Քարահունջ․ Հայկականության անհարկի նսեմացումը

«Զարմացած եմ Քարահունջի հետ կապված աղմուկից, կա մի խմբավորում, որը փորձում է արժեզրկել, նույնիսկ խեղել այդ հուշարձանը:

 Հակոբ Սանասարյան

Վերահրապարակում ենք՝ Հայաստանի կանաչների միության նախագահ, բնապահպան Հակոբ Սանասարյանի՝ 2018թ․ նոյեմբերին, HayNews.amի թղթակցի հետ ունեցած զրույցը, որում նա ասաց․- «կարծում է, որ մենք՝ հայերս պետք է հնարավոր ամեն ինչ անենք մեր մշակութային արժեքները պահպանելու համար», ապա հավելեց․

 —Զարմացած եմ «Քարահունջ» հուշահամալիրի հետ կապված աղմուկից: Կա մի խմբավորում, որը փորձում է արժեզրկել, նույնիսկ խեղել այդ հուշարձանը: Ցավալի է, որ պետական համապատասխան մարմիններն այս հարցով այնքան էլ մտահոգված չեն: Այս հարցում բացի տեղական, «հեղինակություններից», առկա է նաև օտարերկրյա միջամտություն: Օրինակ, վերջերս տեղեկացա, որ Անգլիայի դեսպանը գնացել է «Քարահունջ» հուշահամալիր և այդտեղ հանդիպելով այս խնդրում զգալի աշխատանք կատարած մասնագետին՝ Վաչագան Վահրադյանին, ասել է, որ սա աստղադիտարան չի եղել, սովորական դամբարանադաշտ է, նաև կապ չունի Քարահունջ անվան հետ, քանի որ Քարահունջ գյուղը հուշարձանից մոտ 28 կմ հեռու է:

Փաստորեն, դիվանագետը նաև հայկական մշակույթի կեղծ քարոզչությամբ է զբազվում: Դեսպանի մտահոգությունն ու շահագրգրվածությունը հուշում է ենթադրել, որ նա փորձում է պահպանել իրենց «Սթոունհենջ» հուշարձանի, այսպես ասած, անգլիական եզակիությունն ու «զտարյունությունը», այն առումով, որ ըստ ակադեմիկոս Պարիս Հերունու, այդ անվանման առաջացման մեջ հավանաբար դեր է կատարել հայերեն «քարահունչ» բառը:

Լավ, անգլիացուն կարելի է հասկանալ: Անգլիացիները հարյուրամյակներ շարունակ՝ միտումնավոր փորձում են արժեզրկել օտար ժողովուրդների մշակութային արժեքները: Սրան զուգահեռ, նրանք աշխարհի հնագիտական արժեքավոր նմուշները տեղափում են իրենց երկիր, իրենց ունեցածն էլ պահպանում են՝ ինչպես հարկն է և իրենց գերակայությունն ապահովելու հարցում շատ նախանձախնդիր են:

Սակայն անհասկանալի է, թե ինչու, այս հուշարձանի նկատմամբ մերժողական դիրք են որդեգրել հայոց անուն-ազգանունով ՀՀ որոշ քաղաքացիներ, իսկ պետական համապատասխան պաշտոնյաները ձևացնում են, որ ոչինչ չեն նկատում:

«Կարծում եմ, զեղծարարներին հավասարակշռությունից հանել է ակադեմիկոս Հերունու գլխավորապես այն եզրակացությունը, որ հնագույն շրջանում այն ծառայել է որպես աստղադիտարան, իսկ նման հուշարձանի առկայությունը ցույց է տալիս, որ Հայաստանում հազարամյակներ շարունակ գոյությոն է ունեցել հզոր պետական համակարգ», — նշեց Հակոբ Սանասարյանը։

Նա նշեց, որ կառավարության որոշմամբ այդ հուշարձանը նախկինում անվանվում էր «Քարահունջ աստղադիտարան», սակայն ակադեմիկոս Հերունու մահվանից հետո, ինձ համար պարզ չէ՝ ում միջամտությամբ և ինչու, կառավարության որոշմանբ ստեղծվեց «Զորաց քարեր» արգելոց, որի մեջ է մտնում «Քարահունջ աստղադիտարանը»: Այս  արգելոցը հիմնելուց հետո, ոչնչացվեց «Քարահունջ աստղադիտարան» ազդարարող ցուցանակը: Փաստորեն գլխավորը երկրորդականացվեց և նրա դեմ սկսվեց անմաքուր պայքար»:

Հակոբ Սանասարյանի պնդմամբ՝ այս խումբը, չունենալով հնագիտական որևէ հիմնավորում և մտնելով իր համար անծանոթ մի գիտության՝ աստղահնագիտության ոլորտ, կեղծ գիտականությամբ հետևողական քարոզարշավ է կազմակերպել, որ դա աստղադիտարան չի եղել:

«Տեսնո՞ւմ եք, որ սրա մեջ միտում կա: Միտումը հետևյալն է. ինչ որ հայկական է, փորձում են մերժել, արժեզրկել: Թե ու՞մ պատվերով է դա կատարվում, դժվար է հստակ ասել, բայց այն, որ տասնամյակներ շարունակ Հայաստանում կատարվող հնագիտական պեղումները իրականացվում են հիմնականում դրսի ֆնանսներով և օտարերկրացիների անմիջական ներկայությամբ-մասնակցությամբ, սա արդեն շատ բան է ասում»։

Մեզ համար ամենակարևորն այն է, որ «Քարահունջ աստղադիտարան»  հուշարձանը պահպանվի և կասեցվի այդտեղ կատարվող հիմնախախտ անող պեղումներ կոչվածը, գլխավորապես, երբ դա իրականացնում է Աշոտ Փիլիպոսյանը, որը նաև, ինչպես ցույց են տալիս նրա հրապարակումները,  փորձում է ծաղրի առարկա դարձնել այդ հուշարձանը և աստղադիտարան տեսության հեղինակներին: Իսկ այս հարցում մշակույթի նախարարության վերաբերմունքը ուղղակի տարօրինակ է…»:

Հայ մշակույթի մերժումը, կեղծումն ու նենգափոխումը հիմնականում սկզբնավորվեց այն բանից հետո, երբ սրանից մոտ 130 տարի առաջ ստեղծվեց քաղաքական սիոնիզմը, հենց այդ ժամանակներից հայտարարվեց, որ հայոց պատմագրությունը կեղծիք է, Խորենացին կեղծարար է և ոչ թե 5-րդ դարի, այլ 9-10-րդ պատմիչ, արմենոիդ եզրը փոխարինվեց եվրոպոիդով, հայերը հայտարարվեցին եկվոր, Հայկական լեռնաշխարհը կոչվեց Անատոլիա, ուրարտացիներն ու հայերը ոչ միայն նույնը չեն, այլ իբր միմյանց՝ թշնամի ժողովուրդներ են: Իհարկե այս ամենը արվեց ոչ թե միանգամից, այլ աստիճանաբար ու շարունակական: Գործընթացը շարունակվում է…

Այն համոզմունքն ունեմ, որ ինչպես կեղծ հայագիտության, այնպես էլ «Քարահունջ աստղադիտարանի» դեմ տարվող այսօրվա քարոզարշավը ֆինանսավորվում է նույն կենտրոնից: Եվ անձամբ ինձ համար անընդունելի է, որ այդ հուշարձանի նկատմամբ ոչ պրոֆեսիոնալ և կողմնակալ վերաբերմունք ունեցող Աշոտ Փիլիպոսյանը այդտեղ պեղումներ է կատարում:

«Նա և իր թիմակիցները նաև պետք է ընդունեն, որ այդ հուշարձանի աստղադիտարան լինել-չլինելը որոշելը պահանջում է համապատասխան ոլորտի որոշակի գիտելիքներ և փորձառություն, ինչպիսին ունեին, օրինակ, ակադեմիկոս Պարիս Հերունին և նրա տեսությունը հաստատող հայաստանյան և արտերկրի բազմաթիվ աստղահնագետներ» — նշեց Հակոբ Սանասարյանը։

Հասմիկ Բալեյան

 

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*