Ենթադրյալ խաղաղությո՞ւն, թե՞ իրական ծուղակ

Այսպես կոչված խաղաղ կարգավորման ծրագրի հիմքը հետևյալն է. կիսել վիճելի տարածքը փոխզիջումային տարբերակով, իսկ ռազմական առումով վտանգավոր, և իրականում գրեթե անպաշտպան դարձած շփման գիծը՝ պաշտպանել խաղաղապահներով:

Այդ ծրագրի կողմնակիցները ժամանակին նայելով աչքերիս մեջ, ինձ վստահաբար համոզում էին, որ առաջին կարգի երաշխիքներ են տրամադրվելու, որ Բաքուն չի համարձակվի կտրել Լաչինի միջանցքը ու բարենպաստ դիրքերից չի վերսկսի պատերազմը: Անկեղծ հավատում են:

ՈՒրեմն, առաջին հարցն իհարկե հետևյալն է. իսկ երբ ե՞ն խաղաղապահները կարողացել պաշտպանել բնակչությանը:

Սրեբրենիցայում կային խաղաղապահներ, ոչինչ չարեցին: Ռուանդայում կային, ոչինչ չարեցին՝ 800 հազար թութսի մորթվեց: Մեծ Աֆրիկյան պատերազմի ժամանակ Կոնգոյում կային՝ 3 միլիոն մարդ սպանվեց: Հարավային Սուդանում մի քանի տարի առաջ կային՝ ՄԱԿ-ի բժշկական կենտրոնի վրա հարձակվեցին, բոլոր կանանց բռնաբարեցին, թալանեցին ու գնացին, հարևանությամբ դիրքավորված խաղապահները ոչինչ չարեցին:

Իսկ որեէ մեկը պատասխան տվե՞ց այդ հանցավոր անգործության համար: Ոչ ոք:
Կամ եթե մի երկու «վեցնոց» դատեն, մեզ ի՞նչ օգուտ, այդ դատը փոխհատուցելու է՞ հազարավոր զոհերն ու երկրամասի կորուստը:

Ինչ որ մեկը մտածում է, որ խաղաղապահները պիտի դիմադրեն հանուն հայերի՞: Լու՞րջ:
Կամ ինչո՞վ և ինչքա՞ն են դիմադրելու մի քանի հարյուր կամ թեկուզ հազար խաղաղապահները:
Խաղաղության ապահովման համար անհրաժեշտ է բազմահազարանոց զորք ծանր սպառազինությամբ: Ո՞վ է վճարելու այդ միլիարդները: Ոչ ոք:

Կամ ի՞նչ են անելու խաղաղապահները, երբ ադրբեջանցի կանայք ու երեխաները քարերով գրոհեն սահմանները ու Լաչինի միջանցքը: Ճիշտ է, մի հայ կձերբակալեն ու մի ադրբեջանցի, որ ապացուցեն, որ իրենք անկողմնակալ են: ՈՒ այդ անկողմնակալության տակ, կաթիլ-կաթիլ մեկ տարվա մեջ կդատարկեն Արցախը: Դա լավ տարբերակն է, որովհետև հազարավոր զոհեր չենք ունենա:

Իսկ եթե մեր կողմից մի կրակոց սարքվի, ապա ադրբեջանցիները լրիվ լեգիտիմ ձևով կսրբեն տարածքը, մի բան էլ մենք մեղավոր դուրս կգանք: Որովհետև՝ հաղթողներին չեն դատում:

Ինչ-որ մեկը գալու է Բաքուն ու Անկարան ռմբակոծի՞: Դե չէ, մտահոգություն կհայտնեն, կարող է սգո օր հայտարարեն, այդ հարցով կասկած չունեմ: Բայց մեզ պետք է՞ այդ սգո օրը:

Կամ, եթե ինչպես պնդում են մեր «խաղաղասերները», միջնորդները իսկապես հանուն խաղաղության զորք պահելու համար միլիարդներ են ուզում ծախսել, որ պահպանեն նոր «ստատուս-քվոն», ապա ինչպես են նայելու Իրանը կամ Ռուսաստանը տարածաշրջանում ծանր սպառազինությամբ բազմահազարանոց զորքի տեղադրման հեռանկարի վրա: Համաձայնվելու ե՞ն: Լու՞րջ:

Կամ հակառակը, Արևմուտքը և Թուրքիան հանդուրժելու է՞ Լավրովյան ՀԱՊԿ խաղաղապահների տեղաբաշխումը Հայաստանում և Ադրբեջանում:
Ժողովուրդ-ջան, ինչպե՞ս է ձեր թանկագին առողջությունը:

Հաջորդը, իսկ միջնորդ կողմերը ի՞նչ շարժառիթ ունեն այսպիսի գնով պահելու խաղաղությունը: Փող ծախսեն, պահեն, որ ի՞նչ անեն: Շահը ո՞րն է:

Օրինակ ԱՄՆ-ի համար շատ լավ տարբերակ է խաղաղության ծրագրի տապալումը մեր զիջումներից հետո և ադրբեջանա-թուրքական հաղթանակը, որովհետև օբյեկտիվորեն ստեղծվելու է մի իրավիճակ, երբ Անկարա-Բաքու զույգը՝ Մոսկվա-Թեհրան զույգի հետ կոշտ առճակատման մեջ է մտնելու, ու Արևմուտքը այս փոփոխված քաղաքական իրողության մեջ իր հակառոկորդների հարցը վստահելու է հենց իր հակառակորդներին: Մի կոպեկ չծախսելով ստանալու է այլ իրողություն, որտեղ փակվում է Իրան-Թուրքիա-Ռուսաստան դաշինքի հնարավորությունը, իսկ Հայաստանի մնացորդները լինելու են հավատարիմ վասալ, այնպես ինչպես հավատարիմ վասալ են դարձել ՈՒկրաինան ու Վրաստանը: Պարզ ասած տարածքը կարելի է կիսել այնպես, որ նոր իրողության մեջ նոր վասալը գտնվում է կոշտ առճակատման մեջ այլ երկրի հետ ու կոմպրոմիսի, հետևաբար ազատության ու նոր տիրոջը լքելու հնարավորություն չունի:
Իսկ զուգահեռաբար Մոսկվա-Թեհրանը ու Անկարա-Բաքուն թող իրար գլուխ ջարդեն: Քաղաքական ծանրակշիռությունը՝ նման քայլերում է:

Ռուսների համար էլի շատ լավ տարբերակ է «խաղաղության» ծրագրի կեսից Լավրովյան ծրագրի գործարկումը, որովհետև Հյուսիսային Ադրբեջանի վերահսկողությունը ազդելու է Հարավայինի, հետևաբար Իրանի վրա, իսկ ռազմական ներկայությունը տարածաշրջանում՝ և՛ Բաքվի, և՛ Երևանի քաղաքական ազատությունը սահամանափակելու է «Պոլյանիչկոյի» գրասենյակով: Սա է՞ ձեր ծրագիրը:

Դրույքաչափերը այնքան բարձ են, որ հույսեր ունենալ, թե գերտերությունները պիտի խաղաղություն ու կարգավորման սցենարը պահպանեն, որպեսզի ինչ որ հայկական անկլավ պահեն՝ ուղղակի ծիծաղելի է:

Այսինք, մեր զորքերի դուրսբերումից հետո «խաղաղության» ծրագիրը դատապարտված է խախտման ու նոր պատերազմի բազմաթիվ տարբեր սցենարներով, այլ տարբերակ չկա․ ոչ շարժառիթի տեսակետից, ոչ արտաքին քաղաքական իրավիճակի, ոչ էլ նույնիսկ ֆինանսական տեսակետներից:

Ստորագրման նախաշեմից սկսած մեր բարի եռանախագահողներից իրեն պարտված համարողը գործելու է շատ կոշտ տարբերակներով. ներքաղաքական արմատական փոփոխությունների միտված քայլերից մինչև իրավիճակի կատարյալ ապակայունացում, տարածաշրջաի նոր վերաբաժանման մրցախաղում իր դիրքերը պահպանելու համար: Կարող են լինեն տարբեր սցենարներ, բայց մեր պարագայում վատթարագույն տարբերակն է մեր զորքերի հետ քաշումը, որովհետև ԼՂԻՄ սահմանով ու Լաչինի միջանցքով շփման գիծը ուղակի անպատշտպան է դառնալու, իսկ Արցախի բնակչությունը, եթե մինչ այդ այնտեղ մնա՝ դառնալու է մատաղացու:

Տեսականորեն կարող է լինել համաձայնություն, երբ ԱՄՆ-Ռուսաստան զույգը համակարծիք է ոչ միայն ստատուս-քվոն պահպանելու, այլ այն փոխելու հարցում: Բայց այդպիսի իրավիճակ հնարավոր է կամ եթե մի կողմը ջախջախված է, անզոր է, ինչպես Հարավսլավիայի դեպքում, այսինքն Դեյթոն, կամ գոնե ԱՄՆ ու Ռուսաստանը սիրում են զմիմիանս, ինչպես հայ խաղաղասերները ադրբեջանցիներին: Թուրքիա, Իրան ու մնացած գործոններն էլ անտեսենք: Այսպիսի իրավիճակ չկա ու չի երևում, ու գործում է ժողովրդական լեզվով ասած «հարիֆի գլխին սարքելու» պլանը, որը պիտի համաձայնվի իր սխալով ու իր արյունով նոր վերաբաժնման ճանապարհ հարթել գերտերությունների համար:

Քննարկումից դուրս են նաև կարծիքները, թե հնարավոր է Արցախի հարցի «լուծում» ստանալ Արևմուտքի պլանների միջոցով, երբ երկիրը գտնվում է ռուսական անվտանգության համակարգի ներքո: Այդպիսի նույնիսկ տեսական հնարավորություն ոչ միայն չկա, այլև նման փորձերը հղի են կործանարար հետևանքներով:

Իհարկե, երբ ամեն ինչ ավարտվի՝ միջնորդները վերջում կասեն, դե մենք փորձեցինք խաղաղություն հաստատել, խաղաղություն լավ բան է, դե բայց մենք չգիտեինք, որ երկու ժողովուրդները բարբարոս գազան են ու չեն հասկանում խաղաղության օգուտները:

Ընդհանրապես Ադրբեջանի գործողությունների մասով միակ դիտարկման արժանի հանգամանքը իր հնարավոր գործողությունների տարբերակներն են: Շարժառիթների քննարկումը ընդհանարպես անիմաստ է հաշվի առնելով այդ երկրի ներքին իրավիճակը: Բաքուն անելու է միայն այն ինչ կարող է և իր հաշվարկներով նպատակահարմար է իր համար: Նույնը վերաբերվում է բոլոր մնացած խաղացողներին: Ռացիոնալ, առանց խաղաղասիրության վրա սպեկուլյացիաների ու զգացմունքների գնահատականը սա է: Բայց մեր խաղաղասերներին ռացիոնալը հետաքրքիր չի:

Իրենց ռացիոնալությունը վախի գործոնի շահարկումն է, թե չենք դիմանում, եկեք պատվավոր հանձնվենք, «յան տանք», թաքնվենք՝ չհասկանալով, որ մնացած բոլոր կողմերին այդ պատվավոր կապիտիտուլյացիան պետք չի:

Նիկոլ Փաշինյանը այս խաբկանքը հիանալի հասկանում է, ինքը առողջ բնազդի կրող է, բայց բնազդը բավարար չէ:

Մեր նպատակն է ժամանակ ձգել, մինչև ռազմական հավասարակշռության վերականգնումը, բանակցել առանց պարտավորությունների, թույլ չտալ, որ բանակցությունների՝ Ոչ-ի պատասխանատվությունը մնա մեր վրա, ու թույլ չտալ Ադրբեջանին ստանալ պատերազմը վերսկսելու դիվանագիտական հիմնավորում, աջակցություն, նաև փորձել օգտագործել Մինսկի խմբի երկրների մրցակից շահերը «ստստուս-քվոն» ու խաղաղության գործընթացը ամրապնդելու համար:

Կառուցել հզոր երկիր, բնակեցնել ամբողջը ու հարցը փակել: Իհարկե Քաշմիրի համար Հնդկաստանը ու Պակիստանը 1947թ սկսած պարբերաբար իրար գզում են, դե բայց ամբողջ աշխարհը Քաշմիրի հարցը մոռացել է ու թքած ունի: Պակիստանցիք էլ կմոռանան մի երկու հարյուր տարի հետո, երբ հաջորդական ծեծերից հետո կհասկանան, որ շանս չունեն: Իրականությունն ու ապագան սա է:

ՈՒ իսկական խաղաղասիսրությունը ու խաղաղության կուսակցությունը սա է: Նախկինները քիչ լափեին՝ երկրի ու բանակի վիճակը կլիներ մարտահրավերին համարժեք, իսկ մեր թեման վաղուց Հյուսիսային Կիպրոսի կարգավիճակում կլիներ, այսինքն վաղուց քնած: Բայց ունենք այն, ինչ ունենք:

Սակայն մեր խնդիրը արտաքին խաղացողները չեն: Մեր խնդիրը այն մարդիկ են, որոնք գողացել ու սեփականասցրել խաղաղության կուսակցություն անունը, չնայած իրենց առաջարկը պատերազմի պանդորայի արկղը բացելու միջոց է: Բայց իրենք այդ ամենը չեն հասկանում:
Տարիներ ի վեր հասկացել եմ, որ խնդիրը ինտելեկտի մեջ չի, հոգեբանության մեջ է, ու բացատրել, վիճել, համոզելը անիմաստ է: Ստոկհոլմյան սինդրոմ է համեմված անձնական հարմարավետության մոլուցքով:

Եթե մարդը ոչ մի կերպ չի հաշտվում այն մտքի հետ, որ մենք ապրում ենք ոչ թե Դանիայի ու Շվեդիայի արանքում, որ տարածաշրջանն ունի իր պատմական իրողությունները, որ ստիպված ես ծառայել բանակում ու հարկեր տալ բանակի համար, ապա ոչ մի բացատրություն չի օգնի: Եթե մարդը հրաժարվում է ընդունել օբյեկտիվ իրողությունները, հրաժարվում է տեսնել վտանգը, հրաժարվում է տեսնել այլ «խաղաղապահական» փորձը, հրաժարվում է հասկանալ, որ Արևմուտք-Ռուսաստան մրցակցության պայմաններում անհրաժեշտ է մեր երկիրը հեռու պահել իրենց կոնֆլիկտների դաշտից ու չակտուալացնել մեր խնդիրները, եթե մարդը չի հասկանում, որ մեր փոխարեն ոչ մի հոլանդացի չի վճարելու միլիարդներ ու զինվորների կյանք, որ պաշտպանի մեզ մեր թշնամիներից, ապա…

Ապա այս հանգամանքներում խոսելը իսկապես անիմաստ է: ՈՒղակի այդ թեմայի քննարկումից պետք է հեռու մնալ, ի վերջո այդ մարդիկ բնակչության չնչին հատվածն են:

Մեր մեղքը ու անելիքը այլ տեղում է: Այն որ Արևմուտքից հայտնում են կարծիք, թե Փաշինյանը քանի որ ունի բնակչության վստահություն ուստի կարող է գնալ զիջումների՝ արդեն այդ մարգինալ թիմի գործունեության հետևանքն է:

Մեղսունակ հաշվարկը պիտի որ ապացուցի, որ Նիկոլ Փաշինյանը ընդհանրապես չի կարող գնալ զիջումների, որովհետև ինքը դիկտատոր չի, այլ ընտրված է, և կախված է ընտրողների ձայներից, քվեից: Ճիշտ հակառակը, ինքը չի կարող գնալ իր ընտրողների կամքին դեմ, որովհետև դեմոկրատական ղեկավար է: Օրինակ Ալիևը որպես դիկտատոր կարող է պարտադրել լուծումներ, դեմոկրատական իշխանությունը ոչ:

Բայց քանի որ մեդիա դաշտում, այդ թվում իշխանության շրջանակների, նաև զեկույցները ու նակամներ գրողների մեջ մարգինալ զանգվածը շատ է ու ակտիվ, ապա իրենց մեղքով, իրենց հաշվետվությունների ու շինծու վերլուծությունների հիման վրա ստեղծվել է կարծիք, թե երկիրը տենչում է ունենալ Լաչինի միջանցք, որ ոսողը մի կրակոցով այն կտրի: Իհարկե անհարմար բան ստացվեց, երբ ԱՄՆ-ի դեսպանը հայտնաբերեց, որ բնակչությունը բոլորովին այլ ձև է մտածում, բայց մարգինալները գրանտերը պիտի շարունակեն ծախսագրել:

Այդ մարգինալ զանգվածն է ստեղծում մեր թուլության ու զիջումների պատրաստակամության իմիջը դրսում ճիշտ այնպես, ինչպես ռուսահայ կայսերապաշտերի զանգվածը Ռուսաստանում ստեղծում է հավատարիմ միլլիեթի իմիջը Մոսկվայում: Երկու դեպքում էլ մեր մասին գնում է սխալ ինֆորմացիա սխալ հետևություններով, ու մեր համար սխալ արտաքին ու ներքաղաքական հետևանքներով:

Եթե մեր ռազմավարության վերաբերյալ ամեն ինչ պարզ է, ապա մարտավարության իրականացման հարցում իրավիճակը գոհացուցիչ չի: Մեր արտաքին քաղաքական ոլորտը, նաև մեդիան գերհագեցած է իրականությունից կտրված անձերով, որոնք ռազմավարությունից դուրս են գործում: Այդ մարդիկ իրապես չեն հասկանում թե որն է Հայաստանի ներկա անելիքը, Մինսկի խմբի առաջարկվող պլանների իրական նպատակը ու մեխանիզմը, չեն հասկանում, որ իրենք իրենց գործողություններով ոչ թե կանխում են պատերազմը, այլ մոտեցնում են այն, ստեղծելով թույլ, վախեցած ու զիջումների պատրաստ, հետևաբար ճնշումների առավել արժանի կողմի կերպար: Ընդ որում, ինչքան շատ են այդ թույլ կետին խփող դրսի ճնշումները, այդքան վատ առաջարկներ ենք ստանում, ու այդքանով էլ այդ առաջարկները դառնում են անընդունելի ու անքննարկելի:

Իսկ այս հարցում արդեն մեղքը իշխանությանն է: Մարտավարությունը, կադրերը, տեղեկատվական քաղաքականությունը պետք է համապաստախանեն ռազմավարությանը, քաղաքականությունը պետք է լինի միասնական ու ոչ հակասական, իսկ մարգինալ զեղումները պետք է խրամագծով անջատվեն  հանրային քաղաքականության պարկեշտ հատվածից, հակառակ դեպքում ստացվում է աննորմալ իրավիճակ՝ ռազմավարությունը իրականացնում է առաջին դեմքը, իսկ հանրության հետ խոսելու տեքստը, ոճը, լեզուն հանձնված է տարբեր, այդ թվում ընդիմադիր խմբերին, անձերին առանց անհրաժեշտ պետական շեշտադրումների, և այդ հանրային քաոսը ստեղծում է ռազմավարություն իրականացնողի դիրքերի թուլության ու անլրջության տպավորություն:

Մենք մեր մեջ ճշմարտությունը գիտենք, բայց իշխանությունը պետք է Փաշինյանի ու Վանեցյանի հայտարարություններից հետո հստակ հասկացնի իր ասելիքը ու փակի թեմաները, որ ԱԱԾ ղեկավարը ստիպված չլինի բացատրություներ տալ նույն Արցախում, որ Արցախի հարցը չլինի ներքաղաքական պայքարի մաս ու միջոց, այլ դառնա ներքաղաքական համերաշխության առանցք:

Կիսատությունը, ներքին հակասականությունը ու քաոսային, բրոունյան հանրային քննարկումները ոչ թե ազատում են պատասխանատվությունից, այլ հակառակը, ցույց են տալիս Մինսկի խմբի անդամ երկրներին ու ներհայկական խմբերին, որ կարելի է շարունակել կառավարել կոնֆլիկտը, կարելի է փորձել ներազդել մեր երկրի ներքին իրավիճակի վրա, ինչ որ ներքաղաքական կոմբինացիաներ մտածել՝ «դավաճանական» իշխանություն հեռացնելուց մինչև «խաղաղության» կուսակցության թիմը ուժեղացնելու սցենարներով: Իսկ դրանք արդեն ներքաղաքական սպառնալիքներ են:

Իհարկե, մեզ պետք են հանրային քնարկումներ, բանավեճեր, տարբեր կարծիքներ: Բայց այդ քննարկումների դաշտից իռացիոնալը, մարգինալը անհրաժեշտ է հանել: Քննարկումները պետք է գնան մարտավարության վերաբերյալ գործող ռազմավարության ներքո, ռազմավարության հարցը՝ քննարկումներից պետք է  հանվի:

Հայկ Բալանյան

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*