ԿՐՈՆԻ ԴԱՍԵՐԸ ԽԵՂՈՒՄ ԵՆ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

Զրուցում եմ եղբորս տղայի`Անդրանիկի հետ, ով սովորում է ևրևանի դպրոցներից մեկի 6-րդ դասարանում: Անդրանիկը պատմում է իրենց դպրոցի, ուսուցիչների, դասարանի երեխաների մասին: Հարցնում եմ կրոնի պատմություն առարկայի մասին, Անդրանիկը մռայլվում է ու ասում. – Գիտե՞ք, մեր դասարանում միայն ես չեմ հավատում Քրիստոսին, բոլոր երեխաները հավատում են և աղոթում, երեխաներ կան, որ երկար ժամանակ աղոթում են, երբեմն աչքերը փակ: Բայց ուսուցիչը չգիտի, որ ես չեմ հավատում, թե չէ կարող է հալածել ինձ, ուսուցիչներից մեկը (գրականության ուսուցիչը) անընդհատ զրուցում է ինձ հետ, փորձելով հավատի բերել ու միշտ ասում է, որ եթե ես հավատամ, կտեսնեմ Քրիստոսին:

Պետք է ասել, որ Անդրանիկի պատմածը անակնկալի բերեց ինձ, իսկ ես իրոք կարծում էի, որ երեխաները միայն կրոնի պատմություն են սովորում, սակայն շարունակելով զրույցը, համոզվեցի, որ իրականում քրիստոնեություն է քարոզվում և երեխաները մանրամասն ուսումնասիրում են Աստվածաշունչը, սովորում են աղոթել … ըստ որում դա պարտադրված է: Վերջ ի վերջո մենք սահմանադրություն ունենք, որտեղ գրված է. Հայաստանի հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի ունի մտքի, խղճի և կրոնի ազատության իրավունք։ Իսկ ահա եղբորս տղան՝ Անդրանիկը, համոզված եմ նաև շատ ու շատ երեխաներ վախենում են ցույց տալ, որ չեն հավատում այդ պարտադրված քարոզին, այս մասին ահա թե ինչ է գրում «Առավոտ» թերթը. «…դպրոցում այդ առարկայի դասավանդումը վերահսկում են տեղի քահանաները, ովքեր ուսուցիչներին հրահանգներ են տալիս, մասնակցում են դասերին: Երեխաներին տանում են եկեղեցական ծիսակատարությունների, դասերի ժամանակ ստիպում են աղոթել: Ուսուցիչները ամոթանք են տալիս այն աշակերտներին, ում ծնողները այլ կրոնական կազմակերպության անդամներ են, ու ամբողջ դասարանի առջև նրանց անվանում աղանդավորներ: Այդ աշակերտներին դասարանից դուրս են հանում, մեկուսացնում, նույնիսկ նրանց դասընկերներին են ներքաշում, որպեսզի մասնակցեն այդ բոյկոտին…Դասագրքում ազգությունը նույնականացվում է եկեղեցու հետ, և ով հայ առաքելական եկեղեցու հետևորդ չէ, ուրեմն հայ չէ»։  Եղբորս տղայի՝ Անդրանիկի հետ զրույցից պարզվեց նաև, որ Եկեղեցին իր պարտքն է համարում մեր մանուկներին սովորեցնել և դաստիարակել Մովսեսի պատվիրաններով՝ հատկապես ուշադրություն է դարձվում «մի սպանիր» պատվիրանի վրա, որը քննարկվում է ոչ թե սովորական պայմանների համար, այլ հենց պատերազմական վիճակում.
– Դուք կսպանեի՞ք թուրքին,  հարցնում է ուսուչուհին երեխաներին.
– Ոչ, պատասխանում են պատվիրանը յուրացրած երեխաները,
— Ես կսպանէի, պատասխանում է Անդրանիկը, որ ոչ մի կերպ չի կարողանում հասկանալ, որ եթե թուրքը մորթում է իր ժողովրդին, ինչո՞ւ ինքը չի կարող սպանել թուրքին,
— Չի կարելի խախտել աստծո պատվիրանը, նախատում է նրան ուսուցչուհին:

Միթե՞ սա մեր ազգի ողբերգությունն ու պարտության ու ոչնչացման պատճառը չէ:

Հայաստանի որոշ մանկապարտեզներում մանուկներին  ակտիվորեն աղոթել են սովորեցնում, դեպքեր են գրանցվել, երբ  մանկապարտեզում երեխային ստիպել են աղոթել ճաշից առաջ, երբ երեխան հրաժարվել է, նրան սոված են պահել (http://armlur.ru/archives/26885):

Ցավոք պետք է նշել, որ եկեղեցին հիմնավորապես տեղավորվել է նաև ժամանակակից հայկական բանակում և իր ավերիչ գործն է իրականացնում, բազմաթիվ քահանաներ բարձր աշխատավարձով աշխատում են բանակում, զինվորներին հասու են դարձնում Եհովայի հզորությանն ու Հիսուս Քրիստոսի փառքին: Վերը բերված նկարում զինվորին ստիպում են խաչը համբուրել, երբեմն նաև ծնկաչոք: Համոզված եմ, որ խաչը համբուրող ու ծնկաչոք զինվորը հնարավոր է և չկրակի թշնամու վրա, որովհետև մանկությունից նրան սովորեցրել են «մի սպանիր»: Ականատեսի վկայությամբ 1997-ին սահմանային գյուղերից մեկի  պահակակետում այդպիսի խաչ համբուրող էին դրել, թուրքերը վրա էին տվել, իսկ  այս տղան չէր կրակել, պահակակետը գրավել էին, մերոնք մի շաբաթ կռվով ու յոթ զոհով հազիվ այդ պահակակետը  հետ վերցրին:

( https://www.facebook.com/permalink.php?story_fbid=857263371147797&id=100005924253527 )

301 թվից հետո, երբ Հայաստանում ոչնչացվեց հազարամյակների ազգային մշակույթը, գիրը, արգելվեց նաև Հայոց լեզուն, Հայոց  դպրոցներում սկսեցին ուսուցանել հունարեն և ասորերեն: Մատաղ սերնդի կրթությունը՝ դպրոցը ամբողջովին անցավ Եկեղեցու վերահսկողության տակ: Այս գործի կարևորությունը լավ հասկանում էր հատկապես Գրիգոր «Լուսավորիչ»-ը, ով Հայոց երկրի տարբեր կողմերից ուսման համար հավաքել տվեց մատաղ մանուկների և ընդգրկեց ինտենսիվ  ուսուցման մեջ, «մինչև որ նրանք ասացին, թե  մոռացա իմ ժողովրդին ու իմ հոր տունը» (Ագաթանգեղոս, 839): իսկ այդ ի՞նչ «գիտություն» էին ուսուցանում Գրիգորի դպրոցներում և ինչո՞ւ հենց մատաղ մանուկներին։  Աստվածաբան Գրիգոր Տաթևացին իր «Սողոմոնի գրքերի մեկնության» մեջ պարզաբանում է, թե եկեղեցին  ինչ «գիտելիք» է տալիս աշակերտին. «Մանուկը մոտ է բնական բարուն և անմեղությանը, նրա զգայարաններն ավելի փափուկ են, և փափուկ մոմի նման ավելի լավ է արտատպվում կնիքից, … ավելի արագ է ըմբռնում ամեն ինչ և սովորում… վարժվում է իմաստունների խրատով, վարժվում է Սուրբ Գրքով …»: Ահա թե ինչո՞ւ եկեղեցին քրիստոնեական ուսմունք է քարոզում ամենավաղ տարիքից, իսկ ժամանակակից դպրոցներում կրոնի դասերը սկսում են 4-րդ դասարանից, որովհետև մարդկանց մեծամասնությունն աստծուն հավատում է այն պատճառով, որ այդ հավատը նրանց մեջ մտցնում են մանկական տարիքում:

Քրիստոնեական այս դպրոցները եկեղեցու վերահսկողությամբ Հայաստանում գործում էին  մինչև սովետական կարգերի հաստատումը, որից հետո դպրոցի ուսուցման ուղղվածությունը փոխվեց 180 աստիճանով, ընդհանարապես արգելվեց կրոնը, փակվեցին եկեղեցիները, դպրոցում ուսուցանվում էր բացառապես բնական գիտելիքներ: Գրիգոր «Լուսավորչի» ստեղծած խավարից երկիրն սկսեց իրապես ազատագրվել ու լուսավորվել, զարգացավ գիտությունը, ստեղծվեցին գիտական ինստիտուտներ, գործարաններ, առաջացան փայլուն գիտնականներ բոլոր բնագավառներում…:

Այժմ փորձենք համեմատության մեջ դնել քրիստոնեական և ոչ քրիստոնեական դպրոցների դաստիարակած սերունդներին:

Քրիստոնեական դպրոցի ստեղծած սերունդներն այդպես էլ մնացին «Լուսավորչի» խավարում, եթե Եվրոպան իր վերածննդի և բուրժուական հեղափոխությունների ժամանակ կարողացավ ազատագրվել քրիստոնեական հավատաքննական խարույկներից ու խավարից  և եկեղեցին առանձնացնել պետությունից, ապա Հայ ժողովուրդըն այդպես էլ չկարողացավ ազատագրվել և աշխարհին և երկրին տվեց հիմնականում անդեմ, ապազգային բիբլիայի փառաբանողներ ու մեկնաբաններ… Այս սերունդը սկսեց հետզհետե կորցնել Հայոց աշխարհի տարածքները, 20-րդ դարի սկզբներին այդ սերունդը ոչ միայն չկարողացավ պաշտպանել իր ընտանիքը և երկիրը, այլ ենթարկվեց ցեղասպանության հենց իր հայրենիքում և կորցրեց իր տարածքների ավելի քան 90-95 տոկոսը: Եվ միթե՞ հեթանոս ՀԱՅԸ  իր հայրենիքում կարող էր ցեղասպան լինել, հազարավոր տարիներ բազում թշնամիններ նույնիսկ չէին կարող մուտք գործել Հայկական Սրբազան լեռնաշխարհ: Աքադական թագավոր Նարամսինը մի քանի մետր մտնելով Նաիրի երկիր, այդ առթիվ մի ամբողջ հուշարձան կանգնեցրեց սեպագիր արձանագրությամբ, որում պարծենում էր, որ ինքը միակ թագավորն է, որ կարողացել է մի քանի մետր թափանցել հզոր Նաիրի երկիր:

Իսկ ահա աթեիստական դպրոցը տվեց աշխարհահռչակ բազմաթիվ Հայ գիտնականներ, որոնք իրենց կարևոր դերակատարությունն ունեցան համաշխարհային գիտական զարգացման մեջ։ Այս դպրոցի աթեիստ սերունդները ոչ միայն կարողացան պաշտպանել ժառանգություն ստացած Հայաստանի հանրապետությունը, այլ առյուծի նման կարողացան կռվել և ազատագրել պատմական Արցախը և այլ հայկական գավառներ: Այսպիսի արդյունք ստացվեց ոչ քրիստոնեական  դպրոցից, իսկ եթե այդ սերունդը մեծանար և դաստիարակվեր մեր սրբազան արիական ազգային հավատքով…

Ինչպես տեսնում եք, սերունդների  տարբերությունը այնքան ակնհայտ է, որ միայն մեր ժողովրդի թշնամիները կարող են փորձել վերադառնալ եկեղեցու իշխանության բարձրացմանը և  միջնադարյան կրոնական պետության և մատաղ սերնդի դաստիարակության մեջ եկեղեցու վերահսկողությանը անցնելուն, որն էլ ակտիվորեն նկատվում է մեր ժամանակակից դպրոցում  կրոնի դասերի մտցնելուց և բանակում հոգևոր պաշտոններ և աղոթքի կետեր ստեղծելուց: Այսինքն, ժամանակակից կրթական քաղաքականության հիմնաքարը պետք է լինի հեռու պահել դպրոցը կրոնից և եկեղեցու վերահսկողությունից, այն խեղում է մեր մանուկների մոմի նման փափուկ միտքը, հեռացնում է բնությունից, աշխարհից, գիտությունից և դարձնում անտարբեր ազգի ու ՀԱՅՐԵՆԻՔԻ նկատմամբ:

Արա Հովհաննեսյան

 

 

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*