Աստվածաբանի Մղձավանջը

տեզրՀայտնի աստվածաբան դոկտոր Թադեուսը, մի անգամ երազ է տեսնում թե մահացել է և ուղևորվել երկինք: Քանի որ աստվածաբանական գիտելիքները նրան սովորեցրել էին հեշտ ու հանգիստ կողմնորոշվել երկնքում, ուստի առանց որևէ դժվարության անցավ ամբողջ ճանապարհը: Երբ վերջապես տեղ հասավ ու սկսեց թակել երկնային դարպասները, այդժամ զարմացավ զգուշավորությունից, որով նրան դիմավորել էին:
_ Կխնդրեի ինձ ներս թողնել,- դիմեց նա բարապանին.-Ես բարեմիտ մարդ եմ և իմ ամբողջ կյանքը նվիրել եմ աստծո փառաբանման գործին:
_ Մա՞րդ,- զարմացած հարցրեց բարապանը.- Իսկ դա ի՞նչ է: Ու հետո, ինչպե՞ս կարող է այսպիսի տարօրինակ, ես կասեի,զավեշտալի արարածը, ինչպիսին դուք եք, ինչ որ բանով սատարի աստծո փառքը: Դոկտոր Թադեուսը խոցվեց:
_ Դուք չեք կարող չիմանալ մարդու մասին,-պնդում էր նա:- Դուք պարտավոր եք իմանալ, որ մարդը`դա Արարչի բարձրագույն կերտվածքն է:
_ Ես բոլորովին ցանկություն չունեմ ձեզ վիրավորելու,-ասաց բարապանը,- բայց այն ինչ դուք ասում եք, ինձ համար բացարձակ նորություն է: Եվ ես կասկածում եմ, թե մեզ մոտ որևէ մեկը երբևէ լսել է այդպիսի արարածի մասին: Սակայն, եթե դուք այդպես եք պնդում, ես կկանչեմ մեր գրադարանավարին, և դուք կարող եք նրանից տեղեկանալ:
Շուտով հայտնված գրադարանավարը, պարզվեց, որ մի մեծ գնդաձև արարած է, որն ուներ առնվազն 1000 աչք ու մեն մի բերան: Մի քանի տասնյակ աչքերով նա ակնապիշ նայում էր հայտնի աստվածաբանին:
_ Ի՞նչ է սա,- հարցրեց նա բարապանին:
_Դե ահա ժամանել է մեզ մոտ ու հայտարարում է,-բացատրեց բարապանը,- թե ինքը մարդ կոչվող ցեղատեսակին է պատկանում, և ապրում է Երկիր կոչվող տեղանքում: Դրա հետ միաժամանակ շատ տարօրինակ պատկերացումներ ունի: Նա վստահեցնում է, թե Արարիչը հատուկ հետաքրքրություն է ցուցաբերել իրենց տեղին ու ցեղին: Ես մտածեցի, միգուցե դուք ինչ որ բան գիտե՞ք այդ մասին:
_Դուք կարող եք ինձ բացատրել,թե որտե՞ղ է գտնվում այն տեղանքը, որը դուք Երկիր եք անվանում,- բավականին բարեհաճորեն դիմեց գրադարանավարը` աստվածաբանին:
_Օհ՜,- գոչեց դոկտոր Թադեուսը,- ախր դա Արեգակնային համակարգի մի մասն է:
_Իսկ ի՞նչ է Արեգակնային համակարգը,-հարցրեց գրադանավարը:
_Օխ,-մի քիչ շփոթված ասաց դոկտոր Թադեուսը,- իմ բաժինը` Սուրբ գիրն է, իսկ այն ինչի մասին ինձ հարցնում եք, վերաբերում է աշխարհիկ գիտություններին: Սակայն, աստղագիտության մեջ հմուտ իմ ընկերներից, ես լսել եմ, որ Արեգակնային համակարգը` դա Ծիր Կաթինի մի մասն է:
_ Իսկ ի՞նչ է Ծիր Կաթինը,- նույնժամ հարցրեց գրադարանավարը:
_ Ծիր Կաթինը` դա աստղերի ու աստղակերպերի գալակտիկա կոչվող փոխկապակցված գոյակցություններից մեկն է, որոնցից, ինչպես ինձ են ասել, հաշվվում են մոտավորապես մի հարյուր միլիոն:
_ Եթե դրանք այդքան շատ են,- ասաց գրադարանավարը,- ապա տարօրինակ է, որ դուք ենթադրում եք, թե ես կհիշեմ դրանցից մեկի մասին: Բայց ես հիշեցի, որ հենց «գալակտիկա» բառը, ինչ որ տեղ լսել եմ: Իրոք, մեր օգնական գրադարանավաների մեջ կա մեկը, որը հատուկ զբաղվում է գալակտիկաներով: Անհրաժեշտ է կանչել նրան, և միգուցե նա կարողանա՞ մեզ օգնել:
  Ոչ երկար սպասումից հետո հայտնվեց գրադարանավարի օգնականը, որն զբաղվում էր գալակտիկաներով:
Սա մի արարած էր` քսանանիստի (իկոսաէդր) տեսքով: Ինչ-որ ժամանակ եղել էր պայծառ ու փայլուն, բայց նրա վրա նստվածք տված` գրապահոցներից մշտապես թափվող փոշին, դարձրել էին նրան խունացած ու դժգույն: Գրադարանավարը նրան մանրամասնեց, որ նրանց մոտ ժամանած դոկտոր Թադեուսը, փորձելով բացատրել իր ծագումը, հիշատակում է գալակտիկաներ, և դրա հետ կապված ցանկալի է հուսալ, որ համապատասխան տեղեկատվությունը հնարավոր է ստանալ գրադարանի այն բաժնից, որն զբաղվում է այդ հարցով:
_Ամեն հնարավոր բան կարվի,- պատասխանեց գրադարանավարի օգնականը: Միայն թե կխնդրեի նկատի ունենալ, որ գոյություն ունեն հարյուրավոր միլիոն գալակտիկաներ և նրանցից ամեն մեկի մասին գրադարակում առանձին հատոր է դրված: Այդ պատճառով կպահանջվի որոշակի ժամանակ, անհրաժեշտ տեղեկանքը ստանալու համար: Իսկ անվանական ո՞ր գալակտիկան է խնդրում գտնել այս տարօրինակ մասնիկը:
_ Այն Ծիր Կաթինի մասն է,- քծնանքով տեղից բարձրացավ դոկտոր Թադեուսը:
_Լավ,-պատասխանեց գրադարանավարի օգնականը,- ես կաշխատեմ գտնել այն: Երեք շաբաթ անց, գրադարանավարի օգնականը վերադարձավ ու հայտնեց, որ միայն ի շնորհիվ այն բանի, որ իրենց բաժնում առկա է բացարձակապես լիարժեք, ու լավ կազմած քարտադարան, նրանք ի վերջո հայտնաբերեցին պահանջվող գալակտիկան AR 25369 համարի տակ: Բաժնի բոլոր հինգ հազար գրագիրները զբաղված էին այդ գործով, ավելացրեց գրադարանավարի օգնականը ու առաջարկեց:
_ Միգուցե դուք կցանկանայի՞ք խոսել այն գրագրի հետ, ով գտավ այդ գալակտիկան ու հատուկ հենց նրանով է զբաղվում: Կանչեցին գրագրին, ու շուտով նրանց մոտեցավ մի ութանիստ (օկտաէդր), որի ամեն մի նիստին մի աչք կար ու ընդամենը մի փոքրիկ բերան: Նա մի փոքր շփոթված տեսք ուներ, ու կկոցում էր աչքերը պայծառ լույսի անսովորությունից, քանզի սովորաբար գտնվում էր գրադարակների մռայլ կիսախավարում: Տիրապետելով ինքզինք, նա դիմեց դոկտոր Թադեուսին.
_ Ի՞նչ կուզեիք դուք իմանալ այդ գալակտիկայի մասին,- բավականին երկչոտ հարցրեց նա:
_ Ես կցանկանայի իմանալ, ինչ է ձեզ հայտնի Արեգակնային համակարգի մասին,- բարձր ու ինքնավստահ խոսեց դոկտոր Թադեուսը._ Այն գտնվում է հենց այդ գալակտիկայում, որ դուք գտել եք, ու նրանում կան երկնային մարմիններ որոնք պտտվում են ԱրԷգակ կոչվող աստղի շուրջ
_ Հմմ..,-մրթմրթաց գրագիրը._ Բավականաչափ դժվար էր գտնել միլիոնավոր գալակտիկաներից մեկը, բայց անհամեմատ ավելի դժվար կլինի գտնել ինչ որ մի աստղ այդ գալակտիկայում: Ես գիտեմ, որ նրանում մոտավորապես երեքհարյուր միլիարդ աստղեր կան, բայց ինչպես զանազանել դրանք մեկը մյուսից, ես չգիտեմ: Սակայն, ինձ հայտնի է, որ մեր վարչության ցուցումով, կազմվել են այդ երեքհարյուր միլիարդ աստղերի ցուցակները, և դրանք պահպանվում են նկուղում: Եթե դուք գտնում եք, որ կա անհրաժեշտություն զբաղվել աստղի որոնմամաբ, որը ԱրԷգակ է կոչվում, ապա դրա համար կպահանջվի ներգրավել նշանակալի թվով աշխատակիցներ այլ բաժիններից:
Վերջի վերջո որոշվեց, թե, քանի որ խնդիրն արդեն ծագել է, իսկ ժամանած դոկտոր Թադեուսը գտնվում է անհանգիստ վիճակում ու շատ է տանջվում, ապա ԱրԷգակ կոչվող աստղի փնտրտուքը, անհրաժեշտ է սկսել:
Մի քանի տարի անց, խոնջացած ու տրտմալի տեսքով քառանիստը (տետրաէդր) ներկայացավ գրադարանավարի օգնականին, ով գալակտիկաների բաժինն էր տնօրինում:
_ Ինձ հաջողվեց գտնել աստղը, որը ԱրԷգակ է կոչվում,- ասաց նա: Բայց ես իսպառ չեմ կարողանում հասկանալ, ինչով է պայմանավորված այսպիսի յուրահատուկ հետաքրքրությունը նրա նկատմամաբ: Նա նմանատիպ է, այդ գալակտիկայի այլ աստղերի մեծամասնության հետ: Միջին մեծության, միջին ջերմաստիճանով ու շրջապատված է ոչ մեծ մարմիններով, որոնց «մոլորակներ» են անվանում: Հետազոտությունների արդյունքում ես բացահայտեցի, որ որոշ մոլորակների մրա կան մանրԷներ, և մտածում եմ, որ մեզ մոտ ժամանած այս արարածը, որը մեզ դրդեց այդ փնտրտուքներին, պետք է որ դրանցից մեկը լինի:
Այստեղ արդեն դոկտոր Թադեուսը չդիմացավ և պոռթկաց բարձր ու զարյալից տրտունջներով: _ Ինչո՞ւ, ա՛խ ինչո՞ւ,- բացականչում էր նա,-Արարիչը թաքցրելէ մեզնից, Երկրի խեղճ բնակիչներից, որ նա առանց մեր գիտության ստեղծել է ահռելի բազմությամբ այլ երկնքներ: Ամբողջ իմ երկար կյանքը ես մոլեռանդորեն ծառայել եմ նրան, հավատալով, որ նա կնկատի իմ ծառայությունը և կպարգևատրի հավիտենական երանությամբ: Իսկ հիմա պարզվում է, որ նա նույնիսկ չի էլ ենթադրել իմ գոյության մասին: Եվ ի հավելումն դրան, դուք հայտաարարում եք, որ ես մի ինչ-որ անսահմանորեն փոքր մանրադիտակային արարած եմ, որը բնակվում է մի պստլիկ մոլորակի վրա, որը պտտվում է աննշան աստղերից մեկի շուրջ, որպիսիք միայն մեր Ծիր Կաթինում հաշվվում են մոտավորապես երեքհարյուր միլիարդ: Ոչ, ես չեմ կարող սա տանել, և այլևս չեմ կարող փառաբանել ինձ ստեղծողին:
_ Շատ լավ,- ասաց բարապանը._Այդ դեպքում ձեզ մնում է ուղևորվել այլ տեղ:
Ու այստեղ աստվածաբանը արթնացավ:
_ Սատանայի իշխանությունը մեր երազատեսությունների վրա հիրավի զարհուրելի է,-մեծագույն հուզմունքով մրթմրթաց նա:
Բերտրան Ռասսել
(ազատ թարգմ.-Հ.Ա.)

Comments

comments

Be the first to comment

Leave a Reply

Your email address will not be published.


*