմբերը… կմախքի ձեւափոխում, հասակի փոքրացում, գոտկատեղում և ոտքերի մկաններում` ծանր ցավեր, բադի քայլվածքով, ամենաաննշան լարվածության դեպքում` ջարդվածքներով, օրինակ՝ հազից կողոսկրի կոտրվելը…

Կապարը (Pb) և նրա միացությունները հողում նվազեցնում են միկրոօրգանիզմների քանակությունը եւ բույսերի աճը:Առաջացնում են գլխացավ, գլխապտույտ, քնի խանգարում, խոսքի և տեսողության խախտում, գիտակցության մթագնում, հիշողության վատացում, ծնելիության ֆունկցիայի խախտում, վիժումներ, մեռելածնություն…

Կոբալտն (Co) ու իր միացությունները առաջացնում են արյան ճնշման անկում, էնդոկրինային համակարգի խախտում, ֆերմենտների ակտիվության նվազում, վերարտադրման ֆունկցիայի նվազում, տկարություն, գլխացավ, ծարավ, չոր հազ, շնչահեղձություն, տենդ, հոդացավ,  մաշկային և այլ հիվանդություններ, բույսերի աճի ու բերքատվության նվազում…

Մկնդեղը (As) և նրա միացություններն առաջացնում են հյուսվածքային շնչառության խախտում, նվազեցնում բջիջների էներգետիկ պաշարները, օրգանիզմի ջրազրկում, հեմոլիզ, հյուսվածքների դեգեներացման ու մահացման ախտահարում, սակավարյունություն, սաղմնաթունավորություն, հրեշածնություն, մաշկի քաղցկեղ, փսիխոզ, հիշողության և խոսքի խախտում, խռպոտություն…

Մոլիբդենը (Mo) արգելակում է սաղմի ոսկորների ձևավորումը, առաջացնում է աճի ուշացում, ատաքսիա, աղեստամոքսային խանգարումներ, սակավարյունություն, իմունոկենսաբանական ցուցանիշների նվազում, կմախքի փոփոխություն:

Նիկելը (Ni) և նրա միացությունները սաղմնաթունավոր են, առաջացնում են արյան ճնշման բարձրացում, շնչուղիների, երիկամների, փայծաղի, ուղեղի, սրտանոթային, թոքերի, քթի հիվանդություն, գլխացավ, շնչահեղձություն, ախորժակի անկում, ստամոքսային ցավեր, թոքերի, աղիների և ստամոքսի քաղցկեղ, էկզեմա և մաշկային այլ հիվանդություն, զգայնության խախտում, տեսողության սրության անկում, պերիֆերիկ նյարդային համակարգի ախտահարում…

Պղնձի (Cu) և նրա միացությունների մեծ քանակությունները թունավոր ազդեցություն են գործում բուսակենդանական աշխարհի վրա, խաթարվում են հողի հստակ կառուցվածքը և ջրաթափանցելիությունը: Պղնձի միացությունները խիստ թունավոր են ջրային բոլոր տեսակի բույսերի և կենդանիների համար: Սահմանային թույլատրելիից բարձր խտությունների դեպքում պղինձը մարդկանց մոտ առաջացնում է լորձաթաղանթի գրգռվածություն, գլխացավ, թուլություն, սրտխառնոց, մկանային ցավ, դող, ջերմության բարձրացում, թոքերի այտուց, թոքաբորբ, նյարդային համակարգի, լյարդի և երիկամների ֆունկցիոնալ խանգարում, անցքեր` քթի միջնապատում…

Սելենը (Se) և իր միացությունները առաջացնում են մազերի թափում, հոգնածություն, գլխապտույտ, գլխացավ, քնատություն, քնի խանգարում, աշխատունակության անկում, մկանային և ոսկրային ցավ, սրտանոթային և աղեստամոքսային, թոքերի, լյարդի, երիկամների, շնչուղինների, մաշկային հիվանդություններ, եղունգների ձևափոխմ, լյարդի ցերոզ, հրեշածնություն…

Սնդիկը (Hg) բարձրակարգ թույն է կյանքի ցանկացած ձևի համար: Կանխում է բույսերի աճը, խաթարում է ֆոտոսինթեզը, արագացնում է ծերացումը, առաջացնում է թուլություն, գլխացավ, ջերմության բարձրացում, շնչուղիների բորբոքում, բրոնխիտ, լնդերի, մաշկային և այլ  հիվանդություններ, ստամոքսի ցավեր, թոքերի բորբոքում, ձեռքերի դողոցք, սրտխառնոց, փսխում, արյունախառն փորլուծ, լեյկոցիտոզ, հիշողության վատացում-կորուստ,  երիկամների ախտահարում…

Ստրոնցիումը (Sr) և նրա միացությունները նյարդային և մկանային թույն են, առաջացնում են ոսկրային հյուսվածքի, լյարդի և արյան ախտահարում, ոսկորների դյուրաբեկություն և այլանդակություն, կողմնորոշիչ ռեֆլեքսի խախտում, մկանային ուժի անկում, շնչառության և շարժման կորդինացիայի խախտում, ցավ՝ սրտի շրջանում, քաշի նվազում…

Վանադիումը (V) ինչպես և կադմիումը, բարձրակարգ բույսերի համար ամենաթունավոր էլեմենտն է: Առաջացնում է նյութափոխանակության խախտում, ֆերմենտների ակտիվության անկում, սաղմնաթունավորում, իմունային համակարգի թուլացում, կենտրոնական նյարդային և սիրտանոթային համակարգի և արյան շրջանառության խախտում, բրոնխիտ, գլխուղեղի այտուց, էմֆիզեմիա,  աղեստամոքսային, թոքերի, շնչուղիների հիվանդություններ…

Վոլֆրամը (W) և նրա միացությունները… օրգանիզմի ջերմակարգավորման խախտում, լյարդի ածխաջրային և լիպիդային ֆունկցիայի, ինչպես նաև արյան սպիտակուցային չափանիշի խախտում, խոլեստերինի քանակի մեծացում, նյարդային համակարգի քայքայում, էնցեֆալոպատիա, գաստրիտ, խոցային հիվանդություններ, կոլիտ (հաստ աղիի բորբոքում), խոլեցիստիտ, էկզեմա…

Տելլուրը (Te), 123Te (0,87 %, կիսատրոհմումը՝ 1,25.1013 տարի) օրգանիզմի վրա ազդեցությամբ շատ նման է սելենին և մկնդեղին, այն թիոլային թույն է, ախտահարում է արյան և աղեստամոքսային և երիկամային համակարգերը, առաջացնում է նյարդային համակարգի խախտում և քայքայում, նյութափոխանակության խախտում, օրգանիզմի աճի կասեցում, մազերի աճի վատացում, շնչուղիների հիվանդություն, ցիանոզ, գիտակցության կորուստ…

Տիտանը (Ti) և նրա միացությունները ճնշում են ֆոտոսինթեզը, նվազեցնում բույսերի բերքատվությունը, օրգանիզմում խախտում են սպիտակուցային փոխանակությունը և քթի շնչառական-հոտառական ֆունկցիան, վերին և խորքային շնչուղիների հիվանդություններ…

Ցինկը (Zn) և նրա միացությունները հողում նվազեցնում են միկրոօրգանիզմների քանակությունը… մարդու մոտ առաջացնում են հոգեճնշվածություն, չոր հազ, սրտխառնոց, աղմուկ` ականջներում, գրգռվածություն, անքնություն, հիշողության ու լսողության վատացում, թոքերի ծավալի հիվանդոտ մեծացում, շնչուղիների, թոքերի, աղեստամոքսային և այլ հիվանդություններ:

Ուրանը (U) և նրա միացությունները: Բնական ուրանը կազմված է երեք իզոտոպներից՝ 238U (99,27 %, կիսատրոհումը՝ 4,51.109), 235U (0,7 %, կիսատրոհումը՝ 7,13.108), 234U (0,0057 %, կիսատրոհումը՝ 1,36.107): Ուրանի աղերը ջրում լավ են լուծվում: Ուրանի հանքաքարի հորատման, հանման, մանրացման, տեղափոխման ընթացքում շրջակա միջավայր է տարածվում ուրան, ռադոն, ռադիում, պոլոնիում: Ուրանը ընդհանուր բջջային թույն է, ազդում է բոլոր օրգանների ու հյուսվածքների վրա: Ուրանի և նրա միացությունների վնասաբեր ազդեցությունը բնութագրվում է խիստ արտահայտված քիմիական թունավորությամբ և ուրանի իզոտոպների ռադիոկենսաբանական էֆեկտով: Ուրանի միացությունների ճնշող մեծամասնությունը կուտակվում են երիկամներում և քայքայիչ ազդեցություն ունենում՝ առաջացնելով ֆունկցիոնալ և մորֆոլոգիական խանգարումներ….

Քրոմը (Cr) և նրա միացությունները առաջացնում են մաշկի, ստամոքսի և թոքերի քաղցկեղ, շնչուղիների, լյարդի, երիկամի և այլ հիվանդություններ, խախտում են աբստրակտ-տրամաբանական մտածողությունը…

 

Սույն հոդվածը տպվում է «ԱՓ» հանդեսում

Comments

comments

1 Trackback / Pingback

  1. Ամուլսարը՝ զոհասեղանին. bnaban.am

Leave a Reply

Your email address will not be published.


*