Արամ Մանուկյան․ Առասպե՞լ, թե՞ իրականություն

1970-1995 թվականների Սովետական Հայաստանի բնակիչների համար արևմուտքի ցանկացած քննադատություն սովետի մասին թվում էր արդարության գլուխգործոց, իսկ արևմտյան պետությունները՝ միջազգային արդարության աղբյուրներ:

Սովետական Հայաստանի ամեն մի հայ բնակիչ մեծ ակնածանք ուներ Դաշնակցական կուսակցության և դաշնակ հերոսների նկատմամբ, ապրելով երկաթյա վարագույրի հետևում  ամեն հայի սրտում՝ դաշնակ վրիժառուները հերոսներ էին, իսկ այդ կուսակցության պետական ատրիբուտները՝ դրոշը, գերբը և հիմնը, սրբություններ:

Նույնիսկ տարածված թևավոր խոսք էր.  «ամեն մի հայ, հոգու մի անկյունում դաշնակցական է»: Անկախության հենց առաջին տարիներից Սովետական Հայաստանի բազում  հայրենասեր քաղաքացիները համալրեցին Դաշնակցական կուսակցության շարքերը, իսկ դրանց մեծ մասը մեկնեցին Արցախ, մասնակցելու Արցախի անկախացման պայքարին:

Անցան տարիներ, նորանկախ Հայաստանի բնակիչները քիչ-քիչ սկսեցին հասկանալ, որ արևմուտքը բոլորովին էլ արդարության աղբյուր չէ, իսկ Դաշնակցական կուսակցությունն էլ բլորովին հերոսական ու ազգային չէ, ինչպես ներկայացվում էր…

Հիշում եմ ինչպիսի դատարկություն առաջացավ ներսս, երբ կարդացի, որ մեր իմացած հերոսական Դաշնակցական կուսակցությունը ստեղծել է Շվեցարական մասոնությունը, Երիտ Թուրքերի կուսակցության հետ միասին (http://www.hayary.org/wph/?p=1287), և այդ հերոսական կուսակցության դրոշի գույներնն էլ ընդունել են դաշնակ մասոնները Հին Կտակարանից, Եհովայի տապանակի վարագույրի գույները (եռագույն). կարմիրը, կապույտը և ծիրանին: (http://www.hayary.org/wph/?p=884): Իսկ հետագա տարիների արդեն Մայր հայրենիքում այս  կուսակցության գործունեությանը (միանալը ՀՀԿ թալանին) կարծես թե մեր ժողովրդի մեծ մասին ստիպեց հիասթափվել դաշնակցությունից: Չնայած այս բոլորին, այդ կուսակցության առանձին գործիչներ փորձում են բացատրություններ կամ արդարացումներ ներկայացնել այս կամ այն մեղադրանքներին և նույնիսկ բարձրացնել դաշնակցական որոշ գործիչների ազգային հերոսների մակարդակին: Վերջերս Երևանում կանգնեցվեց դաշնակցական նվիրված գործիչներից մեկի արձանը… Այս կապակցությամբ հնչեցին բազում կարծիքներ, սակայն ես ուզում եմ այստեղ ներկայացնել այդ գործչի մասին մեր լավագույն գրողներից Գուրգեն Մահարու նկարագրությունները: Եվ այսպես. Արամ Մանուկյան…

 

Արամ Մանուկյանը նշվում է որպես Հայաստանի անկախության կերտողն ու Հայոց պետականության հիմնադիրը,  Հայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալներից , 20-րդ դարի սկզբի ազգային-քաղաքական ու պետական, Հայաստանի առաջին հանրապետության հիմնադիր գործիչներից:

Արամ Մանուկյանին մեծարող բազմաթիվ հոդվածներ են գրվել, Երևանում տեղադրվել են նրա կիսանդրին և ամբողջական արձանը, նրա անունով կան փողոցներ…

Այժմ վերադառնանք 1904-1908 թ, Վան, որտեղ այդ տարիներին գործել է Արամ Մանուկյանը: Պետք է նշել, որ Գուրգեն Մահարին իր «Այրվող այգեստաններ» գրքում  ներկայացնում է Վանը իր բնակիչներով այնպիսի ճշտությամբ, որ ընթերցողը անկախ իրենից դառնում է այդ իրադարձությունների վկան,  գրողը նույնիսկ մարդկանց անունները չի փոխում և այս գործը ավելի շուտ  գեղարվեստա-փաստագրական կարելի է անվանել: Այժմ մեջբերումներ գրքից.

«Քաջ» Արամը. Մի անգամ Արամին ամերիկյան հիվանդանոցում քննում է հանրահայտ դոկտոր Աշէրը, իսկ Արամի անունը այդ վայրերում քանի որ հերոսական անուն էր, դոկտորը ցանկանում է փորձել իր հիվանդի ջղերը: մանրամասն քննելուց հետո դոկտորը իր կիսատ հայերենով ասում է.

«- Պարոն Արամ, դուն պիտի մեռնեմ…

— Ե՞ս պիտի մեռնեմ թե՞ դուք, — սարսափահար հարցնում է Արամը:

— Դուն, դուն, — ճշտում է բժիշկը…

Արամն ուշաթափվում է:

— Դուն քաջ չես, և դուն չես կրնար Վանը թուրքերէն ազատել,- ասում է դոկտոր Աշէրն ու ինչ որ դեղով Արամին ուշքի բերում: Ուշքի եկած հիվանդին դոկտորը ասում է.

— Ես ըսի, որ պիտի մեռնիս, բայց չըսի, որ  թե հիմա պիտի մեռնես, որ ելար մեռար, ես ուզեցի ըսել, օր մը պիտի մեռնես…

— Օր մը բոլորս պիտի մեռնենք, դոկտոր, — տնքում է Արամը:»   (էջ 291)

Այս տողերը կարդալուց հետո ակամա հիշեցի մի դեպք նույնպիսի «մեծն սպարապետ» Վազգեն Սարգսյանի կյանքից. Դեպքը ցուցադրվում էր հեռուստատեսությամբ, 1992 թ, Արծվաշեն, գյուղ է եկել Վազգեն Սարգսյանը և գյուղամեջում զրուցում է գյուղացիների հետ, համոզելով չհեռանալ գյուղից, հայտարարելով, որ իրենք թույլ չեն տա Արծվաշենի հանձնումը… լսվում են տարբեր զենքերի կրակոցներ, ժամանակ առ ժամանակ լսվում են հրետանու համազարկերը, գյուղացիները ընտելացել են այդ համազարկերին և կարծես թե նույնիսկ չեն լսում, իսկ ահա «քաջարի սպարապետը» ամեն համազարկի հետ կուչ է գալիս ինքն իր մեջ…, դա մի տհաճ ու ողորմելի տեսարան էր մեր «սպարապետի» կյանքից…

Այստեղ իհարկե տեղին է հիշել Մեծն Նժդեհի խոսքերը. «Այն օրից, երբ հայը վախենալ սկսեց մահից, այն օրից օտարը թագաւորեց Հայաստանում»:

 

«Բարոյական» Արամը.

Արամ փաշան ըստ Մահարու, Վանում ապրում էր Սեդրակ աղայի տանը, սենյակ էր վերցրել երկրորդ հարկում: Սեդրակ աղայի գեղեցկուհի կինը՝ Մաքրուհին, ծառայում էր Արամ փաշային, այդ ծառայությունը շատ արագ փոխվեց ինտիմ կապի: Այդ կապի մասին գիտեր գրեթե ամբողջ Վանը, այդ թվում նաև Սեդրակ աղան: Եթե տիկին Մաքրուհին գիշեր թե ցերեկ ազատ ելք ու մուտք ուներ Արամ փաշայի սենյակը կամ տիկին Մաքրուհու «եօթերորդ» երկինք, որտեղ տիկին Մաքրուհին վայելում էր իր հերոսի սերը, ապա Սեդրակ աղան իրավունք չուներ նույնիսկ մոտենալու այդ սենյակին, որովհետև Արամ փաշան որպես կոմիտեական գործիչ, շրջապատված էր դաշնակցական ռազմական գաղտնիքներով…

«Սեդրակ աղան միայն գիտէ իր քաշածները և ի զուր չէ, որ ահա մի քանի տարի է, որ սրա-նրա հետ խօսելիս նա, տեղի-անտեղի կրկնում է այն առածը, ըստ որի – վերը թքեմ աստուածն է, վարը թքեմ մօրուքս… »  (էջ 370-374) :

 

«Դավոյի գործը». Այս գործի մասին կան վկայություններ նույնիսկ Արամի կենսագրականներում, սակայն մանրամասներ չկան համենայն դեպս ինձ հայտնի որևէ կենսագրականում: Դավոն Կամ Դավիթը այն հազարավոր հայրենասեր ու քաջ երիտասարդներից մեկն էր, ով հավատացել էր Դաշնակցական կուսակցությանը և զինվորագրվել էր կուսակցության գործին: «Դհէրցի էր Դաւօն, գյուղացու զաւակ, հայրենասէր, տաքարյիւն: Տաք արյունով սիրում էր «սուրբ գործը» և տաք արիւնով սիրահարուեց մի աղջկայ, Մարինէին: Դալասլի խնձորի նման թափանցիկ թշեր ուներ  Մարինէն եւ Զըմփ-զըմփ մաղարայի նման մութ աչքեր» (էջ 265):

Դավոն պատրաստվում էր պսակվել Մարինէի հետ և պսակը պետք է կատարեր տեղական քահանան՝ տեր Մեսրոպը:

«-Դաւիթ, ե՞ս եմ մեծ, թէ տեր-Մեսրոպը, — հարցրեց Արամը երիտասարդ սիրահարին:

— Դու, պարոն Արամ, դու, էդ  ի՞նչ հարց ի կուտաս ինձ…, -պատասխանեց նա:

— Ուրեմն ես պիտի քեզ պսակեմ, այն էլ Աղթամարայ  վանքում, …

— Մեծ պատիւ կանես, պարոն Արամ, շատ շնորհակալ եմ:

— Էդ ի՞նչ սիրուն գուլպայ ես հագել, Դաւիթ, ոնց որ խալի լինի:

— Խալին ի՞նչ ի էսոր մօտ, պարոն Արամ, նշանածս ի գործէ:

— էդ ի՞նչ շնորհքով նշանած ունես, Դավիթ, ի՞նչ է անունը:

— Մարինէ, Մարինէ է անուն, պարոն Արամ, ասեմ մի ձեռք գուլպայ էլ քեզ համար գործի:

— Թող գործի, Դավիթ, թող գործի, պսակի ծախսից քեզ կազատեմ…» (էջ 265-266):

Եվ Ահա Դավոն ուզեց, որ Մարինեն պարոն Արամի ոտքի ճիշտ չափսը առնի, ու գնաց Մարինեն Արամ փաշայի ոտքի չափսը առնելու…

«Ժողովուրդը Արամին տվել էր Փաշա կոչումը, և եթե չէին սիրում նրան, ապա վախենում էին, վախից յարգում, վախից սիրում: Մարինէ՞ կդիմանար բազկաթոռին նստած, ժպտացող, գրաբար խոսող հովարդա Արամին…» (էջ 266):

Եվ սկսվեց գուլպան գործվել…

Եվ մեր դաշնակցական հերոսը կարճ ժամանակում նահապետական անմեղ աղջկան դարձրեց պոռնիկ, իսկ հայրենասեր ու տաքարյուն Դավոյին՝ խելագար…

Համոզվելով, որ Մարինեն կորած է իր համար, խանդից կուրացած ու խելագարված , նա մտածեց ավելի մեծ չափերի վրիժառություն: Դավիթը իհարկե երկրորդական դեմք չէր կազմակերպության մեջ, գիտեր բոլոր գաղտնի պահեստների տեղերը, ճարպիկ ու աննկուն կազմակերպիչ էր Դավիթը, գործի  համար վառվող մի կրակ, որի հետ այնքան անմտօրեն վարվել էր Արամը… Եվ ահա Դավիթը ներկայացավ թուրք իշխանություններին . առաջարկեց իր ծառայությունները… Ու պայթեց Դավոյի գործը…

 

Ու զոհ գնաց մեծ  ջանքերով գնով ձեռք բերված ռազմամթերք ու զենք, բացվեցին գաղտնի զինապահեստներ, խուզարկություններ, ձերբակալություններ:

Ձերբակալվեցին Վանի գրեթե բոլոր գործիչները, Հատկապտս տպավորիչ էր Արամ փաշայի ձերբակալությունը, երբ ձերբակալվում էր «մեծն» Արամը. «…ոստիկանապետը քաշեց նրա մազերը արմատից պոկելու հաստատ մտադրությամբ և թքեց նրա երեսին:

— Իրավունք չունեք դիպչելու մեր պատվին, դուք այդ խոստացաք մեզ, բողոքեց Արամը:

Պատասխանելու փոխարեն, ոստիկանապետը դիմեց Դավթին.

— Լսեցի՞ք, Դավիթ էֆենդի, ով է խոսում պատվից» (Էջ 271-272):

Այս պատմության մեջ թերևս ամենացավոտը և ամենաամոթալին այս թուրքի խոսքն էր պատվի մասին…

Դավոյի դեպքը կուսակցության խոշոր ճգնաժամերից մեկն էր, տեղեկությունններ չկան այս դեպքի քննարկման և վերլուծության մասին Դաշնակցական կուսակցության ներսում, հայտնի է, որ Արամի  կենսագիրներից մեկը՝ Արշալույս  Աստվածատրյանը Արամի ապրելու կյանքի եղանակը ճգնավորական է համարում… Այս առումով ուշագրավ է նաև «Արամը» գրքում Ռուբենի ու Իշխանի զրույցը, որտեղ Ռուբենը Դավոյի դեպքերից հետո դատապարտում է Արամին. «– Իշխան, քեզի խոստովանանք անեմ: Դուն ելք ցույց տուր ինձ: Ամբողջ ճանապարհին կմտածէի, թե ինչպէ՞ս պիտի  հանդիպեմ  Արամին. բարև տա՞մ թէ չտամ. Ընկեր ճանաչե՞մ թէ չճանաչեմ: Այնքան միտքս պղտորած են անոր մասին, որ կըսեմ՝ սատկելիք է ան և մենք ալ սատկելիք ենք, քանի որ նման հրէշի մտերիմ ենք» («Արամը», երևան, 1991,  էջ 49-50):    Իշխանը իհարկե հանգստացնում է կուսակցական ընկերոջը, պնդելով որ էդ բոլորը բամբասանքներ են… Իհարկե, Արամ փաշան հետագայում արդարացվեց, ողջ մեղքը բարդելով Դավթի վրա և ներկայացվեց մեր ժողովրդին որպես ազգային հերոս և հեղինակավոր ու «պատվավոր» կուսակցական գործիչ, որպես առասպել…

Այսպիսի տխուր պատմություն…

 

Վերջում կուզենայի ներողություն խնդրել այս տողերից հիասթափություն ապրած բոլոր հայրենասեր հայերից, որոնք ոգևորվել են դաշնակցության ներկայացրած առասպելով, ովքեր սովետական տարիներին գաղտնի ոգևորությամբ կարդում էին «Արամը» գիրքը և ովքեր թաքուն այցելում էին Արամի գերեզմանին մի քանի հայրենասերների կանգնեցրած խաչքարին և աղոթում…

 

Արա Հովհաննեսյան

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*