ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ

ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ
Երեք ճակատամարտ կա, որոնց ոգով դաստիարակվել ենք: Այդ երեքն են՝ Հայկի և Բելի, Ավարայրի, Սարդարապատի ճակատամարտերը: Մնացած մեր բոլոր հաղթանակներն ու պարտություններն ընդհանրացվել են դարեր ի վեր մաքառողի բրոնզե կերպարում: Հայոց զենքի փառաբանությունից բացի, այս հզոր ընդվզումները փաստարկումներ են, համաձայն որոնց՝ 
ա) Բելին կործանելով հայը հաստատեց ազատ ապրելու իր կամքը, 
բ) Վարդանանց նահատակությամբ ջատագովվեց հանուն հավատի զոհաբերվելու պատրաստակամութիւնը, 
գ) ճակատագրական պահին միասնականանալով, Սարդարապատում ապացուցեց կյանքի սեփական իրավունք ունենալը: 
Թեև թվարկման մեջ նույնպես մեր ազգային վիճակի վարընթաց զարգացումը նկատելի է, բայց հայրենասիրություն սերմանելու համար պատմական այս երեք մեծագույն իրադարձությունները միանգամայն բավարար, իսկ գնահատումներն անառարկելի են եղել: Ավելին, հիմա էլ կարող է իբրև սրբապղծություն համարվել ընդունվածին չհամընկնող կարծիք հայտնելը, բայց այդպիսով, միևնույն է, չես կարող ունենալ այն հարցի պատասխանը, թե, այնուամենայնիվ, ինչու և ինչպես մենք դարձանք բարոյական հաղթանակներով ոչ միայն բավարարվող, այլև ոգևորվող ժողովուրդ: Իսկ հարցը բխում է Վարդանանց պատերազմի մեկնաբանությունից, եկեղեցու կողմից նրան արժանացրած առանձնաշնորհից:
Հարմար է, որ սկզբից ևեթ պատմության դասերից այն մեկը հիշենք, որն ասում է, թե երբեք որևէ բան անսպասելի, հանկարծակի, միանգամից չի լինում, իրադարձությունը, գաղափարը, նաև դրա իրականացման պատճառը աստիճանաբար են հասունանում: Հետևաբար, Հազկերտի կրոնափոխության առաջարկը պահի ազդեցության տակ չէր կարող ծնվել, դրա պատմական ապացույցը չկա, որովհետև իրականում նման բան չի եղել (30, 31):
Հրովարտակը տվյալ ժամանակաշրջանի հայ-պարսկական հարաբերություններից էր բխում, և պարզորոշ երևում է, որ անձնավորված չարակամության ու անսպասելիության երանգը մեր մատենագիրներն են ավելացրել՝ իրադարձություններին լրացուցիչ դրամատիզմ հաղորդելու նպատակով (30, 35 և 74, 97): Հարցը քաղաքական էր, հետևաբար բացառվում էր, որ հանկարծակի ծագեր, ու թեև կրոնական երանգ ուներ (դեպքերի շարժառիթը համարվում է պարսից արքունիքի դավանափոխության առաջարկը), բայց իրականում երկրում Հայաստանյայց եկեղեցու ունեցած դիրքի ու իրավունքների հստակեցման խնդիր կար:
 
Թե ինչու մեջտեղ եկավ այս խնդիրը, տեսնելու համար պիտի անպայման հետ դառնանք մինչև 428 թվականը, երբ ինչ-ինչ ակնկալիքներով հրաժարում եղավ սեփական թագավորից ու փոխարենը որևէ ուղիղ պայման չդրվեց, այլ միայն բավարարվեցին նախարարներին ու բարձրաստիճան հոգևորականներին Պարսից արքայի կողմից տրված մեծամեծ պատիվներով: Իսկ Հայաստան աշխարհի կառավարմանը հայերի մասնակցությունը (ինչպե՞ս, ի՞նչ չափով) մնաց չպարզված (97, 306-309):
Եվ ահա, ընդամենը երկու տասնամյակ անց, Պարսից թագավորը կամենում է հոժարակամ իրեն հանձնված երկիրը կառավարել այնպես, ինչպես ինքն է հարմար գտնում: Դա երկրի տիրակալի գերագույն իրավունքն էր: Նույնիսկ Օրմանյանն է նշում, թե Հազկերտը «կը մտածեր հարկավ ավելի հաստատ հիմերու վրա դնել իր տիրապետությունը» (82, I, 390):
Հոների (նույն քուշաններն են, դեպքերից ոչ շատ առաջ հայերի մերձավորագույն դաշնակիցներն ընդդեմ Սասանյանների) դեմ տարած հաղթանակից հետո, Հազկերտ Բ.-ն բնականաբար, պիտի կամենար ավարտին հասցնել երկրի ներսում կիսատ մնացած գործերը: Առաջնահերթը հայերի ու Հայաստանի խնդիրն էր: Հայերը դեռևս հզոր ուժ էին և, մտադրվելու դեպքում, կարող էին կազմակերպվել ու սեփական թագավորությունն ինքնակամ վերականգնել: Անհնարին էր անտեսել նաև Հայաստանի մեծ ազդեցությունը Վիրքի ու Աղվանքի վրա (74, 97): Բայց կար և ավելի հիմնավոր պատճառ, որի մասին չի խոսվում, որովհետև այն չի տեղավորվում հանուն հավատի մղված պայքարի հայեցակարգում: Պարսից արքունիքը մտադիր էր վերջնականապես մարել համաիրանական գահի նկատմամբ հայերի ունեցած հավակնությունները, որովհետև նա, ով կարող էր ինքնուրույն, առանց Տիզբոնի օգնության հզորանալ Հայաստանում, ինքը կամ այլ մեկը, ում աջակցություն կցուցաբերվեր, կարող էր տիրանալ նաև Երան ու Աներան աշխարհների թագին: Նման բան, իհարկե, չի եղել երբեք, բայց չի նշանակում, թե դա չէր կարող լինել ընդհանրապես: Հազկերտը կամենում էր այս հավանականությունն անգամ բացառել:
Տերության բոլոր քրիստոնյա ժողովուրդներին զրադաշտականություն պարտագրելու պահանջն այսպես էր ձևակերպվում. հպատակները պետք է ունենան այն կրոնը, որն ունի նրանց տերը (30, 37 և 74, 111): Գոնե հիմա, ավելի քան 1500 տարի անց, ասենք, որ դա ժամանակի համար միանգամայն բնական ու տրամաբանական պահանջ էր: Կարող ենք Տրդատ Մեծի նույնանման օրինակը բերել, երբ նա քրիստոնյա քարոզիչ Գրիգորից ավելին չէր պահանջում, իսկ չենթարկվելուց հետո վերջինիս վիրապն իջեցրեց (2, 63): Նկատենք, որ մարդու իրավունքների, խղճի ու կրոնի ազատության մասին պատկերացումները մեր օրերի իրողություններ են: Այսպիսով, Հայաստանն իր հնարավորություններով ու հավակնություններով դեռևս լուրջ վտանգ էր ներկայացնում Սասանյանների համար: Դեռ երկար ժամանակ իրար հաջորդած Պարսից թագավորներից յուրաքանչյուրը պիտի փորձեր հնարավորինս արագ ու արմատապես լուծել այս խնդիրը, այսինքն՝ Հայաստանն իրենց համար անվտանգ դարձներ:
 
Իսկ ի՞նչ վտանգ էր ներկայացնում Իրանը Հայաստանի համար: Կարող էր ավերե՞լ երկիրը: Ամենևին: Չենթարկվելու դեպքում բնաջնջե՞լ հայերին: Առնվազն անգրագիտություն կլինի խոսել մարդկության պատմության այդ շրջանում ցեղասպանության մասին, քանի որ կենդանի մարդն արժեք էր համարվում: Եղիշեն ոչ մի շահ չուներ կեղծելու տիզբոնյան հավատափոխությունից հետո հայ նախարարների հետ եկած մոգպետի խոսքը, երբ նա մտահոգ ասում էր Վասակ Սյունուն, թե «այս աշխարհը մի ծայրերկիր է. գուցե երբ (նրանց) որևէ վնաս հասցնեն, նրանք էլ վեր կենան ցրվեն օտարություն: Իսկ երբ այս երկիրը մարդկանցից դատարկվի, այն ժպմանակ քեզ էլ գլխովին մեծ վտանգ կհասնի արքունիքից… Եթե մենք բռնությամբ կռվենք այս երկրի հետ, ապա երկիրը կքանդվի, մենք էլ պատուհասից չենք փրկվի, մեր անձերին վնաս (կլինի) և պետությանն էլ մեծ կորուստ» (30, 67-68)
 
Գուցե ուծացման վտա՞նգն էր իրական, որի ստվերը հասել է մինչև մեր օրերը, և հիմա էլ թեմային վերաբերող կամ առնչվող ցանկացած գրքում կարելի է հանդիպել այդ արհավիրքի դիմակայությանը: Որպես բնորոշ օրինակ մեջբերենք Երվանդ Տեր-Մինասյանի կարծիքը, թե հայ ժողովուրդը «մահու մարտի էր ելել պարսից արքունիքի զավթողական-ասիմիլյատորական քաղաքականության դեմ և իր ապստամբությամբ պաշտպանում էր հայ ժողովրդի ինքնուրույնությունը»: Այս անտիպաթոսն իր կենսունակությունը չի կորցրել նաև մեր օրերում: Հարկավոր է պարզապես վերջ տալ դրան: Հետին թվով անգամ, նույնիսկ գրեթե 1600 տարի անց, չարժե հորինածին սպառնանքով վախեցնել, որովհետև դրանով ոչ թե վախն ենք սովորական դարձնում ու ինքներս դառնում անվախ կամ վախազուրկ, այլ ընդհակառակն, անընդհատ կրկնելով, ակամայից սովորում ենք վախին, դառնում առնվազն զգուշավոր ու հարմարվող: Օրինակ ինչ ասել է՝ հափշտակողական պատերազմ (104, 101), և ինչու ենք այն դարձրել մեր գիտական ու գեղարվեստական թեմատիկ գրականության միջով անցնող կարմիր թելը, պարսիկներն ի՞նչ էին ուզում հափշտակել, եթե երկիրն իրենց ենթակայության տակ էր ու պարզապես կարող էին տնօրինել այն ամենը, ինչ կկամենային:
Այսինքն, ժամանակաշրջանը փոքր-ինչ ուշադիր ուսումնասիրելու դեպքում տեսնում ես, որ ուծացման վտանգ բնավ չի եղել: Իրանը այն ժամանակ էլ բազմազգ պետություն էր, և պարսիկները ոչ միայն իրանալեզու ժողովուրդներից մեկն էին, այլև մեծաթիվներից չէին, թեև իշխող հարստությունն իրենցն էր (160, 107 և 3, 346): Իսկ Հայաստանը միատարր (չնչին բացառություններով) երկիր էր, ավելին, ինքն էր իր լեզվական ու մշակութային ազդեցության տակ պահում զգալի թվով հարակից երկրնեյփ և ժողովուրդների: Եվ ապա՝ մինչ այդ էլ, առնվազն երկու հազար տարի, Իրանական և Հայկական բարձրավանդակների ցեղախմբերը մշտապես շփման մեջ էին, բայց ինչպես առանձնաբար զարգացել ու հասել էին հինգերորդ դար, այնպես էլ ձուլում չէր լինի նաև այդժամ: Հիշենք, թե ինչպես Քսերքսեսի (ն.թ.ա. 486-465 թթ.) կրոնական մեծ բարեփոխությունից հետո թեև իրանական աստվածների պաշտամունքը տարածվեց նաև Հայաստանում (Արամազդ, Անահիտ, Միհր և այլն), բայց դրանով հայերը չձուլվեցին պարսիկներին, չկորցրին իրենց ինքնությունը (16, 198 և 44, I, 337): Դա չեղավ նաև քրիստոնեությունը հունարեն ու ասորերեն լեզուներով քարոզելու և պատարագելու հարյուրամյակում: Չեղավ, որովհետև ժողովուրդներն ուծանում են ինքնակամ… Նաև նման նպատակ չուներ Պարսից արքունիքը: Ուրեմն, ժամանակն է, որպեսզի սրբագրվի այն միտքը, թե կրոնափոխությամբ վտանգվում էր հայ ժողովրդի լինելիությունը (96, 426 և այլուր): Սա այսօր անհեթեթ է հնչում: Կրոնափոխության փորձը հայերին վերջնականապես հնազանդեցնելու համար էր: Ոչ ավելին: Հազկերտին ուրիշ բան հարկավոր չէր: Նա կամենում էր չեզոքացնել իր քաղաքական ախոյաններին և Սասանյանների տերության մեջ խաղաղություն հաստատել (74, 97-111):
Քաղաքական բնույթ ուներ նաև հայերի նպատակը, այն է՝ ո՞վ և ինչպե՞ս պիտի կառավարեր Հայաստանը: Բայց հետո դա մոռացվեց և առաջ բերվեց հավատափոխության արհավիրքներին դիմակայելը:
Ի՞նչ հաջորդականությամբ զարգացան դեպքերը, սկզբից եղավ ինքնուրույնության տրամադրությունների բացահայտում, ապա կրոնափոխության (իմա՝ հնազանդության) պահա՞նջ, թե՞ հակառակը՝ ընդվզում կրոնափոխության դեմ, որի հետ զուգահեռաբար հրապարակ եկավ և ինքնիշխան դառնալու ցանկությունը:
ժամանակաշրջանի միակ աղբյուրը եկեղեցական  պատմագրությունն է և, քանի որ այս հիմքի վրա է հետագայում շարադրվել հայ ժողովրդի պատմությունը, ապա իրադարձությունների կենտրոնում եկեղեցին է՝ ժողովրդին առաջնորդողի դերում: Ահա դասագրքային բանաձևը. «Քրիստոնեության հնագույն օրրան Հայ Առաքելական եկեղեցին միշտ եղել է իր ժողովրդի հետ: Մեր պատմության դժվարին պահերին, երբ չենք ունեցել անկախ պետություն, նա ստանձնել է պետության դերը: Ազատագրական պատերազմների ժամանակ նա հանդես է եկել պայքարի կոչով, իսկ հաճախ ինքն է կազմակերպել ու գլխավորել այդ պայքարը: Բոլորը միասին կռվել են հանուն հայրենիքի, հանուն ժողովրդի և հանուն հավատի» (Հայոց եկեղեցու պատմություն, V դասարան, 2002 թ.): Նույն տրամաբանության շարունակությունն է նաև հետևյալ բնորոշումը. «Հայոց պատմության ամենախորհրդանշական իրադարձությունը Վարդանանց ապստամբությունն էր, Ավարայրի ճակատամարտը» (31, 285): Ասվածի մեջ այնքան ճշմարտություն կա, որքանով որ համապատասխանում է իրականությանը: Ինչպես որ՝ իսկապե՞ս հնչել է «Վասն հավատոյ, վասն հայրենյաց և ի փառս Աստծոյ» կոչը Ավարայրում: 
Այս պատերազմը ներկայացնելիս մեր պատմագրությունը կարևորում է երկու պահ՝ հրովարտակի արձակումը և Ավարայրի ճակատամարտը, որից հետո կարծես թե հոլովվում է իրական սկիզբ ու վերջ չունեցող մի առասպել, ավանդապատում միայն մեկ գործողությամբ՝ Ավարայրի ճակատամարտով: Սակայն Վարդանանց պատերազմն իր տևողության մեջ շատ ավելի խորքային, տարողունակ և փոթորկան էր, քան ասվում, գրվում ու ներկայացվում է:
 
Աղբյուր՝

 Համլետ Դավթյան «ՄԵԶ ԱՆԾԱՆՈԹ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՊԱՏԵՐԱԶՄԸ », ԵՐԵՎԱՆ «ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ» 2007, Էջ 24-29

 

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*