Հայոց Ոգու և ֆիզիկական ուժի միաձուլման արգասիքը

ջիրավՊապի կամքով, կրկին վերակազմավորվել էր հիանալիորեն սպառազինված, իր նախորդների մարտական ավանդույթները յուրացրած և նույն՝ զուտ հարձակողական մարտավարության համար նախատեսված Հայոց Գունդը, կարճ ժամանակում կրկին իր նախքին բարձրության վրա էր և վայելում էր հայոց արքայի հատուկ ուշադրությունը: Հայոց Գունդը Շապուհի դեմ չէ՛ր ուղարկվել ճակատամարտելու: Այն Ատրպատական էր եկել՝ կատարելու սրբազան արարողության, հեթանոս զոհաբերության մի ծես, որը երբեք չջնջվե՛ց Շապուհի հիշողությունից:

Մաղխազ Խոռխոռունու առաջնորդությամբ, փոթորկալից գրոհով մխրճվելով թշնամու շարքերի մեջ, Հայոց Գունդն սկսեց իր սարսափելի՝ մինչ այդ չտեսնված ու չլսված հունձքը: Դասական մարտի որևէ կանոնի չենթարկվող մի կռի՛վ էր սա: Գլխատու՛մ էին իրենց դիմացն ելած յուրաքանչյուր պարսիկի և կտրված գլուխը նետելով պարսից շարքերի մեջ՝ միահամուռ գոռու՛մ.

— Ա՛ռ քեզ, քա՛ջ Արշակ:

Առանց շտապելու, հանդիսավոր կերպով, մորթու՛մ էին ոտքի տակ ընկած թշնամու զինվորին և անկենդան մարմինը նետելով ձիերի ոտքերի տակ՝ ձայնում.

— Մատա՛ղ եղիր մեր Արշակ թագավորին:

Յուրաքանչյուր մորթված ու գլխատված զինվորի դիմաց՝ ողջ Գնդի միահամուռ, խելացնորության հասցնող կանչը քարացրե՛լ էր իր կյանքում շատ զարհուրանքներ տեսած Շապուհին: Մինչ հայոց զորքի մյուս թևերը՝ համառ ու անզիջում մարտով, քայլ առ քայլ ամրապնդում էին իրենց դիրքերը, Հայոց Գունդը, կայծակի պես կտրել-անցնելով պարսկական զորքերի միջով՝ ասես չէ՛ր կռվում, այլ ընտրելով իր զոհերին՝ մատաղում էր նրանց Արշակ արքային: Խոռխոռունյաց Վահագնազարմ իշխանն այստեղ էր ուղարկվել՝ Արշակի պատվին սրբազան զոհաբերության ծեսն ի կատար ածելու համար: Հաշվված րոպեների ընթացքում, Շապուհի՝ անկամ հոտի վերածված զինվորները, ցնորված հայացքներով փախչում էին՝ անկանո՛ն, ու՛ր աչքները կտրի: Պարսից բանակը մտածում էր միայն այդ մղձավանջից ազատվելու՛ մասին: Իսկ Հայոց Գունդն իր տարերքի մեջ էր: Մոլեգին մի հավատով, սահմռկեցուցիչ մի վստահությամբ, գլխատում էին ու մորթու՛մ՝ ռազմադաշտը վերածելով սպանդանոցի: Ասես Վահագնի՝ մարտի իջած քաջքերն էին զվարճանում՝ մորթված թշնամու գլուխները համրելով: Կրակ ու բո՛ց էր թափվում այդ Գնդից, և բոլորի առջևից, հանդարտ վարգով ընթանում էր պատերազմասեր Արշա՛կը — հետագայում սա՛ էր հիշելու միայն պարսից արքայից արքան: Արշա՛կն էր կռվում Շապուհի դեմ, և Հայոց Գունդը գնում էր նրա՛ ետևից: Սա Արշակի՝ Շապուհի դեմ երբևիցէ տարած, մեծագույն հաղթանակն էր:

հատված՝ Գևորգ Հովհաննիսյանի
«Հայոց Տերերը» գրքից

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*